Մայիս 30, 2025
exclusive
265 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Անի Առաքելյանը՝ 8 տարի անց


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անի Առաքելյանին Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում անդրադարձել ենք 8 տարի առաջ: Այն ժամանակ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի մասնաճյուղի ըմբշամարտի աղջիկների խմբակում էր մարզվում:

Դպրոցական մարզուհին իրեն ըմբշամարտից դուրս չէր պատկերացնում ու ցանկանում էր սպորտում մեծ նվաճումների հասնել: Մեր հերթական զրույցում Առաքելյանը պատմել է սպորտը թողնելու պատճառների, կանանց սպորտի խնդիրների ու իր կյանքի նոր նպատակների մասին:

Ըմբշամարտին սիրահարված մարզուհին. Անի Առաքելյան


Սպորտը թողնելը. Ըմբշամարտը շատ էի սիրում ու մինչեւ հիմա էլ սիրում եմ, բայց 6 տարի զբաղվելուց հետո ստիպված էի այն թողնել: 2020-ին ընդունվել էի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, սակայն որոշ հանգամանքների բերումով այն կիսատ թողեցի:

Սպորտից հեռանալու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանում կին ըմբիշների խմբեր չկան ու, մեծանալուն զուգահեռ, ամեն ինչ դժվարանում էր: Թեեւ սկզբում մեծ հույս ունեի, որ աստիճանաբար մարզաձեւը կզարգանա ու մասնակիցների քանակն էլ կշատանա, բայց այդպես էլ չստացվեց: Մինչեւ հիմա էլ ինձ միայն սպորտում եմ պատկերացնում, շատ կուզեի կանանց ըմբշամարտը տարածված լիներ մեր երկրում ու կարողանայի շարունակել պարապել:

Նոր զբաղմունքը. Բայց աստիճանաբար ըմբշամարտի հետ կապված որոշակի դժվարություններ առաջացան, հանգամանքները ստիպեցին մտածել հետագա կյանքիս մասին: Ուզում էի հնարավորություն ունենալ զարգանալ ու ինձ մեկ այլ ոլորտում գտնել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Որոշ ժամանակ մատնահարդարում սովորեցի ու անգամ աշխատեցի, բայց աստիճանաբար հասկացա, որ այն այդքան էլ իմը չէ: Այս պահին դադար եմ վերցրել ու պատրաստվում եմ ամռանը նորից ընդունվել ֆիզկուլտինստիտուտ, ուզում եմ ֆիթնեսի մարզիչ դառնալ ու սպորտի հետ կապված գործունեություն ծավալել: Հետաքրքրված եմ ֆիթնեսով, ակտիվորեն ուսումնասիրում եմ այդ ոլորտն ու հնարավորինս շատ գիտելիքներ կուտակում, որպեսզի աշխատանքս լավ կատարեմ:

Խնդիրները. Հիմնականներից մեկն այն էր, որ ես միայնակ էի մարզում ու ամեն ինչ բարդ էր ստացվում: Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էի, որ ընկերացել եմ նույն դահլիճում մարզվող տղաների հետ, սակայն ավելի հասուն տարիքում սկսեցի բարդույթավորվել ու էլ չէի ցանկանում հետներն այդքան պարապել: Արդեն նաեւ ընտանիքիս անդամներն էին դեմ, որ նրանք լինեն մրցակիցներս, հենց այդ պատճառով էլ չշարունակեցի մարզվել:

Ընթացքում շատ աղջիկներ են մասնակցել պարապմունքներին, բայց հետո հեռացել են: Ինձ լուրջ մրցակից էր պետք, ում հետ կկարողանայի անընդհատ մարզվել ու միմյանց օգնությամբ կաճեինք: Սակայն այդպես էլ զույգ չունեցա, իսկ տղաների հետ մարզվելն այլեւս չէր ստացվում:

Կանանց սպորտը. Սպորտը սիրող ու այն որպես մասնագիտություն ընտրող կանայք ավելի մեծ խնդիրների հետ են բախվում, քան տղաները: Հայաստանում կանանց սպորտը չի զարգանում նաեւ մարդկանց սխալ մտածելակերպի պատճառով, համարում են, որ աղջիկը չի կարող սպորտով զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշ մարզաձեւերում՝ սամբոյում, ձյուդոյում, ծանրամարտում, բռնցքամարտում, հաջողություններ ունենք, եւ մարդիկ դրանց նորմալ են վերաբերվում, սակայն լրիվ այլ է մոտեցումը ըմբշամարտի դեպքում: Գուցե դրա նրանից է, որ այդ ձեւում մեծ նվաճումների դեռ չենք հասել ու մարդկանց ցույց տվել, որ կարող ենք հաղթել: Կարծում եմ՝ հենց լավ օրինակների պակասը խանգարեց կանանց ըմբշամարտի զարգացմանը:

Ափսոսանքը. Նախկինում մտածում էի, որ կարող եմ ամեն ինչ անել ու իմ օրինակով զարգացնել մարզաձեւը: Նպատակս էր ցույց տալ, որ աղջիկներն էլ ունակ են ըմբշամարտում կայանալ, բայց ժամանակից շուտ հանձնվեցի: Կողքից հնչող խոսակցություններն ու կարծիքներն ինձ կոտրեցին:

Հույս ունեի, որ հետագայում որեւէ մեկը կկարողանա արգելքները հաղթահարել ու առաջընթաց գրանցել, միայն ուրախ կլինեմ տեսնել, որ Հայաստանում կանանց ըմբշամարտին արդեն նորմալ են վերաբերվում ու գործում են բազմաթիվ խմբեր:

Անկեղծ՝ հիմա շատ-շատ եմ փոշմանել, որ թողել եմ սպորտը, կցանկանայի շարունակել մարզվել եւ կատարել խոստումներս, որոնք ժամանակին ինձ ու ընտանիքիս անդամներին եմ տվել:

Սկզբում մարզիչս՝ Գոռ Աբգարյանը չէր թողնում հեռանամ սպորտից, հուսադրում էր ու խորհուրդ տալիս շարունակել պայքարել, որպեսզի կարողանամ հասնել նպատակներիս: Թեեւ այդ հարցում էլ դժվարություններ եղան, բայց նա ի վերջո ընդունեց որոշումս ու հաջողություն մաղթեց իմ ընտրացած ցանկացած ոլորտում:  

Լուսանկարը` անձնական արխիվից


Ըմբշամարտի տված փորձը. Երբ դեռ սկսնակ էի ու որեւէ փորձ չունեի, մարզումների ժամանակ շատ էի ամաչում, բայց հետո սկսեցի ինձ բավական ազատ զգալ գորգում: Դա օգնեց, որ կյանքում էլ ձերբազատվեմ բարդույթներից, ազատ ու բաց լինեմ: Թեեւ սպորտում այդ ամենը դրսեւորել չստացվեց, բայց առօրյայում ինձ իսկապես շատ է  պետք եկել՝ թեկուզ կամային որակներս դրսեւորելու առումով: Այդ ամենն ինձ հատկապես որոշիչ պահերին է օգնել: Բացի այդ էլ ըմբշամարտի շնորհիվ ընկերներ եմ ձեռք բերել ու շրջագայել տարբեր երկրներում: Նաեւ միջազգային հավաքների ու մրցումների եմ մասնակցել ու մեծ փորձ կուտակել:

Անելիքները. Հիմա տանն ինքնուրույն մարզումներ եմ անցկացնում ու պատրաստվում ուսումս շարունակել: Նպատակներս շատ-շատ են, ինստիտուտի գիտելիքներով չեմ բավարարվելու, պետք է որակավորված մարզիչ դառնամ ու կարողանամ ինքս ինձնից ունեցած սպասելիքներն արդարացնել: Ուզում եմ կայանալ որպես մասնագետ ու որպես մարդ այս կյանքում իմ տեղը գտնել:   

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհուրդը. Պետք չէ լսել մարդկանց կարծիքները, ինչպես որ ես արեցի, ինչի արդյունքում էլ հիասթափություն ապրեցի ու հեռացա ըմբշամարտից: Թե բարեկամներից ու թե ընտանիքիս անդամներից շատ-շատ եմ լսել, որ ըմբշամարտն աղջկա համար չէ, քաջալերելու եւ օգնելու փոխարեն խանգարել են:

Ես եմ մեղավոր, որ տեղի եմ տվել ու համարել, որ ինչ-որ առումով ճիշտ են: Դրա համար էլ սպորտը սիրող աղջիկներին խորհուրդ կտամ շրջապատի խոսքերին կարեւորություն չտան, որպեսզի հետո որեւէ բանի համար ափսոսանք չունենան:

Ինձ միայն սպորտում եմ տեսել, ուրիշ ոլորտներում ուժերս փորձելուց հետո ինձ ոչ մեկում էլ գտնել չեմ կարողացել: Դրա համար էլ կվերադառնամ սպորտ, թեկուզ ուրիշ կարգավիճակում, բայց կփորձեմ որեւէ կիսատ բան չթողնել ու նպատակներս իրականացնել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին