Հոկտեմբեր 09, 2025
exclusive
116 դիտում

Հունգարիա եւ Իռլանդիա․ Հայաստանին արտագնա բարդ հանդիպումներ են սպասվում


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` Հունգարիայի հավաքական

Լուսանկարը` Իռլանդիայի հավաքական


Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները վերադառնում են։ Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո վաստակել է 3 միավոր՝ F խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ 

Առաջիկա երկու խաղերը շատ բարդ են լինելու․ նախ արտագնա են, բացի այդ էլ Իռլանդիայի հավաքականին հաղթելուց հետո դժվար մրցակիցները թերագնահատեն մեր ընտրանուն։ Մրցակիցներն ավելի լուրջ են մոտենալու գալիք խաղերին՝ չապավինելով միայն իրենց ունեցած ավելի բարձր կարգին, ինչը բարդացնում է Հայաստանի դրությունը։ 

Հունգարիա-Հայաստան

Լուսանկարը` Հունգարիայի հավաքական


Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայի ընտրանու հետ հոկտեմբերի 11-ին։ Թերեւս հենց հունգարացիներն են հանդիսանում 2-րդ հորիզոնականի գլխավոր հավակնորդը F խմբում։ Թիմն արդեն երկար ժամանակ (շուրջ 7 տարի) մարզում է իտալացի մասնագետ Մարկո Ռոսսին։ Վերջինս այս ժամանակահատվածում կարողացել է ստանալ մարտունակ թիմ։ Հունգարիայի ընտրանին սիրում է տիրել գնդակին եւ կառուցել բազմաքայլ գրոհներ՝ ցուցադրելով կոմբինացիոն ֆուտբոլ։ Բայց ավելի հզոր մրցակիցների հետ խաղերում չի խորշում նաեւ գնդակի տիրապետումը զիջելուց եւ ցածր բլոկով պաշտպանվելուց։ Հունգարացիները հեշտորեն կարող են փակվել սեփական կիսադաշտում՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը։ 

Թիմը սովորաբար կիրառում է 4-3-3 դասավորությունը, որը խաղի ընթացքում հաճախակի փոխվում է` 3-5-2 հարձակվելիս եւ 5-4-1 պաշտպանվելիս։ Հավաքականի խաղում առանցքային դեր ունի Դոմինիկ Սոբոսլաին, ով ունի գործողությունների բացարձակ ազատություն։ «Լիվերպուլ»-ի կիսապաշտպանը գործում է խաղադաշտի ամբողջ երկայնքով։ Նա կարող է եւ՛ եզրափակել խաղընկերների փոխանցումները, եւ՛ նահանջել սեփական տուգանային հրապարակ գրոհներ կառուցելու համար։ Բացի Սոբոսլաիից Հունգարիայի կազմը լի է եվրոպական տարբեր թոփ լիգաներում հանդես եկող ակումբների ներկայացուցիչներով (Միլոշ Կերկեզ,Վիլի Օրբան)։ Ռոսսին կարեւոր դեր է հատկացնում նաեւ եզրային պաշտպաններին, ովքեր հաճախակի վերածվում են եզրային կիսապաշտպանների՝ ստեղծելով թվային առավելություն գրոհելիս։ Առանձնահատուկ պետք է նշել նաեւ հունգարացի երկրպագուների խելահեղ աջակցությունը սեփական հավաքականին, ինչը միշտ ճնշող է մրցակցի համար։


Հունգարիայի ընտրանին մոտենում է այս հանդիպմանը լրջագույն կորուստներով՝ որակազրկված են հարձակման գծի առաջատարներ Ռոլանդ Շալային եւ Բառնաբաշ Վարգան։ Մեր ընտրանին, բարեբախտաբար, առանց լուրջ կորուստների է մոտենում գալիք դիմակայություններին, եթե չհաշվենք Նաիր Տիկնիզյանի Իռլանդիայի մուտքի վիզայի հետ կապված խնդիրների մասին առկա լուրերը, որոնք հուսանք կլուծվեն։ 

Եղիշե Մելիքյանն ամենայն հավանականությամբ կշարունակի կիրառել երեք կենտրոնական պաշտպաններով մարտավարությունը։ Կազմ է վերադարձել Ստյոպա Մկրտչյանն, ում առկայությունն ավելի մեծ ընտրության հնարավորություն կտա գլխավոր մարզչին։ Կարեւոր է նաեւ նման մրցակցի հետ խաղում հագեցնել խաղադաշտի կենտրոնը (Ուգուչուկվու Իվու, Կարեն Մուրադյան)՝ զրկելով Դոմինիկ Սոբոսլաիին ազատ տարածություններից։ Պետք է մրցակցի ավագին  չթողնել առանց վերահսկողության անգամ մեկ ակնթարթ։ Անհրաժեշտ է կառուցել ամուր պաշտպանություն սեփական կիսադաշտում եւ ապավինել հակագրոհներին։ Անցած խաղերը ցույց են տվել, որ հունգարները հսկայական բաց տարածություններ են թողնում եզրերում, ինչպես նաեւ հաճախակի են սխալվում՝ չկարողանալով շրջանցել մրցակցի պրեսինգը։ 

Համբերատար եւ գրագետ խաղի պարագայում Հայաստանի հավաքականն անշուշտ կստանա իր մեկ, երկու հնարավորությունները գոլ խփելու համար։ Ի վերջո մրցակցին շատ ավելի անհրաժեշտ է այս հաղթանակը եւ պետք է օգտագործել այդ փաստը, եւ անգամ ոչ-ոքին հիանալի արդյունք կլինի մեր ընտրանու համար։

Իռլանդիա – Հայաստան

Լուսանկարը` Իռլանդիայի հավաքական


Հայաստանում կրած պարտությունն իռլանդացիների վրա շատ ծանր նստեց։ Անողոք քննադատություն հնչում էր բոլոր կողմերից։ Իռլանդացիները կարծես թերագնահատել էին Հայաստանի ընտրանուն, ինչի համար պատժվեցին։ Նրանց խաղում չկար ինտենսիվություն, թիմը կարծես չէր հասկանում ինչ անել խաղադաշտում, անգամ չէին ստացվում բրիտանական ֆուտբոլին բնորոշ երկար փոխանցումները։ Բայց Դուբլինում մեր ընտրանուն սպասվում է ամբողջովին այլ Իռլանդիայի հավաքական։ Ֆուտբոլիստները փորձելու են վրեժխնդիր լինել, իսկ երկրպագուները ոգեշնչելու են նրանց։ Իռլանդիայի ընտրանին առաջարկելու է ֆիզիկական պայքարով լի շատ էներգատար ֆուտբոլ։ Մրցակիցը սովորաբար կիրառում է 4-4-2 մարտավարությունը, որը կարող է փոխվել ավելի պաշտպանական 5-3-2 ի կամ ավելի ագրեսիվ 3-2-4-1-ի։ 

Իռլանդիայի ընտրանու կորուստներից կարելի է նշել բազմափորձ պաշտպան Մեթ Դոերթիի բացակայությունը, ում աջ եզրում կարող է փոխարինել ոչ պակաս փորձառու Շեյմուս Քոլմանը։ Իռլանդիան այս որակավորման փուլում դեռեւս ցուցադրում է երկար փոխանցումների վրա հիմնված ֆուտբոլ։ Թիմը խուսափում է երկարաշունչ խաղարկումներից ու տակտիկական բարդ լուծումներից՝ նախընտրելով գործել ավելի պարզ։ Բայց առաջին հանդիպումը կարող է դաս հանդիսանալ եւ նրանք փորձեն ցույց տալ ավելի կոմբինացիոն խաղ՝ հիմնված գնդակի տիրապետման վրա։


Ինչպես Հունգարիայի ընտրանու հետ, այնպես էլ այս խաղում Հայաստանի համար ուղղակի հրաշալի արդյունք կլինի ոչ-ոքին։ Բայց Մելիքյանն արդեն մեկ անգամ կարողացել է գտնել հաջողության բանալին Իռլանդիայի հետ մրցավեճում, ինչու դա չանել կրկին։ Հայաստանի ընտրանին ավելի շատ կկարողանա տիրել գնդակին, ուստի նաեւ գրոհել։ Մելիքյանը կարողացավ մաքսիմալ օգուտ քաղել մեզ համար հաղթական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսից, ով դասական 9 համարի պարտականություններից զատ շատ էր նահանջում եւ տեղակայվում եզրերում։ Հետաքրքիր է, որ հավաքականի հայտացուցակում է հայտնվել նաեւ Արթուր Միրանյանը, ով եւս կարող է գործել այդ դիրքում։ Պետք է փորձել կառավարել խաղը՝ թույլ չտալով մրցակցին ծանրաբեռնել սեփական տուգանային հրապարակը եզրերից կատարված փոխանցումներով։ Իռլանդիայի հավաքականի հարձակվողական ներուժն այդքան բազմազան չէ, ինչպես մեր ընտրանու մնացած մրցակիցներինը, ուստի եթե կարողանանք դիմագրավել խաղի սկզբնամասում ակնկալվող հսկայական ճնշմանն, ապա աստիճանաբար հոգեբանական առավելությունը կանցնի Հայաստանի ընտրանու կողմը, եւ ինչու ոչ դա կարող է հանգեցնել այդքան ֆանտաստիկ թվացող դրական արդյունքի։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին