Երեկ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում:
Առաջին խաղում հայ մարզիկները 2:1 հաշվով գերազանցեցին Աշխարհի բրոնզե մեդալակիր Ուկրաինային ու դարձան B խմբի առաջատարը: Երկու գոլն էլ խփեց Միհրան Դերմենջյանը, որը նաեւ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Mediamax Sport-ն ուսումնասիրել է նրան ու հետաքրքիր փաստեր առանձնացրել:
Միհրան Դերմենջյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 18-ին Երեւանում: Կիսապաշտպանը 2015 թվականին հանդես է եկել «Ալաշկերտ»-ի ֆուտբոլի մինչեւ 18 տարեկանների թիմում, ապա 2018-ին կարիերայում զինվորական ծառայությամբ պայմանավորված որոշակի դադար է ունեցել: 2020-ից եղել է «Ալաշկերտ»-ի երկրորդ թիմի խաղացող, իսկ 2021-ին միացել «Վեստ Արմենիա»-ին: Մինչեւ 2021 թվականն Առաջին Լիգայում 60 խաղ է անցկացրել ու 14 գոլ խփել:
Լուսանկարը` FC West Armenia
Այնուհետեւ որոշել է ելույթ ունենալ ֆուտզալում ու պայմանագիր կնքել «Երեւան»-ի հետ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն: 2024-2025 մրցաշրջանում Դերմենջյանը 38 գոլով առաջնության ռմբարկուն է եղել ու լավագույն խաղացող ճանաչվել: Հիմա ելույթ է ունենում բելառուսական «Մերկուրի» ակումբում:
Խաղացողը հավաքականին օգնել է հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքն ու պատմական նվաճման հասնել՝ Հայաստանի սպորտի պատմության մեջ առաջին անգամ խաղային մարզաձեւերում մասնակցել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում:
Հենց մեկնարկային խաղում Դերմենջյանը ցույց է տվել իր որակներն ու նախ 29-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը, ապա 38-ին խփել որոշիչ գոլը: Նա օգնել է կարեւոր 3 միավոր վաստակել ու Եվրոպայի առաջնության սենսացիաներից մեկն արարել: Երեկվանից շատ կայքեր հիացական մեկնաբանություններ են շռայլում Հայաստանի հավաքականին:
Լուսանկարը` UEFA
ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցում Դերմենջյանը խոստովանել է, որ միանգամից իրականացել է նրա երկու երազանքը՝ նախ հավաքականի հետ մասնակցել է ԵԱ-ի եզրափակիչ փուլին, ապա մեկի փոխարեն 2 գոլ խփել.
«Մեր ճանապարհը դեռ նոր է սկսվում: Շատ ուրախ ենք, բայց հավատում եմ, որ լավագույնը դեռ սպասվում է: ԵՎՐՈ-ում խաղալը երազանք է: Երազում էի գոլ խփել, ինչն իրականություն դարձավ»:
Նախորդ տարի Դերմենջյանի անձնական կյանքում էլ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ նա ամուսնացել է:



























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: