Շախմատիստ Արման Միքայելյանի հետ զրուցել էինք ուղիղ 10 տարի առաջ։ Այն ժամանակ Արմանը 18 տարեկան էր ու առաջին անգամ էր դարձել Հայաստանի փոխչեմպիոն։
«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում կրկին զրուցել ենք գրոսմայստերի հետ ու փորձել հասկանալ, թե այս տարիների ընթացքում ինչ է փոխվել նրա շախմատային կյանքում։
Տեղափոխություն օվկիանոսից այն կողմ․ Արդեն երեք տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում։ Հրավեր ստացա Տեխասի Բրաունսվիլ քաղաքում գտնվող UTRGV ինստիտուտից՝ սովորելու եւ իրենց շախմատի թիմի կազմում մրցաշարերի մասնակցելու։ Այնտեղ ես սովորում էի մենեջմենթ։ Եկա ԱՄՆ եւ արդեն մի քանի ամիս անց մեր թիմով մասնակցեցինք ԱՄՆ-ի համալսարանների միջեւ անցկացվող առցանց մրցաշարին։ Մենք հաջող հանդես եկանք ու դարձանք հաղթող։ Այժմ տեղափոխվել եմ Կալիֆոռնիա եւ այստեղ եմ ապրում։
Բնականաբար, իմ մեջ շատ բան է փոխվել։ Դարձել եմ ավելի կազմակերպված, ավելացել են շախմատային գիտելիքներս։ Եթե խոսենք խաղային ոճից, ապա տարիներ առաջ ավելի շատ դիրքային ոճի շախմատիստ էի, հիմա սկսել եմ ագրեսիվ ոճով խաղալ։ Գիտելիքներս ավելացել են մարզումների ու շատ մրցաշարերի մասնակցելու շնորհիվ։ Պարապում եմ ընկերներիս հետ, մարզիչ չունեմ, որովհետեւ այստեղ մարզիչ ունենալը բավական թանկ արժե։
Մարզչի աշխատանք ու մրցաշարեր․ Բացի զուտ ակտիվ շախմատիստ լինելուց, ես նաեւ աշխատում եմ որպես մարզիչ։ Տարբեր տարիքի աշակերտներ ունեմ, որոնց հետ անցկացնում եմ հիմնականում անհատական պարապմունքներ։ Անում եմ հնարավոր ամեն բան, որ այն ոչ միայն չխանգարի իմ պրոֆեսիոնալ կարիերային, այլ հնարավորության դեպքում օգնի։
Ես շարունակում եմ ներկայացնել Հայաստանը։ Ճիշտն ասած չեմ ուզում հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո, չնայած դրա հնարավորությունը կա։ Այս ընթացքում մասնակցել եմ տարբեր մրցաշարերի ու ավել քան 20-ում հաղթող ու մրցանակակիր դարձել։ Դրանցից կառանձնացնեմ ԱՄՆ-ում ամենաճանաչված բաց մրցաշարը՝ World Open-ը, որտեղ 2022-ին գրավել եմ 1-ին, իսկ 2023-ին՝ 2-րդ տեղը։ Կարեւոր են նաեւ American Open, Las Vegas Open, Chicago Open եւ North American Open մրցաշարերում իմ տոնած հաղթանակները։
Մրցաշարերն այստեղ միշտ էլ ուժեղ կազմ են հավաքում, ՖԻԴԵ-ի աղյուսակի լավագույն 50-յակում տեղ գտնող շախմատիստներ են պայքարում հաղթողի կոչման համար։

Լուսանկարը` անձնական արխիվից
Հայաստանում ստացած գիտելիքները․ Այն գիտելիքները, որոնք ես ձեռք եմ բերել Հայաստանում, օգնում են ինձ, որովհետեւ մեր երկրում շատ լավ մարզիչներ կան։ Շախմատի մեթոդիկան, որի հիմքը դրվել է դեռ ԽՍՀՄ-ի տարիներին, շատ բարձր մակարդակ ունի։ Նույն ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստները, օրինակ Կարուանան, մարզվել են ԽՍՀՄ-ի դպրոցը ներկայացնող մարզիչների մոտ։
Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում խոշոր մրցաշարեր շատ են անցկացվում։ Սա հասկանալի է, որովհետեւ մեծ երկիր է ու ռեսուրսներն էլ անհամեմատ շատ են։
Հնարավորություններ ունենալու պարագայում աճ գրանցելն արագ է տեղի ունենում։ Բայց բախվում ես նաեւ դժվարությունների հետ։
Օրինակ բերեմ անհատական վարկանիշ բարելավելը։ Իհարկե, մրցաշարերը շատ են ու կարող ես ավելի շատ ելույթներ ունենալ, բայց մյուս կողմից էլ այնքան բարձր է մակարդակը, որ միշտ չէ հաջողվում հաղթանակ տոնել։ Տաղանդավոր շախմատիստներ են այստեղ ելույթ ունենում, հանդես են գալիս նաեւ Չինաստանի ու Հնդկաստանի ներկայացուցիչներ։ Իմ առջեւ նպատակ եմ դրել բարելավել վարկանիշս, հուսամ, որ այս տարի կկարողանամ անել դա։
Հայ շախմատիստների խնդիրները․ Հայաստանում շախմատիստները շատ ավելի չեն ուժեղանում եւ անհատական վարկանշով չեն հասնում աշխարհի թոփ շախմատիստներին, որովհետեւ ֆինանսական խնդիրներ կան։ Մրցաշարերի ճնշող մեծամասնությունը կազմակերպվում է արտերկրում, իսկ ամեն մի պատանի մեկնելու հնարավորություն չունի։
Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ այլ երիտասարդներ շատ տաղանդավոր են, բայց վարկանիշով զիջում են նույն Հնդկաստանի հավաքականի անդամներին։ Իմ օրինակով ասեմ՝ 2021-ին ես մասնակցում էի Երեւան օփենին ու բախտ ունեցա պայքարել այսօրվա Աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի դեմ ու հաղթել նրան։ Մենք չենք զիջում նրանց, բայց գալիս է մի մակարդակ, որ սկսում ենք հետ մնալ։
Հայաստանը փոքր պետություն է չնչին ռեսուրսներով, դրա համար է այդպես լինում։ Բայց նույնիսկ այդ պարագայում, մեր շախմատիստները շատ լուրջ հաջողություններ են գրանցում։
Հայաստանի հավաքականում մերոնք հաջող են խաղում, որովհետեւ մթնոլորտը լավն է, ամեն մեկը փորձում է օգնել թիմակցին։ Մերոնք միասին են մարզվում, կիսվում են իմացածով, ինչն այլ երկրների խաղացողների մոտ բացակայում է։

Լուսանկարը` անձնական արխիվից
Աշխարհի չեմպիոնների հետ աշխատանքը․ Արտերկրում շախմատիստների համար կազմակերպում են ճամբարներ, որտեղ դասավանդում են Աշխարհի չեմպիոններ, օրինակ՝ Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը։ Այդ երիտասարդները սովորում են նրանցից, թրծվում եւ ուժեղանում։ Իսկ ոչ բոլոր երկրները, այդ թվում եւ Հայաստանը, իրենց թույլ կտան հրավիրել նման հնչեղ անուններ։
Իհարկե, տաղանդը եւ աշխատասիրությունը կարեւոր են, բայց թոփ 20-ում տեղ գտնելու համար միայն դրանք բավարար չեն։
Կան նաեւ ուժեղ մրցաշարեր, օրինակ Վեյկ ան Զեեն, որոնց կազմակերպիչները հրավիրում են տարբեր երիտասարդների։ Չգիտեմ ինչու, բայց Հայաստանի ներկայացուցիչների համար դա երբեք տեղի չի ունենում։ Երեւի երկրի անունն էլ նշանակություն ունի։
Նպատակները շախմատում․ Հայ շախմատիստների հետ ես շփվում եմ, բայց առցանց, որովհետեւ Կալիֆոռնիայում նրանց թիվը շատ չէ։ Հիմնականում մեր հայրենակիցները Սենթ Լուիսում են բնակվում ու շախմատային գործունեություն ծավալում։ Ես էլ հրավեր էի ստացել այնտեղ սովորելու, բայց տարբեր պատճառներով չընդունեցի այն։
Նպատակներիցս մի քանիսին արդեն հասել եմ։ Դրանցից էր գրոսմայստերի կոչումն ու խոշոր մրցաշարի հաղթող դառնալը։ Ճիշտն ասած, շատ գաղափարներ ունեմ շախմատի հետ կապված, բայց չեմ բարձրաձայնի։ Ես մի քիչ սնահավատ եմ ու չեմ սիրում կիսվել նպատակներիս մասին։ Հուսով եմ կհասնեմ դրանց, որոնք կապված են ոչ միայն զուտ մրցաշարերում ելույթների, այլ նաեւ շախմատում իմ ասելիքների հետ։
Արման Միքայելյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: