Դեկտեմբեր 22, 2024
exclusive
59575 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Զավեն Միքայելյան


Զավեն Միքայելյանը
Զավեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Միքայելյանը
Զավեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Միքայելյանը
Զավեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատանի մարզիկների հաջողություններն, անկասկած, բոլորիս անչափ ուրախացնում ու ոգեւորում են: Այսօրվա նրանց ձեռքբերումներն ապագայում մեծ ու հաղթական ելույթների հույս են ներշնչում:

Mediamax Sport-ը «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ ձեզ պատմելու է  հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանի մասին:
 
Մարզաձեւը՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տարիքը՝ 17

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Բնակավում է՝
 Էջմիածնում


Տիտղոսները՝  Հայաստանի պատանիների չեմպիոն, Եվրոպայի ու պատանեկան Օլիմպիադայի փոխչեմպիոն

Մարզական կերպարը՝  Արսեն Ջուլֆալակյան

Սիրած բանաստեղծը՝ Եղիշե Չարենց

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն, բայց մինչ այդ նվաճել ԵԱ-ի ու ԱԱ-ի ոսկե մեդալներ

Մարզաձեւի ընտրությունն ու կուռքերը. Փոքր տարիքում շատ աշխույժ եմ եղել, ու ծնողներս որոշել են ավելորդ էներգիան ճիշտ ծախսելու համար ինձ սպորտի տանել: Ինձ միշտ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն են ոգեւորել: Հեռուստացույցով դիտել եմ մեր հայտնի ըմբիշների ելույթներն ու ցանկացել նմանվել իրենց: Արսենն իմ կուռքն է, մենք նույն մարզչի սաներն ենք ու միասին ենք մարզվում: Ինձ դուր է գալիս նրա համեստությունն ու հասարակ պահվածքը:

Առաջին հաջողությունը. Ելույթներս 7 տարեկանից եմ սկսել, հանդես եմ եկել 29 կգ քաշային կարգում: Առաջին անգամ հաջողության եմ հասել Սեւան գյուղական մարզական միության կազմակերպած մրցաշարում: Դարձել եմ հաղթող ու 1-ին շնորհակալագիրը ստացել: Հետո էլի բազմաթիվ մեդալներ եմ նվաճել, բայց ինձ համար ամենաարժեքավորը 2014-ի Նանջինգի պատանեկան Օլիմպիադայի արծաթն է:

Օլիմպիական փորձը. Շատ պատրաստված էի մեկնել Նանջինգ, 6 հավաք էի անցկացրել, լավ մարզավիճակում էի, ուղղակի չստացվեց հաղթող դառնալ: Հիմնականում փորձի պակասը զգացնել տվեց ու մեծ լարվածությունը: Եզրափակչում մրցակիցս էլ շատ ուժեղ ու տիտղոսակիր էր: Կյանքիս նպատակն է, որ հաջորդ անգամ ռեւանշի հասնեմ նրա նկատմամբ: 2-րդ հորիզոնականը զբաղեցնելիս ըմբիշները միշտ տխրում են, ես էլ բացառություն չէի: Հաջորդ օրը միայն հասկացա, թե ինչքան կարեւոր գործ եմ արել ու ամենակարեւոր մրցաշարում մեդալ նվաճել: Զգում էի, որ երկրիս համար լավ գործ եմ արել: Շատ ուրախ էի, որ ամբողջ ժողովուրդն ինձ հետ է, աջակցում ու  ոգեւորում է: Օլիմպիադան ինձ մեծ փորձ տվեց, որը հետագայում շատ պետք կգա:

Անմոռանալի Չինաստան. Այդ 19 օրը, որ անցկացրել ենք Չինաստանում, անմոռանալի են եղել: Մենք մի մեծ ընտանիք էինք, բոլորս աջակցում ու ոգեւորում էինք իրար: Երբ ազատ էի լինում, փորձում էի մյուսների ելույթներին էլ հետեւել: Ինձ էլ մի շարք մարզիկներ են եկել աջակցելու: Հիշում եմ, Չինաստանում մի զբարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Ճաշարան քարտերով էինք մտնում, այնպես էր ստացվել, որ քարտս դահլիճում էի մոռացել ու ստիպված մի ամբողջ օր սոված մնացի:

Զավեն Միքայելյանը Զավեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայրիկին նվիրված հաղթանակները. Պարտություններն ահավոր ծանր եմ տանում, չեմ սիրում պարտվել նույնիսկ ընկերներիս հետ խաղալու ժամանակ:  Ցանկացած պարագայում ցանկանում եմ հաղթանակած դուրս գալ: Պարտությունից հետո գոնե մի շաբաթ պետք է անցնի, որ ամեն ինչ մոռանամ, սկսեմ նորմալ մարզվել: Պարտություններն օգնում են ավելի լավ պատրաստվել, քանի որ սխալներն ավելի լավ ես տեսնում ու ամեն ինչ անում դրանք ուղղելու համար: Հաղթանակներից հետո նման բան չի լինում: Իսկ իմ հաղթանակները միշտ նվիրում եմ մայրիկիս: Նա ինձ շատ է օգնում, առավոտյան մարզումներին միշտ արթնացնում է, մայրկիս շնորհիվ եմ ամեն ինչի հասել:

Ըմբշամարտն ուժ է. Սպորտում ամենադժվարը պայքարել, մինչեւ վերջ դիմանալն ու միշտ առաջինը լինելն է: Մարզիկի համար չսիրել, չկարողանալ չկա, ամեն ինչ պետք է փորձել: Ըմբշամարտը պայքարելու ուժ, հաղթելու ցանկություն ու լավ մարդ լինելու ունակություն է տվել ինձ: Իմ սիրած հնարքը չորեքթաթ դիրքից փոխադրումն է, որին շատ լավ եմ տիրապետում: Տեխնոլոգիաների այս դարաշրջանում հնարավոր չէ մրցակիցներից որեւէ բան թաքցնել, նրանք էլ գիտեն այդ հնարքիս մասին: Բայց ես ավելի ուրախ եմ, որ անգամ այդ պարագայում միշտ հաջողությամբ եմ անում այն: Բոլոր մարզիկների պես ես էլ թույլ կողմեր  ունեմ, կարծում եմ ֆիզիկական կողմս է մի քիչ կաղում:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու հոգեբանության սիրահար. Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ նայել, հետեւում եմ նաեւ ըմբիշների ելույթներին: Երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին», որի խաղերը մեծ հաճույքով եմ նայում: Փորձում եմ նաեւ հասցնել դասերին ներկա լինել, առավոտյան շուտ մարզվում եմ, այնուհետեւ գնում ինստիտուտ:  Հատկապես շատ եմ սիրում հոգեբանության դասերը, որոնցից շատ բան եմ սովորում:

2020-ի Օլիմպիադայի սպասումով. Ես էլ բոլոր մարզիկների պես երազում եմ Օլիմպիական խաղերի մասնակցել ու հաղթել: Բայց ինձ 2016-ի Ռիոյի Օլիմպիադայում չեմ տեսնում, ես դեռ շատ երիտասարդ կլինեմ այդ ժամանակ: Մեր սպորտում պատանիներից մեծահասակների մրցաշարեր տեղափոխվելու համար բավական ժամանակ է պետք անցնի: Իմ նպատակը 2020-ին Ճապոնիայոմ կայանալիք Օլիմպիադային մասնակցելն է: Իսկ այս տարի ցանկանում եմ դառնալ Հայաստանի չեմպիոն ու մեկնել երիտասարդների ԵԱ ու ԱԱ:

Զավեն Միքայելյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Շարքի մյուս հյուրերը եղել են Սիմոն Մարտիրոսյանն ու Արման Միքայելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին