«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքը մենք մեկնարկել ենք ուղիղ 11 տարի առաջ ու մեր առաջին հյուրը Սիմոն Մարտիրոսյանն էր։
Այն ժամանակ Սիմոնը հանդես էր գալիս դեռ պատանեկան ու երիտասարդական մրցաշարերում ու նոր էր դարձել պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Հենց այդ փաստից ելնելով էլ որոշեցինք նրանով անել շարքի բացումը։
Մեր առաջին իսկ շփումն անմիջական ու հեշտ ստացվեց, միանգամից ստացանք լուսանկարներն ու անցանք զրույցին։ Այդ օրվանից սկսվեց մեր ընկերությունը, իսկ Սիմոնը հաստատուն քայլերով հաջողություններ գրանցեց արդեն մեծահասակների պայքարում՝ մնալով այն նույն բաց ու շփվող մարդը, որին տեսել էինք առաջին անգամ։
«Կան մարզիկներ, ովքեր պատանեկան տարիքում հաջողություններ են ունենում, սակայն հետո նրանց արդյունքները «խամրում» են: Կարծում եմ, որ նրանք ուղղակի բավարարվում են ձեռքբերածով կամ դա իրենց հնարավորությունների սահմանն է լինում: Իմ տիտղոսները շատ փոքր տոկոս են, ընդամենը սկիզբն են նոր, ավելի մեծ հաջողությունների: Կարծում եմ, որ մարզիկը կայացած կարող է համարվել, եթե բարձր հարկի մեդալներ նվաճի մեծահասակների պայքարում»,-2014-ի մեր զրույցում ասել էր Սիմոնը:
Դրանից հետո նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր։ Երկու անգամ հռչակվեց Աշխարհի չեմպիոն, մեկ անգամ էլ՝ բրոնզե մեդալակիր։ Սահմանեց Եվրոպայի ու Աշխարհի ռեկորդներ։
«Բոլոր նրանք, ովքեր առաջին օրը գնում են ցանկացած սպորտի, երազում են մասնակցել Օլիմպիական խաղերի: Ես երազում եմ ոչ թե մասնակցելու, այլ մեդալ նվաճելու մասին: Կարծում եմ, որ մի օր կհասնեմ նպատակիս»,-սրանք եւս 17-ամյա Սիմոնի խոսքերն են:

Լուսանկարը` IWF
Այս մի նպատակին եւս հասավ։ 2016-ին ու 2021-ին նա նվաճեց Օլիմպիական արծաթե մեդալներ, չնայած երկուսում էլ ձգտում էր ոսկու։ Ի դեպ, նա միակ հայ ծանրորդն է, որ կարողացել է երկու Օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալ։
«Եթե ես չեմ հաղթել, ուրեմն դիմացինն ավելի լավ է մարզվել, հետեւաբար արժանի էր չեմպիոնության։ Ինչն արդեն եղել է՝ անցել է, պետք չէ տխրել կամ կոտրվել։ Հարկավոր է մարզական զայրույթ ունենալ ու դրանից հետո ավելի նպատակաուղղված գործել։ Մինչ այսքան մեդալներ նվաճելն իմ կյանքում եղավ դժվարին փուլ։ Այդ անկումից դուրս գալու համար ես ընդամենը համբերում էի, աշխատում ու լավատեսորեն սպասում։ Դրա համար էլ հետագայում եղան այսքան հաջողություններ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տոկիոյի խաղերից հետո Մարտիրոսյանը սկսեց հանդես գալ գերծանր քաշային կարգում, սակայն մրցակիցներից շատ ավելի թեթեւ լինելու պատճառով չկարողացավ այստեղ գրանցել այն արդյունքները, որոնք նրան կբերեին ոսկե մեդալներ։
Արդեն 2025-ից նա կրկին վերադարձավ հարազատ քաշ, որտեղ էլ վնասվածքից հետո նվաճեց Եվրոպայի արծաթե մեդալ։ Այն թույլ տվեց նրան կրկին զգալ մրցակցությունն ու մեդալը, հույս տվեց հաջորդ մրցաշարերի համար։
«Գերծանր քաշային կարգում ես ինձ լավ չէի զգում, չստացվեց շատ ուժեղանալ։ Այժմ Օլիմպիական քաշ դարձած 110 կգ-ում հանդես կգամ։ Միանշանակ գնում եմ դեպի 2028-ի Օլիմպիական խաղեր, դա իմ նպատակն է։ Մարզումներն ու ռեժիմն այսօրվանից եմ սկսել, որպեսզի ինձ պահեմ տոնուսի մեջ, մարզավիճակս լինի գերազանց։ Հարկավոր է էլ ավելի լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում ու դրանից հետո կայանալիք մյուս մրցաշարերում, ապա պատրաստ մեկնել Լոս Անջելես»։

Լուսանկարը` Մեդիամաքս
28-ամյա մարզիկը նույն վստահությամբ, որն ուներ սրանից 11 տարի առաջ, շարժվում է առաջ ու ձգտում գնալ իր երրորդ խաղերի ու երրորդ մեդալի հետեւից։
«Ես ապացուցում եմ միայն ինքս ինձ, քանի որ տարիներ շարունակ ներդրել եմ իմ ողջ ուժերն ու էներգիան։ Իհարկե, ստացված մրցաշարն ուրախացնում է այն մարդկանց, ովքեր սպասում էին դրան։ Միշտ եմ հպարտանում, որ կարողանում եմ ուրախացնել իմ ժողովրդին»։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: