Փետրվար 02, 2026
273 դիտում

Ձյան պակասն ու անպատրաստ կառույցները. Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 1 շաբաթ


Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Olympics


Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որ Իտալիան ընդունի ձմեռային Օլիմպիական խաղերը: Բայց պարզվում է, որ երկիրը լիովին պատրաստ չէ տարվա կարեւոր իրադարձություններից մեկին: Դեռ դժգոհություններ կան մրցումների թանկ տոմսերի, տրանսպորտի, սպորտային կառույցների ու ձյան բացակայության պատճառով:

Իտալիայի ընտրությունը

Իտալիան առաջին անգամ չէ, որ Օլիմպիական խաղեր է անցկացնում։ Նախկինում երկիրն ընդունել է 2 ձմեռային ու 1 ամառային խաղեր: 

Այս անգամ մրցումները կազմակերպելու համար Իտալիայի հետ միայն Շվեդիան էր մրցում (մյուս թեկնածուները հրաժարվեցին իրենց թեկնածությունից), եւ ՄՕԿ-ը որոշեց խաղերն անցկացնել Ալպերում: Այն վստահվեց ոչ միայն միլիոնանոց Միլանին, այլ նաեւ 5 հազար բնակչություն ունեցող Կորտինա դ'Ամպեցոյին: ՄՕԿ-ը նաեւ հաշվի էր առել խաղեր անցկացնելու Իտալիայի փորձն ու տեղի բնակչության աջակցությունը, իսկ շվեդները չէին ցանկանում սեփական հարկի տակ նման խոշոր մրցում կազմակերպել:

Լուսանկարը` Reuters


Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկու քաղաք հավասարազոր իրավունքով են անցկացնելու Ձմեռային խաղերը՝ չնայած նրանց բաժանող 400 կմ լեռնային ճանապարհը: Իտալացիները բավական շատ քանակությամբ մարզական կառույցներ ունեն, որոնց սփռման մակերեսը բավական մեծ է: Ոմանց հասնելու համար պետք է հասնել մինչեւ Շվեյցարիայի սահմանը: Բարեբախտաբար, դրանց մեծ մասը թաքնված են Լոմբարդիայի լեռներում: 

Իտալացիները հետաքրքիր կերպով են մոտեցել նաեւ կարեւոր միջոցառումներին՝ բացման արարողությունը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, իսկ փակման արարողությունը՝ Վերոնայի Օլիմպիական արենայում։

Ամենամեծ բարդությունը սպասվում է Կորտինա դ'Ամպեցոյին, որը 1956-ից հետո 2-րդ խոշոր մրցումն է կազմակերպելու (1956-ին էլ ընդունել էր ձմեռային Օլիմպիական խաղերը): Փոքրիկ քաղաքը պետք է հազարավոր զբոսաշրջիկներ ու մարզիկներ ընդունի: Այնտեղ են կայանալու քըրլինգի, բոբսլեյի, սահնակի եւ սքելեթոնի մրցումները: 

Սակավ ձյունը

Ամենամեծ խնդիրն առաջացել է կլիմայական փոփոխությունների արդյունքում: Անիրատեսական է հնչում, բայց Ալպերի բարձրավանդակներում ձմեռային խաղերի համար կարող է չափազանց շոգ լինել։ Տեղումներ սպասվում են ու ձյուն էլ գալու է, բայց հարցը միայն դա չէ, պարզապես կարող է բավական հաստության ձնաշերտ չառաջանալ: 

Լուսանկարը` Olympics


Մի քանի շաբաթ առաջ կազմակերպիչները հայտարարել էին, որ տեխնիկական խնդրի առաջ են կանգնել՝ սովորական ջրի պակաս ունեն: Իտալական Ալպերի Լիվինյո հատվածը, որտեղ անցկացվելու են սնոուբորդի եւ ֆրիսթայլի մրցումները, չունի ձնագոյացման համար հուսալի ջրամատակարարում: Միջազգային դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոնը նշել է, որ այդ մարզաձեւերի մրցումները պատշաճ կերպով անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն բնական, այլ նաեւ արհեստական ձյուն:


Հատուկ Օլիմպիական խաղերի համար կառուցվել է 21 միլիոն եվրո արժողությամբ ջրամբար։ Փորձարկումների ժամանակ համակարգի խնդիրները վերանորոգվել են, սակայն այդ ընթացքը 3 օր է տեւել: Այժմ կազմակերպիչները վախենում են, որ ցանցը կրկին կփչանա եւ դահուկային ցատկուղիներն ու մյուս մրցավայրերը բավարար քանակությամբ արհեստական ձյուն չեն ստանա։ 

Չափազանք մեծ ներդրումները

Ձմեռային խաղերն անցկացնելու համար արդեն իսկ ներդրվել է 3,5 մլրդ եվրո, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ: Նման մեծ բյուջեն զարմացնում է այն առումով, որ մարզահամալիրների մեծ մասն Իտալիան ունեցել է ու զրոյից ոչինչ չի կառուցվել: Խաղերի մեկնարկից առաջ գումարներ են ներդրվել ուղղակիորեն ու անուղղակիորեն առնչվող հարյուրավոր կառույցների վրա: Սակայն ճարտարապետները վախենում են, որ ոչ բոլորում աշխատանքները կհասցնեն ավարտել մինչ խաղերի մեկնարկը:

Լուսանկարը` Olympics


Դրանց թվում է հոկեյի արենան, որը կարող է մինչեւ մրցումների մեկնարկը վերջնական տեսքի չբերվել, ինչի արդյունքում Կանադայի հոկեյի ֆեդերացիան պահեստային լուծում է պատրաստել: Կան նաեւ Կորտինայում տեղակայված թռիչք տրամպլինից մարզաձեւի մրցահարթակի հետ կապված խնդիրներ: 

1956-ի խաղերի պես մրցումները նույն վայրում կլինեն, սակայն կազմակերպիչներն այն վերակառուցելու ժամանակ չեն ունեցել: Մրցումների ընթացում կոսմետիկ թերություններ կլինեն, իսկ հետո մրցասպարեզը շինարարական աշխատանքների նպատակով կփակվի: Նշվում է, որ նմանատիպ անսարքություններ կառաջանան համարյա բոլոր Օլիմպիական կառույցներում: 

Բայց արդարության համար պետք է նաեւ նշել, որ համարյա բոլոր Օլիմպիական խաղերի մարզակառույցների հետ էլ որոշակի խնդիրներ են առաջացել, բայց դրանք մրցաշարի անցկացմանը մեծ հաշվով չեն խոչընդոտել: Հավանաբար, նույնն էլ կլինի Իտալիայում:

Լուսանկարը` Olympics


Ճանապարային խնդիրները

Քանի որ խոսեցինք խաղերի կազմակերպիչ քաղաքների միջեւ ընկած մեծ տարածության մասին, ժամանակն է անդրադառնալ նաեւ երկրպագուների տեղաշարժմանն ու տեղակայմանը: 

Միլանն Իտալիայի ամենամեծ զբոսաշրջային քաղաքներից է ու սովոր է մարդկային բազմահազարանոց հոսքին, մինչդեռ Կորտինան լուրջ խնդրի առաջ է կանգնած: Նախապես նշվում էր, որ քաղաքը կկարողանա ընդունել մինչեւ 250 հազար այցելուների, սակայն հետո վերանայելով սեփական տրանսպորտային ու հյուրանոցային համակարգը, այդ թիվը հասցվեց 200 հազարի: 

Քաղաքում Օլիմպիական խաղերի համար նույնիսկ ճոպանուղի չեն հասցրել կառուցել, ինչը չափազանց կարեւոր է սահմանափակ ճանապարհներ ունեցող նման տարածաշրջանի համար:

Ալպերում գտնվող այդ քաղաքը շատ գեղեցիկ է, բայց այնտեղ ավտոբուսներով հնարավոր է հասնել միայն 2 ճանապարհով: Դա հաշվի առնելով՝ կազմակերպիչները ստիպված են եղել սահմանափակել մրցումների տոմսերի քանակը: Հակառակ դեպքում՝ մեծ խցանում կառաջանա ու տեղաշարժվելն ավելի կբարդանա:

Կորտինայում առանձին թաղամասերի համար նույնիսկ մինի անցաթղթեր կտրամադրվեն, որոնք հասանելի կլինեն միայն առանձնատների կամ այնտեղ գործող բիզնեսի սեփականտերերին: 

Լուսանկարը` Olympics


Իսկ ահա հանդիսատեսը պետք է պատրաստ լինի սեփական ուժերով հասնել մրցավայր, քանի որ նոր ճոպանուղին դա անել չի կարողանա: Այն նախատեսված էր ժամում ավելի քան 2000 մարդ տեղափոխել, սակայն տեղացիների բողոքի ցույցերի, կառուցման պլանի երկարատեւ համաձայնեցման ու անգամ երկրաշարժերի վտանգի պատճառով շինարարությունը նախատեսվածից հետ է ընկել: 

Տոմսերի գները

Կազմակերպիչների խոսքով՝ Օլիմպիական խաղերի համար նախատեսված է 1,2 մլն տոմս: Նշվում է, որ տոմսերի մեծ մասը վաճառվել է 100 եվրոյով, դրանք ամենաարագն են սպառվել: 

Սակայն ոչ բոլոր մարզաձեւերին է հնարավոր ներկա գտնվել էժան տոմսերով, օրինակ գեղասահքի մրցումների կարճ ծրագրի տոմսերն արժեն մոտ 650 եվրո, իսկ ազատ ծրագրինը՝ 1200-ից: 

Ամենաէժանը քըրլինգի մրցումներն են՝ 40-150 եվրո, իսկ ամենաթանկը հոկեյի եզրափակիչը՝ 1400 եվրո: 

Չափազանց թանկ են նաեւ բացման արարողության տոմսերը՝ Անդրեա Բոչելլիի կենդանի կատարումը լսել ցանկացողների մեծ մասը վճարել է 2026 եվրո: Կան նաեւ 260 եվրո արժողությամբ տոմսեր: Փակման արարողությանը ներկա գտնվողները կվճարեն 950-2900 եվրո:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին