Փետրվար 24, 2026
exclusive
153 դիտում

Երիտասարդ մարզիչներ․ Տիգրան Հարությունյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը դեռ շատ երիտասարդ է, սակայն արդեն անցել է մարզչական աշխատանքի ու կարճ ժամանակում Եվրոպայի մեդալակիր սաներ պատրաստել։

Mediamax Sport-ի «Երիտասարդ մարզիչներ» շարքում անդրադարձել ենք Հարությունյանին, որը մարզչությանը զուգահեռ շարունակում է ապրել նաեւ ակտիվ շախմատիստի կյանքով։

Կորոնավիրուսը «ստիպեց» մարզիչ դառնալ

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինքս էլ չէի սպասում, որ այսքան շուտ մարզիչ կդառնամ։ Կորոնավիրուսի տարածվելով՝ մրցաշարերը դադարեցին, իսկ ես առցանց շախմատ խաղալ չեմ սիրում։ Այդ ընթացքում Հայաստանի շախմատի ակադեմիայից առաջարկ ստացա, ինչն ընդունեցի։ Կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ ես ստիպված եմ եղել զբաղվել մարզչությամբ։

Որոշումս կայացրի դժվարությամբ եւ մտածում էի, որ կորոնավիրուսից հետո կվերադառնամ ակտիվ շախմատ։ Այնպես չէ, որ ես որպես մարզիկ հրաժեշտ եմ տվել, դեռ անելիքներ ունեմ ու կարողանում եմ համատեղել, բայց ավելի շատ կենտրոնացած եմ մարզչական աշխատանքի վրա։ Չնայած դրան, վերջերս մասնակցեցի Հայաստանի առաջնությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկզբից մի տեսակ վախենալու էր, բարդ էր առաջին անգամ դասասենյակ մտնելը։ Բախտս բերեց, որ երեխաները մրցաշարի էին մասնակցում ու կոնկրետ պարտիաների վրա էինք աշխատում։ Այդ խմբից էր նաեւ Արսեն Դավթյանը, որը հետո դարձավ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Բայց երբ եկավ այն պահը, որ պետք է ժամը 3-6-ը մտնեի դասասենյակ ու պարապեի, լարվում էի։ Ինքս ինձ ասում էի, որ այսքան խաղացել եմ, այսքան բան գիտեմ, էլ ինչո՞ւ եմ այսպես լարվում։ Աստիճանաբար ամեն ինչ տեղն ընկավ, հիմա արդեն լիովին գիտեմ անելիքս ու կարողանում եմ հանգիստ աշխատել։

Ինձ շատ է օգնել Արման Փաշիկյանը, ով նաեւ իմ մարզիչն է եղել։ Ունեմ ընկերներ, ովքեր լավ մարզիչներ են ու խորհուրդներ են տվել։ Կայացման հարցում նրանք ինձ շատ են օգնել։

Գտնել տաղանդավոր երեխաներ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզչի գործն ինձ սկսեց դուր գալ աշխատանքի ընթացքում։ Ես ավարտել եմ ֆիզկուլտինստիտուտը, հետո հեռակա սովորել եմ տնտեսագիտական համալսարանում։ Մանկավարժական կրթությունն օգնում է ճիշտ վարվել երեխաների հետ։ Ստացվեց այնպես, որ ես կապվեցի նրանց հետ։

Սկզբնական շրջանում սաներս քիչ էին։ Ես չեմ սիրում միաժամանակ շատ երեխաների հետ աշխատել՝ խմբում ընդգրկում եմ 4 հոգու, իհարկե, ունեմ նաեւ անհատական մարզումներ։ 

Աշակերտներիս ցույց տված արդյունքներն արագ եղան ու հասկացա, որ ինձ դուր է գալիս այս աշխատանքը։ Երբ քո աշակերտը հաջողության է հասնում, դու էլ ավելի ես ոգեւորված աշխատում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես նախընտրում եմ աշխատել այն երեխաների հետ, որոնց մեջ տաղանդ եմ տեսնում, ովքեր կարող են հեռանկարային լինել։ Ինձ համար կարեւոր է աշխատել նրանց հետ, ում մեջ պոտենցիալ կա, հակառակ դեպքում պարզապես քայլեր սովորեցնելն ինձ հաճույք չի պատճառի։ Իմ նպատակն է աշակերտներիս հետ հաջողությունների հասնել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային մրցաշարերում։

Որպես մարզիչ ես փորձում եմ ավելի նվիրված աշխատել, սրտացավ մոտենալ։ Շատ եմ ուզում, որ ինչին որպես շախմատիստ ինքս չեմ հասել, աշակերտներս հասնեն։ Այս միտքն ինձ մոտիվացնում է։ 

Մարզիչ-ծնող․ Երեխաների հետ միջազգային փորձը

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես մարզիչ միջազգային ասպարեզում առաջին փորձս եղել է 2023-ին։ Եվրոպայի առաջնությունում Արսեն Դավթյանն առաջին իսկ պարտիայում պարտություն կրեց։ Փորձեցինք ուշքի գալ, իսկ հաջողության հասնելու համար մյուս բոլոր հանդիպումներում նա պարտավոր էր միայն հաղթել։ Հենց այդպես էլ եղավ եւ մինչեւ 18 տարեկանների պայքարում Արսենը չեմպիոն դարձավ, ինչը ոչ բոլորին է հաջողվում։ Այստեղ հասկացա, թե ինչքան կարեւոր են զրույցները, որոնք օգնում են մարզիկին դուրս գալ վատ վիճակից ու կրկին հավատալ իր ուժերին։

Չեմ կարող ասել, որ հենց սկզբից իմացել եմ՝ ինչ խոսքեր ասել։ Հիշում էի ինձ նրանց տարիքում, թե ես ինչ էի զգում պարտվելիս, ինչի կարիք ունեի։ Սրանից ելնելով էլ ամեն բան տալիս եմ իմ տղաներին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Իհարկե, աճելու տեղ կա, շախմատն ամենօրյա աշխատանք է պահանջում ու մեկ մրցաշարով ամեն ինչի հասնել չես կարող, բայց 2025-ի Եվրոպայի առաջնության ժամանակ շատ ավելի վստահ էի ու նաեւ փորձ ունեի։

Ծնողն ինչպես է մտահոգվում իր երեխայի համար, նույնն էլ մարզչի պարագայում է։ Ուղղակի մի տարբերությամբ, որ ԵԱ-ում իմ երեխաները 8-ն էին, որոնցից յուրաքանչյուրի համար մտածում էի։ Բացի շախմատային հարցերից, նաեւ այլ բազմաթիվ խնդիրներ են լինում։ Պետք է կարողանաս այնպես պահել քեզ, որ երեխան վստահի։ Երբ ես որպես շախմատիստ պարտվում էի, հնարավոր է բարկանայի ու միանգամից լքեի դահլիճը, իսկ մարզիչն այդպես վարվել չի կարող։ Օրինակ՝ այս վերջին ԵԱ-ում Տիգրան Համբարձումյանն ու Վահե Սուքիասյանը պարտվեցին ու շատ տխուր էին։ Ես հավաքեցի բոլորին ու գնացինք պաղպաղակ ուտելու։ Թեթեւ ժամանակ անցկացրին, ցրվեցին ու հաջորդ օրը շատ հաջող հանդես եկան։ Մոտեցումները շատ կարեւոր են։ 

Նույն առաջնությունում՝ չեմպիոն ու փոխչեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի այդ առաջնությունում Վահեն մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, իսկ Տիգրանը՝ մինչեւ 14 տարեկանների փոխչեմպիոն դարձան։

Այս հաջողությանը սպասում էի, որովհետեւ տարիների աշխատանքի արդյունք էր։ Վահեն ու Տիգրանը նույն խմբից են, պատահական չէ, որ նման հաջողություն ունեցան։ Իհարկե, ուրախացել էի, որ նրանք մեդալակիր դարձան, բայց Տիգրանը կարող էր նաեւ հաղթող լինել։ Հպարտանալու առիթ է, երբ ես էլ ներդրում եմ ունեցել այս ամենի մեջ։

Նրանց կատարած ամեն մի լավ քայլից ուրախանում եմ, սխալվելու դեպքում՝ տխրում։ Իհարկե, պարտիայի ընթացքում օգնել չեմ կարող, բայց միգուցե սա նաեւ լավ է, որովհետեւ հաղթում է ուժեղագույնն ու ոչ ոք չի կարող խանգարել։

Հիմա մեր առջեւ դրված խնդիրն Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է։ Եվրոպայում մեր երեխաները մրցունակ են, բայց աշխարհում, ցավոք, չի ստացվում։ Այստեղ միանում են նաեւ ասիական երկրների ներկայացուցիչները, ովքեր շատ ավելի ուժեղ են։ Նրանց դեմ պայքարելու համար աշխատելու շատ տեղ ունենք, բայց ես իրատեսական եմ համարում այս տարվա ԱԱ-ում մեդալ կամ մեդալներ նվաճելը։ Որպես մարզիչ ես ձգտում եմ դրան։

Շախմատում հաջողությունները պակասել են 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր շախմատիստները 2500-2600 անհատական վարկանիշի հասնելուց հետո դադար են ունենում։ Սա մեծ հաշվով նրանց մեղավորությունը չէ։ Ավելիին հասնելու համար լրիվ ուրիշ մոտեցումներ են պետք՝ պետական աջակցություն, լուրջ ներդրումներ, ինչն այսօր մեր երկրում քիչ է արվում։ Ուժեղ երկրների դեմ պայքարում ենք միայն տաղանդի եւ աշխատասիրության շնորհիվ։ Լինում է, որ հաղթանակներ ենք տանում, բայց դրան պետք է հաջորդի ներդրումների փուլը, իսկ դա չկա։ Պատահական չէ, որ մեր շախմատիստների մեծ մասն այդ շեմը հաղթահարելուց հետո չի կարողանում ավելի առաջ գնալ ու շատ մեծ բարձունքների հասնել։ 

Օրինակ բերեմ։ Խաղից առաջ հայ շախմատիստը պատրաստվում է միայնակ, ողջ գիշեր կարող է չքնել ու մտածել սկզբնախաղի ընտրության մասին։ Իսկ մրցակիցն աշխատում է մոտ 4-5 ուժեղագույնների հետ, հզոր համակարգիչներով վերլուծություններ են անում։ Ինքը քնում է, իսկ իր փոխարեն օգնականներն աշխատում են ու առավոտյան տալիս պարտիայի կմախքը։ Ստացվում է, որ դու հանդիպումը սկսում ես հոգնած, իսկ մրցակիցդ՝ կազմ ու պատրաստ։ Բուն խաղի ընթացքում լինում է, որ գերազանցում ես նրան, միգուցե մրցաշարի մեկնարկում թարմ ես լինում ու ավելի լավ արդյունքներ ես ցույց տալիս, բայց վերջում, երբ շատ էներգիա ես ծախսած լինում, տեմպը պահել չի ստացվում։

Լուծումը տեսնում եմ համակարգ ունենալու մեջ։ Մեկ հոգի՝ մարզիչ կամ շախմատիստ, չի կարող շատ բան փոխել։ Հնարավոր է մեկ մրցաշարում հաղթել, բայց զարգացում ու շարունակականություն ապահովելու համար պետք է համակարգված մոտեցում ունենալ։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, ովքեր այսօր Հայաստանի լավագույն շախմատիստներն են, շատ խնդիրների են բախվում։ Շախմատիստը չի կարող մտածել ֆինանսի մասին ու պատրաստվել պարտիային։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շանթն անցած տարի Աշխարհի գավաթում հաջող խաղաց ու շատ առաջ գնաց։ Հաղթող դարձավ Ջավոխիր Սինդարովը, որը 5-6 օգնող ուներ, աջակցող օնլայն աշխատող թիմ, ընտանիքն էր մրցավայրում, փակման արարողության ժամանակ Ուզբեկստանի նախագահն անձամբ խոսքով հանդես եկավ, իսկ իրենց երկրում հիանալի ընդունելություն կազմակերպեցին։ Սա ինչու եմ ասում, որ միայն գումարը չի կարեւոր, դու պետք է քեզ գնահատված ու կարեւոր զգաս քո երկրում։ Հաճախ մենք մոռանում էլ ենք գումարի մասին, երբ ուշադրության ենք արժանանում, բայց դա էլ է արդեն վերացել։

Պատահական ոչինչ չի լինում եւ հիմա մեծ հաջողություններ շախմատում չենք կարողանում գրանցել, որովհետեւ երկրում մոտեցումը փոխվել է։ 

Մենք շատ լավ երիտասարդ մասնագետներ ունենք, ովքեր կամ մեկնել են արտերկիր ու աշխատում են նրանց շախմատիստների հետ, կամ էլ Հայաստանում են, բայց մարզում են այլ երկրների ներկայացուցիչներին։ Մենք ներուժ ունենք, լավ հիմքը դրված է, պարզապես պետք է համակարգային աշխատանք տարվի ու շախմատը կրկին մեր երկրում վերելք կապրի»։

Տիգրան Հարությունյանի հետ զրուցել ե Գոհար Նալբանդյանը
Նկարները՝ Էմին Արիստակեսյանի

Մեր ընտրանին