Հունվար 20, 2026
272 դիտում

Կալիդու Կուլիբալի․ Գրիչը մեր ձեռքում է, կարող ենք դառնալ պատմությունը վերաշարադրողները


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` The Players Tribune

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Սենեգալի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Աֆրիկայի չեմպիոն ու կրկին մեծ ուրախություն պարգեւեց իր երկրին։

Առաջին անգամ դա եղել էր 2021-ին, որից մեկ տարի անց սենեգալցիները մասնակցեցին Աշխարհի առաջնությանը։ Մեկնարկից առաջ թիմի ավագ Կալիդու Կուլիբալին  The Players Tribune-ին պատմել է իր պատմությունը։ Երկրորդ անգամ իր թիմի հետ չեմպիոն դառնալուց հետո վերհիշել ենք այն ու որոշ կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Լուսանկարը` The Players Tribune


«Այս պատմությունով ես ձեզ կդարձնեմ Սենեգալի հավաքականի երկրպագու։ Խոստանում եմ։  

Սկսենք Աֆրիկայի Ազգերի Գավաթից։ Իրականում այս պատմությունը նախկինում չեմ պատմել․․․ Եգիպտոսի դեմ եզրափակչի լրացուցիչ ժամանակի վերջում այնքան լարվածություն կար, որ ես ինձ հիշեցի 11 տարեկանում։ Երբ պարզ դարձավ, որ արդյունքը կորոշվի 11-մետրանոցներով, ինձ համար այլեւս 2022 թվականը չէր։ Ես 2002 թվականում էի։

Մենք գիտեինք, որ ամբողջ երկիրը մեզ է հետեւում։ Հիշո՞ւմ եք, երբ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում մենք պարտվեցինք, նույնը եղավ 2019 թվականի Աֆրիկայի գավաթի եզրափակչում։ 

Եվ ահա, 2022-ին մենք այնպես էինք նախապատրաստվել, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար չէր լինելու։ Բայց եղավ հակառակը։ Մենք մոտեցանք մարզչին։ Ես, իհարկե, միլիոնավոր սենեգալցիների նման հիշում էի նախկին հանդիպումները։ Հիշում էի 2002-ի Թուրքիայի «ոսկե» գոլն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում, հետո Աֆրիկայի գավաթում Կամերունի հետ եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարը։ Նայում եմ մարզիչ Ալիու Սիսսեին, ով խաղացել է այդ խաղում։ Մտածում եմ․«2002-ին Կամերունի դեմ խաղում նույնիսկ գլխավոր մարզիչը չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը։  Գուցե մենք իսկապես անիծված ենք»։ 

Բայց Ալիուն բոլորիս հավաքեց եւ գեղեցիկ ելույթ ունեցավ, որը փոխեց բոլորիս տրամադրությունը։ Այդ դժվար պահին նա ասաց, որ չվախենանք, գնանք եւ հաղթենք մեր երկրի եւ այն բոլոր սերունդների խաղացողների համար, ովքեր շատ բան են զոհաբերել այս պահի համար։


Մենք կարող էինք դառնալ պատմությունը վերաշարադրողները։ Գրիչը մեր ձեռքում էր։

Այդ ելույթից հետո բոլոր վախերն անհետացան։ Նրան ասացի, որ ուզում եմ առաջինն իրացնել հարվածը։ Որպես ավագ՝ ես միշտ ուզում եմ բեռը վերցնել ուսերիս։ Ալիուն նայեց բոլորին եւ ասաց. «Լավ, Կոուլին է առաջինը։ Բայց ամբողջ ճնշումը ոչ թե քեզ, այլ  ինձ վրա է։ Ես քեզ ընտրեցի ու կպատասխանեմ դրա համար։ Դուք պարզապես գնացեք եւ հաղթեք»։

Ես քայլեցի դեպի գնդակը։ Դա պարզապես տուգանային հարված չէր։ Դա պարզապես եզրափակիչ չէր։ Դա մեկ հարված էր՝ 20 տարվա պատմությամբ։

Լուսանկարը` Getty Images


Ֆրանսիայի ներգաղթյալների թաղամասերում տեղի է ունենում երկու Աշխարհի առաջնություն։ Մեկը՝ հեռուստատեսությամբ է, որտեղ խաղում են Սենեգալի, Թունիսի, Ալժիրի հավաքականները, մյուսը՝ փողոցում, ընկերների հետ։ Այնտեղ հարեւան սենեգալցիներն են, թունիսցիներն ու ալժիրցիները։ Դա հարեւանության, մշակույթների ու լեզունների գեղեցիկ խառնուրդ է։ Այստեղ բոլորս տարբեր ենք, բայց եւ նույնն ենք։ Բայց չորս տարին մեկ անգամ՝ Աշխարհի առաջնության ժամանակ, ո՛չ, նման բան չկա։ Այդ ժամանակ դուք ներկայացնում եք ձեր երկրի դրոշը։ Դուք դուրս եք գալիս փողոց եւ խաղում ձեր ծնողների, տատիկների ու պապիկների երկրի համար, կարծես ձեզ իսկապես կանչել են առաջին թիմ։ 

Եվ եթե Սենեգալը քառորդ եզրափակչում խաղում է Թուրքիայի հետ, ինչպես 2002 թվականի ամռանը, դրա մեկնարկից առաջ դուք թեկուզ 5 հոգով  ձեր դպրոցի հետեւում մրցում եք թուրք ներգաղթյալների հետ։ 

Հիշում եմ, մենք պարտվեցինք թուրք տղաներին։ Այնքան տխուր էինք, կարծես մարդ էր մահացել։ Մեր պատկերացմամբ հիասթափեցրել էինք ամբողջ սենեգալցիներին։ Բոլորը գիտեն, որ ԱԱ-ում Սենեգալը պարտվեց Թուրքիային, եւ մենք բոլորս լաց եղանք։

Երբեմն մարդիկ հարցնում են, թե ինչու եմ Ֆրանսիայի փոխարեն ընտրել Սենեգալի հավաքականը․ «Դու կարող էիր Ֆրանսիայի հետ Աշխարհի չեմպիոն դառնալ»։

Հնարավոր է, բայց ես հավատում եմ ճակատագրին։ Միշտ ասում եմ, որ Ֆրանսիայի ու Սենեգալի մշակույթների կրողն եմ։ Շատ հպարտ եմ, որ ֆրանսիացի եմ։ Բայց ինձ համար Սենեգալը ներկայացնելն Աստծո կողմից է ընտրված եղել։ 2002 թվականից ի վեր իմ մեջ ինչ-որ բան կար, որն ինձ քաշում էր դեպի դա։ Հիշում եմ, երբ Ալիուն 2015 թվականին ստանձնեց թիմը, նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Մենք մտնում ենք նոր փուլ եւ քո կարիքն ունենք»։

Ես «Նապոլի»-ի պահեստայինների նստարանին նստած 24-ամյա մի տղա էի։ Մարզիչը հավատում էր ինձ։ Երբ զանգահարեցի ծնողներիս ու հայտնեցի որոշումս, առաջին անգամ տեսա, որ նրանք ոգեւորվեցին ֆուտբոլով։ Նրանք չափազանց ծանոթ են իրական կյանքի դժվարություններին եւ չեն անհանգստանում ինչ-որ ֆուտբոլային խաղով։ Իմ երկիրը ներկայացնելը միայն ֆուտբոլային խաղ չէ: Այն իմ արյան, իմ պատմության եւ իմ ծնողների երազանքների մասին է:

Լուսանկարը` Getty Images


Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ դարձա թիմի ավագ: Մենք հյուրանոցում էինք․ ես հավաքեցի տարիքով ավելի ավագ խաղացողների խորհուրդ՝ Իդրիսա Գեյեին, Սադիո Մանեին, Էդուար Մենդիին եւ Շեյխուին: Ասացի, որ կընդունեմ թեւկապը միայն այն դեպքում, եթե բոլորը համաձայնեն: Շեյխուն ասաց. «Ես մեծ հարգանք ունեմ քո նկատմամբ, որովհետեւ դու տղամարդու պես ես պահում քեզ այս հարցում։ Ես ուզում եմ, որ դու վերցնես թեւկապը»։

Եթե ուզում եք մեկ բառով նկարագրել Սենեգալը եւ նրա մտածելակերպը, կասեմ՝ Շեյխու։ Մինչ օրս ես նրան «ավագ» եմ անվանում։ Երբ դժվար որոշման առիթ է լինում, ես հավաքում եմ մեր խորհուրդը։ Վերջին տարիների ընթացքում ամեն ինչ միասին ենք ապրել՝ լավ ու վատ։

Ահա թե ինչու եմ ասում, որ Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակիչը պարզապես խաղ չէր։ Այն 20 տարվա պատմություն էր։ Տարբեր սերունդներ երազել էին, որ Սենեգալը գավաթ բարձրացնի, բայց այն միշտ ավարտվել էր հիասթափությամբ։ 

Սադիո Մանեն մաքուր մարդ է։ Նա իսկական չեմպիոն է, բայց ամենից առաջ նա ընկեր է, եղբայր՝ բառի ամենաիսկական իմաստով։ Եզրափակչում երբ նա գնում էր իրացնելու վերջին հարվածը, ծնկի իջած 8 տղա աղոթում էր Աստծուն, իսկ ես  անշարժ կանգնած էի, կարծես հենց այնպես։ Իրականում այդպես չէ․ ես պարզապես սպասում էի, որ նա գոլ է խփելու։ Իսկապես, կատարյալ հարված էր, մենք Աֆրիկայի չեմպիոններ էինք։ Մենք բոլորս վազեցինք։ Սա աշխարհի ամենաքաղցր զգացողությունն էր։

Հիշում եմ, որ ինձ կանչեցին ամբիոն՝ Ինֆանտինոյից գավաթը վերցնելու համար։ Կորոնավիրուսի պատճառով թիմակիցներիս չթողեցին բարձրանալ։ Ինֆանտինոն ասաց, որ ես գավաթը բարձրացնեմ տեսախցիկների առաջ։ Ես պատասխանեցի․ «Խնդրում եմ, թույլ տվեք գնամ խաղադաշտ ու դա անեմ թիմակիցներիս հետ»։ Նա թույլ տվեց։ Իջա ու ցանկանում էի գավաթը տալ մարզչին, որովհետեւ ճամփորդությունը սկսել էր ինքը՝ 20 տարի առաջ։ Բայց նա մերժեց ու ասաց, որ ինքն ուրախ է դիտել մեզ կողքից։ Գավաթը բարձրացրի՝ դա իմ կյանքի ամենաաննկարագրելի պահն էր։

Լուսանկարը` Getty Images


Բառերով անհնար է պատմել մեր դիմավորումը Դաքարում։ Ավտոբուսով գնում էինք նախագահական պալատ, որտեղ պետք է երեկույթ լիներ։ Բայց այն ուշացավ։ Հեռավորությունն այնքան էր, որ 20 րոպեից պետք է հասնեինք, բայց մեծաքանակ բազմության պատճառով տեւեց 7 ժամ։ Ես հոգնել էի ու նույնիսկ քնեցի ավտոբուսում։ Արթնացա մարդկանց ճիչերից ու մտածեցի․ «Մի՞թե սա երազ է»։

Այդ օրը բոլորը միասին էին, դա միլիոնավոր մարդկանց համար մաքուր ուրախության պահ էր։ Այո՛, որոշ մարդիկ կարող են ասել, որ սա «պարզապես Աֆրիկայի գավաթն է», բայց նրանք ոչինչ չգիտեն։ Ինձ համար դա ավելի իմաստալից է, քան Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Բրազիլիայի հետ Աշխարհի գավաթը հաղթելը։ Երբ քո պատմությունը սրտաճմլիկ է, զգացածդ էլ ուրիշ է լինում։

Ամեն անգամ, երբ հագնում ենք Սենեգալի համազգեստը, Ալիուն հիշեցնում է․ մենք դեսպաններ ենք հրաշալի երկրի՝ մի երկրի, որի մասին շատերը բավարար չափով չգիտեն:   

Եղբայրնե՛ր եւ քույրե՛ր, ինչպես խոստացել էի սկզբում, մեր սեղանի շուրջ ձեզ համար տեղ կա: Եթե ձեր թիմը դուրս մնա պայքարից, Սենեգալն ուրախ կլինի ընդունել ձեզ:

Այո՛, մենք բոլորս ունենք մեր դրոշը: Բայց յուրաքանչյուրի սրտում մեկից ավելի տեղ կա»։

Պատրաստեց Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին