Հունվար 21, 2026
exclusive
129 դիտում

«Բոլոր երազողներին ու իրենց հավատացողներին». Հենրիխ Մխիթարյանը նշում է 37-ամյակը


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` bild.de

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FC Shakhtar

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ


Այսօր Հայաստանի հավաքականի նախկին ավագ ու «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է 37-ամյակը: 

Այդ առիթով որոշել ենք գտնել վերջերս իտալերենով լույս տեսած նրա «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» կենսագրական գրքից ու դրան հաջորդած գրքի շնորհանդեսին նվիրված հարցազրույցից ամենադիպուկ 37 մտքերն ու խոստովանությունները: 

Ընթերցողներին  

«Երիտասարդ երազողներին՝ տղամարդկանց եւ կանանց։

Ինչ էլ որ անեք եւ որտեղ էլ որ լինեք,

Թույլ մի տվեք դժվարություններին ձեզ հուսահատեցնել:

Ընդունեք մարտահրավերները եւ քրտնաջան աշխատեք ձեր նպատակներին հասնելու համար։

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց,

Ու այդ նպատակով իրենց սրտերը նվիրում:  

Ներդրում կատարեք ինքներդ ձեզ ու այն ամենի վրա,

Ինչը Ձեզ կդարձնի այն, ինչ վաղը կլինեք։

Յուրաքանչյուր փոքր մարտահրավեր կարեւոր է։

Դուք պետք է հաղթեք ձեր ներքին պայքարներում:

Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ կհաղթեք խաղը»։

Լուսանկարը` Անձնական արխիվ


25 գլուխները

Հենց այդքան գլուխներում է Մխիթարյանն ամփոփել իր կյանքի տարիները: Որոնց անվանումներն արդեն շատ բան են պատմում գրքի բովանդակության մասին: Ու քանի որ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կլինի միայն փետրվարի 7-ին, կներկայացնենք դրանք, որպեսզի մի քիչ ավելի լույս սփռենք Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» աշխատանքի վրա: Գիրքը հայ ֆուտբոլիստին օգնել է կազմել ու լույս ընծայել իտալացի լրագրող ու գրող Ալեսանդրո Ալչիատոն:

Ահա նրանք՝ «Լինել լավ մարդ», «Ես գալիս եմ, հայրիկ», «Վենգերի մասին երազելով», «Առանց ջրի ու լույսի, բայց գնդակով», «Մարգարեի հետ Բրազիլիայում», «Չէի ուզում փլեյմեյքեր լինել», «Չմարսվող նախաճաշ Մոուրինյոյի հետ», «Ամսեկան 20 դոլար»,  «Ոչ մի շեղում»,  «Սպորտային կենտրոնի տնօրենը», «Ցտեսություն, իմ թանկագին ընկեր, Մինո», «Բորուսիայում (թռչող աթոռ, հետո՝ ստորագրություն)», «Պատուհան դեպի Արարատ լեռը (որովհետեւ Ցեղասպանությունը հնարավոր չէ մոռանալ)», «Եվս մեկ սարսափելի վիշտ», «Եվրոպական հաղթանակ, բայց առանց ձեռքսեղման», «Հոգեբանական խաղերի մրցաշրջան», «Վենգե՞ր: Այո, շնորհակալություն: Բաքո՞ւ: Ոչ, շնորհակալություն», «Առաջ, Միկի», «Համլետ՝ Հռոմի որդի», «Մոուի վերադարձը, Աուզիլիոյի զանգն ու հաղթանակ Տիրանայում»,  «Լոտիտոյի սիրահետումը եւ Դեւի կանոնները», «Դեպի Ստամբուլ՝ բացատրություններ Ապիանո Ջենտիլեի հանդերձարանում», «Երկրորդ դուստրը, երկրորդ աստղը», «Մութ եւ անբացատրելի գիշեր» եւ «Հանուն Հայաստանի: Հայաստանի հետ»: 

Անվանումը

Գրքիս անվանումը շատ բան է նշանակում ինձ համար, որովհետեւ հենց այդպիսին է ֆուտբոլիստի կյանքը: Միշտ առավելագույնն եմ արել, որ ֆուտբոլիստ դառնամ ու այն խաղը ցույց տամ, որն անսահման շատ եմ սիրում:

Լուսանկարը` MU


Հանուն Հայաստանի

Իմ հրաշալի ճանապարհորդությունը ազգային հավաքականի հետ տեւեց մոտ 15 տարի եւ ավարտվեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Գերմանիայից կրած 4:1 հաշվով պարտությամբ։ Այն ժամանակ մարդիկ չգիտեին, որ դա իմ վերջին խաղն է հավաքականում: Պաշտոնական հայտարարությունը եղավ ընդամենը մի քանի օր անց։ Բայց ես արդեն զգում էի, որ ժամանակը եկել է։ Ոչ թե այն պատճառով, որ իմ տեղում չէի, այլ որովհետեւ հասկացա՝ հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի։

Հանդերձարանում երբեք չեմ վիճել թիմակիցներիս հետ ու անհարգալից չեմ վարվել: Ամեն անգամ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելիս հպարտություն եմ զգացել: 

Շատ եմ անհանգստանում այն երկրպագուների համար, ովքեր դեռ գրում են ինձ ու խնդրում վերադառնալ։ Բայց ես չէի կարող եւ չէի ուզում վերադառնալ: Մի օր հրապարակավ կասեմ, թե ինչու։

Հայրը

«Հենրիխ, առաջին հերթին պետք է լավ մարդ լինես: Հիշիր այս մասին»,- սիրում էր կրկնել հայրս: Նա շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպիսի մարդ եմ դարձել: Հորս կորցնելուց հետո փորձում էի նրան փնտրել բոլորի մեջ՝ նախ մորս, ապա քեռուս: Հետո այդ դերը ստանձնեցին մարզիչներս՝ Միրչա Լուչեսկուն, Յուրգեն Կլոպը, Թոմաս Տուխելը եւ Սիմոնե Ինձագին։

Լուսանկարը` Mediamax


Փիլիսոփայությունը

Կյանքը պարզապես խաղ չէ: Այն բարդ ռազմավարություն է, որտեղ կարեւոր է ոչ միայն առաջ շարժվել, այլեւ հաշվի առնել յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր պահը։

Խաղադաշտում

Երբ խաղադաշտում եմ, մոռանում եմ ամեն ինչի մասին։ Այդ պահին ես դառնում եմ թիմի ու իմ երազանքի մի մասը։ Եվ ես հավատում եմ, որ այս զգացողությունը կարեւոր է յուրաքանչյուր մարզիկի համար։

Դժվարությունների հաղթահարումը

Ֆուտբոլը միայն հաղթանակի ուրախության մասին չէ, այլ նաեւ պարտության ցավի։ Կարեւոր է կարողանալ ոչ միայն ուրախանալ, այլեւ դասեր քաղել ձախողումից։

Թիմի արժեքը

Թիմը պարզապես խաղացողների հավաքատեղի չէ։ Այն միասնական միավոր է, որտեղ բոլորը պատասխանատու են զգում միմյանց եւ ընդհանուր նպատակի համար։

Ընտանիքը

Ընտանիքս ինձ համար միշտ եղել է ուժի ամենամեծ աղբյուրը: Նույնիսկ ամենադժվար պահերին հարազատներս միշտ կողքիս են, եւ դա անչափ կարեւոր է ինձ համար:

Պայքարն ինքն իր հետ

Ես անընդհատ մրցում եմ ոչ միայն մյուս խաղացողների, այլեւ ինքս ինձ հետ։ Ամեն օրը նոր մարտահրավեր է ու կատարելագործվելու նոր հնարավորություն: Ֆուտբոլը շատ է փոխվել այն տարիներից երբ դեռ Ուկրաինայում էի խաղում: Հիմա այն լրիվ այլ մարզաձեւ է:  

Լուսանկարը` Անձնական արխիվ


Գործակալը

«Շախտյոր»-ում գործակալ չունեի, բայց ուզում էի հանդես գալ Եվրոպայում։ Քույրս փնտրեց ու հեղինակավոր անուններ գտավ: Նա կապվեց Մինո Ռայոլայի հետ, իսկ հետո հանդիպեցին: Արդյունքում Ռայոլան համաձայնեց աշխատել ինձ հետ: Երբ նրան զանգեցի ու դիմեցի «պարոն Ռայոլա», պատասխանեց. «Ես Մինոն եմ»։ 2013-ից սկսեցինք համագործակցել՝ ինչպես հայր ու որդի, ինչպես ընկերներ։ 

Տատիկը

Նա չէր ցանկանում, որ ֆուտբոլիստ դառնամ ու ինձ Խուլիո Իգլեսիասի պես երգիչ էր պատկերացնում: Տատիկս տեսել էր, թե հայրիկս ինչ դժվարությունների միջով է անցնում եւ չէր ցանկանում, որ ես էլ կրկնեմ նրա ուղին:  

Լուչեսկու

Լուչեսկուն շատ կարեւոր մարդ է իմ կարիերայում, քանի որ նրա շնորհիվ տեղափոխվեցի Դորտմունդի «Բորուսիա»: Մինչեւ հիմա էլ շարունակում ենք շփվել, շնորհավորել է գրքիս լույս տեսնելու կապակցությամբ ու ասել. «Շարունակիր որքան հնարավոր է երկար խաղալ»:

Կլոպ

Յուրգեն Կլոպը մարզիչ է, որը կարողանում է խնդիրներ լուծել: Երբ ուզում էիր հետը խոսել, միշտ հասանելի էր: Ամեն պահ պատրաստ էր օգնության հասնել: Կարիերայիս դորտմունդյան փուլում դժվարություններ ունեի ու նա ինձ շատ օգնեց: 

Լուսանկարը` Sky Sports


Գրազը

Մարզումներից մեկի ժամանակ Կլոպի հետ գրազ եկանք: Նա ասաց. «Միկի, արի 50 եվրոյի վրա գրազ գանք, որ գրոհներին նվիրված վարժության ավարտից հետո 7 գոլից ավել չես խփի»: Մոտեցա գնդակին, հարվածներիցս մի քանիսն իրենց նպատակին հասան, ապա նա ասաց. «Բավական է: Ժամանակն արդեն ավարտվել է ու դու պետք է ինձ 50 եվրո տաս»: Գնացի հանդերձարան, վերցրի գումարն ու տվեցի նրան: Այդպես նա ինձ մոտիվացնում էր, որ ավելի շատ գոլեր խփեմ: 

Դրանից մի քանի օր անց «Այնտրախտ»-ի հետ էինք խաղում ու հաղթեցինք 2:1 հաշվով, 2 գնդակն էլ ես խփեցի: Խաղից հետո նա ինձ գրկեց, իսկ ես կատակեցի. «Կվերադարձնե՞ք այն 50 եվրոն»: 

Տուխել

Արդեն ուզում էի հեռանալ Դորտմունդից, երբ թիմը գլխավորած Տուխելը զրուցեց ինձ հետո ու ցանկացավ, որ մնամ. «Վստահիր ինձ, 15 գոլ կխփես ու նույնքան էլ փոխանցում կկատարես»: 

Սկսեցի ծիծաղել, քանի որ չէի հավատում, այդ շրջանում նաեւ վստահությունս էի կորցրել: Բայց իսկապես շատ լավ մեկնարկ ունեցանք: Մինոն առաջարկում էր հեռանալ, բայց որոշեցի սպասել, քանի որ ամեն ինչ ճիշտ էր ընթանում: Արդյունքում Տուխելի շնորհիվ հիանալի մրցաշրջան անցկացրի, նա ինձ վերադարձրեց ուրախությունն ու սերը ֆուտբոլի հանդեպ: Տուխելը ստիպեց հավատալ, որ կյանքում կարող են լավ բաներ պատահել, եթե իսկապես հավատում ու վստահում ես քեզ:

Լուսանկարը` bild.de


Լիվերպուլի օդանավակայանում

Ինքս էլ չեմ կարող բացատրել, թե այնտեղ ինչ տեղի ունեցավ: ՉԼ-ի կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ից 3:4 հաշվով կրած պարտությունից հետո ինձ մոտեցավ ակումբի գործադիր տնօրեն Վացկեն ու հայտնեց, որ կարող եմ նոր ակումբ փնտրել: Չէին ցանկանում պայմանագիրս երկարաձգել: Դրանից հետո ինքս ինձ ասացի. «Գրողը տանի, ինչ եմ առհասարակ այստեղ անում»: Ավելի լավ էր հեռանալ, քանի որ նման վերաբերմունքի արժանի չէի:  

Այդպիսի տեսարաններ ֆուտբոլում հաճախ են լինում, բայց շարունակեցի խաղալ, քանի որ մրցաշրջանի ավարտին դեռ 1,5 ամիս կար: 

11-մետրանոց հարվածաշարը

Գերմանիայի Գավաթի եզրափակչում «Բավարիա»-ի դեմ էինք խաղում, հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Պետք է 11-մետրանոցներ իրացնեինք, ցանկացա վերջինը մոտենալ գնդակին, մինչդեռ Տուխելը նախատեսել էր, որ  2-րդը կամ 3-րդը լինեմ: Իսկ ես երիտասարդ էի, եսասեր ու մտածում էի միայն իմ մասին, հայտնեցի. «Այդ դեպքում ընդհանրապես չեմ հարվածի»:

Այդ արարքի համար իսկապես զղջում եմ, քանի որ ինձ չպետք է նման կերպ պահեի: Հետո խոսեցինք մարզչի հետ ու հասկացանք իրար, բայց այդ դրվագը որպես վերք շարունակում է մնալ սրտիս մեջ: Փոխարենը հասկացա այն դասը, որ Տուխելը ցանկանում էր տալ ինձ: 

Լուսանկարը` Getty Images


ՄՅՈւ-ն

Դորտմունդից պայմանագրի առաջարկ ունեի, բայց հեռախոսազանգ եղավ Ժոզե Մոուրինյոյից: «Ցանկանում եմ քեզ տեսնել ակումբում: Հետեւում եմ քեզ ու տեսել եմ, որ խելահեղ մրցաշրջան ես անցկացնում: Ուզում եմ, որ ՄՅՈւ գաս»,- ասաց:

Հասկացա, որ նման հնարավորություն կարող է կյանքում մեկ անգամ լինել ու պետք է օգտվեմ դրանից: 

Ժոզեի դասերը

Թեեւ Մոուրինյոյի հետ բավական բարդ հարաբերություններ ենք ունեցել, բայց նա ինձ օգնել է աճել որպես անհատականություն ու տղամարդ: Միշտ ցանկանում էր ինձ բարդ իրավիճակներում դնել ու տեսնել, կկարողանա՞մ դրանցից դուրս գալ: Նա ուզում էր տեսնել, թե հոգեբանորեն որքանով եմ պատրաստ ու կարո՞ղ է ինձ վրա կարեւոր հանդիպումներում հույս դնել: Նրան բնավորություն ունեցող խաղացողներ էին պետք: 

Կոնֆլիկտը

Նրան ասացի, որ արդեն կես տարի է, ինչ տեղափոխվել եմ ՄՅՈւ ու ինձ քննադատում է: Իսկ Մոուրինյոն պատասխանեց, որ ես կեղտի կտոր եմ, չդիմացա ու պատասխանեցի. «Դու ես կեղտի կտոր, հսկայական կեղտի կտոր»: «Կորիր այստեղից, էլ քեզ չեմ ուզում տեսնել»,- արձագանքեց նա: Մարզումների ժամանակ ինձ ոչինչ չէր ասում, բայց ամեն երեկո գրում էր. «Միկի, խնդրում եմ հեռացիր»: 

Լուսանկարը` MU


Չհանձնվողը

Երբեք ձեռքերս վայր չեմ դրել ու չեմ դնի: Շնորհակալ եմ նրան, որ օգնեց հասկանալ, թե ինչպիսին է ֆուտբոլային աշխարհն ու ինչպես պահել քեզ այնտեղ: Կյանքում էլ միշտ չէ, որ լավ մարդկանց ես հանդիպում, ու այդ փորձն օգտակար էր ինձ համար: 

ԵԼ-ի եզրափակիչն ու խփած գոլը 

Եվրոպայի Լիգայի եզրափակչում տարած հաղթանակից հետո Մոուրինյոն չսեղմեց ձեռքս: Գուցե մոռացավ կամ էլ հատուկ արեց, որպեսզի տեսնի, թե ինչպես կվարվեմ: Դա խոր հետք թողեց ինձ վրա: Որոշեցի վայեյել այդ տոնն ու հետո մտածել պատճառների մասին: 

Այդ դրվագի մասին գրքում գրել եմ, որպեսզի ցույց տամ՝ պարտադիր չէ, որ քեզ գրկեն կամ ձեռքդ սեղմեն, որպեսզի համզովես քո աշխատանքը գնահատում են: Անգամ ձեռքս չսեղմելով՝ նա ինձ ինչ-որ բան սովորեցրեց: 

Վենգեր

«Արսենալ»-ին շատ վաղուց եմ սկսել հետեւել, որովհետեւ Արսեն Վենգերը վստահում էր երիտասարդ ֆուտբոլիստներին: Իսկ ես փոքր տղա էի ու ասում էի. «Ուզում եմ մեկնել ու հանդես գալ «Արսենա»լ-ում, որովհետեւ այնտեղ կարող եմ ինձ լավ զգալ ու աճել որպես ֆուտբոլիստ»:

Ու հենց Վենգերն էր այն մարդը, որ ցանկացավ ՄՅՈւ-ից տեղափոխվեմ «Արսենալ», ինչի համար անսահման երջանիկ էի: Առաջին 6 ամիսը շատ լավ անցան, որովհետեւ մարզիչը Վենգերն էր ու հաճույք էի ստանում նրա դավանած հարձակվողական ֆուտբոլից: Բայց հետո նրան փոխարինեցին Ունայ Էմերիով:  

Լուսանկարը` Getty Images


Երազանքների հակառակ կողմը

Միշտ եմ երազել խաղալ «Արսենալ»-ում, բայց միշտ չէ, որ այն ինչի մասին երազում ես, քեզ համար լավագույն տարբերակն է: Ուրախ եմ մի բանի համար, որ միեւնույն է մանկությանս երազանքը կյանքի կոչեցի: Դա իմ ձգտումների գագաթնակետն էր, բայց ակումբից հեռացա, քանի որ իմ խաղից էլ չէի ուրախանում:

«Ռոմա»

Քանի ինձ էլ երջանիկ չէի զգում, պետք է նոր ակումբ տեղափոխվեի: Մինոն առաջարկեց 2 տարբերակ՝ «Միլան» ու «Ռոմա»: Բայց «Միլան»-ը կենտրոնացած էր Թայսոնի վրա, իսկ ինձ դիտարկվում էին որպես պահեստային տարբերակ: Դրա համար ցանկացա տեղափոխվել Հռոմ ու այնտեղ գտնել երջանկությունս: 

Իտալիան

Հռոմը կրքոտ քաղաք է, իսկ մարդիկ այնտեղ լավ իմաստով խենթ են: Այնտեղ հիանալի 3,5 տարի եմ անցկացրել ու մեծ հաճույք ստացել կյանքից: Հենց Իտալիայում նորից երջանկություն եւ ուրախություն գտա ու սկսեցի վայելել ֆուտբոլը: Ուրախ եմ, որ եկա Իտալիա։ 

Հռոմ, թե՞ Միլան։ 

Տղաս ծնվել է Հռոմում, աղջիկս՝ Միլանում։ Հիանալի տարիներ եմ ունեցել երկու քաղաքում էլ։

Լուսանկարը` FC Inter


Կոնֆերենցիաների Լիգա

ԵԼ-ից բացի Մոուրինյոյի հետ նաեւ Կոնֆերենցիաների Լիգան հաղթեցինք: Հռոմում մեր հարաբերությունները լրիվ այլ էին, որովհետեւ Մանչեսթեր 27 տարեկանում էի մեկնել, իսկ այդ ժամանակ արդեն 33 էի: Սկսեցի ավելի լավ հասկանալ նրա հոգեբանությունն ու մտածելակերպը, խաղացողների նկատմամբ վերաբերմունքը: Շատ բաների համար եմ շնորհակալ Մոուրինյոյին, «Ռոմա»-ում նա էլ էր հասկացել, որ արդեն ուրիշ ֆուտբոլիստ եմ դարձել: 

«Ինտեր»

Սիմոնե Ինձագին շատ էր ցանկանում ինձ տեսնել «Ինտեր»-ում, բայց «Ռոմա»-ն դեռ պայքարում էր առաջնությունում ու պետք է մասնակցեինք Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչին: 

Ի վերջո համաձայնվեցի տեղափոխվել, քանի որ «Ռոմա»-ն ինձ հետ այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէր, իսկ «Ինտեր»-ը 2 լիարժեք տարով պայմանագիր էր առաջարկում: Չեմ կարծում, որ Մոուրինյոն իրավիճակից տեղյակ էր, նա ուզում էր, որ մնամ, բայց այլ էր ղեկավարության տրամադրվածությունը: 

Երբ Մոուրինյոն իմացավ, որ հեռանալու եմ, սկսեց վիճել ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտու հետ ու փորձում էր համոզել, որ մնամ, բայց արդեն ուշ էր, համաձայնվել էի տեղափոխվել:

Ինձագի

Ինձագիի հետ հարաբերությունները եղել են ու կմնան լավը, դրանք երբեք չեն մոռացվի: 3 հիանալի տարի եմ անցկացրել Ինձագիի հետ, ով ինձ երկրորդ երիտասարդություն նվիրեց: 33-36 տարեկանում համարյա ամեն խաղի մասնակցել եմ, ինչը ստիպում էր ինձ կարեւոր զգալ: 

Լուսանկարը` FC Inter


ՉԼ-ի եզրափակիչը

ՉԼ-ի եզրափակչում հայտնվելու համար դժվար ճանապարհ ես անցնում: Հպարտ եմ, որ մենք երկար ու հաջող մրցաշրջանի արդյունքում հասանք որոշիչ խաղին, բայց նաեւ տխուր եմ, որ 3 շաբաթվա ընթացքում 3 տիտղոս կորցրինք: 9 ամիս տքնաջան պայքարելուց հետո ձեռնունայն մնացինք, իսկ մենք սովոր էինք մրցանակներ նվաճել:

Կիվու

Կիվուին շարունակում եմ պաշտպանել, քանի որ դրա համար մի քանի պատճառ ունեմ: Թեեւ մեծ ցանկություն ունեմ օգնել թիմին ու հաղթել, բայց նաեւ չեմ մոռանում տարիքս: Դրա համար էլ հասկանում եմ մարզչի որոշումը, որ ամեն խաղում չի ինձ ընդգրկում հիմնական կազմում: Պատրաստ եմ ամեն ինչ ներդնել ու թիմին օգնել շաբաթական միայն մեկ խաղում: 

Եթե երիտասարդ լիենի ու մնայի պահեստայինների նստարանին, կխոսեի հետն ու կփորձեի պարզել չխաղալու պատճառները: Բայց գիտեմ, որ ֆիզիկապես նույնը չեմ, ինչ տարիներ առաջ: Դրա համար էլ ընդունում եմ Կիվուի որոշումը, նա ամեն ինչ թիմի համար է անում: Նա լավ մարդ ու մարզիչ է, միշտ ուզում է սովորել ու աճել: Համոզված եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում:

Ամենածանր եզրափակիչը

Մյունխենում ՊՍԺ-ի դեմ ՉԼ-ի եզրափակիչն էր, մենք պարզապես վառվեցինք: «Բավարիա»-ի ու «Բարսելոնա»-ի դեմ 4 հիանալի խաղ էինք անցկացրել ու մտածում էինք, որ նույն կերպ էլ ՊՍԺ-ին կհաղթենք, բայց այդ օրն ամեն ինչ սխալ ընթացավ: 

Լուսանկարը` Photolure


Հայերը

Հայաստանը բազմաթիվ տեսարժան վայրերով հիանալի երկիր է, իսկ սնունդը՝ շատ համեղ: Վստահեցնում եմ, որ շատ գեղեցիկ ու լավ ժողովուրդ ենք:

Կդառնա նախագա՞հ

Դեռ չգիտեմ ինչով կզբաղվեմ կարիերայի ավարտից հետո ու արդյոք երկրի նախագահ կդառնա՞մ, ինչպես Մինո Ռայոլան էր պնդում: Դեռ ուզում եմ շարունակել ու հետո չափսոսալ, որ կարող էի 1-2 տարի էլ խաղալ:

Այս հարցը ամեն օր եմ ինձ տալիս՝ շարունակել, թե՞ կանգ առնել։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Այս պահին դեռ չեմ որոշել։

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին