Հունվար 09, 2026
781 դիտում

«Հայրիկը հավատում էր, որ 100 տարի կապրի». Նիկիտա Սիմոնյանի դստեր հուզիչ հարցազրույցը


Լուսանկարը` FC Spartak

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` Championat.com

Լուսանկարը` ria.ru

Լուսանկարը` Tass

Լուսանկարը` ria.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` FC Spartak

Լուսանկարը` FC Spartak

Լուսանկարը` FC Spartak

Լուսանկարը` FC Spartak


Նիկիտա Սիմոնյանն ապրեց 99 երկար ու նվաճումներով լի տարիներ՝ իրենից հետո թողնելով վառ հիշողություններ ու ֆուտբոլային սերունդներ: 

Թվում է՝ նրա կյանքի ու գործունեության մասին ամեն ինչ արդեն վաղուց հայտնի է, սակայն լեգենդար մարզիչը նորովի է բացահայտվել sport-express.ru-ի հարցազրույցի շնորհիվ: Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան, պատմել է հոր կյանքի մեծ կորուստների, արժանիքների, հիվանդությունների ու բոլոր դժվարություններին արժանապատվորեն դիմանալու մասին: Առանձնացրել ենք զրույցի առավել հուզիչ ու հետաքրքիր հատվածները:

100-ամյակին չհասած

Անկեղծորեն, մինչեւ հիմա ուշքի չեմ եկել: Չեմ կարողանում հավատալ, որ հայրիկն էլ չկա: Ամեն ինչ անսպասելիորեն տեղի ունեցավ: Նրան շատ եմ կարոտում: 

Շատերը կարծում էին, որ հայրիկը հավերժ կմնա։ Նրա 98-ամյակին շնորհավորանք էր ստացել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյից, պատասխան նամակում հայրիկը շնորհակալություն էր հայտնել ու հրավիրել իր 100-ամյակին: Հավատում էր, որ կապրի մինչեւ այդ օրը…

Կրկնակի ցավալի էր, որ նրա մահից հետո ես ստացա Աշխատանքի հերոսի աստղը։ Այն ինձ տվեցին հայրիկի աշխատանքային գրքույկի հետ, որում առաջին գրառումը թվագրված է 1949 թվականի հունվարի 1-ով, հենց այդ օրն էր նա դարձել «Սպարտակ»-ի խաղացող։ Բայց անհասկանալիս պատճառներով Մոսկվայի «Կռիլյա Սովետով»-ի հետ անցկացրած նախորդ 3 տարիների մասին գրառումները բացակայում են:

Լուսանկարը` sport-express.ru


Միջոցառումը պետք է տեղի ունենար Կրեմլում, բայց երբ ընթացակարգը մեզ նկարագրեցին, անմիջապես հասկացանք, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չէր լինի այնտեղ գնալ։ Քննարկեցինք գուցե նրան անվասայլակով տանել, բայց նա երբեք անվասայլակ օգտագործելու մասին չի էլ մտածել։ Չէր ուզում, որ որեւէ մեկն իրեն անօգնական տեսներ։ Նա մարզիկ էր մինչեւ ուղն ու ծուծը եւ, բացառությամբ որոշ դեպքերի, նույնիսկ ձեռնափայտ չէր օգտագործում, թեեւ ոտքերից մեկն արդեն չէր ենթարկվում նրան: Այդպես էլ մրցանակի հանձնումը հետաձգվեց, ու ի վերջո նրա փոխարեն այն ինձ հանձնվեց: 

Մահը

Մահից մի քանի օր առաջ հայրիկը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվեց։ Ոտքը չէր դիմացել, ու նա տանն ուղիղ տեղում վայր էր ընկել: Նրա կողքին էի եղել, ընդամենը 1 րոպեով էի սենյակից դուրս եկել, այդ դեպքից հետո ինձ ներել չէի կարողանում:

Կարծում էի, որ եթե սենյակում լինեի, այդ ամենը տեղի չէր ունենա։ Մինչեւ հիմա այդ հանգամանքը ծանր եմ տանում: Երբ վերադարձա, նա արդեն պառկած էր հատակին։ Նման իրավիճակ մեկ անգամ էլ էր եղել ու բարեբախտաբար լավ ելք ունեցել:  

Անմիջապես շտապօգնություն կանչեցինք, բայց ցավազրկել չկարողացան: Ուժեղ ցավազրկողի եւս մեկ ներարկում արեցին: Շտապօգնության մեքենայում բժիշկը խնդրեց. «Նիկիտա Պավլովիչ, ինչ-որ բան ասեք, մի քնեք»։ Եվ հանկարծ հայրիկը սկսեց նկարագրել լեհական Խոժուվ քաղաքում տեղի ունեցած մի դեպք։ Նախկինում էլ էր այդ մասին հիշել, բայց այս անգամ նոր մանրամասներով պատմեց։ Այն 1983 թվականին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում ԽՍՀՄ-ի ու Լեհաստանի հավաքականի միջեւ կայացած հանդիպման մասին էր:

Լուսանկարը` Championat.com


Մինչեւ հիվանդանոց հասնելը գիտակցությունը տեղն էր: Իսկ հետո դժվար է ասել, թե ինչու, բայց արյան ճնշումը սկսեց կտրուկ ընկնել, եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։ Հայրիկի սիրտը սկսեց կանգ առնել։ Սկզբում մեզ թույլ տվեցին նրա մոտ մտնել։ Հայրիկը երբեք էլ չի սիրել բուժվել, իսկ նրան սկսեցին էլեկտրասրտագրության սարքերին միացնել, նա շարունակում էր դրանք պոկել ու ասել. «Մի բուժեք ինձ, օղի տվեք»:

Մինչեւ վերջին օրերն ավանդույթ ունեինք՝ ամեն ճաշից առաջ մեկ, երբեմն էլ 2 բաժակ օղի էինք տալիս կերակուրի հետ: Ճաշը մատուցվում էր նույն ժամին եւ արարողակարգի պես էր։ Հայրիկի սիրելի կոտլետներն ու տոլման էի մատուցում։ Նրան դուր էր գալիս իմ պատրաստածը: Միշտ սեղանի շուրջ խոսում էինք ու ինչ-որ բաներ հիշում։ Ու այդ ընթացքում նա միշտ խմում էր, երբեմն՝ 3 բաժակ: 

Բժիշկներն, իհարկե, թույլ չտվեցին խմել, այդ պատկերը մինչեւ հիմա աչքերիս առաջ է: Հետո նրանք խնդրեցին մեզ դուրս գալ եւ այլեւս չթողեցին վերակենդանացման բաժանմունք մտնել։ Հայրիկի մոտ սրտի կանգ էր գրանցվել, բայց բժիշկները նրան ուշքի էին բերել, իսկ մեր օր անց սիրտը վերջնականապես էր կանգնել:

Նրան հրաժեշտ չենք տվել, երեւի, այդ ողջ ընթացքում անգիտակից է եղել: Վերջինը նրանից հենց օղու մասին խոսքերն եմ լսել…

Լուսանկարը` ria.ru


Հրաժեշտը

Նա միշտ կարծում էր, որ իր հրաժեշտը տեղի կունենա «Սպարտակ»-ի փակ մարզադաշտում, որտեղ կազմակերպվել է շատ խաղացողների հետ վերջին հրաժեշտը: Երբ փակ մարզադաշտում էր լինում, ասում էր. «Այստեղ ես պառկած կլինեմ ու ինձ կգան հրաժեշտ տալու»։ Իսկ երբ մահացավ, «Սպարտակ»-ը նրա մեծությունը հաշվի առնելով՝ հիշատակի արարողությունն անցկացրեց մարզադաշտում։ 

Հուղարկավորությունից անմիջապես հետո A տրիբունան անվանակոչվեց Նիկիտա Սիմոնյանի անունով։ Շատ դժվար պահ էր, բայց այդ ամենին չէի նախապատրաստվել ու ասացի սրտիս խոսքերը: Ինքը չէր ցանկացել, որ կենդանության օրոք տրիբունան անվանակոչեն նրա պատվին: Հայրիկը շատ համեստ մարդ էր։

99-ամյակը

Տարեդարձից առաջ հրամանագիր հրապարակվեց, որով հայրիկին շնորհվեց Աշխատանքի հերոսի կոչում։ Իհարկե, բոլորը նրան շնորհավորեցին այդ առիթով։ Բոլորս շատ ոգեւորված էինք ու տարեդարձը 3 անգամ նշեցինք: Հիմա հետ նայելով հասկանում եմ, որ այդ ամենը հրաժեշտի էր նման, բազմաթիվ մարդիկ ցանկանում էին վերջին անգամ հասցնել նրան ջերմ խոսքեր ասել։

Լուսանկարը` Tass


Առաջին անգամ ծննդյան օրը փոքր խմբով նշեցինք, ներկա էր նաեւ Ալեքսանդր Միրզոյանը: Հայրիկը նրա մասին միշտ ջերմ էր արտահայտվում, պատահական չէ, որ երկար տարիներ նույն աշխատասենյակն են կիսել: Նրան անվանում էր «իմ հիանալի ընկեր»: Հավաքվել էինք ռեստորանում ու տարբեր ֆուտբոլային պատմություններ էինք մտաբերում: Հայրիկը միշտ հիշելու պատմություններ ուներ: 

99-ամյակի տոնակատարության երկրորդ փուլը մեկնարկեց «Արարատ»-ի վետերանների ժամանմամբ ու ջերմ ընդունելության կազմակերպմամբ։ Եվ երրորդը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության վետերանների խորհուրդը հավաքվեց հսկայական դահլիճում, ու էլի ամեն ինչ շատ սրտանց էր։ Իհարկե, հայրիկի համար արդեն դժվար էր, իրեն այդքան էլ լավ չէր զգում։ Բոլորը ջերմորեն շնորհավորում էին նրան եւ ցանկանում հետը խոսել: Երբեք որեւէ մեկին չէր մերժում, քանի որ մեծ հարգանք էր տածում մարդկանց նկատմամբ: 

Երբ նախկինում երկրպագուները նրան խնդրում էին խաղերից հետո ինքնագրեր բաժանել, չէր հեռանում, մինչեւ վերջին մարդու համար չէր ստորագրում, բոլորի հետ շփվում էր: Շատ զգայուն մարդ էր, կարծում էր, որ մարզադաշտում ամենակարեւորը երկրպագուն է։

Հիվանդությունը

Հայրիկն այդքան երկար ապրեց սրտի խթանիչի շնորհիվ, որը ճիշտ ժամանակին էր տեղադրվել՝ հորս 95-ամյակից անմիջապես առաջ։ Այդ ժամանակ նա արդեն սրտի հետ կապված խնդիրներ ուներ, եւ անհապաղ գործողությունների կարիք կար: Երբ վիրաբույժից հարցրի, թե վիրահատությունն ինչպե՞ս է անցել, պատասխանեց. «Ամենաբարդը մկանային զանգվածը քանդելն էր, քանի որ այնքան շատ էր»։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդքան տարի անց էլ որքան լավ մարզված էր նրա մարմինը: 

Լուսանկարը` ria.ru


2023 թվականը շատ դժվար ստացվեց մեզ համար: Հայրս վարակվեց կորոնավիրուսի վերջին ենթատեսակներից մեկով եւ երկու անգամ թոքաբորբով հիվանդացավ։ Ամբողջ ամառն անցկացրինք հիվանդանոցներում, եւ ես հայրիկի հետ էի, բայց ինձ թույլ չէին տալիս մտնել վարակիչ հիվանդությունների բաժանմունք։ Այն, որ ողջ մնաց, իսկական հրաշք էր: Թոքաբորբով երկրորդ անգամ հիվանդանալուց հետո մեզ դուրս գրելիս անկեղծորեն ասացին, որ վատ կանխատեսումներ ունեն. «Հանեք նրան հիվանդանոցից, որպեսզի կարողանա տուն վերադառնալ»։ Նրան պատգարակով տարանք, քայլել չէր կարողանում:  

Բարեբախտաբար, այն ժամանակ մեզ մի կերպ հաջողվեց նրան վերակենդանացնել, եւ հայրիկը վերադարձավ աշխատանքի։ Մեծ շնորհակալություն Արթուր Սողոմոնյանին, նա անընդհատ բժիշկներ էր ուղարկում եւ ամենակարեւորը՝ կարողանում էր համոզել հայրիկին բուժում ստանալ, ինչը երբեք էլ նրա սրտով չի եղել:

Կարող էր թվալ, թե հայրիկը լավ տեսք ուներ եւ շարունակում է աշխատել, բայց այդ ամենի հետեւում հսկայական աշխատանք էր թաքնված՝ հիմնականում Սողոմոնյանի շնորհիվ: Թոքաբորբից հետո նրա երիկամները շատ էին տուժել ու դիալիզ էր ստանում: 

Գրեթե ամեն շաբաթ թեստեր էինք հանձնում ու բուժումը կարգավորում: Իհարկե, ամեն ինչ հիմնականում որոշում էին բուժող բժիշկն ու այլ մասնագետներ, բայց ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում: Երիկամների առողջությունը հիմնականում սննդակարգի հետ է կապված, ինչը ես էի վերահսկում: Մենք լավագույնն արեցինք, որ նրա կյանքը երկարացնենք:

Հոր հետ ջերմ պահերը

Ես ծնվել եմ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը: Հայրիկին էլ, ինձ էլ հաճախ էին հարցնում, թե նրա ո՞ր հաղթանակի պատվին են ինձ Վիկտորիա անվանել: Իսկ նա ինձ այդպես էր անվանել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին: Իրականում ինձ պետք է տատիկիս պատվին Վարսենիկ կոչեին, բայց ամեն ինչ որոշեց ծննդյանս օրը: 

Լուսանկարը` sport-express.ru


Հայրիկը հաճախ էր բացակայում`ճամփորդությունների ու հավաքների էր մեկնում, եւ ամեն անգամ նրա վերադարձը տոն էր մեզ համար: Ձմռանը սահնակ էինք քշում, մի անգամ Ամանորին Ձմեռ Պապիկի հագուստով ու նվերների պարկով էր: Այդ ժամանակ նույնիսկ դպրոց չէի գնում ու նրան միանգամից չէ, որ ճանաչեցի: Հետո գլխի ընկա, որ հայրիկն է:

12 տարեկանում նրանից շատ անմոռանալի նվեր ստացա՝ շատ փոքրիկ ու նրբիկ ոսկե ժամացույց: Շատ հուզիչ նվեր էր: Ցավոք, այն չի պահպանվել, բայց փոխարենը դեռ կան հայրիկից ստացած նամակները: Ամեն անգամ, երբ մեկ շաբաթից երկար էր բացակայում, ինձ ջերմ նամակներ էր գրում: Ինձ հետ մեծի պես էր շփվում ու ամեն ինչ մանրամասն նկարագրում: Քիչ առաջ էլ դրանք հանել եմ ու վերընթերցել: Կուզե՞ք Ձեզ համար էլ կարդամ: Ահա 1972-ի նամակից մի հատված:

«Բարեւ, սիրելի Վիկուլյա։

Մեկ շաբաթ է անցել, ինչ Աշխաբադում ենք։ Եղանակի առումով շատ անհաջողակն ենք՝  այստեղ ձյուն է ու շատ ցուրտ: Թվում է, չի տաքանալու, դրա համար էլ ստիպված ենք մարզվել ձյան տակ։ Բայց ի՞նչ կարող ենք անել, պետք է աշխատենք։ Աշխաբադում կլինենք մինչեւ փետրվարի 17-ը, 18-ին մի քանի օրով կմեկնենք Մոսկվա, այնտեղից էլ Սոչի, որտեղ ԽՍՀՄ-ի գավաթում խաղ ունենք:

Լուսանկարը` sport-express.ru


Շատ եմ կարոտում քեզ եւ ուզում եմ տեսնել իմ Վիկուլյային։ Այս երկու շաբաթները կթռչեն, շուտով գոնե մի փոքր ավելի երկար ժամանակով կլինեմ Մոսկվայում ու կտեսնեմ քեզ։ Ինչպե՞ս ես, իսկ դասե՞րդ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ Իմ դստրիկին առողջություն եւ հաջողություններ եմ մաղթում։ Երբ տատիկին այցի գնաս, նրան իմ ողջույններն ու համբույրները կփոխանցես:  

Ամուր համբուրում եմ: Քո՝ հայրիկ»:

«Արարատ-73»-ն ու հայրը

Ինչպես իսկական հայ, հայրիկը շատ էր ցավում, որ իր հայրը՝ Պողոս Սիմոնյանը, 1973-ին չտեսավ «Արարատ»-ի հաղթարշավը: Նա համեստորեն ասում էր. «Լավ կլիներ, որ Պողոս Մկրտիչովիչն իմանար, որ ես գոնե որեւէ բան եմ արել հայ ժողովրդի համար»:

Ի դեպ, հայրիկի 99-ամյակին եկել էին նաեւ «Արարատ-73»-ի վետերանները, նրանք հայրիկի հետ շատ ջերմ շփվում էին ու կենացներ ասում: Մի դրվագ ինձ շատ հուզեց՝ վետերաններից մեկն ասաց. «Նիկիտա Պավլովիչ, մենք պետք է Ձեզ արժանի լինենք», հայրս նրան ընդհատեց. «Ոչ, այդ ես պետք է ձեզ արժանի լինեմ»: 

Որդու եւ կնոջ մահը

Հայրս իր կյանքի ամենադժվար պահը համարում է որդու՝ իմ ավագ եղբոր, ինչպես նաեւ իր երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի մահը: Նա կաթված էր ստացել ու մոտ մեկ ամիս կոմայի մեջ էր, ինչից հետո մահացավ: Հայրս հուզիչ պատմությամբ է կիսվել հետս, երբ նրան թույլ էին տվել վերակենդանացման բաժանմունքում տեսնել Լյուդային, բռնել է ձեռքն ու ասել. «Լյուդա, դու գիտես, թե որքան եմ քեզ սիրում»։ Եվ այդ պահին զգացել է, թե նա ինչպես է սեղմել ձեռքը: Հայրիկն այդ դրվագի մասին հաճախ էր մտածում:  

Նա ու մայրս միասին մոտ 20 տարի են ապրել, իսկ Լյուդմիլայի՝ մոտ 40: Հայրիկը շատ էր հարգում նրա հիշատակն ու մինչեւ վերջին օրը մտածում էր նրա մասին: Հայրս չէր արտասվում, բայց երբ Լյուդային հիշում էր, աչքերն արցունքներով էին լցվում: Լյուդային ոչ ոք չկարողացավ փոխարինել:

Ցավոք, եղբայրս՝ Սերյոժան, ծնվել էր Դաունի համախտանիշով։ Երբ ես ծնվեցի, մորս ասացին, որ նրան պետք է մանկատուն ուղարկեն։ Դա նրա համար սարսափելի հարված էր՝ շատ ծանր տարավ եւ չկարողացավ գնալ բժշկական զննմանը։ Այնտեղ եղբորս ուղեկցեց հայրս, իսկ Լյուդմիլան աշխատում էր այդ հանձնաժողովում: Նա զարմացել էր, որ հայրս էր գնացել: Հետագայում ասել է. «Ինչպիսի տղամարդ է»։ Իսկ նրանք անձամբ ծանոթացել են տարիներ անց՝ ընկերների շրջապատում: 

Լուսանկարը` sport-express.ru


Հայրս շատ էր սիրում Սերյոժային եւ հնարավորության դեպքում մանկատանը նրան այցելում էր, անչափ հոգատար էր։ Եղբայրս ապրեց 18 տարի, նրա մահը մեծ ողբերգություն էր: Հայրս նրան միայնակ թաղեց, մայրս չդիմացավ այդ հարվածին ու անկողին ընկավ: 

Հայրս այդ ժամանակ «Արարատ»-ում էր աշխատում եւ «Ռոստով»-ի դեմ խաղ ուներ, բայց ստիպված էր այն բաց թողնել: Նա վերադարձավ ու կազմակերպեց հուղարկավորությունը: Հունիսի 22-ին Սերյոժան մահացավ, իսկ 2 օր անց արարատցիներն իրենց մարզչին հաղթանակով աջակցեցին: 

Մարդկային որակները

Հայրիկն անհավանական կերպով էր նվիրված «Սպարտակ»-ին ու ֆուտբոլին  ընդհանրապես։ Նա ապրում եւ շնչում էր դրանով, նրա կյանքում ամեն ինչ ներծծված էր այս խաղով։ 

Նրա ամենակարեւոր որակներն էին ազնվությունը, կարգապահությունը եւ ճշտապահությունը։ Շատ արդար մարդ էր ու կյանքի իսկական ուղեցույց:

Ճշտապահության առումով չեմ կարող համեմատվել նրա հետ։ Որպես կին կարծում էի, որ 5 րոպե ուշանալը նորմալ է։ Բայց հայրիկի համար դա անընդունելի էր, այդ պատճառով շատ անգամներ եմ նրանից դժգոհություններ ստացել: Ասում էր. «Կարող ես ավելի շուտ գալ, իսկ ուշանալ չես կարող»։

Նրա մեջ ամեն ինչ մեկտեղված էր՝ խստություն, բարություն, հոգատարություն... Պարզապես որոշ հարցերում, ինչպիսին է ճշտապահությունը, հայրիկը հատկապես խիստ էր եւ չէր զիջում։ Միեւնույն ժամանակ, նա շատ բարի մարդ էր եւ հոգ էր տանում այն մարդկանց ընտանիքների մասին, ովքեր ժամանակին իրեն բարություն էին արել:

Լուսանկարը` FC Spartak


Համարյա ամեն օր այցելում էի հայրիկիս։ Մենք միմյանց չէինք զանգահարում, պարզապես անընդհատ միասին էինք։ Հազվադեպ օրեր էին լինում, որ քիչ էր խոսում, բայց միշտ շատ անկեղծ էր: Մեր զրույցներն անչափ ջերմ էին, հաճախ էինք հիշում մեր հարազատներին ու խոսում ֆուտբոլից: Հայրիկը միշտ ֆուտբոլային պատմություններ էր հիշում, հրաշալի պատմող էր ու այդ ընթացքը փոքրիկ ներկայացման էր վերածում: Պետք է այդ ամենը նկարահանեի... 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին