Հունվար 23, 2026
exclusive
103 դիտում

Մանուել Պետրոսյան․ Մոտիվացիաս կորցրել էի, բայց հավաքականում ընդգրկելը շատ բան փոխեց


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն այս տարի երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր ու միայն վերջին տուրում ապահովեց չեմպիոնությունը՝ կես միավորով գերազանցելով 2-րդ ու 3-րդ տեղերը գրաված մրցակիցներին։ Պետրոսյանը տարավ 4 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի ու կրեց 1 պարտություն։

Mediamax Sport-ը զրուցել է շախմատիստի հետ ու պարզել, թե ինչպես է վերջինս հասել հաջողության։

- Մանուել, այս տարի Հայաստանի առաջնությունը կարծես ավելի համեստ տեսք ուներ ու վարկանիշով զիջում էր նախկինում կազմակերպված մրցաշարերին։ Ըստ քեզ՝ թուլացե՞լ էր պայքարը։

- Ես համաձայն չեմ, որ մրցաշարը թույլ էր։ Ճիշտ է, խաղերի որակները  բարձր չէին, բայց պայքարը չէր թուլացել ու երիտասարդները մեծ էներգիայով էին խաղում։ Միգուցե վարկանիշն իջել է, բայց սերնդափոխություն է եղել։ Ավելի բարձր վարկանիշ ունեցող տղաներն արդեն քիչ են խաղում, ի տարբերություն երիտասարդների։  Նրանց ժամանակ է պետք, կտեսնենք, թե ինչ արդյունքներ կգրանցեն ու ինչպես կփոխարինեն նախորդ սերնդին։

- Ճիշտ է՝ չեմպիոն ես դարձել, բայց այնպես չէ, որ դա քեզ հեշտությամբ տրվեց։ Ինչպե՞ս անցավ առաջնությունը։

- Ընդհանուր առմամբ մրցաշարում շատ թեժ պայքար ստացվեց։ Ինձ համար սկիզբը հաջող էր, քանի որ երկու հաղթանակ տարա։ Հետո սպիտակներով պարտություն կրեցի Արամ Հակոբյանից, ինչը շատ դժվարացրեց իմ գործը։ Նա առաջնությունում անհաջող էր մեկնարկել, բայց ինձ հաղթելուց հետո սկսեց վստահ գործել։ Եթե Արամն այդպես խաղար սկզբից, ապա չեմպիոն կդառնար։ 

Եւս մի քանի պարտիա արագ ոչ-ոքի ավարտեցի, չնայած հնարավորություն ունեի ու կարելի էր պայքարել՝ ձգտելով հաղթանակի։ Վերջին պարտիայում ոչ-ոքին ու պարտությունը մրցաշարային աղյուսակի առումով նույնը կլինեին ինձ համար, դրա պատճառով ռիսկի գնացի, մի քիչ էլ բախտը ժպտաց ու հաղթանակ տարա։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարտությունից հետո ինչպե՞ս վերադարձար կրկին չեմպիոնական պայքարին։ Կարծում եմ դժվար կլիներ, մանավանդ, որ Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը եւ դու հավասար միավորներով մինչեւ վերջ կիսում էիք առաջատարի դիրքը։ 

- Հավասար միավորներ ունեինք, բայց պարտությունից հետո լրացուցիչ ցուցանիշներով զիջում էի նրանց ու ինձ պետք էր առաջ անցնել։ Կառանձնացնեմ Էմին Օհանյանի դեմ պարտիան, որը բեկումնային եղավ, քանի որ պարտությունից հետո կարեւոր հաղթանակ տարա։ Անկեղծ կլինեմ, մրցաշարից առաջ չեմպիոն դառնալու մեծ հավակնություններ չունեի ու ողջ ընթացքում այդպես էլ խաղացել եմ։

-Միգուցե դրա պատճառո՞վ լարվածություն չես չզգացել ու ի վերջո չեմպիոն ես դարձել։

- Միգուցե։ Հոգեբանական պահ կա, երբ շատ ես լարվում ու ձգտում միայն հաղթանակի, կարող է փչացնես ամեն ինչ։ Մյուս կողմից էլ, եթե լարվածություն չի լինում, պայքարելը եւս լավ չի ստացվում։ Ես փորձում էի միջին վիճակում մնալ ու խաղերին մոտենում էի զուտ որպես շախմատային դիմակայության։ 

- Մանուել, նշեցիր, որ հաղթելու մեծ ցանկություն չունեիր։ Այդ դեպքում ինչո՞ւ էիր մասնակցում առաջնությանը։

- Չգիտեմ։ Միգուցե նրա համար, որ դժվար է միանգամից ամեն ինչ կտրել ու հանել քո կյանքից։ Իրականում վերջին շրջանում մտածում էի կամաց-կամաց պասիվ խաղացող դառնալու մասին։ Վարկանիշս է ընկել, մոտիվացիաս եմ կորցրել եւ ուզում եմ այլ գործունեությամբ զբաղվել։ Կոնկրետ չգիտեմ ինչով, միգուցե նաեւ մարզիչ լինեմ։ Բայց հիմա ամեն բան փոխվեց, որովհետեւ ընդգրկվեցի հավաքականում ու երեւի նորից կսկսեմ ակտիվ խաղալ։

- Այսինքն՝ չեմպիոն դառնալը կփոխի՞ մտքերդ ու դու կրկի՞ն կսկսես ավելի շատ կենտրոնանալ պրոֆեսիոնալ շախմատի վրա։

- Հավաքականում ընդգրկվելը նշանակում է մեծ պատասխանատվություն վերցրել քեզ վրա։ Չես կարող հենց այնպես պարտիա խաղալ, հարկավոր է կրկին ճիշտ աշխատանքներ տանել։ Կսկսեմ նորից պարապել, կանեմ իմ մաքսիմալը եւ պատրաստ կմիանամ թիմին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու 2022-ին առաջին անգամ դարձել էիր Հայաստանի չեմպիոն ու դրանից ամիսներ անց Հայաստանի հավաքականի հետ նվաճել Համաշխարհային Օլիմպիադայի արծաթե մեդալը։ Օլիմպիադա կա նաեւ այս տարի ու դու կրկին հավաքականում ես։ Ինչպե՞ս ես մոտենալու քո երկրորդ կարեւոր մրցաշարին։

- 2022-ին Չեննայում կայացած մրցաշարում մեր հավաքականի արդյունքները շատ լավն էին։ Ես խաղացի սկզբում 3, վերջում՝ 2 պարտիա։ Այդ ժամանակ ես ավելի լավ մարզավիճակում էի, քան հիմա։ Բայց կփորձեմ այս տարի նույնպես ինչով կարող եմ օգնել հավաքականին։

Բոլոր տղաներին լավ ճանաչում եմ, շատ ենք շփվում իրար հետ, հարգում ենք իրար։ Այս առումով հարմարվելու խնդիր բոլորովին չեմ ունենալու։ Ուղղակի շախմատային իմաստով է լարվածությունը մեծ։ Թիմում խաղալը մեծ պատասխանատվություն է, նույնիսկ ամենաթույլ մրցակցի դեմ խաղն է դժվար է ստացվում։ Պետք է մի քիչ փոխեմ առօրյաս ու կրկին գնամ դեպի պրոֆեսիոնալ ուղղությամբ։

Մանուել Պետրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին