Խաղի ավարտից 2 րոպե առաջ դաշտում ցնծություն էր:
Փոխանցում, երկու հարված, վճռորոշ գոլ եւ մեկնաբանի՝ պահի ամբողջ ուրախությունը խտացնող «գոոոլը»: 2013 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակցի դաշտում 1-2 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն՝ Յուրա Մովսիսյանի նրբանկատ փոխանցման եւ Գեւորգ Ղազարյանի կրկնակի հարվածի շնորհիվ:
Խաղը դիտած ֆուտբոլասերներին մինչեւ հիմա էլ դժվար է մոռանալ դաշտում ֆուտբոլիստների ունեցած էմոցիաները, մարզչական շտաբի գրկախառնություններն ու տրիբունաներում՝ հայ երկրպագուների ցնծությունն ու հնչող երջանիկ վանկարկումները:
Խաղում, որտեղ մեր ֆուտբոլը գուցե մոտ չէր կատարյալին, վճռորոշ դարձան ֆուտբոլիստների անհատական պատրաստվածությունն ու թիմի միասնությունը:
«Ֆուտբոլիստներին մեկ գաղափարի եւ մեկ նպատակի շուրջ համախմբելը, նրանց «համոզելը», որ թիմի ամբիցիաներն ավելի կարեւոր են, քան իրենց սեփականը, անկյունաքարային է հաջողության հասնելու գործում»,-ասում է Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը (2009-2014 թթ.):
Նա համոզված է, որ դաշտում գրանցված արդյունքների մեկնարկը տրվում է մինչեւ դաշտ մտնելը եւ, որ խաղի ցանկացած ելքի համար որոշիչ է ոչ միայն ֆուտբոլիստների ֆիզիկական եւ անհատական պատրաստվածությունը, այլեւ՝ հոգեբանականը:
Մինասյանի՝ հավաքականը գլխավորելու ժամանակահատվածը համընկավ դրանում տեղի ունեցող սերնդափոխության հետ, երբ ազգային թիմի «դուռը սկսել էին ակտիվորեն թակել» երիտասարդ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Եդիգարյանը, որոնց հետագայում միացան Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը եւ թիմում եղած փորձառու խաղացողների հետ ձեւավորեցին այն մեծ թիմը, որը ֆուտբոլասերների հուշերում մնալու էր որպես «ոսկե սերունդ»:
Վարդան ՄինասյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ըստ նրա՝ թիմում տիրող ընտանեկան եւ ջերմ մթնոլորտը եղել է հաջողությունների գլխավոր գրավականը:
«Ես իմ աշխատանքում, փորձել եմ ստեղծել հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն առաջին հերթին մարդկային լավ որակների, ապա նոր՝ ֆուտբոլային գործոնների վրա: Ես յուրաքանչյուր ֆուտբոլիստի ընդունել եմ որպես անհատ, այլ ոչ թե «գործիք» որեւէ նպատակի հասնելու համար, ինչն իր հերթին ստեղծել է փոխադարձ վստահություն ֆուտբոլիստ-մարզիչ փոխհարաբերությունում եւ լրացուցիչ խթան հանդիսացել լավ արդյունքների հասնելու համար»։
Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրած 25 պաշտոնական խաղերում գրանցել է 11 հաղթանակ, նույնքան պարտություն եւ 3 խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով, իսկ FIFA-ի դասակարգման աղյուսակում 2014 թվականի փետրվարի դրությամբ եղել 30-րդ հորիզոնականում, ինչն ամենաբարձր արդյունքն է հավաքականի պատմության մեջ: Այժմ Հայաստանը նույն աղյուսակում զբաղեցնում է միայն 105-րդ հորիզոնականը:
Լուսանկարը` Photolure
Սա պարզապես օրինակ է, որն ապացուցում է մեկ բան՝ որքան էլ աշխատասեր եւ տաղանդավոր լինի մարզիկը կամ թիմի յուրաքանչյուր անդամը (կախված սպորտաձեւի բնույթից՝ թիմային կամ անհատական), նա չի կարող ամբողջությամբ ռեալիզացնել իր ներուժն առանց թիկունքում եղած փորձառու մարզչի, որն աշխատում է ֆիզիկական, տեխնիկական եւ, իհարկե, հոգեբանական պատրաստվածության վրա:
Վարդան Մինասյանը 2003-2008 թթ.-ին ազգային հավաքականում աշխատել է Միհայ Ստոիկիցայի, Բեռնար Կազոնիի, Հենկ Վիսմանի, Յան Պորտերֆիլդի եւ Յան Պոուլսենի մարզչական շտաբում:
Ինչպես պատմում է, նա յուրաքանչյուրից անպայման մի բան վերցրել է, ինչն իրեն օգնել է ունենալ արդեն սեփական աշխատանքային մոտեցումներն ազգային հավաքականը գլխավորելիս։
Իսկ հոգեբանության տեսանկյունից հատկապես առանձնացնում է շոտլանդացի Յան Պորտերֆիլդի կատարած աշխատանքը, որը հավաքականը մարզել է ընդամենը մեկ տարի՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով վրա հասած մահվան պատճառով:
«Պորտերֆիլդի ամենաուժեղ մարզչական կողմն ըստ իս հոգեբանությունն էր։ Նա կարողանում էր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին համոզել, որ նա ոչնչով չի զիջում դիմացինին, իսկ հավաքականի համար խաղալը համարում էր պատիվ ու պատասխանատվություն»:
Անժելա ԲարխուդարյանըԼուսանկարը` անձնական արխիվից
Երկրում մարզական հոգեբանության զարգացմանը մեծապես նպաստել է 2020 թվականին «Mindset» սպորտային հոգեբանության կենտրոնի, իսկ դրանից ընդամենը մեկ տարի անց` Մարզական հոգեբանների ֆեդերացիայի ստեղծումը:
«Կենտրոնի հիմնական առաքելությունն է մարզիկների հոգեբանական աջակցության ապահովումը»,- ասում է կառույցի հիմնադիր-նախագահ, մարզական հոգեբան Անժելա Բարխուդարյանը եւ հավելում,- «Տարբեր կարգի մրցաշարերում դրական արդյունքի հասնելու համար նրանք պետք է կարողանան կառավարել իրենց հույզերը եւ հոգեպես լինեն կայուն վիճակում»:
Խոսելով մարզիկների հետ տարվող աշխատանքների մասին, Անժելա Բարխուդարյանն ասում է, որ այն ի սկզբանե իրականացվել է վճարովի հիմունքներով, մինչեւ Մարզական հոգեբանների ֆեդերացիայի ստեղծումն ու կառույցի՝ ԿԳՄՍ-ի հետ համագործակցության մեկնարկը, ինչն էլ թույլ է տվել մարզիկներին տրամադրվող հոգեբանական աջակցությունն իրականացնել անվճար հիմունքներով:
Ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են, սակայն հոգեբանն առանձնացնում է դրանցից երկուսը:
Մարզական հոգեբանի դերի եւ գործառույթների ընկալում
«Մարզական հոգեբանի դերի եւ գործառույթների թերի ընկալումը մեծ խնդիր է: Երբեմն հոգեբանի աշխատանքը նույնացնում են հոգեբույժի աշխատանքի հետ: Եղել են դեպքեր, երբ մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, սակայն մարզիչները հրաժարվել են՝ վերոնշյալ խնդրի պատճառով»:
Հոգեբան-մարզիկ-մարզիչ փոխհարաբերություններ
«Հոգեբան-մարզիչ-մարզիկ փոխհարաբերությունները հիմնաքարային են, քանզի միայն նման համագործակցության արդյունքում է հնարավոր հասնել դրական արդյունքի: Օրինակ արտերկրում, մարզական հոգեբանը միշտ կցված է լինում այն թիմին, որի հետ աշխատում է եւ մշտապես ներկա է լինում թե՛ մարզումներին, թե՛ ուսումնամարզական հավաքներին, եւ թե՛ մրցումներին, ինչն ըստ իս շատ արդյունավետ է: Մեզ մոտ ամեն ինչ մի փոքր այլ է»:
Ներկայումս Հայաստանում մարզական հոգեբանի կրթություն հնարավոր է ստանալ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ)՝ Ա.Լալայանի անվան Սպորտի մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնում:
«Ժամանակակից սպորտում, բարձր որակավորում ունեցող մարզիկի պատրաստման գործում սպորտային հոգեբանն ունի մեծ նշանակություն՝ ինչպես մարզիչը: Եթե մենք կարողանանք բակալավրիատից սկսած պատրաստել բարձրակարգ սպորտային հոգեբաններ, ապա կունենանք նաեւ հաջողություններ»,- ասում է ամբիոնի վարիչ Վարդան Գեղամյանը, քանզի կարծում է, որ այսօր սպորտում հոգեբանական պատրաստվածությունը մղված է առաջնային պլան:
Վարդան ԳեղամյանըԼուսանկարը` անձնական արխիվից
«Ինստիտուտում գործում է հոգեբանության մագիստրատուրայի կրթական ծրագիր, որտեղ ուսումնառում են նախկին եւ ներկա մարզիկներ, մարզիչներ եւ հոգեբանության բակալավրիատն ավարտած այլ բուհի շրջանավարտներ, որոնք կրթական ծրագրում ներառված տեսական եւ գործնական դասընթացների ու ուսումնագիտական պրակտիկայի միջոցով հնարավորություն կստանան ապագայում լիարժեք աշխատել որպես սպորտային հոգեբաններ: Մեր շրջանավարտներից այս պահին որպես հոգեբան աշխատում են ֆուտբոլային ակումբներում եւ տարբեր մարզադպրոցներում»:
Եզրափակելով իր խոսքը նա նշում է, որ վերջին տարիներին նկատելի է դիմորդների եւ հոգեբանական աջակցութjուն ստանալու համար իրենց դիմած մարզիկների, մարզիչների եւ ֆեդերացիաների զգալի աճ:
Մարզիկի հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարեւոր է, որքան՝ ֆիզիկականը եւ որքան շուտ ընդունեն այս իրականությունը սպորտում, այնքան մեծ կլինի հաջողության հասնելու հավանականությունը:
Գեւորգ Թովմասյան





















