Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքի համար Հայաստանի ազգային հավաքականի ու «Լեգիա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ զրուցել ենք 8 տարի առաջ: Այն ժամանակ նա դեռ «Շիրակ»-ի ու Մ-19 տ. թիմում էր հանդես գալիս, այս տարիների ընթացքում ֆուտբոլիստի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին էլ նա պատմել է:
8 տարի առաջ. Այդ ժամանակ դեռ «Շիրակ»-ում էի խաղում, որի կազմում ընդգրկվելը փոքր տարիքից երազանք էր: Դիտում էի իմ ամենասիրելի ակումբի խաղերն ու երազում մի օր համալրել այն: Ճիշտ է՝ գլխավոր թիմում կարճ հանդես եկա, բայց այդ երկու տարիների ընթացքում ամեն ինչ արեցի թիմին օգնելու համար: Կարողացանք Գավաթին տիրանալ, բայց մեծ ցանկություն ունեի նաեւ չեմպիոնի կոչումը նվաճել: Քանի դեռ ֆուտբոլիստ եմ, այդ երազանքս շարունակելու է ուժի մեջ լինել:
Միշտ շատ եմ ցանկացել ուժերս փորձել եվրոպական ֆուտբոլում ու Սլովակիա տեղափոխվելը մեծ փորձ էր ինձ համար: Այդ պահին տարբեր տեղերից, այդ թվում ռուսական ակումբներից առաջարկություններ ունեի, բայց ինձ համար Եվրոպայում խաղալն ավելի կարեւոր էր: Ցանկությունս ու սիրտս այդ կողմ ձգեցին ու հայտնվեցի «Ժիլինա»-ում: Սպորտը պայքար է ու քո ճանապարհին նաեւ դժվարություններ են լինում: Սլովակիայում ծանր վնասվածք ստացա, որը հաղթահարելը բավական բարդ էր: Բացի այդ էլ լրիվ միայնակ հայտնվել էի նոր միջավայրում, կողքիս հարազատներ կամ ընկերներ չկային, բայց հենց այդ բարդ շրջանն է ինձ օգնել ավելի հասունանալ ու կյանքին ճիշտ աչքերով նայել: Իսկ լավ պահերն ու հիշողությունները Աստծո տված շնորհներն են, որոնք վայելել եմ ու ապագայի համար էներգիա կուտակել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, բոլոր նպատակներս իրագործել չի ստացվել, որոշները շատ բարձր են եղել: Կյանքում սահմաններ չկան ու միշտ նոր նպատակներ են ի հայտ գալիս: Քանի դեռ հնարավորություն կա, առաջ գնալու ցանկությունս շատ մեծ է թե ակումբում ու թե հավաքականում:
Հավաքականը. Ինձ համար միշտ երազանք է եղել նաեւ կրել հավաքականի մարզաշապիկը, դա ֆուտբոլիստի համար միաժամանակ շատ մեծ պատասխանատվություն է ու պատիվ: Ճիշտ է, հիմա մեզ համար դժվար ժամանակներ են, բայց պետք է ամեն ինչ մանրամասն վերլուծենք ու հասկանանք անհաջողության պատճառները: Մենք այն երկրների թվում ենք, որտեղ սիրում են ավելի շատ խոսել, քան գործել, ինչն ինձ համար անլուրջ է:
Հաջողության հնարավոր է հասնել միայն գործով, պետք է զարգանալ, միասնական լինել, չվախենալ ընդունել սխալները ու ամենակարեւորը թիմ լինել: Մեր երկրին ու հավաքականին առաջ տանելու շարժիչ ուժը պիտի սերն ու հարգանքը լինեն, հավատքն ու թիմային աշխատանքը, ընդհանուր արժեքներին հետեւելը, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Անսխալ մարդիկ չկան, մենք էլ բացառություն չենք, բայց պիտի սկսենք ուղղվել ու քայլ առ քայլ առաջ գնալ:

Լուսանկարը` Photolure
Վստահ եմ, եթե յուրաքանչյուր թիմ ու հավաքական իր պատմության ընթացքում հաջողություն է ունենում, մենք էլ բացառություն չենք: Միշտ դրական եմ տրամադրված, հույսով ու հավատում լի եմ, որ հավաքականն ունենալու է հաջողություններ:
Արժեքները. Ինձ համար հավաքականն արժեք է, որը ամեն մարդ պետք է հարգի ու հանուն թիմի պատրաստ լինի ամեն ինչի: Երբ հավաքականի շապիկը կրելու պատիվ է ընձեռվում, անուններն ու ազգանունները երկրորդ պլան են մղվում: Իսկ երբ անունների հետեւից ենք ընկնում, կորցնում ենք թիմը:
Հայաստանում, թե արտասահմանում ծնված յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով հրավիրվում է հավաքական, պետք է տեղեկացված լինի, թե ուր է գալիս, ինչի համար եւ ինչ ունի այստեղ անելու: Հավաքականը պարզապես քմահաճույք չէ, կամ այնպիսի տեղ, ուր միայն լավ պահերին են միանում կամ էլ գալիս ժամանակ անցկացնելու:
Մինչդեռ հավաքականի ամեն խաղ, անկախ նրանից ընկերական է, թե պաշտոնական, կարեւոր է մեր ազգի ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ապրել են այս երկրում, քրտնել, աշխատել նրա համար ու հավատում են մեզ: Մեզնից ամեն մեկը պարտավոր է իր ներսում հասկանալ հավաքական գալու պատճառներն ու գիտակցել թիմային արժեքները:

Լուսանկարը` Reuters
Յուրաքանչյուրը պիտի անհամբեր սպասի հավաքական հրավիրվելուն ու մեծ ուրախությամբ գա, ոչ թե մտածի շուտ խաղալու ու հեռանալու մասին: Մենք մի ամբողջ ազգ ենք ներկայացնում ու մեր նպատակներն էլ ընդհանուր են: Երբ այդ ամենը շատ բարձր մակարդակի վրա լինի, խաղադաշտում էլ կկարողանանք արդյունքի հասնել:
Ապավինել սեփական ուժերին. Իմ կարծիքով՝ ոչ մի անգամ հավաքականում մարզչի խնդիր չի եղել, պատճառներն առաջին հերթին մեր մեջ են: Պիտի ամեն ինչ մեր ներսում փնտրել ու հասկանալ հավաքականի ու հայրենիքի իմաստները: Պիտի կյանք դնենք ու պայքարենք անկախ նրանից կստացվի, թե չէ: Չեմ ուզում, որ մեր հավաքականը համեմատվի որեւէ մեկի հետ, ամեն թիմ էլ իր լավ ու վատ կողմերն ունի, պիտի ավելի շատ մեզ նայենք ու հասկանանք, թե ինքներս ինչ ենք ուզում:
Շատ կարեւոր է հավատալ, որ կարող ենք հասնել հաջողության ու հույսներս միայն մեզ վրա դնենք, ոչ թե դրսից մեկի, որ կգա ու օգնի: Վստահ եմ, որ լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք ունակ են տարբեր խնդիրներ լուծել: Բայց դրա համար առաջին հերթին պարտավոր ենք հասկանալ մեր արժեքներն ու դրանք գնահատել: Մնացածը շատ հեշտ լուծելի են:

Լուսանկարը` Photolure
Առավելությունները. Հավատքով ենք եւ ոգի ունենք, ուղղակի այդ ամենը վերակենդանացնել է պետք նրանց մոտ, ովքեր այն կորցրել են: Կոնկրետ ինձ մոտ այդ ամենը երբեք էլ չի անհետացել: Չեմ ուզում ավելի շատ մեր շուրջբոլորը նայենք, պիտի հայելու մեջ հենց մեզ տեսնենք, վերլուծենք ու ճիշտ հետեւություններ անենք: Ինքներս էլ տեսնում ենք, որ հիմա թիմային ու անհատական մարզաձեւերում անհնարին ոչինչ չկա, պարզապես ցանկություն, հավատք ու շատ աշխատանք է հարկավոր:
Բավական է, որքան հետ նայեցինք, միեւնույն է այնտեղ ոչինչ չենք գտնելու, պետք է ապագայի վրա կենտրոնանալ է ու մեր եռանդը եւ էներգիան վերադարձնել: Հասկանում ենք, որ ԱԱ-ի ընտրական խումբը բավական ուժեղ է, առաջին հանդիպումներում մրցելու ենք Պորտուգալիայի եւ Իռլանդիայի դեմ, որոնք բավական բարդ մրցակիցներ են:
Պորտուգալիան վեջերս հաղթեց Ազգերի Լիգայում, այն շատ ուժեղ հավաքական է ու ինձ համար Աշխարհի չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդներից մեկը: Այդ հանդիպումներին պիտի լավ պատրաստվենք, հուսանք, որ վնասվածքներ չեն լինի ու միասնական ուժերով փորձենք առավելագույնն անել:

Լուսանկարը` ՀՖՖ
«Ժիլինա»-ն. Շատ հետաքրքիր, բազմազան ու տարբեր փորձառություններով լի 4,5 տարի եմ անցկացրել ակումբում: Հիմա հիշելով՝ շատ մեծ էներգիայով եմ լցվում, թեեւ սկիզբը բավական ծանր էր ինձ համար: Քնից զարթնեցի ու միանգամից լրիվ նոր միջավայրում հայտնվեցի, որտեղ շուրջս ոչ մի ծանոթ մարդ չկար: Իսկապես դժվար օրեր էին, դեռ մինչեւ 19 տարեկանների հավաքականում էի հանդես գալիս: Մարզումներից վերադառնում էի ու չգիտեի ինչ անել, լրիվ միայնակ էի: Օրերն էի հաշվում, թե երբ եմ նորից վերադառնալու Հայաստան ու մասնակցելու հավաքականի խաղերին: Տղաների հետ լինելուց ու հայերեն խոսելուց հետո կարոտս մի քիչ առնում էի: Այդ շրջանում դժվարությունները հենց այդպես էի հաղթահարում, ու կապ չուներ, որ հավաքները եւ հանդիպումները կարող էին նաեւ արտերկրում լինել: Թիմակիցներիս միջավայրում էի լրացնում ընտանիքիս պակասն ու կարոտը:
«Ժիլինա»-ում վնասվածքներ ունեցա ու դրանց պատճառով համարյա 2 տարի կորցրի: Սկզբում ծունկս էր, հետո ոտնաթաթիս վնասվածքը եղավ: «Ժիլինա»-ն ինձ համար միշտ հարազատ թիմ կմնա, որովհետեւ միշտ աջակցել է ու կողքիս եղել, հավատացել, որ նորից կվերադառնամ խաղադաշտ: Ապաքինվելուց հետո 2 լավ մրցաշրջան անցկացրի, որպես ֆուտբոլիստ ու մարդ հենց Սլովակիայում ձեւավորվեցի: Լեհաստան տեղափոխվելիս ավելի կայուն ու կայացած էի:

Լուսանկարը` FC Zilina
Դրա համար երբեք չեմ մոռանա, թե «Ժիլինա»-ն ինձ որքան շատ բան է տվել, այն կյանքի մեծ դպրոց էր: Որոշել էի ակումբի ակադեմիայում մնալ ու առանձին բնակարան չտեղափոխվել, քանի որ միայնակ ապրելն էլ ավելի դժվար կլիներ: Դրա համար ակադեմիայում անցկացրած 2 տարվա ընթացքում մեծ օգուտ քաղեցի: Կողքիս այլ ֆուտբոլիստներ էլ կային, մտերմացանք իրար հետ, ազատ ժամանակ տարբեր զբաղմունքներ էինք գտնում կամ խաղում: Երեկոյան էլ հաճախ էի գնդակները վերցնում ու գնում խաղադաշտում պարապելու:
Պոգոնյան շրջանը. «Ժիլինա»-ից հետո մտածում էի, որ էլ երբեք այդպիսի լավ մթնոլորտի ու թիմի չեմ հանդիպի, բայց «Պոգոն»-ում էլ շատ ընտանեկան ու ընկերական միջավայր էր, ինչն ինձ շատ զարմացրեց: Այնտեղ էլ 3 անմոռանալի տարի ունեցա, կարող եմ փաստել, որ այդ առումով բախտս բերել է, միշտ լսել եմ սրտիս թելադրանքին ու ճիշտ ակումբներ ընտրել: Աստված ինձ միշտ այն ճանապարհով է տարել, որ հետագայում իմ կայացրած որոշումների համար չափսոսամ: Իմ բոլոր թիմերում էլ ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է եղել ու կարողացել եմ աճել:
Թիմից հեռանալը դժվար էր, որովհետեւ երբ նվիրվում ես, քեզ զգում ինչպես տանն ու հարազատ մարդկանցով շրջապատված լինում, երբեք էլ մտքովդ չի անցնում թողնել այդ ամենը: «Պոգոն»-ում վայելում էի աշխատանքս ու հաճույք ստանում, ինչն ամենակարեւորն է: Իհարկե, միշտ էլ ավելի լավին կարող ես ձգտել, բայց այնտեղ շատ առումներով էի բավարարված: Ցանկանում էի ակումբի հետ հաջողության հասնել, բայց ցավոք Գավաթի եզրափակչում պարտվեցինք: Իսկ հետո «Պոգոն»-ը ֆինանսական խնդիրներ ուներ, ու ես այն ֆուտբոլիստների թվում էի, որոնց պայմանագրի ավարտին 6 ամիս էր մնում ու պետք է հեռանայի:

Լուսանկարը` FC Pogon
«Լեգիա»-ն. Ինքս էլ մեծ ցանկություն ունեի կարիերաս շարունակել «Լեգիա»-ում: Երբ մարզիչը կապվեց ինձ հետ ու իմացա իրենց հետաքրքրության մասին, շատ ուրախացա: Այն Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբն է՝ 21 անգամ գավաթակիր է դարձել, 16-ակի չեմպիոն է, Սուպերգավաթում ու այլ մրցաշարերում էլ հաջողություններ ունի: Թեեւ «Պոգոն»-ը թողնելը շատ դժվար էր, բայց ուզում էի հանուն սպորտային նպատակներիս քայլ առաջ կատարել:
Գիտեի, որ այնտեղ մրցակցությունն ավելի մեծ կլինի, բայց աճելու համար պիտի ռիսկի դիմես, որպեսզի տեսնես, թե ինչի ես ընդունակ եւ որքան հեռուն կարող ես գնալ: Նման պահերին պիտի հավատաս քեզ ու քո ուժերին, առանց այն էլ սպորտային կյանքը կարճ է ու ոչ մի հնարավորություն բաց չթողնես:
«Լեգիա»-ն մեծ նպատակներով թիմ է, պայքարում է չեմպիոնության համար ու Եվրոպայի Լիգայում է խաղալու, դրա համար միանշանակ այս տեղափոխությունը ճիշտ էր ու ժամանակին:

Լուսանկարը` FC Legia
Վնասվածքը. Կամաց-կամաց ապաքինվում եմ, թիմն արդեն սկսել է նախապատրաստվել մրցաշրջանին: Ես էլ այս շաբաթվանից պետք է սկսեմ մարզվել, վնասվածքս այնպիսին է, որ դաշտից դուրս այնքան էլ չի անհանգստացնում ու մարզումների ընթացքում կհասկանամ, թե ապաքինումն ինչպես է ընթանում: Հունիսի 22-ին ուսումնամարզական հավաքի ենք մեկնելու Ավստրիա, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի ու կկարողանամ լավ նախապատրաստական շրջան ունենալ:
Տանը. Գյումրիից նոր եմ վերադարձել, տանը լինելը միշտ էլ առանձնահատուկ է: Գյումրին ինձ համար յուրահատուկ քաղաք է, այնտեղ ուրախ է, մթնոլորտը լավն է ու հաճելի մարդկանցով եմ շրջապատված լինում: Ամեն տարի էլ արձակուրդիս մի մասն այնտեղ եմ անցկացնում, այս անգամ ավելի երկար մնացի, քանի որ վնասվածքից էի ապաքինվում ու ցանկություն ունեի տանը լինելու: Դրա համար էլ ազատ օրերս հիմնականում Գյումրիում անցան:
Քաղաքը շատ է փոխվել, այս անգամ բազմաթիվ զբոսաշրջիկներ կային Հայաստանից ու արտերկրից, նախկինում նման բան չէի նկատել: Հուսով եմ՝ ամեն տարի քաղաքն ավելի լավը կդառնա ու կզարգանա, չեմ ասում ավելի կսիրունանա, քանի որ Գյումրին միշտ է գեղեցիկ եղել:

Լուսանկարը` Reuters
Ու քանի որ տանն ավելի երկար եմ մնացել, համեղ ուտելիքներից էլ մի քիչ ավելի շատ եմ օգտվել: Հիմնականում կերել եմ այն ամենը, ինչն ամենաշատն եմ կարոտում՝ հաց, լոլիկ ու պանիր: Հայկական ամեն ինչն էլ համեղ է: Խաշլամա ու ձուկ էլ եմ կերել, բայց ամեն ինչ չափի մեջ, որպեսզի ավել քաշով չվերադառնայի ակումբ:
Նպատակները. Ամենակարեւորը մարզիկի համար առողջությունն է ու վնասվածքների բացակայությունը, ցանկության ու հավատի պակաս չունեմ, կփորձեմ էլ ավելի առաջ գնալ եւ ուրախության մեծ պահեր պարգեւել իմ ազգին ու ինձ: Ժամանակից առաջ չընկնեմ ու կանխատեսումներ չանեմ, բայց հուսով եմ առաջիկայում էլ ավելի հետաքրքիր պահերով, հաջողություններով ու հաղթանակներով լի տարիներ կլինեն:
Շատ եմ ուզում ակումբի հետ նվաճումների հասնել, բայց առավել շատ ձգտում եմ հավաքականի շնորհիվ ազգովի լիաթոք ու միահամուռ ուրախանանք: Իմ ամենամեծ ցանկություններից է, որ հավաքականի լավ ելույթների շնորհիվ մարդկանց աչքերում երջանկություն հայտնվի, ու այդ ամենի մեջ ես էլ իմ ներդրումն ունենամ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: