16-ամյա Անահիտ Մկրտչյանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու 1-ին տեղը գրավեց: 2025-ին նա դեռ հանդես էր գալիս Մ-16 տարեկանների մրցումներին, իսկ 2026-ի բացումն ազդարարեց մեծահասակների չեմպիոնի կարգավիճակում: 4 տարեկանից եղբոր շնորհիվ շախմատը սիրած մարզուհին մեծ նպատակներ ունի, թեեւ գիտի, որ դրանց հասնելու համար շատ աշխատանք պիտի տանի:
Հիմա նա սովորում է դպրոցում, փորձում հավատալ իր չեմպիոնությանն ու անհամբերությամբ սպասել Հայաստանի կանանց հավաքականի հետ առաջին մրցաշարին: Mediamax Sport-ի հետ զրուցում Մկրտչյանն ամփոփել է առաջնությունն ու պատմել իր մեծ նպատակների մասին:
-Անահիտ, սա քո առաջին Հայաստանի առաջնությունն էր։ Ինչպիսի՞ պայքար ծավալեցիր ու արդյոք լարվածությունը որոշ պահերի չէր խանգարում:
- Մինչ այս ինձ չէր հաջողվել դուրս գալ Բարձրագույն խումբ, այս տարի առաջին անգամ մասնակցեցի, ու ամեն ինչ հաջող դասավորվեց: Իրականում շատ թեժ պայքար ծավալվեց, սկզբից բոլորը հաղթանակի են տրամադրված լինում, ինչն ավելի է դժվարացնում քո խնդիրը: Բայց լավագույնն է դառնում նա, ով մինչեւ վերջ է պայքարում, մրցաշարի ընթացքում առաջացող լարվածությանն ու սթրեսին ոչ բոլորն են դիմանում:
Ինձ համար հեշտ էր նրանով, որ միջազգային մրցումների շատ եմ մասնակցել ու ավելի դիմացկուն եմ դարձել: Պետք է լավ պատրաստված լինել, այլապես փոքր վրիպումը կամ հոգնածությունը վատ արդյունքի են բերում: Պետք է կարողանալ մինչեւ վերջին շունչը պայքարել ու առավելագույնն անել: Դրա համար ինչպես ցանկացած մարզիկի կյանքում, մեր դեպքում էլ ռեժիմ պահելը, ճիշտ քնելն ու սննդակարգին հետեւելն անչափ կարեւոր են:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Հաղթողը որոշվեց միայն վերջին տուրում: Հենց առաջնության մեկնարկից հավատո՞ւմ էիր, որ առաջին տեղը կգրավես:
- 9-րդ տուրում լարվածությունը շատ-շատ էր, որովհետեւ մինչեւ վերջին պարտիան չգիտեի, թե որ տեղը կզբաղեցնեմ: Բայց սկզբից էլ հավատացել եմ ինքս ինձ, դա շատ է օգնում եւ հանգստացնում, որ լարվածությունը թոթափես: Երբ չեմպիոն հռչակվեցի, սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մինչեւ հիմա էլ չեմ հավատում: Արդեն հավաքականում եմ հանդես գալու, ինչի մասին միշտ երազել եմ, բայց չեմ ակնկալել, որ դա այսքան շուտ տեղի կունենա: Գիտակցումը, որ Հայաստանն եմ ներկայացնելու, ավելի շատ է պարտավորեցնում ինձ: Բնականաբար, հավաքականում բոլորից փոքրն եմ լինելու, պետք է կարողանամ թիմային խաղացող լինել ու նրա շահերը սեփականից գերադասել:
Միշտ հետեւել եմ մեր կանանց ընտրանու ելույթներին ու բոլորին էլ լավ եմ ճանաչում: Նրանց խաղը հավանել եմ ու սովորել մեր փորձառու շախմատիստներից:
-Մրցաշարի ընթացում լարված պարտիաներ քիչ չեն եղել, բայց հատկապես ո՞ր մրցակցի հետ էր ամենաբարդ դիմակայությունը:
- Արծաթե մեդալակիր Աստղիկ Հակոբյանի հետ պարտիան, որը հենց սկզբից շատ լարված էր, ասես վերջին տուրը լիներ ու չեմպիոնը հենց դրանով պետք է որոշվեր: Խաղի ժամանակ այնպես ստացվեց, որ հաղթող դիրք ստացա, բայց սխալ թույլ տվեցի, ու Աստղիկը ոչ-ոքի առաջարկեց: Բայց երբ առավելություն ես ունենում, ոչ-ոքիի գնալը դժվար է, արդյունքում չհամաձայնվեցի ու պարտվեցի:
Այդ պարտիայից հետո շատ վատ վիճակում էի, բայց կարեւոր էր ընկերներիս ու շրջապատիս սփոփանքը եւ մոտիվացնելը: Առանց նրանց աջակցության այս արդյունքին չէի հասնի: Նաեւ մարզիչս՝ Վահե Դանիելյան է հոգեբանորեն եւ շախմատային առումով ինձ շատ օգնել, նա միշտ կողքիս է եղել ու իմ ցանկացած պարտություն ավելի ծանր տարել: Այնպես է արել, որ անհաջողությունն ինձ վրա բացասական չանդրադառնա:
Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա
-Անահիտ, տարին շատ հաջող մեկնարկեց քեզ համար, առաջիկայում ի՞նչ մրցաշարերի ես մասնակցելու ու ի՞նչ նոր նպատակներ ես դրել քո առաջ:
- Եթե առաջնությունից առաջ հարցնեիք թե ինչի՞ եմ ձգում, միանշանակ, կասեի Հայաստանի չեմպիոն դառնալ ու ընդգրկվել հավաքականում: Հիմա, բնականաբար, նոր նպատակներ պիտի դնեմ իմ առաջ ու առաջին հերթին ձգտեմ մնալ թիմում: Այս տարի աշնանը Համաշխարհային Օլիմպիադա կա, հուսամ`ինձ դրսեւորելու հնարավորություն կունենամ:
Մեծահասակների մրցաշարին մասնակցելուց բացի, նաեւ իմ տարիքայինների Եվրոպայի առաջնությունում հանդես կգամ: Հիմա պետք է քառապատիկ ավել աշխատեմ ու հարմարվեմ մրցակիցներիս, որոնք փորձով ու գիտելիքներով ինձ գերազանցում են: Նրանցից նաեւ կսովորեմ ու կփորձեմ իրենց պես ուժեղ խաղացող դառնալ:
Շարունակում եմ սովորել ավագ դպրոցում՝ 11 դասարանում եմ: Առաջնության ընթացքում ուսուցիչներս ինձ շատ են քաջալերել, մտել են դրությանս մեջ ու ինձ լիովին հասկացել: Բացակայություններիս համար հանգիստ էի, որ թիկունքիս նման ուսուցիչներ ունեմ:
Անահիտ Մկրտչյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: