2025 թվականին հայ մարզիկները նվաճել են 357 մեդալ՝ 2024-ի համեմատ 27-ով պակաս: Նախորդ տարի ոչ բոլոր մարզաձեւերից են Աշխարհի առաջնություններ անցկացվել, փոխարենը եղել են Օլիմպիական խաղեր: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այս տարի բռնցքամարտի բոլոր տարիքային հավաքականների նվաճած մեդալները եղել են ոչ պաշտոնական մրցաշարերում ու դրանք եւս ներառված են վերջնական ցանկում:
Mediamax Sport-ն ամփոփել է սպորտային տարին ու ներկայացնում է մեծ նվաճումներն ու ձախողումները:
Մարմնամարզություն
Վերջին տարիներին Հայաստանի մարմնամարզության հավաքականը կայուն կերպով ամրապնդում է իր ձեռքբերումներն ու ամեն հաջորդ տարում ավելացնում մեդալների քանակը: Հակոբ Սերոբյանը ոչ միայն կարողանում է մրցունակ եւ ուժեղ թիմ կառուցել, այլ նաեւ սահուն սերնդափոխություն ապահովել: Եթե նախկինում հիմնականում Արթուր Դավթյանի նվաճումներն էին աշխարհում մեծ իրադարձություն համարվում, հիմա արդեն իրենց մասին խոսելու բազմաթիվ առիթներ են տալիս նաեւ երիտասարդները:
Այս տարի աղմկոտ կերպով մեծահասակների մարմնամարզություն ներխուժեց 18-ամյա Համլետ Մանուկյանը: Տարեսկզբին նա նժույգթափերում Աշխարհի բացարձակ գավաթակիր դարձավ, նա մասնակցեց 4 փուլի ու 3-ում ոսկե մեդալակիր դարձավ: Նրա ամենակարեւոր նվաճումը Լայպցիգում էր, որտեղ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց:
Լուսանկարը` Getty Images
Սակայն ոսկիները դրանով չավարտվեցին ու Մանուկյանը հաղթեց նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերում, իսկ ԱԱ-ում դուրս եկավ եզրափակիչ ու ելույթն ավարտեց 4-րդ տեղում:
Նրա հաջողությունը կրկնեց, սակայն արդեն Աշխարհի առաջնությունում 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը: Նա Ջակարտայում կայացած Աշխարհի առաջնության նժույգթափերի պայքարում գրավեց 2-րդ տեղը: Խաչատրյանը կարող էր նաեւ հաղթող դառնալ, նա ու ոսկե մեդալ նվաճած չինացի Հոնգ Յանմինգը հավասար՝ 14,600 միավոր էին վաստակել, սակայն մրցակիցը հաղթեց վարժության բարդության շնորհիվ:
Արթուր Դավթյանն արդեն երկար տարիներ մեր մարմնամարզության ծանր հրետանին է, որն իրեն հատուկ թեթեւությամբ ու վարպետությամբ նորանոր միջազգային մեդալներ է բերում Հայաստան:
Տարեսկզբին նա հենացատկում հերթական Անգամ Աշխարհի բացարձակ Գավաթակիր դարձավ: Մասնակցեց Գավաթի 6 փուլից 5-ին ու 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ նվաճեց:
Լուսանկարը` Getty Images
Լայպցիգում 33-ամյա Դավթյանը Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվեց, իսկ Աշխարհի առաջնությունում կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիրը նպատակ ունի մասնակցել նաեւ 2028-ի Լոս Անջելեսի խաղերին ու նվաճել այդքան բաղձալի ոսկին: Իմանալով Դավթյանի կամային ու մարդկային որակաները, այդ ամենը հնարավոր է թվում, կարեւորը չխանգարեն վնասվածքները: Իսկ Մանուկյանն ու Խաչատրյանն ամեն ինչ կանեն իրենց առաջին խաղերին ոչ միայն մասնակցելու, այլ նաեւ մեդալներ նվաճելու համար:
Օլիմպիական ցիկլը նոր է մեկնարկում ու մեզ նոր անուններ շատ են պետք, իսկ տղաներն իրենց արդյունքներով մեծ հույսեր են տալիս:
Չմոռանանք նաեւ Արթուր Ավետիսյանին, որն այս տարի օղակների վարժությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձավ:
Ծանրամարտ
Ծանրամարտն ու ըմբշամարտն այն Օլիմպիական 2 մարզաձեւերն են, որոնցում հաջողվել է Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ նվաճել, ընդ որում՝ միեւնույն մարզիկին:
Սկսենք Վարազդատ Լալայանից, որը հաջող 2024 թվականից հետո, երբ նախ Եվրոպայի չեմպիոն դարձավ, ապա արծաթ ապահովեց Փարիզի խաղերում, իսկ տարեվերջին հաղթեց Աշխարհում, այս տարի էլ կրկնեց նույն հաջողությունները, բացառությամբ ՕԽ-ի:
Լուսանկարը` IWF
Ապրիլին գերծանր քաշային ըմբիշը ակնհայտորեն դուրս էր մրցակցությունից ու ելույթները սկսեց միայն այն ժամանակ, երբ մյուս բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին։ Երկամարտի 450 կգ արդյունքով Լալայանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Հոկտեմբերին էլ նա լավագույնն էր Ֆյորդեում կայացած Աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականը նրա շնորհիվ կարողացավ երկամարտում արդյունք գրանցել: Եվրոպայի համեմատությամբ Լալայանն իր ցուցանիշը բարելավել էր 11 կգ-ով ու 461-ով լավագույնը դարձավ: Ծանրորդի նպատակն էլ է իր դիրքերն ամրապնդելն ու Լոս Անջելեսում ոսկին նվաճելը:
Եթե չլինեին Լալայանի մեծ նվաճումները, տարին ծանրամարտի համար միջին արդյունավետություն կունենար, Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանն ու Սուրեն Գրիգորյանը 0-եր ստացան, իսկ Գարիկ Կարապետյանը՝ 4-րդն էր:
ԵԱ-ում էլ հայ ծանրորդների արդյունքները գերազանց չէին: Երկու ոսկիներից մեկը նվաճեց Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ դարձան Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը 3-րդ տեղը գրավեցին:
Լուսանկարը` IWF
Տարեվերջին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որոշեց գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Փաշիկ Ալավերդյանին ու նրա փոխարեն նշանակել երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանին: Թե որքանով նա ունակ կլինի ղեկավարել թիմն ու Օլիմպիական ցիկլում մեդալներ ապահովել, ցույց կտա միայն ժամանակը:
Ըմբշամարտ. Հունահռոմեական ոճ
Իր կայունությամբ ու չեմպիոնական որակներով հիացնում է նաեւ Մալխաս Ամոյանը: Ըմբիշը գարնանը 5-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու իր 4-րդ հաղթանակը տարավ։ Բրատիսլավայում նա ոսկու համար պայքարում 3:1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին ու Եվրոպայի քառակի չեմպիոն հռչակվեց:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը փայլեց նաեւ Աշխարհի առաջնությունում: Նա ամենաբարդ քաշային կարգերից մեկում՝ 77-ում աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը: Փարիզում կրած պարտությունից հետո Ամոյանը լուրջ դասեր էր քաղել, արդյունքները տեսանք 2025-ին: Նա ԱԱ-ի եզրափակչում չափազանց վստահ էր ու գերազանցեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային (Ճապոնիա), հենց որին էլ զիջել էր Փարիզում:
Լուսանկարը` UWW
Այդ ոսկու շնորհիվ Ամոյանը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթող դարձավ: Վեջին անգամ նա ԱԱ-ի չեմպիոն էր եղել 2021-ին:
Տարին բավական հաջող էր նաեւ Սլավիկ Գալստյանի համար, որն Օլիմպիական խաղերում 3-րդ տեղի համար պայքարում զիջելուց հետո բավական ծանր փուլ էր հաղթահարել ու վերադարձը նշանավորեց Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակրի կոչումով: Իսկ Հրաչյա Պողոսյանն իր առաջին մեդալը նվաճեց ԱԱ-ում, մինչ այդ նա 3-րդն էր եղել Եվրոպայում:
Կարեն Ասլանյանն էլ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Նա էլ առողջական խնդիրները հաղթահարելուց հետո բարձրացավ պատվոհարթակի 2-րդ աստիճան:
2011 թվականից հետո առաջին անգամ է, որ Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս տարի ոչ մի մեդալ չի նվաճել: Եվրոպայի բրոնզե մեդալի համար պայքարից նա հրաժարվեց վնասվածքի պատճառով, իսկ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում անսպասելի պարտություն կրեց ու լքեց մրցաշարը:
Ազատ ոճ
Լուսանկարը` UWW
Ազոտ ոճի հավաքականում տարիներ շարունակ միայն 3 մարզիկներ են կարողանում մեդալներ ապահովել: Նրանցից մեկը՝ Արսեն Հարությունյանը թեեւ 2025-ին ոսկի չունեցավ, սակայն կարեւոր մրցաշարերից ձեռնունայն չվերադարձավ:
Եվրոպայի առաջնության եզրափակչում մրցաշարի քառակի չեմպիոնը հանդիպեց Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուեւին (UWW) ու զիջեց նրան։ Աշխարհի առաջնությունում էլ նա բերեց ազատ ոճի ընտրանու միակ մեդալը: Հարությունյանը հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո Յանգին ու Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր դարձավ: Նա ԱԱ-ներում 3-րդն է եղել նաեւ 2021-2023 թվականներին, կոտրել բրոնզե մեդալների շեմը դեռ չի հաջողվում:
Եվրոպայում նրանից բացի արծաթե մեդալ նվաճեց նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը, իսկ Վազգեն Թեւանյանը կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Լուսանկարը` UWW
Բռնցքամարտ
Այդ տարի բռնցքամարտի երկու ֆեդերացիաները՝ World boxing-ն ու IBA-ն Աշխարհի 2 առաջնություն կազմակերպեցին: Քանի որ Հայաստանը վերջինիս անդամ է, մասնակցեց տարեվերջին Դուբայում կայացած առաջնությանը: Մեկ տարվա ընթացում նույն մարզաձեւի միեւնույն քաշային կարգում երկուական չեմպիոն ու մեդալակիրներ կան:
Բայց վերադառնանք մեր մարզիկներին, որոնք IBA-ի կամ Աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում 5 բրոնզե մեդալ նվաճեցին: 3-րդն էին Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը եւ Դավիթ Չալոյանը:
Սակայն այս մեդալները մեր բռնցքամարտիկների իրական մարզավիճակն ու հնարավորությունները բնավ էլ ցույց չտվեցին, քանի որ բազմաթիվ ֆեդերացիաների ուժեղ մարզիկներ այդ մրցաշարին չէին մասնակցում, նրանք սեպտեմբերին իրենց ուժերը փորձել էին Լիվերպուլում կայացած ԱԱ-ում:
Լուսանկարը` IBA
Հայաստանի ֆեդերացիան պետք է քայլեր ձեռնարկի World boxing-ին անդամակցելու համար, այլապես կզրկվի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից:
Ջրացատկ ու կարատե
Երկար տարիների դադարից հետո Հայաստանին հաջողվեց մեդալ նվաճել ջրացատկում: 23-ամյա Ալեքսանդրա Բիբիկինան Անթալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում 3 մ ցատկում 2-րդ տեղը զբաղեցրեց:
Մինչ այդ 2018 թ. Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանն էին սինքրոն ցատկում բրոնզե մեդալակիր դարձել:
Մյուս նշանակալի մեդալը եղավ կարատեում: Հայաստանն Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց:
Կահիրեում կայացած առաջնությունում 21-ամյա Սուրեն Հարությունյանը մինչեւ 75 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ: 3-րդ տեղի համար պայքարում նա 2:0 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:
Լուսանկարը` wkf
Թիմային մարզաձեւերը
Հայաստանի ազգային հավաքականներից տարին ամենահաջողը Հայաստանի ֆուտզալի հավաքականի համար էր: Ռուբեն Նազարեթյանի սաները շարունակում են կայուն ելույթները միջազգային ասպարեզում:
2025-ին ֆուտզալի ընտրանին նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որեւէ մարզաձեւում նման հաջողության հասած առաջին հավաքականը: ԵՎՐՈ-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանում 4:2 հաշվով հաղթեց Ղազախստանին:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում եւ Լատվիայում հունվարի 18-ից փետրվարի 8-ը, որտեղ մեր հավաքականը կփորձի նոր առաջընթաց գրանցել:
Տարինն աննախադեպ էր նաեւ «Նոա»-ի համար: Թիմը հասավ Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլ եւ վերջին խաղում 0:2 հաշվով զիջեց Կիեւի «Դինամո»-ին:
Լուսանկարը` FC Noah
«Նոան» դարձավ հայկական առաջին ակումբը, որը գարնանը կխաղա Կոնֆերենցիաների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում: «Նոան» 2-ական հաղթանակ, պարտություն ու ոչ-ոքի գրանցեց: Թիմը վաստակեց 8 միավոր ու Լիգայի մրցաշարային աղյուսակում 19-րդ տեղը զբաղեցրեց:
Մինչդեռ ֆուտբոլի ազգային հավաքականի համար տարին չափազանց անհաջող էր: Նախ եղան խոշոր հաշվով պարտություններ Վրաստանից (1:6) ու Պորտուգալիայից (0:5, 1:9), ապա թիմն անվստահ հանդես եկավ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում ու F խմբում 5 պարտությամբ ու 1 հաղթանակով վերջին տեղը զբաղեցրեց:
Տարին հավաքականը սկսել էր առանց գլխավոր մարզչի, փետրվարին այդ պաշտոնը զբաղեցրեց հոլանդացի Ջոն Բան Ս’խիպը, որին օգոստոսին ՀՖՖ-ն որոշեց հեռացնել ու նրա փոխարեն նշանակել Եղիշե Մելիքյանին:
Հենց նրա հետ էլ թիմն անցկացրեց ընտրական մրցաշարն ու ձախողեց այն: Մելիքյանը Պորտուգալիայի հետ վերջին խաղից հետո խոստովանեց, որ Հայաստանի ընտրանին դեռ պատրաստ չէ մրցակցել ուժեղ հավաքականների հետ:
Լուսանկարը` Photolure
Այսպիսին էր սպորտային 2025-ը, իհարկե, բացթողումներն անխուսափելի էին ու մեր մարզիկները կարող էին ավելիին հասնել: Առջեւում շարունակվող Օլիմպիական ցիկլնի մյուս մրցումներն են ու հետագայում էլ ավելի բարդ է լինելու: Ահռելի աշխատանք ու ջանքեր պետք է ներդրվեն, որպեսզի մինչեւ 2028-ի Լոս Անջելեսի խաղերը մրցունակ եւ պայքարող թիմ ունենանք:
Հասմիկ Բաբայան

























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: