Փետրվար 09, 2026
exclusive
445 դիտում

«Շախմատի թագուհին». Պոլգար-Կասպարով հակամարտության պատմությունը


Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը

Netflix-ում արդեն հասանելի է «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը՝ նվիրված հունգարացի շախմատային լեգենդ Յուդիթ Պոլգարին, որը համարվում է պատմության մեծագույն շախմատուհին։

Ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել Sundance կինոփառատոնում՝ 2026 թվականի հունվարի 27-ին, իսկ փետրվարի 6-ից այն հասանելի դարձավ Netflix-ի 300 միլիոն բաժանորդներին։

Հրաշամանուկը

Ընդամենը 15 տարեկանում եւ 4 ամսականում՝ 1991 թվականին, նա դարձավ ամենաերիտասարդ գրոսմայստերը շախմատի պատմության մեջ՝ գերազանցելով Բոբի Ֆիշերի 33 տարվա ռեկորդը։

Յուդիթը մնում է միակ կինը, որը երբեւէ գերազանցել է 2700 ELO վարկանիշը դասական շախմատում՝ 2005 թվականին հասնելով 2735-ի գագաթնակետին։ 

Ընդամենը վեց կին է երբեւէ հաղթահարել 2600 ELO-ի շեմը։

Նա դարձավ առաջին եւ միակ կինը, որը ընդգրկվեց շախմատիստների համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում։

12 տարեկանում՝ 1989 թվականին, նա արդեն աշխարհի լավագույն շախմատուհին էր։ Իր կարիերայի ընթացքում նա հաղթել է 11 գործող կամ նախկին աշխարհի չեմպիոնների՝ արագ կամ դասական շախմատում։

Կասպարովի հետ հակամարտությունը. 13-ամյա սագան

Վավերագրական ֆիլմի կենտրոնական սյուժեն Յուդիթ Պոլգարի դրամատիկ դիմակայությունն է Գարի Կասպարովի հետ, որին շատերը համարում են բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստը։ 

Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1994 թվականին Լինարեսի սուպերմրցաշարում, երբ Պոլգարը 17 տարեկան էր, իսկ Կասպարովը՝ 30։

Ֆիլմը վերադառնում է մրցաշարի չորրորդ տուրի սկանդալային դրվագին, երբ Կասպարովը տեղաշարժել էր խաղաքարը, ապա վերադարձրել այն՝ խախտելով կանոնները:

Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը


Ֆիլմը հետեւում է նրանց հարաբերություններին 13 տարիների ընթացքում: 2001 թվականին Պոլգարը վերջապես կարողանում է հաղթել Կասպարովին։

Դրանից մեկ տարի առաջ Կասպարովը հրավիրել էր Պոլգարին Խորվաթիայի իր առանձնատուն եւ դրանից հետո նրանց հարաբերությունները կարգավորվել էին։ 2021 թվականին Յուդիթ Պոլգարը, շնորհավորելով Գարի Կասպարովին սոցիալական ցանցերում ծննդյան օրվա առթիվ, գրել էր.

«Մենք հակառակորդներ էինք, իսկ հիմա ընկերներ ենք։ Երկուսս էլ հավատում ենք շախմատի կարեւորությանը կրթության մեջ»։

Kasparov Chess Foundation-ը հայտարարություն է տարածել Netflix-ում ֆիլմի պրեմիերայի առիթով, որտեղ ասվում է.
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը


«Այս ֆիլմը ցուցադրում է պատմության մեծագույն շախմատիստուհի Յուդիթ Պոլգարի վերելքը։ Այն ցույց է տալիս նրա երկարատեւ հակամարտությունը Գարի Կասպարովի հետ եւ այն անմոռանալի պահը, երբ նա վերջապես հաղթանակ տարավ»։

Ոչ ավանդական կրթություն

«Շախմատի թագուհին» ներկայացնում է յուրահատուկ ընտանեկան պատմությունը, որը ձեւավորել է Պոլգարի հաջողությունը։ Նրա հայրը՝ Լասլո Պոլգարը, հավատում էր, որ «հանճարները ստեղծվում են, այլ ոչ թե ծնվում»։ Այս տեսությունը ապացուցելու համար նա մանկուց շախմատ էր սովորեցնում իր երեք դուստրերին՝ Սյուզանին, Սոֆիային եւ Յուդիթին։ Շախմատը նրանց հիմնական զբաղմունքն էր՝ աղջիկները դպրոց չէին հաճախում եւ կրթություն էին ստանում տանը։

Լասոլի փորձը գերազանցեց բոլոր ակնկալիքները։ Բոլոր երեք քույրերը շախմատային բարձունքների հասան։ Ֆիլմում հարցազրույցներ կան Յուդիթի ծնողների՝ Լասլոյի եւ Կլարայի, նրա քույրերի՝ Սյուզանի եւ Սոֆիայի, ինչպես 
նաեւ նրա ամուսնու՝ Գուստավ Ֆոնտի հետ։

Արդիական ուղերձ

«Աշխարհը հիմա բավականին մռայլ է թվում։ Կարծում եմ, կարեւոր է ճշմարիտ պատմություն ներկայացնել, որը լի է հույսով եւ ոգեշնչմամբ»,- ասել է ռեժիսոր Ռորի Քենեդին։
Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը Գարի Կասպարովը եւ Յուդիթ Պոլգարը


Նրա համար Պոլգարի պատմությունը հայտնություն էր։ «Ապշած էի, որ երբեւէ չէի լսել նրա մասին»,- խոստովանել է Քենեդին։

2014 թվականին կարիերան ավարտելուց հետո Յուդիթ Պոլգարը նվիրել է իրեն շախմատային կրթությանը՝ իր մեթոդի միջոցով: Այն մշակված է նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար եւ նպաստում է հմտությունների զարգացմանը եւ մտածողության զարգացմանը։

Ընկերություն Արոնյանի հետ

2025 թվականի դեկտեմբերին Սյուզան եւ Յուդիթ Պոլգարները շնորհավորել էին Լեւոն Արոնյանին՝ Քեյփթաունում կայացած Freestyle Chess-ի եզրափակիչ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Այս «երիտասարդ խոստումնալից» խաղացողը հաղթել է Մագնուս Կառլսենին: Շնորհավորո՛ւմ եմ: Կարծում եմ, առաջիկայում նրան փայլուն ապագա է սպասում», - սոցցանցի իր էջում գրել էր Սյուզան Պոլգարը:

«Շնորհավորում եմ Լեւոն Արոնյանին: Անհավանական էր դիտել նրա ընթացքը դեպի գագաթ՝ ժպիտով եւ առանց որեւէ պարտության ամբողջ մրցաշարի ընթացքում: Տպավորիչ նյարդեր, չափազանց բարեկամական տրամադրություն, հստակ տեսլական եւ տպավորիչ խաղային ոճ», - գրել է Յուդիթ Պոլգարը:


Լեւոն Արոնյանը եւ Յուդիթ Պոլգարը ծանոթ են վաղուց ու լավ ընկերներ են:

2025 թվականի հուլիսին, երբ Լեւոն Արոնյանը հաղթել էր Լաս Վեգասի մրցաշարում, Յուդիտն այսպիսի գրառումն էր կատարել X սոցցանցի իր էջում. 

«Սելֆի չեմպիոնի հետ՝ արված է: Շատ հաճելի էր Վեգասում Լեւոնի հաջողության ականատեսը լինել: Գուշակեք՝ քանի՞ տարի է անցել այս երկու նկարների միջեւ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին