Կիլիան Մբապեն անկեղծ հարցազրույց է տվել L'Equipe-ին ու պատմել անհաջողությունների, փողերի ազդեցության եւ ՊՍԺ-ի նկատմամբ վերաբերմունքի մասին: Իսկ նրա մայրիկը՝ Ֆայզա Լամարին, պարբերականին տրամադրել է ֆուտբոլիստի մանկության նկարները:
Առանց ձախողման իրավունքի. Ձախողում թույլ տալ չեմ կարող, դրա համար էլ ամեն պարագայում պետք է ինձ բարձր գնահատեմ: Միշտ էլ ցույց եմ տալիս, որ կայուն եմ ու ցանկանում եմ հաղթել: Երբեք չեմ հաշտվում պարտությունների հետ, դրա համար էլ ինձ չի հետաքրքրում, երբ քննադատում են: Բայց դրա հետ մեկտեղ էլ շատ պահանջկոտ եմ իմ նկատմամբ:
Փողը. Այն իսկապես կարող է ինձ կործանել: Ինչքան գումարդ շատ է, այնքան խնդիրներդ ավելանում են: Կան մարդիկ, որոնք չեն տեսնում, որ կյանքդ փոխվում է: Նրանք ցանկանում են պահպանել քո մանկության կերպարը, երբ դեռ նրանց հետ էիր: Բայց դու էլ առաջվանը չես: Պարտականություններ ունես, պարտավորություններ, աշխատանք ու հաշիվներ, որոնք պետք է հսկես:

Լուսանկարը` lequipe.fr
Եթե ինչ-որ մեկն այդ ճանապարհին ուղեկցում է ինձ, հիանալի է: Շատ լավ է աճել ու բարձրունքների հասնել՝ ունենալով նույն ընտանիքն ու վստահության հենարանը: Բայց երբեմն այդ տարբերակը չի աշխատում ու փաստը պետք է ընդունել: Դա չի նշանակում, որ ձեր կապն ընդհատվել է, պարզապես այն այլեւս չի գործում: Ասելն ավելի հեշտ է, քան այդ ամենը կիրառել, բայց բոլոր մարզիկներն ու հայտնի մարդիկ էլ բախվում են այդ խնդրին:
Կիրքը. Սիրում եմ ասել, որ ստադիոն գնացող մարդկանց բախտը բերել է՝ նրանք պարզապես շոու են դիտում եւ չգիտեն, թե կուլիսներում ինչ է կատարվում: Անկեղծ կլինեմ, եթե այս կիրքը չունենայի, ֆուտբոլային աշխարհը վաղուց ատելի կլիներ ինձ:
Ասել «ոչ». Ինձ բախտ է վիճակվել շատ գումար վաստակել, բայց երբեք ինձ թագավոր չեմ զգում: Ուզում եմ ունենալ գործողությունների լիակատար ազատություն ու կարողանալ անհրաժեշտ պահին «ոչ» ասել: Իմ ընտանիքն էլ ինձ ավելի հաճախ «ոչ» է ասում, քան ՝ «այո»: Երբ նրանցից «այո» եմ լսում, ինքս էլ եմ զարմանում:

Լուսանկարը` lequipe.fr
Կյանքը. Ֆուտբոլի դեպքում հավատում եմ ճակատագրին, բայց ոչ կյանքում: Պարզապես գիտեմ մեկ բան, որ կյանքը հիասքանչ է: Ամեն մեկն իր ուղին յուրովի է կառուցում: Ֆուտբոլն իմ կյանքն է, ու ես ցանկանում եմ նրանից առավելագույնը ստանալ:
Երեխաները. Հույս ունեմ, որ երեխաներս կատեն ֆուտբոլը, բայց նաեւ համոզված եմ, որ գնդակը միշտ մեր կողքին կլինի: Ամեն դեպքում, երբեք որդուս խորհուրդ չեմ տա ընկղմվել ֆուտբոլային աշխարհի մեջ:
Արցունքները. Վերջին անգամ արտասվել եմ հենց ֆուտբոլի պատճառով: Արտասվում եմ միայն այն ժամանակ, երբ վնասվածք եմ ստանում: Կարծում եմ, որ պարտություններն արժանիորեն են լինում, բայց ոչ մեկն արժանի չէ վնասվածք ստանալ: Վերջին անգամ խաղի պատճառով համարյա թե արտասվում էի, երբ ՊՍԺ-ի հետ 2021-ին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում զիջեցինք «Մանչեսթեր Սիթի»-ին: Գիտեի, որ էլ ոչնչով չեմ կարող օգնել թիմին:
Անզորությունը. Պահեստայինների նստարանին քեզ VIP մրցույթի հաղթող ես զգում: Խաղին հետեւող միլիոնավոր երկրպագուներից ինչո՞վ ես տարբերվում: Իրականում ոչնչով, ու նրանց պես ոչինչ անել չես կարող:

Լուսանկարը` lequipe.fr
Հավաքականը. Ներկայիս Ֆրանսիայի հավաքականն ամենատաղանդավորն է, մեծ պոտենցիալ ունի, բայց ամենաուժեղը չէ: Այդ պոտենցիալը սահմաններ չունի, բոլոր դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստները խաղում են աշխարհի լավագույն ակումբների մեկնարկային կազմերում: Բայց որպես թիմ դեռ ուժեղ չենք այնքան, որքան 2018 թվականին Աշխարհի չեմպիոն հռչակվածն ու 2022-ին ԱԱ-ի եզրափակիչ հասածը: Կարող ենք ավելի լավը դառնալ, բայց ամեն ինչ հենց մեզնից է կախված: Մեր կազմում այսպիսի խաղացողներ ունենալով՝ պետք է ավելի հավակնոտ լինենք:
Զիդանը. Զիդանի հետ պետք չէ ոչինչ բարդացնել: Չէ» որ նա Զիդանն է: Նրան ոչ մեկի «ոչ» չի ասի: Եթե նա լինի Ֆրանսիայի հավաքականի հաջորդ մարզիչը, հիանալի կլինի: Զիդանը ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ փաստացի միակն է, որ դրա իրավունքն ունի:
Մեղադրանքները. Սեռական բռնության մեջ մեղադրանքներն ինձ ընդհանրապես չէին անհանգստացնում: Պարզապես հետեւում էի այդ ամենին ու տխրում, թե նման լուրջ թեման ինչպես են շահարկում: Ցավոք, շատ կանանց հետ է նման բան տեղի ունեցել ու պետք չէ այդ թեմային անդրադառնալ միայն մամուլում ճչացող վերնագրեր դնելու համար: Ոչ ոք չհարցրեց, թե զոհի հետ ինչ է տեղի ունեցել: Իսկ երբ բոլորը տեսան, որ այդ ամենում մեղավորություն չունեմ, ամեն ինչ միանգամից մոռացան ու անտարբեր դարձան: Շատ նուրբ թեմա է, որի պատճառով շատ էի տխրել: Գիտեի, որ ամեն ինչ կհաղթահարեմ, քանի որ դրանում մեղավոր չեմ, ոստիկանությունը երբեք ինձ չի զանգահարել ու իմ անունը երբեք չի շոշափվել: Թեեւ ամենասկզբից գիտեի, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա, միեւնույն է, բարդ էր այդ փուլն անցնել:

Լուսանկարը` lequipe.fr
Հատկապես ծանր էր մտերիմներիս համար, առավել եւս՝ կանանց: Անկախ նրանից, ինչ կարծիք ունեն, մի պահ նրանց հայացքում կարդում էի. «Իսկ եթե 1% հավանականություն կա, որ նա այդ ամենն արե՞լ է»: Չունենալով այդ պատմության հետ որեւէ առնչություն՝ դրա արդյունքում ցավ էի ապրում: Հասկանում եմ իմ շուրջը եղած կանանց արձագանքը, նման բան շատերի հետ է պատահում: Պարզապես ընդունեցի իրականությունը, լռեցի ու գնացի մարզումներիս: Անգամ, երբ մեկնաբանություններ էի կարդում, ստիպված ընդունում էի դրանք: Կառլո Անչելոտին ասում էր, որ այդ ամենն անարդար է, ինչին պատասխանում էի. «Ի՞նչ կարող եմ անել, պետք է մոռանամ ամեն ինչ ու գոլեր խփեմ»:
ՊՍԺ-ի հետ դատավարությունը. Թվում էր, թե ուզում էի վնասել ՊՍԺ-ին, բայց աշխատանքային պայմանագիր էի կնքել եւ ուզում էի, որ վճարեն աշխատավարձս: ՊՍԺ-ի դեմ ոչինչ չունեմ, սիրում եմ այդ ակումբն ու այնտեղ ընկերներ ունեմ: Բայց դա քրտինքով ու դժվարությամբ իմ հասանելիքը ստանալու միակ միջոցն էր: Դեռ ՊՍԺ-ում էի, երբ ինձ չէին վճարում, կարող էի ակումբում գտնվելու ժամանակ աղմուկ բարձրացնել, բայց չարեցի: Ու երբ որոշ ժամանակ անց կրկին գումարս չտվեցին, ստիպված էի արձագանքել:

Լուսանկարը` lequipe.fr
ՉԼ-ում ՊՍԺ-ի հաղթանակը. Ինչպես արդեն ասացի, այնտեղ ընկերներ ունեմ: Չես կարող թքած ունենալ այն ակումբի վրա, որտեղ ընկերներդ են խաղում, անգամ, եթե դա ՊՍԺ-ն չէ: ՊՍԺ-ի հետ շատ մոտ էինք հաղթանակին, հասանք մրցաշարի եզրափակիչ, բայց չկարողացանք հաղթել, ու իմ ժամանակը սպառվեց: «Ռեալ»-ն ինձ կանչում էր, այնտեղ խաղալը միշտ երազանք էր, որը կարող էի ավելի շուտ իրականություն դարձնել:
Համարում էի, որ իմ արկածները Ֆրանսիայում ավարտվել են, ավելիին էի ձգտում: Լիգա 1-ում 7 տարի եմ անցկացրել, ՊՍԺ-ին ամեն ինչ էի տվել: Հեռանալը հետագա տրամաբանական քայլն էր, ինչն արել եմ առանց խղճի խայթի:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: