Ժամանակ առ ժամանակ արտասահմանյան տարբեր առաջնություններում հայտնվում են հայազգի ֆուտբոլիստներ, որոնք իրենց հաջող խաղով եւ տաղանդով գրավում են ֆուտբոլասերների ուշադրությունը: Այս մրցաշրջանը եւս բացառություն չէ․ իր մասին սկսեց ավելի հաճախակի հիշատակել Ուկրաինայի Առաջին լիգայում հանդես եկող հարձակվողական ոճի կիսապաշտպան Սիմոն Գալոյանը: 23-ամյա հայազգի ֆուտբոլիստի կարիերան զարգանում է աստիճանաբար՝ առանց մեծ աղմուկի, բայց կայուն ու դրական դինամիկայով:
Սիմոն Գալոյանը ծնվել է Սոլնեչնոգորսկում (Մոսկվայի մարզ), բայց մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ էլ սկսել է ֆուտբոլով զբաղվել՝ ընդամենը 4 տարեկանից։ Հայազգի ֆուտբոլիստն արմատներով Շիրակի մարզից է։ Նա ունի երեք ավագ քույր եւ հանդիսանում է ընտանիքի ամենակրտսեր զավակը: Հայրը՝ Հովհաննես Գալոյանը, մանկուց երազել է ֆուտբոլիստ դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի հաջողվել։ Ուստի Սիմոն Գալոյանն այժմ կյանքի է կոչում նաեւ իր հոր նվիրական երազանքը:
Գալոյանի պոտենցիալը նկատվել է դեռեւս վաղ փուլում եւ ֆուտբոլիստն անգամ 2 անգամ հրավիրվել է Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքական: Բացի այդ, հայազգի կիսապաշտպանը պատերազմի սկսվելուց առաջ փորձաշրջան էր ունեցել իսպանական «Ռեալ Օվիեդո» ակումբում եւ հնարավորություն ստացել միանալու երկրորդ թիմին։ Սակայն անսպասելիորեն մեկնարկած մարտական գործողությունները խաթարել են ֆուտբոլիստի բոլոր ծրագրերը, եւ նա շարունակել է ելույթները Ուկրաինայում:
«Լիվի Բերեգ»․ հնարավորություն, որը պետք է օգտագործել
Լուսանկարը` անձնական արխիվից
Այս մրցաշրջանից առաջ Սիմոն Գալոյանը միացավ ուկրաինական «Լիվի Բերեգ» ակումբին։ Այդ տեղափոխությունը հստակ առաջընթաց էր վերջինիս կարիերայում, քանզի թիմը գտնվում է Ուկրաինայի Առաջին լիգայի 2-րդ հորիզոնականում՝ պայքարելով բարձրագույն խմբի ուղեգրի համար: Հայազգի կիսապշտպանն աստիճանաբար ընտելանում է նոր ակումբին: Վերջինս մրցաշրջանի առաջին հատվածում չէր ստանում շատ խաղաժամանակ՝ հիմնականում դուրս գալով փոխարինման (դարձել է 2 գոլի հեղինակ առաջնությունում):
Թիմի բազմափորձ գլխավոր մարզիչ Օլեքսանդր Ռյաբոկոն հազվադեպ է դիմում հիմնական կազմի փոփոխությունների՝ խուսափելով անգամ անհրաժեշտ ռոտացիայից: Այնուամենայնիվ, միջմրցաշրջանային ընկերական հանդիպումները կարող են փոխել իրավիճակը։ Այդ խաղերում Սիմոն Գալոյանը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ (4 գոլ եւ 3 գոլային փոխանցում)։ Այդ ցուցանիշները պետք է որ համոզեն թիմի գլխավոր մարզչին ավելի շատ վստահել վերջինիս:
Հայազգի ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության աջ եզրում։ Բայց նա բազմիցս նշել է, որ կարող է եւ անգամ ավելի նախընտրում է խաղալ ձախից՝ առավել լիարժեք օգտագործելով իր ստեղծագործական ներուժը։ Հենց այս դիրքում ավելի ակներեւ է ֆուտբոլիստի բարձր տեխնիկական պատրաստվածությունն ու խելահեղ արագությունը:
Հայկական ֆուտբոլի հետ կապը եւ ֆուտբոլային երազանքները
Լուսանկարը` անձնական արխիվից
Սիմոն Գալոյանը երբեք չի կորցրել կապն իր պատմական հայրենիքի հետ եւ հաճախ է այցելում Հայաստան: Չնայած նա երբեւէ առաջարկ չի ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից, հայազգի ֆուտբոլիստը հետաքրքրված է հայկական ակումբային ֆուտբոլով եւ պարբերաբար հետեւում է առաջնության հանդիպումներին։ Նա մեծ ուշարությամբ հետեւում է նաեւ Հայաստանի հավաքականի խաղերին՝ հուսալով երբեւիցե հրավեր ստանալ ազգային ընտրանուց։ Իհարկե, դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց Սիմոն Գալոյանը հստակորեն պատրաստակամ է միանալու հավաքականին, եթե ՀՖՖ-ն եւ Եղիշե Մելիքյանը ցուցաբերեն անհրաժեշտ ուշադրություն: Նրա համար ֆուտբոլային ուղենիշ է հանդիսանում Հենրիխ Մխիթարյանը, ում վերջինս համարում է իր ֆուտբոլային կուռքերից մեկը: Բացի Հայաստանի հավաքականից հայազգի ֆուտբոլիստը երազում է երբեւիցե հանդես գալ կատալոնական «Բարսելոնա»-ում, որին երկրպագում է մանկուց:
Սիմոն Գալոյանն աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ եւ նպատակասլացությամբ: Նա չի ընկրկում կյանքի ծանր իրավիճակներում եւ շարունակում է գնալ դեպի իր երազանքները: Անշուշտ, պետք է հետեւալ այս ֆուտբոլիստի հետագա զարգացմանը, առավել եւս եթե հաջորդ մրցաշրջանում նրա ակումբը հանդես գա Ուկրաինայի Բարձրագույն խմբում: Իսկ դա նշանակում է, որ հաջող մարզավիճակի պարագայում հայազգի ֆուտբոլիստը կլինի ավելի անվանի ակումբների ուշադրության ներքո:
Դավիթ Սարգսյան




















