Դեկտեմբեր 15, 2025
exclusive
165 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը․ Վահե Սուքիասյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի Հայաստանը շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնություններում նվաճեց երկու մեդալ։ Մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճեց Վահե Սուքիասյանը։

«Մեծ սպորտի ապագա աստղեր»-ը շարքում զրուցել ենք նրա հետ ու բացահայտել կապը շախմատի հետ։

Մարզաձեւը՝ շախմատ

Անձնական մարզիչը՝ Տիգրան Հարությունյան

Տարիքը՝ 17 տարեկան

Սովորում ՝ Երեւանի 119 դպրոցի 12-րդ դասարանում

Սիրած առարկա՝ Հայոց պատմություն

Ազատ ժամանակ՝ մարզվում է բռնցքամարտով, սիրում է դիտել ու խաղալ ֆուտբոլ

Շախմատի նախընտրած ձեւ՝ արագ շախմատ

Սիրած խաղաքար՝ «Ձի, որը տարբերվում է բոլոր խաղաքարերից։ Շատ են եղել պարտիաներ, որոնք հաղթել եմ հենց ձիու շնորհիվ»։

Տիտղոսները՝ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների, Հայաստանի պատանիների, Համահայկական խաղերի չեմպիոն 

Նպատակը՝ դառնալ գրոսմայստեր ու Աշխարհի չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպես կապվեց շախմատին․ Պապիկս ժամանակին շախմատ է խաղացել, իսկ ծնողներս էլ որոշել են, որ ես եւս պետք է զբաղվեմ։ 9 տարեկան էի, երբ նրանք ինձ տարան Էրեբունու շախմատի դպրոց ու սկսեցի մարզվել Սեդրակ Մաթեւոսյանի մոտ։ Ես սկզբում բոլորովին չէի սիրում շախմատը, այն բարդ էր, պետք էր շատ աշխատել, իսկ ես դա անել չէի ցանկանում։ Հետո ընթացքում սկսեց հետաքրքրել ինձ, դարձա ավելի ուշադիր ու 11 տարեկանում նվաճեցի Երեւան քաղաքի առաջնության ոսկե մեդալը։ Սա ինձ շատ ոգեւորեց ու որոշեցի այլ մրցաշարերի եւս մասնակցել։

2019-ին տեղափոխվեցի Հայաստանի շախմատի ակադեմիա։ Մարզիչս Դավիթ Շահինյանն էր, հետո՝ Գեւորգ Հարությունյանը, հիմա արդեն մարզվում եմ Տիգրան Հարությունյանի մոտ։ Մարզիչները շատ  կարեւոր դեր են խաղում մեր կյանքում, իրենք տալիս են ոչ միայն շախմատային գիտելիքներ, այլ նաեւ բազմաթիվ այլ խորհուրդներ։

Երբ 14 տարեկանում Հայաստանի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեցի, ավելի շատ վստահություն եղավ ու հասկացա, որ պետք է շարունակեմ կարիերաս պրոֆեսիոնալ շախմատում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ․ Երբ դարձա Հայսատնի պատանեկան փոխչեմպիոն, նպատակ դրեցի՝ դառնալ նաեւ առաջինը։ Ամեն ինչ մի կողմ դրեցի ու կենտրոնացա շախմատի վրա։ Բայց դրանից հետո 2 տարի ինձ մոտ ոչինչ չէր ստացվում։ Առաջնությանն անընդհատ լարված էի լինում, վատ էի խաղում ու տեղ չէի զբաղեցնում։ Միգուցե դա գալիս էր այն մտքից, որ անպայման ուզում էի հաղթող դառնալ։

Դժվար էր, որովհետեւ մտածում ես մի անգամ չստացվեց, հաջորդում կլինի, բայց երբ դա էլ չկա, մի տեսակ հուսահատություն է գալիս։ Խոսեցի մարզչիս, ծնողներիս հետ, նրանք խորհուրդներ տվեցին։ Գիտեի խնդիրը, պետք էր պարզապես դա լուծել։ Արդյունքում, 2025 թվականին ամեն ինչին սկսեցի հանգիստ ու հավաքված մոտենալ ու վերջապես նվաճեցի ոսկե մեդալ։ 

Շախմատի գրավիչ կողմերը․ Ես ակտվ երեխա եմ եղել, բայց շախմատն ինձ հանգստություն տվեց, դարձա համբերատար։ Սկսեցի ավելի շատ զբաղվել սպորտով, որպեսզի կարողանամ 5-6 ժամ նստած մնալ խաղատախտակի առաջ։ Սպորտն օգնում է  ցրվել, մտքերդ հանդարտվում են ու կարողանում ես կենտրոնանալ։

Շախմատում ամենակարեւորը հոգեբանությունն է։ Ինձ գրավում են հաշվարկները, դիրքային վերլուծությունները։ Կարող ես հարձակվել ագրեսիվ կամ՝ կամաց-կամաց։ Իհարկե, մրցակիցն էլ կարող է հակահարված տալ, դրա համար հարկավոր է զգույշ լինել։ Պետք է աշխատես ամեն ինչի վրա, որովհետեւ ամեն օր շախմատում մի նոր բան կարող ես սովորել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ վատ կողմն այն էր, որ հարձակվելիս պաշտպանությունում սխալներ էի թույլ տալիս։ Սկսել եմ աշխատել թերություններիս վրա, հասկանալ բացթողումներս, ուղղել դրանք։ Օրինակ՝ ես հաշվում էի 5 քայլ, հիմա արդեն կարողանում եմ 10, 15 քայլ առաջ մտածել։ Սա զարգանում է շախմատային խնդիրներ լուծելով։ Իհարկե, սկզբում բարդ է լինում, բայց ուղեղդ սկսում է վարժվել, արագ աշխատել ու ընկալել։ Եթե անկեղծ լինեմ, մի քանի քայլ առաջ մտածում եմ նաեւ առօրյայում։

Շախմատը՝ պատերազմ․ Շախմատը բնավորություն է փոխում, դառնում ես լուրջ, հավասարակշռված։ Հաճախ է լինում, երբ հաշվարկներդ սխալ են լինում ու մրցակիցդ անակնկալի է բերում։ Այդ ժամանակ պետք է մոռանաս մինչ այդ մտածածներդ ու սկսես կենտրոնանալ մեկ քայլի վրա։ Չէ՞ որ նրա քայլը կարող է նաեւ սխալ լինել, պետք է օգտվել դրանից։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն բացթողում ես արել ու արդեն խաղատախտակի առաջ նստած պետք է գտնես հակաքայլը։ 

Երբեք չպետք է հանձնվել, պայքարել հարկավոր է միշտ։ Շախմատը գեղեցկացնում է հենց այդ պայքարը։ Ինձ թվում է, որ այն նման է պատերազմի․ զինվորները զոհաբերվում են, բայց ի վերջո հաղթանակ են տոնում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղների հետ պայքարը տալիս է արդյունք․ Այս տարի մասնակցեցի Աերոֆլոտ օփենին, որտեղ ելույթ ունեցա միջազգային գրոսմայստերների դեմ։ Պայքարեցի Ալեքսանդր Գրշչուկի, Անդրեյ Եսիպենկոյի, Պավել Պոնկրատովի դեմ։ Սա լուրջ քայլ էր ինձ համար, մեծ փորձ ստացա, շատ բաներ սովորեցի։ Երբ մրցաշարի սկզբում իմացա, որ մրցակիցս Եսիպենկոն է, ինչքան էլ չէի ուզում, լարվեցի։ Բայց պարտիայի մեկնարկից ամեն ինչ տեղն ընկավ ու միայն մտածում էի լավ հանդիպման մասին։ Հենց ուժեղների դեմ խաղալով ես ուժեղանում, դրա համար այդ մրցաշարն ինձ շատ օգնեց։ 

Իսկ Եվրոպայի առաջնությանը 2-րդ անգամն էի մասնակցում։ Առաջինի ժամանակ  9-ից տոնել էի 6 հաղթնաակ, ինչն ինձ համար այդքան էլ լավ չէր։ Ես գիտեի, որ կարող եմ ավելիին հասնել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ Աշխարհի առաջնությանը մասնակցեցի։ Այն վատ չստացվեց, վստահյություն ու հավատ տվեց, որ Եվրոպայում հաջող եմ մասնակցելու։ Ես սպասում էի, որ լավագույն եռյակում կլինեմ, բայց չէի պատկերացնում, որ հաղթող կդառնամ։

Չեմպիոնական ԵԱ-ն․ Մեկնարկը հաջող էր՝ երեք հաղթանակ ու մեկ ոչ-ոքի, բայց 5-րդ տուրում պարտվեցի։ Դրանից հետո եղավ մրցաշարի միակ հանգստյան օրը, որն ինձ հնարավորություն տվեց հավաքվել ու մյուս տուրերում հաղթանակներ տոնել։ Այլեւս սխալվելու ու պարտվելու հնարավորություն չունեի, դրա համար լավ տրամադրվեցի մրցաշարի երկրորդ հատվածին։

Նախավերջին տուրում ոչ-ոքի արեցի, ստացվեց այնպես, որ վերջինում պարտադիր պետք է հաղթեի։ Բայց նույնիսկ այդ դեպքում չէի իմանալու, թե լրացուցիչ ցուցանիշներով որ տեղում կլինեմ։ Վերջին տուրում մրցակիցս կոպիտ սխալ թույլ տվեց, ստացա հաղթած դիրք ու այն պահեցի մինչեւ վերջ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատում դա էլ է կարեւոր, որ հաղթած դիրք ստանալուց հետո հանկարծ չսխալվես ու հաջողությունը ձեռքիցդ բաց թողնես։ Չէի մտածում, որ վա՜յ, հաղթում եմ, չեմպիոն կդառնամ։ Չէ, մտքերս միայն հաջողությունը զարգացնելն ու վերջնական հաղթանակ կորզելն էր։ Հենց մրցակիցս հանձնվեց, այ այդ ժամանակ ուրախացա։ 

Տարօրինակ, բայց նաեւ հաճելի զգացողություն էր, որ չեմպիոն դարձա ու մեր դրոշը բարձրացրի։ Երբ կանգնեցի պատվոհարթակին, ավելի շատ ինձ հանդիպած դժվարությունները հիշեցի ու հաղթանակն ավելի կարեւոր թվաց։ Հաստատ արժեր այդ ամենի միջով անցնել։ Պարգեւատրվելուց հետո արդեն ոչ մի բանի մասին չէի մտածում, միակ միտքս Հայաստան վերադառնալն էր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Կիսելով ընկերոջ ուրախությունը․ Եվրոպայի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ մինչեւ 14 տարեկանների փոխչեմպիոն։ Երկուսս էլ մարզվոմ ենք Տիգրան Հարությունյանի մոտ եւ առաջնության ընթացքում մնում էինք նույն սենյակում։ Իրար հետ էինք պատրաստվում պարտիաներին, ոգեւորում էինք իրար, գնում քայլելու ու մի քիչ ցրվելու։ Ընկեր Տիգրանի հետ որոշում էինք սկզբնախաղերն ու պատրաստվում հաջորդ պարտիային։

Միայնակ ոչինչ անել չես կարող, ընկերների օգնությունը շատ կարեւոր է։ Ամեն մեկն էլ իր ներդրումն ունի իմ կարիերայում ու հաղթանակի մեջ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


2026-ին ցանկանում եմ լրացնել գրոսմայստերի նորմա ու դառնալ մինչեւ 18 տարեկանների Աշխարհի չեմպիոն։ Դրա համար պետք է լավ աշխատել, մրցաշարերի մասնակցել ու որակներս ավելացնել։ Չպետք է բավարարվել ձեռքբերածով, դրա համար ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարին ավելի հաջող լինի, քան 2025-ն էր։

Վահե Սուքիասյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին