Քլիվեր Սանչեսը Պերուի հարավային շրջանների փոքրիկ քաղաքից առաջին անգամ դուրս է եկել ու գնացել Լիմա 15 տարեկանում։ Նա քայլում էր դեպի իր երազանքը՝ մեկնաբանելու ֆուտբոլային հանդիպում։
Երբ հաստատվել է, որ Պերուն հյուրընկալելու է Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը, Քլիվերն ու նրա եղբայր Քենին որոշել են օգտվել հնարավորությունից: Լիմա մեկնելու համար նրանք կազմակերպում են դրամահավաք, որին միանում են հարեւանները, իրենց թաղամասի փոքր բիզնեսի սեփականատերերը, իսկ ավելի ուշ՝ տեղական իշխանությունները: Գաղափարն այն էր, որ մի քանի տեսանյութ նկարահանեին, ապա գտնեին խաղը հեռարձակելու միջոց ու մուտք գործեին մարզադաշտ:
Լուսանկարը` POl Deportes
16 ժամ ճանապարհ կտրելուց հետո նրանք առաջին անգամ ոտք են դնում երկրի մայրաքաղաք, բայց ստադիոնի աշխատակիցները մերժում են մուտք գործել ու արգելում նաեւ հեռարձակումը։ Քլիվերի եղբայրն ավելի ուշ պատմել է, որ իրենք դրանից շատ էին տխրել, քանի որ հիասթափեցրել էին բոլոր այն մարդկանց, ովքեր հոգացել էին ճանապարհածախսը եւ հավատում էին իրենց հաջողությանը։
Մարզադաշտի մոտ գտնվող Պուրուչուկո բլուրը բարձրանալն ու այնտեղից ուղիղ եթեր մտնելն ամենաանհույս տարբերակն էր՝ կատարելու երկրպագուներին տված խոստումը: Բայց տղաները բարձրանում են ու Քլիվերը սկսում մեկնաբանել «Պալմերյաս»-«Ֆլամենգո» եզրափակիչը։
Քլիվերը եռոտանու վրա հարմարեցնում է հեռախոսը՝ մեկնաբանելով դիմակայությունը, թեկուզ կադրում երեկում էր միայն հեռվում գտնվող ստադիոնը։ Դանիլոյի գոլից հետո, որը հաղթանակ է բերել «Ֆլամենգո»-ին, Քենին խնդրել է Քլիվերին պատմել գոլի մասին այնպես, կարծես այն տեղի է ունենում իրական ժամանակում: Բացօթյա հեռարձակման «խցիկի» համայնապատկերային կադրը, դաշտը, դատարկությունը եւ «գո՜լ» բացականչությունը՝ բառիս բուն իմաստով տարածվել են ամբողջ աշխարհում:
@poldeportes1 narrando desde el cerro quedamos sin voz pero valió la pena #poldeportes #narrando desde el #cerro #ate #viral ♬ sonido original - Eduardo
Քլիվերի տեսանյութը հավաքել է միլիոնավոր դիտումեր, իսկ մի քանի օրվա ընթացքում նրա երազանքը սկսել է իրականություն դառնալ. տղային հրավիրել են մեկնաբանել Պերուի առաջնության խաղ, ինչն անմոռանալի պահ է եղել դեռահասի համար։
Այդպիսով, նա առաջին անգամ ոտք է դնում Պերուի գլխավոր մարզական կենտրոն՝ Ազգային մարզադաշտ ու ներկա լինում «Ալիանսա Լիմա»-«Սպորտինգ Կրիստալ» խաղին։ «1190 Sports»-ի պրոդյուսերական թիմը նրան անակնկալ է մատուցում ուղիղ եթերում ու հրավիրում մի քանի րոպեով մեկնաբանել խաղը՝ դրանով սկիզբ դնելով լրատվամիջոցներում նրա նորամուտին:
Լուսանկարը` POl Deportes
Բայց տղային ավելի մեծ անակնկալ է սպասվել, երբ հրավեր է ստացել ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը։ Մադրիդում նա հյուրընկալվել է նաեւ հեղինակավոր «Մարկա»-ի խմբագրությունում։
Քլիվեր Սանչեսը ձայնը սկսել է մարզել տարիներ առաջ՝ միացնելով իրենց ունեցած երկու տեսանյութերը՝ հանդիպումներ մեկը Լեո Մեսսիի, մյուսը՝ Նեյմարի մասնակցությամբ։
Մեծանալով՝ նա սոցիալական ցանցերում բացել է իր ալիքը, սակայն մեծ ակտիվություն չի եղել։ Ծնողները նրան հորդորում էին հետեւել իրենց օրինակին ու աշխատել դաշտում՝ վաստակելով օրվա հացը։ Տղան լսում է նրանց խորհուրդը, սակայն շարունակում պահել նաեւ ֆուտբոլային իր ալիքը։ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը լուսաբանելուց հետո նրա Pol Deportes ալիքը դառնում է սոցիալական ցանցերի սենսացիան։
@poldeportes1 muy cansados pero la gloria es eterna, así como empezamos hace 3 años y seguimos en esta locura de fútbol #hermanos #poldeportes #narrador #popular #loultimo sonido original - pol_Deportes oficial
«Քենին ուզում էր ոստիկան դառնալ, այդ պատճառով դպրոցում նրան բոլորը Pol էին ասում։ Նա նաեւ ֆուտբոլ մեկնաբանել էր սիրում։ Ես նրանից մեծ եմ 4 տարով ու համոզեցի, որ ֆուտբոլին նվիրված էջ բացի։ Անունը դրեցինք Pol Deportes։ Նա չէր ուզում տեսախցիկի առաջ հայտնվել, բայց ես ստիպեցի նրան, ինչի համար նույնիսկ վիճեցինք»,-ասել է նրա եղբայրը։
Քանի որ սկզբնական շրջանում տղան ամաչում էր տեսախցիկից, պարզապես լսվում էր նրա ձայնը՝ լուսանկարներով հավաքված տեսանյութի ուղեկցությամբ։ Բայց դա ազդեցություն չէր ունենում լսարանի վրա ու դիտումները շատ քիչ էին ստացվում։ Ի վերջո՝ նրանք իրենց տան մի պատը ներկում են կապույտ գույնով, փակցում Մեսսիի ու Արգենտինայի հավաքականի նկարները, տեղադրում հեռախոսն ու կազմակերպում առաջին եթերը։
Լուսանկարը` POl Deportes
«Քլիվերը խորհրդանշում է պերուացու ապստամբությունը, ով ամեն օր գումար է վաստակում՝ աշխատելով հողի հետ։ Սակայն ունի մեծ երազանք ու անշեղ գնում է դեպի դա։ Հուզիչ է, որ 15-ամյա տղան այդքան հստակ պատկերացում ունի, թե ինչ է ուզում անել իր կյանքում։ Նա մեկնաբանական տաղանդ ունի, հստակ արտահայտում է մտքերը, չնայած պետք է աշխատի բառապաշարը հարստացնելու ուղղությամբ։ Եթե նրան լավ ուղղորդեն, ապա շատ բանի կհասնի»,-այսպիսի կարծիք է ստացել հայտնի ֆուտբոլային մեկնաբան ու լրագրող Էդուարդո Կոմբեն։
Գոհար Նալբանդյան






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: