Նոյեմբեր 19, 2025
exclusive
124 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Վահե Աղասյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վահե Աղասյանն այս տարի դարձավ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության  չեմպիոն: Mediamax Sport-ն իր «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի համար հանդիպել է խոստումնալից ձյուդոյիստի հետ ու խոսել կարեւոր մեդալի, նրա անցած ճանապարհի ու սպորտում անելիքների մասին:

Մարզաձեւը՝ ձյուդո

Քաշային կարգը՝ 60 կգ

Տարիքը՝ 20

Կրթությունը՝ մտադիր է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, այժմ ծառայում եմ ԲԿՄԱ-ում։

Բնավում է՝ Հրազդանում

Մարզիչը՝ հայրն է՝ Կարեն Աղասյանը

Նպատակը՝ հասնել ամենաբարձր արդյունքներին ու մասնակցել Օլիմպիական խաղերին

Կարգախոսը՝ «Ավելի շատ ապավինում եմ Աստծուն ու աստվածաշնչյան տողերով եմ առաջնորդվում: Ամենակարեւորը «Մի վախեցիր»-ն է, որը 365 անգամ կրկնվում է Աստվածաշնչում: Կիրակի պատարագի էի Կեչառիսի վանական համալիրում ու այս խոսքը շատ է տպավորվել. «Մի վախեցեք, ուղղակի հավատացեք»: Դա կարող ենք մեր մեջ պահել ու օգտագործել ցանկացած բնագավառում՝ կյանքում, սպորտում, աշխատանքում, նույնիսկ՝ անձնական կյանքում»:

Կուռքը ՝ «Հիմա չունեմ, իսկ փոքր տարիքում 2024-ի Փարիզի Օլիմպիական չեմպիոն Ելդոս Սմետովն էր: Նա ինձ գրավում էր իր մենամարտելու ոճով, բայց հետո հասկացա, որ իրար ընդհանրապես նման չենք։ Կառանձնացնեմ նաեւ ճապոնացի Ջոշիրո Մարիյամային, նա չհանձնվող է ու կարողացել է բարդ վնասվածքից հետո շարունակել զբաղվել սպորտով»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին քայլերը. «Երբ առաջին անգամ 6 տարեկանում հայրիկն ինձ տարավ մարզադահլիճ, ընդհանրապես չհավանեցի ձյուդոն, բայց հետագայում սիրեցի ու ավելի գիտակցորեն մոտեցա մարզաձեւին։ Արդեն ինձ որեւէ այլ բնագավառում պատկերացնել չեմ կարող։ 

Մարզվում եմ Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում։ Թեեւ դահլիճը չափերով բավական փոքր է ու մրցակիցներ էլ չունեմ, բայց ինձ բավականացնում է:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ պայմաններն ավելի լավը լինեին, մարզվողները՝ շատ:  Կարծում եմ՝ մեծ արդյունքների դեպքում երեխաները կոգեւորվեն ու կսկսեն սպորտով զբաղվել։ Արդեն իսկ զգում եմ, որ Մ-23 տ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալս այդ առումով իր գործն արել է։ Կարիերան ավարտած մարզիկներ ունեինք, որոնք նորից որոշել են վերադառնալ ձյուդո։ Միայն ուրախ կլինեմ, որ իմ արդյունքները եւս դրական առումով ազդեցություն ունենան։ 

Սովորաբար մեր մարզերում ավելի մեծ արդյունքներ են լինում, բայց սովորաբար մարզադպրոցների ու պայմանների խնդիր ենք ունենում։ Մասնագետներ ու մարզիկներ ունենք, իսկ ահա պարապելու համար լավ դահլիճներ՝ ոչ։ Եթե Երեւանի պես լինեին մեր պայմանները, արդյունքներն ավելի շատ կլինեին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պայմանները. Այս չեմպիոնությանը հասնել ինձ օգնեցին աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, ինչպես նաեւ ոչ մի բանից չբողոքելն ու եղած պայմաններն ի նպաստ օգտագործելը։ Մարզվելիս փորձել եմ չմտածել զույգերի բացակայության կամ դահլիճում եղած այլ խնդիրների մասին։ Վերցրել եմ միայն այն, ինչն ինձ օգուտ կտար, նույնիսկ դաշտերում ու քարքարոտ տարածքներում եմ պարապել։ Գիտեմ, որ մրցակիցներից շատերը լավ վերանորոգված դահլիճներ ունեն, իսկ մեր պայմանները մի քիչ ուրիշ են ու պիտի դրանց հարմարվելով առաջ գնանք։ 

2023 թվականից միջազգային մրցումներում մեդալ չունեի ու կարծում եմ՝ հավատի պակասի պատճառով չէր ստացվում հաջողության հասնել, որովհետեւ ֆիզիկապես միշտ էլ պատրաստված էի լինում: Երբ կարողացա հավատն ավելացնել, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց։  

Ձյուդոյի բարդությունը. Ձյուդոն բարդ մարզաձեւ է մի քանի առումներով։ Նախ այնպիսի ազգի ներկայացուցիչներ կարող են չեմպիոն դառնալ, որ ուրիշ սպորտաձեւերում չեն էլ մասնակցում։ Բացի այդ էլ մենք չենք կարող երկու հաղթանակ գրանցել ու որեւէ մեդալի հավակնել, մենապայքարային ձեւեր կան, որ այդքան հաղթանակով նույնիսկ ոսկի են նվաճում։ 

ԵԱ-ում 5 գոտեմարտ եմ անցկացրել ու ամեն մեկը յուրովի բարդ է ստացվել: Եղել են դեպքեր, որ մարզիկները բրոնզին հասնելու համար նույնիսկ 7 գոտեմարտ են անցկացրել: 

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ի պայքարը. ԵԱ-ում 5 մրցակից ունեցա, առաջինը հանդիպեցի բուլղարացուն, որը ֆիզիկապես բավական ուժեղ էր, շատ դժվար պայքար ստացվեց։ Առհասարակ ցանկացած մրցաշարում առաջին գոտեմարտը մարզիկի համար դժվար է ընթանում, հետո ես կարողանում աստիճանաբար բացվել: Մրցումային գոտեմարտը մարզումայինից լրիվ այլ է ու պետք է կարողանաս մտնել ռիթմի մեջ: 

Երկրորդը շատ որոշիչ էր, որովհետեւ վարկանիշով առաջին համարի հետ էի պայքարում, ում արդեն մեկ անգամ պարտվել էի ու այս անգամ զիջելու դեպքում նույնիսկ բրոնզի չէի կարողանա հավակնել: Ձյուդոյի բարդություններից մյուսն էլ դա է: Մրցակիցս գիտեր իմ թույլ կողմերն ու փորձում էր հաղթել նկատողություններով, բայց չստացվեց։ 

3-րդում մոլդովացու հետ էի հանդիպել, իսկ նա տանն էր հանդես գալիս, եւ երկրպագուները շատ էին աջակցում։ Հենց սկզբում առաջ անցավ ու հեշտ չէր տրամադրվել պայքարին։ Բայց 1 րոպեի ընթացքում հավասարեցրի հաշիվն ու հաղթեցի նրան:

Կիսաեզրափակիչն ինձ համար յուրահատուկ դժվարություն ուներ, որովհետեւ միշտ այդ փուլում պարտվել էի ու 3-րդ տեղը զբաղեցրել: Հոգեբանական ծանր պահ էր, բայց աղոթեցի, ինչն էլ ինձ օգնեց։ Զարմանալիորեն ամենահեշտ գոտեմարտս ստացվեց՝ 1 րոպեում հաղթեցի մաքուր հնարքով: Այդ պահին չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Մարզիչս`ընկեր Դավթյանս, ցույց տվեց էկրանին ցուցադրվող կադրերն ու ասաց. «Նայիր, արդեն հաղթել ես», ինքս այդ ամենին չէի հավատում։  

Եզրափակչի բարդությունը կայանում էր նրանում, որ եղածով չբավարարվեի ու արդեն իսկ մեդալ նվաճելու հանգամանքն ինձ չխանգարեր։ Ընկեր Դավթյանն ինձ շատ օգնեց ու կիսաեզրափակչից հետո տատամիից դուրս գալիս ասաց. «Չենք թուլացնում, որովհետեւ այս արդյունքը մեզ չի բավականացնում»։ Վրացի մրցակիցս ֆիզիկապես շատ ուժեղ էր ու երկուսս էլ ծանր պայքար տարանք մինչեւ այն պահը, երբ նրան կարողացա բռնացնել ու վերջին 10 վայրկյանին առաջ անցնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավատը. Չեմ էլ հիշում, թե ինչպես է ստացվել, որ 2022-ին սկսեցի Աստվածաշունչ կարդալ ու հոգեւոր կյանքով հետաքրքրվել, երեւի Աստված այդպես կամեցավ: Հաճախ էի եկեղեցում աղոթում ու Աստծուն խնդրեցի, ինձ որեւէ մեդալ շնորհել, որպեսզի ԲԿՄԱ ընկնեմ ու սպորտը չթողնեմ։ Ու նա ինձ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ տվեց:

Չգիտեմ էլ, թե ինչու է այդպես, բայց երբ մարդիկ իրենց խնդրածը ստանում են, միանգամից հեռանում են Աստծուց, ինձ հետ էլ այդպես եղավ։ Երբ Աստծուց հեռացա, իմ սպորտային կարիերայում արդյունքներից զրկվեցի:

Բայց դա հասկանալով ու այս տարի Աստծուց նոր նշաններ ստանալով՝ կամաց-կամաց շարունակեցի հոգեւոր կյանքով առաջնորդվել: Սկսեցի պատարագների ու ժամերգությունների գնալ ու զգացի, որ ամեն ինչ կստացվի։ Երկու տարի մեդալին անգամ մոտ չէի եղել, բայց աստիճանաբար ամեն ինչ իր տեղն ընկավ։ 

Աստծուն մոտենալով լրիվ ուրիշ մարդ ես դառնում ու այնպիսի բաներ նկատում, որոնց մասին նույնիսկ պատկերացում էլ չունեիր։ Վերջ ի վերջո կյանքի իմաստն ես հասկանում, աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, թեկուզ սպորտային արդյունքները։ Կարեւորն այնպես ապրես, որ հետագայում չմտածես ու չափսոսաս արածներիդ համար։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայրիկի դերը. Հայրիկը ոչ միայն ինձ, այլ նաեւ երկու եղբայրներիս է հենց փոքր տարիքից մեծ ուշադրություն դարձրել։ Բոլորս էլ ձյուդոյով ենք զբաղվում, ավագ եղբայրս ինձնից մեկ տարով է մեծ, համարյա միասին ենք սկսել պարապել։ Փոքրը 15 տարեկան է ու նոր է մտնում պրոֆեսիոնալ սպորտ, շուտով Հայաստանի պատանիների առաջնությանը կմասնակցի։ 

Ինձ ու ավագ եղբորս հայրիկը նաեւ թիավարության է տարել, որ ֆիզիկապես կոփվենք։ 2-3 տարի պարապել ենք ու նույնիսկ Հայաստանի առաջնությունում 2-րդ տեղը գրավել: Նաեւ հայրիկն այնպես է արել, որ գյուղում տարբեր աշխատանքներով կատարելով ուժեղանանք։ Մեզ ամենասննդարար ուտելիքն է տվել, որպեսզի պատրաստ լինենք։ Հայրիկի կյանքի գլխավոր նպատակն է եղել, որ հաջողության հասնենք ու իր կիսատ թողած գործը շարունակենք: 

Որոշ դեպքերում նա նույնիսկ մեզնից շատ է մեզ հավատացել: Նույնիսկ հավելյալ աշխատանքի է գնացել, որովհետեւ սպորտում առանց արդյունքի գումար չի լինում։ Նա ամեն ինչ է տվել, որ մի օր հասնենք նման մակարդակի։

Մարզիչները. 14 տարեկանից ընդգրկվել եմ պատանեկան հավաքականում, որտեղ աշխատել եմ ընկեր Դավթյանի (Հովհաննես) ու ընկեր Դավոյի (Խաչատրյան) հետ։ Պատանեկան թիմում անցկացրած առաջին տարում աշխատել եմ ընկեր Գոռի (Հարությունյան) հետ: Նրանք տարատեսակ մարզումներով օգնեցին ուրիշ մակարդակի դուրս գալ եւ միջազգային մրցումներում մեդալներ նվաճել:

Ընկեր Դավթյանը ոչ միայն ինձ, ամբողջ հավաքականին է իր կարգապահությունը սովորեցնում։ Մեզ խստությամբ է առաջնորդում ու օգնում սպորտային հոգեբանության իմացությամբ, նա էլ ժամանակին մեծ մարզիկ է եղել ու լավ ծանոթ է պայքարին։ Նա իր սաներին հավատում է նույնիսկ այն դեպքում, երբ ինքներս ենք մեր ուժերին կասկածում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներն այդ հավատն այնքան պահեցին, մինչեւ որ ոսկե մեդալ նվաճեցի։ Բոլորն արդեն կասկածում էին ուժերիս ու մտածում, թե ինչո՞ւ պիտի Վահեին տանեն միջազգային մրցումների, բայց գիտեին, որ վաղ թե ուշ արդյունք լինելու է։ 

Միջազգային առաջին մրցաշարը. Իմ առաջին մրցաշարից շատ տխուր հիշողություններ են մնացել։ Այդ տարի Հայաստանի առաջնությունում 3-րդ տեղն էի զբաղեցրել ու չկարողացա պետական ֆինանսավորմամբ ելույթ ունենալ, հայրիկս է գումար տրամադրել։ Այդտեղ եւս հայրիկիս հավատը երեւում է՝ նույնիսկ Հայաստանի առաջնությունում չէի կարողացել հաղթել, բայց նա ուզում էր անպայման Եվրոպայի առաջնությանը մասնակցեմ: Սակայն լարվածությանը դիմանալ չկարողացա նաեւ այն պատճառով, որ նրա առաջ մեծ պատասխանատվություն էի զգում։ Արդյունքում շատ վատ մասնակցեցի:

Սկզբում միջազգային մրցաշարերից վախենում ես, որովհետեւ մրցակիցներն անծանոթ են լինում, արենաներն՝ ավելի մեծ։ Բայց աստիճանաբար հարմարվում ես ու փորձ ձեռք բերում։ Այդ պարտությունից 6 ամիս անց ամեն ինչ արեցի հայրիկի սպասելիքներն արդարացնելու համար ու հաղթեցի Հայաստանի առաջնությունում։ Դրա շնորհիվ Ռումինիայում մասնակցեցի Եվրոպայի Գավաթին ու 3-րդ տեղը գրավեցի։ 

Ուրախությունս շատ մեծ էր, քանի որ առաջին նշանակալի մեդալն էի նվաճել: Իսկ դրանից մեկ ամիս անց ԵԱ-ում հանդես եկա ու բանակիս, ինչու չէ նաեւ թոշակիս ու ինստիտուտիս հարցերը լուծեցի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոյի անկման պատճառները. Երկար ժամանակ հայկական ձյուդոյում արդյունքներ չկային, ինչն իր պատճառներն ուներ։ Նախ սերնդափոխություն եղավ, նոր կադրեր չկային։ Ընկեր Դավթյանի ու նրա մարզչական թիմի գործելաոճն այնպիսին է, որ թիմը ստանձնելուց հետո սկսեցին փոքր տարիքից թիմ հավաքել ու մարզիկներին պատրաստել։ Բնականաբար, ժամանակ պետք եղավ, որ արդյունքներ գրանցվեն, հիմա արդեն կատարած աշխատանքը նկատելի պտուղներ տալիս է։ 

Սկզբում հաջողություններ եղան պատանեկան ձյուդոյում, հետո՝ երիտասարդական, հիմա արդեն 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Նախորդ տարի նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր էր դարձել Աշիկ Անդրեյանը, ԵԱ-ում էլ նա 5-րդն էր, ինչը նույնպես լավ ցուցանիշ է։ Ինձ թվում է՝ հետագայում ավելի մեծ տարիքայինների պայքարում էլ հաջողություններ կլինեն:

Դժվարությունները. Ձյուդոյի առաջընթացին առաջին հերթին խանգարում են սպորտի մասին մարդկանց գիտելիքները։ Ավելի շատ  իրենց երեխաներին տանում են կարատեի կամ բազկամարտի, Հրազդանում հենց այդ ձեւերին են մեծ ուշադրություն դարձնում։ Դրանցում ուժեղ մարզիկներ ունենք, բայց ավելի լավ կլիներ միջազգային ասպարեզում Օլիմպիական սպորտաձեւերում հաջողություններ լինեին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետք է մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի մարդկանց համար Օլիմպիական ու մյուս մարզաձեւերի տարբերություններն ավելի ակնհայտ դառնան։ Նրանք կարատեի ու ձյուդոյի մեդալները նույն հարթության մեջ են դիտարկում, մինչդեռ չեն էլ պատկերացնում բարդությունների տարբերությունը, որ մարզիկներն ամեն մարզաձեւում հաղթահարում են։ Չեմ կարող ասել, թե այդ սխալն ինչից է սկսվել, բայց որ այն կա, հաստատ է: 

Առաջին ոսկին. Այս մեդալը շատ կարեւոր էր ինձ համար ու հավատս ավելի կուժեղացնի։ Այն շատ սպասված էր ու չնվաճելու դեպքում հիասթափություն կունենայի: Ամեն ինչ սկսեցի նոր ուժով ու հավատով, ավելի շատ ապավինեցի Աստծուն ու նրա գործն իմ կյանքում տեսա: 

Չեմպիոնական զգացողություններն աննկարագրելի էին։ Մարզիչներն ու թիմն ուրախացել էին, իսկ ես ժողովրդական լեզվով ասած մի 2-3 օր օդերում էի։ Նույնիսկ օդանավակայանում չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Ընտանիքս ու հարազատներս ինձ շատ լավ ընդունեցին։ Բոլորի համար էր այս մեդալը շատ սպասված, դրա համար ուրախությունս բազմապատկված էր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակները. Ավելի հավատով եմ տրամադրվում, եթե առաջ մտածում էի ոչինչ չի ստացվում, հիմա գիտեմ, թե ինչն էի սխալ անում։ Սխալն իմ ներսում է եղել: Հիմա ավելի գիտակցաբար հանդես կգամ մեծահասակների սպորտում ու հաջողությունների կձգտեմ: Այդ տարիքային խմբում պետք է ավելի խելացի լինել, ֆիզիկապես համարյա բոլորը հավասար են, պարզապես անհրաժեշտ է ավելի գրագետ գտնվել ու մրցումային ոգի ունենալ: 

Բնականաբար, ամեն ինչ սկսվում է Հայաստանի առաջնությունից, եթե լավ չմասնակցեմ, հետագայում խնդիրներ կունենամ։ Դրա համար լրջորեն տրամադրվում եմ դեկտեմբերին կայանալիք երկրի առաջնությանը, հիմա ինձ վրա դրված պատասխանատվությունն ավելի մեծ է, քանի որ բոլորը լավ արդյունք են սպասում։ Պետք է այն արժանապատվորեն կրեմ: 

Նպատակս է քայլ առ քայլ հաստատվել մեծահասակների պայքարում ու ձգտել արդյունքի։ Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելն իրատեսական եմ համարում։ 

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին