2017-ին Սոնա Ասատրյանը Մ-18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր ու հեռանկարային շախմատիստ, հիմա նա երջանիկ մայրիկ ու կին է, թեեւ սպորտից հեռացել է, բայց երազում է նորից վերադառնալ ու մեծ նվաճումների հասնել:
Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում նորից ենք հանդիպել Ասատրյանի հետ ու խոսել կյանքում տեղի ունեցած փոփոխությունների եւ նոր նպատակների մասին:
8 տարի անց
Այս տարիների ընթացքում շատ-շատ եմ փոխվել, ամենավատն այն է, որ սպորտից մի փոքր հեռացել եմ: Այս պահին լրիվ այլ ոլորտում եմ աշխատում, չնայած սպորտ վերադառնալու մտադրություն ունեմ, որովհետեւ այն շատ եմ կարոտում:
Գիտակցում եմ, որ այն ժամանակ իմ առավելագույնն եմ արել, բայց ֆինանսական խնդիրներ կային, որոնց պատճառով շատ բաներ ինձ թույլ տալ չէի կարող, դրա համար էլ որոշեցի կենտրոնանալ ուսմանս վրա, մասնագիտություն ձեռք բերել ու հոգ տանել իմ մասին:
Հիմա ցավոք շատ քիչ եմ շախմատ խաղում ու հիմնականում զբաղված եմ դստերս՝ Վիկտորիայի խնամքով, սպասում եմ մի քիչ մեծանա ու նորից վերադառնամ իմ սիրած զբաղմունքին:
Շախմատից հեռանալը
Ինչ-որ չափով գումարի պատճառով մրցաշարերի մեկնելը դժվարացավ, բացի այդ էլ 2020 թվականին համավարակի ժամանակ մահացավ մարզիչս՝ Արսեն Եղիազարյանը: Նրա կորուստը շատ ծանր տարա ու չէի տեսնում, թե ում մոտ կարելի է պարապել, շատ դժվար էր: Նաեւ քովիդով պայմանավորված՝ 2020-ին մրցաշարեր չէին անցկացվում, այդ տարի էլ որոշեցի ավարտել համալսարանն ու մինչ հստակություն կլինի ուրիշ աշխատանքով զբաղվել: Այդ շրջանում բոլորիս մոտ շատ մեծ անորոշություն էր, ամեն ինչ այնքան վատ էր, որ մարդիկ չգիտեին ինչ կլինի ու ապագա չէին տեսնում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ավարտեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու արդեն 6 տարուց ավել է աշխատում եմ իմ մասնագիտությամբ՝ որակի վերահսկման ինժեներ եմ: Դստերս ծնվելուց հետո որոշակի դադար էի վերցրել, բայց արդեն վերադարձել եմ աշխատանքին: Փորձում եմ Վիկտորիայի դաստիարակությունը համատեղել գործի հետ, շատ շնորհակալ եմ իմ ընկերությանը, որ շատ հարցերում ընդառաջում է ու խնդիրներ չեն առաջանում: Բացի այդ էլ երկու տատիկներն են ինձ շատ օգնում, առանց նրանց չէի կարող աշխատել:
Կարոտը
Եթե ստացվի, մյուս տարվանից ուզում եմ սկսել մի քիչ խաղալ ու վարկանիշս բարձրացնել: Այս պահին դեռ քայլեր ձեռնարկել չեմ կարողանում, որովհետեւ աղջիկս ողջ ժամանակը խլում է, բայց գիտեմ, որ այդ ամենը ժամանակավոր է, համբերատար սպասում եմ, որ մեծանա ու ամբողջությամբ կարողանամ զբաղվել ինձնով:
Շախմատից չեմ հեռացել, պարզապես այն սառեցված վիճակում է, երբեք ինքնակամ սպորտը չեմ թողնի, դա բացառված է: Շախմատն իսկապես շատ եմ կարոտում, վերջին անգամ խաղացել եմ նախանցած տարի, հետո ընտանիքում համալրում եղավ, ու չկարողացա շարունակել:

Լուսանկարը` անձնական արխիվից
Պլանավորում եմ 2026-ի տարեսկզբին մի քանի մրցաշարերի մասնակցել ու հետո դրանց քանակն աստիճանաբար ավելացնել:
Շախմատն ինձ շատ բան է տալիս, մրցաշարերի մասնակցելիս զգում եմ, թե ուղեղս ինչպես է սկսում լավ աշխատել, առողջությունս ավելի լավն է դառնում, իմ կյանքում առաջին պլանում է հայտնվում կարգապահությունը, ռեժիմով եմ ապրում եւ առողջ ապրելակերպ վարում:
Սպորտից հեռու դատարկություն եմ զգում: Թեեւ հիմա առցանց խաղում եմ, այնպես չի, որ ընդհանրապես եմ շախմատից հեռացել, նաեւ ժամանակ առ ժամանակ պարապում եմ, խնդիրներ լուծում, բացի այդ էլ ամուսինս՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ամբողջ ընթացքում պարապում է: Նրան եմ հետեւում ու հարցեր տալիս, ինքն էլ է շատ ցանկանում, որ վերադառնամ, միասին ճանապարհորդենք ու տարբեր մրցաշարերի մասնակցենք:
Ուզում է, որ ավելի ուժեղանամ ու իր կողքին լավ շախմատիստուհի լինի: Բայց իհարկե այս պահին ընտանիքն է առաջին տեղում, չեմ փոշմանել այս ճանապարհն ընտրելու համար:

Լուսանկարը` անձնական արխիվից
Շախմատիստ ամուսինը
Ռոբերտին շատ եմ օգնում առաջին հերթին հոգեբանորեն: Պատկերացնում եմ, եթե շախմատից հեռու մարդ լինեի, նրա համար ինչքան դժվար կլիներ, որովհետեւ տարվա ընթացքում քաղաքից ու երկրից շատ է բացակայում, ամեն մեկը չէ, որ կհասկանա այդ ամենը, իսկ ես դրան նորմալ եմ վերաբերվում, նույնիսկ՝ դրական:
Նախ կարող եմ ինքս էլ երբեն հետը մեկնել մրցումների, համոզված եմ, որ իրեն չեմ խանգարի, ամեն հարցում հասկանում եմ ու գիտեմ, թե իրեն ինչ է տրամադրվելու համար:
Մյուս կողմից էլ իր բացակայությունները դրական ազդեցություն են ունենում մեր հարաբերությունների վրա, երբեմն մարդիկ պետք է իրարից հանգստանան՝ չնայած մենք միշտ շատ հաշտ ու համերաշխ ենք եղել: Բայց նաեւ միշտ ասում եմ, որ գուցե մեր ներդաշնակության պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակ առ ժամանակ առանձին ենք լինում ու իրարից չենք հոգնում: Հասցնում ենք նաեւ կարոտել, թեեւ մեկ-մեկ շատ դժվար է լինում, պատահում է 1-2 ամսով մեկնում է մրցումների, ինչն արդեն երկար ժամանակահատված է:
Աղջիկը
Վիկտորիան իմ կյանք շատ բան է բերել, մինչեւ նրա ծնունդը չէի պատկերացնում, որ մարդուն կարելի է այդքան շատ սիրել: Նա ամբողջությամբ մեր առօրյան փոխել է, նախկինում կարող էինք գիշերը ժամը 12-ին կամ 1-ին որոշել գնալ զբոսնելու, հիմա այդ առումով սահմանափակումներ կան: Մի քանի ժամ աշխատանքի վայրում գտնվելու ընթացքում էլ անընդհատ մտքիս մեջ է, ուզում եմ շուտ տուն վերադառնալ ու տեսնել ինչ է անում, հաց է կերել արդյոք ու քնել, ոնց է խաղում:

Լուսանկարը` անձնական արխիվից
Երբ ամուսնությունից հետո Ռոբերտը մեկնում էր մրցաշարերի, ինձ համար շատ դժվար էր տանը լրիվ միայնակ մնալ, բայց հիմա Վիկտորիայի շնորհիվ այդ կարոտն ավելի քիչ եմ զգում: Ինձ թվում է՝ իր մի մասնիկ իմ կողքին է մնացել ու սպասման շրջանն ավելի հեշտ է անցնում:
Հենց Ռոբերտին կարոտում եմ, Վիկտորիային եմ գրկում ու ասում. «Ոչինչ, պապադ շուտով կգա, հիմա խաղում է» ու երկուսով ենք սկսում նրան երկրպագել: Սեպտեմբերին Ուզբեկստանում Ռոբերտը շատ լուրջ մրցաշարի է մասնակցելու, իմ աղջիկն արդեն մեծացել է՝ 1,1 տարեկան է, տեսնենք, թե միասին ոնց ենք այստեղից օգնելու հայրիկին: Հիմա նրա մոտ ակտիվ մարզումների շրջան է, ու էլի հնարավորինս փորձում ենք աջակցել:
Դեռ Վիկտորիան այդքան էլ մեծ չէ ու Ռոբերտի բացակայությունները չի հասկանում: Բացի այդ էլ, այս տարի մրցումները դեռ երկար չեն տեւել, Ջերմուկում է ելույթ ունեցել, ու մի քանի օրով միացել ենք նրան: Շուտով կարող է զգալ հայրիկի կարոտը, որովհետեւ մեծացել է ու ավելի երկար ժամանակով չի տեսնելու:
Կապը հայրենիքի հետ
Արտերկրում ապրելու ու մարզվելու առաջարկներ եղել են, սակայն դրանք նույնիսկ չենք էլ քննարկել: Մեր ապագան մինչեւ հիմա միայն Հայաստանում ենք պատկերացնում: Այստեղ ենք մեզ լավ զգում ու մեր երեխաների ապագան այստեղ պատկերացնում: Շատ մեծ հույս ունեմ, որ չնայած ծանր վիճակին՝ մեր երկիրը գնալով ավելի լավը կդառնա: Ուզում ենք այնքան լավ լինի, որ միշտ ցանկանանք մնալ Հայաստանում:

Լուսանկարը` անձնական արխիվից
Չնայած հիմա էլ ինչ ունենք՝ մեզ լրիվ բավական է կատարյալ երջանիկ լինելու համար, չենք էլ ուզում կամ մտածում այլ երկիր տեղափոխվելու մասին: Չեմ պատկերացնում, որ մարդիկ երջանիկ ապրում են ուրիշ երկրում՝ հայրենիքից, ընտանիքից, բարեկամներից ու ընկերներից հեռու:
Ուրիշ երկրում ինձ միշտ երկրորդական մարդ եմ զգացել: Դրա համար էլ ուզում ենք հայրենիքում մնալ, քանի որ այստեղ երկուսիս կարծիքով էլ ջերմություն կա:
Երբ աղջիկս պետք է ծնվեր, մարդիկ առաջարկում էին մեկնել ԱՄՆ ու այնտեղ ծննդաբերել, պատասխանում էի. «Եթե մեր երկիրը կա ու մենք հայ ենք, ինչո՞ւ պետք է իմ աղջիկն այլ երկրի քաղաքացիություն ունենա»:
Արտերկրում ամեն պահի ո՞վ պետք է ինձ օգնի, ո՞ւմ կարող եմ զանգել, որ գա ու ինձ մեկ բաժակ ջուր տա:
Նպատակները
Շատ եմ ուզում վերադառնալ շախմատ, եթե ստացվի ընդգրկվել հավաքականի կազմում, շատ ավելի լավ կլինի, իսկ եթե ոչ, չեմ հուսահատվի, կխաղամ առնվազն իմ հաճույքի համար:
Սպորտը շատ նաեւ հետաքրքիր է ճամփորդելու տեսանկյունից, որովհետեւ մրցաշարի մասնակցելուց բացի նաեւ նոր երկիր տեսնելու հնարավորություն ես ստանում, կտրվում քո առօրյայից ու կենցաղից, նոր մարդկանց հետ շփվում: Այդ ամենը հոգեպես շատ է հանգստացնում, չնայած բուն մրցաշարին մասնակցելը ծանր պրոցես է, անընդհատ զբաղված ես լինում, նախապես պատրաստվում խաղին, հետո մի 4-5 ժամ խաղում ու բավական հոգնում:

Լուսանկարը` անձնական արխիվից
Այնպես չէ, որ վայելում ես զբոսաշրջիկի կարգավիճակը, բայց քո սովորական առօրյայից հեռու լինելը բավական լավ է ազդում: Որքան էլ մրցաշարերի ժամանակ լարված է եղել, միշտ հոգեպես հանգստացել եմ:
Հիմա ամբողջ ժամանակս աղջկաս հետ եմ անցկացնում, դա էլ է յուրատեսակ աշխատանք, ու որքան էլ հաճելի է, միեւնույն է մեկ-մեկ հոգնում ես, այդ թվում՝ անքուն գիշերներից:
Գիտեմ, որ հաստատ կարելի է լուծում գտնել եւ սպորտն ու մայրությունը համատեղել: Թեեւ հիմա աշխատանք ունեմ, բայց չգիտեմ, թե 1-2 տարի անց կուզե՞մ նույն բանն անել, թե՞ չէ: Բակալավրն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ ԵՊՀ-ի մագիստրատուրայում ու արհեստական բանականության գծով մասնագիտացել, բայց այդ մասնագիտությամբ դեռ չեմ հասցրել աշխատել: Եթե հանկարծ շախմատում նորից հաջողություններ ունենամ, դժվար վերադառնամ աշխատանքին:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: