Փետրվար 12, 2026
150 դիտում

«Հաղթահարելով քաղցկեղը»․ Թե ինչու էր Պուարե-Գիլես զույգի ՕԽ մեդալը կարեւոր


Լուսանկարը` Leah Hennel/COC

Լուսանկարը` Leah Hennel/COC

Լուսանկարը` Leah Hennel/COC

Լուսանկարը` Leah Hennel/COC

Լուսանկարը` Leah Hennel/COC


Պոլ Պուարե-Փայփեր Գիլես պարային զույգն Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց Կանադայի համար։

Ոգեշնչված Վինսեթ վան Գոգով (ստեղծագործությունը կոչվում էր «Վինսենթ», իսկ նրանց հագուստին պատկերված էր նկարչի «Հիրիկներ»-ը)՝ նրանք հիացրին գեղասահքի սիրահարներին։

Բոլորի համար նրանց ելույթը նշանավորվում էր նաեւ ուժեղ վերադարձով ու երբեք չհանձնվելու կարողությամբ։ Բանն այն է, որ Գիլեսի մոտ մի քանի տարի առաջ հայտնաբերվել էր ձվարանների քաղցկեղ, ինչը վերջ էր դրել նրա մարզումներին։

Ապացուցել, որ ամեն ինչ հնարավոր է



«Երեք տարի առաջ, երբ ինձ մոտ նման հիվանդություն ախտորոշվեց, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ դրանով չի ավարտվելու ու ես կանգնելու եմ Օլիմպիական պատվոհարթակին»,- մեդալը նվաճելուց հետո խոստովանել է մարզուհին։

Պուարեն ու Գիլեսը միասին պարում են 15 տարի, մասնակցել են երեք Օլիմպիական խաղերի ու վերջապես դարձել են Օլիմպիական բրոնզե մեդալակիրներ։ Կանադայի Օլիմպիական կոմիտեի կայքին նրանք պատմել են իրենց զգացողությունների մասին։

«Սա այնքա՜ն արժեքավոր ճանապարհորդություն էր եւ կյանքը դարձրեց ավելի գեղեցիկ։ Արժեր սպասել այս պահին։ Սպորտը գեղեցիկ է նրանով, որ չես կարող կանխատեսել, թե ուր կտանի քեզ։ Դու պարզապես ապրում ես ու անընդհատ պայքարում, դառնում ավելի լավը։ Շնորհակալ ենք գեղասահքին, որ մեզ պարգեւել է այս հիանալի հիշողությունները»,-ասել է Պուարեն։

Լուսանկարը` Leah Hennel/COC


«Պոլը չափազանց քիչ է հուզվում, բայց այս անգամ ես տեսա, թե ինչպիսի զգացմունքներ ունի։ Նման պահեր կարող է պարգեւել միայն Օլիմպիական մեդալը։ Մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել ու մեծ հպարտություն ենք զգում այս ձեռքբերմամբ»,-ասել է Գիլեսը։

Նրանք երկուսն էլ 34 տարեկան են։ Պաշտոնական ոչինչ դեռ հայտնի չէ, բայց լուրեր են շրջանառվում, որ այս տարի կավարտեն կարիերան։

«Եթե կարող ես քեզ ստիպել վեր կենալ անկողնուց, շարունակել հավատալ ինքդ քեզ եւ քայլես դեպի երազանքներդ, ուրեմն ամեն ինչ էլ կարող է պատահել։ Մեր ելույթը հիանալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մռայլ ժամանակաշրջան են ապրում, հոգեկան կամ այլ առողջական խնդիրների միջով են անցնում։ Մենք կարող ենք հաղթահարել դժբախտությունը՝ անկախ ամեն ինչից։ Մենք այստեղ ենք, որ ցույց տանք․ ամեն ինչ հնարավոր է, շարունակեք քայլել ձեր նպատակների հետեւից»։

Հիվանդությունը չի կարող ստիպել մոռանալ սպորտի մասին

Լուսանկարը` Leah Hennel/COC


Torontolife.com-ին Փայփեր Գիլեսը պատմել է իր կյանքի դժվարագույն փուլի մասին ու խոստովանել, որ դա հաղթահարելուց հետո ապրած ամեն մի պահը գնահատում է։

2023-ին, երբ նրա մոտ հայտնաբերվել է ձվարանների գոյացություն, այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահել։ Թուրինում մրցումների մասնակցելուց ու Կանադա վերադառնալուց հետո մարզուհին մեկնել էր վիրահատության։ 

«2022-ի հոկտեմբերին սկսեցի անընդհատ հոգնածություն եւ սրտխառնոց զգալ։ Կարծում էի, որ դա մրցակցային սովորական անհանգստություն է, բայց երբ այն շարունակվեց եւ ուժեղ ցավեր զգացի, որոշեցի բժշկի գնալ։ Բժիշկներն իմ ձախ ձվարանում խնդիրներ տեսան։ Ամբողջովին կորցրի ինձ ու անընդհատ վատ բաների մասին էի մտածում։ 31-ամյակիս օրն էր։ Բժիշկն ինձ հայտնեց քաղցկեղի 1-ին փուլի մասին։ Լուրն իմանալուց հետո պառկել էի անկողնում ու լաց էի լինում։ Ես դեռ վիրակապերի ու ցավերի մեջ էի, այնինչ պետք է պատրաստվեի քիմիաթերապիայի կամ մի այլ բանի։ Հստակ ոչինչ չգիտեի։  Դա սարսափելի էր։ Օրեր անց բժիշկներն ասացին, որ թերապիայի կարիք չի լինի»։

Զույգը ստիպված էր հրաժարվել մարզումներից։ Նրանց կարիերայում դադար եղավ։ Բուժումներից հետո Գիլեսի մոտ ամեն ինչ կարգավորվեց ու վերադարձավ մարզումներին։

Լուսանկարը` Leah Hennel/COC


«Աստիճանաբար առողջացա, վերականգնվեցի ու երբ վերջապես ոտք դրեցի սառույցի վրա, ես ու Պոլը տոնեցինք այն փաստը, որ չմուշկներով մեկ պտույտ կատարեցի։ Պոլն ինձ հետ էր այդ ողջ ընթացքում, կիսում էր դժվարությունները, ոգեւորում, նա այդ ահավոր փուլն ինձ հետ հավասար հաղթահարեց»։  

Դրանցի հետո նրանք դարձան Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, հաղթեցին նաեւ մի շարք կարեւոր մրցաշարերում ու գրան պրիներում։ 2024-ին Պուարեն ու Գիլեսը որոշել են Աշխարհի առաջնությունից հետո ավարտել կարիերան, սակայն Օլիմպիական խաղերին մասնակցելու միտքը գայթակղում է նրանց ու ստիպում փոխել միտքը։

«Երբ հաղթեցինք Կանադայի առաջնությունում՝ պարելով Դոն Մաքլինի «Վինսենթ» երաժշտության ներքո, մեկնաբաններն այն անվանեցին «մեծագույն Վինսենթ»՝ մեզ դիմավորելով ծափահարություններով։ Մենք պատրաստ էինք Միլանի Օլիմպիական խաղերին»։

Լուսանկարը` Leah Hennel/COC


Ահա թե ինչու էր նրանց նվաճած բրոնզե մեդալն այդքան կարեւոր նախ իրենց, ապա մարզիչների, իրենց ընտանիքների ու Կանադայի համար։ 

«Ես պարզապես ինձ բախտավոր եմ զգում, քանի որ մրցելու կարողություն ու առողջություն ունեմ։ Երբ երիտասարդ ես, պարտությունները դժվար ես ընդունում, իսկ հիմա՝ ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո, ես չեմ անտեսում իմ առողջությունը։ Արդեն այլ կերպ եմ ընկալում ամեն ինչ եւ ամեն անգամ ոտքս սառույցի վրա դնելը մեծագույն նվեր եմ համարում»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին