Նոյեմբեր 20, 2025
103 դիտում

Մեկ կադրում. Վնասվածք ստացած մրցակցին օգնության հասած բրազիլուհին


Լուսանկարը` Olimpic.org


«Միայն դու կարող էիր ինձ բարձրացնել»։ Այս խոսքերը հնչում են ինչպես երգի նախաբան, մինչդեռ նախորդ տարվա օգոստոսի 3-ին Փարիզի Օլիմպիական խաղերի հանդբոլի մրցաշարի ժամանակ ասել է անգոլացի հանդբոլիստ Ալբերտինա Կասոման:

Հենց այդ դրվագն էլ ընդգրկվել է Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:


Այդ օրն Անգոլայի ու Բրազիլիայի հավաքականները պայքարում էին քառորդ եզրափակչի ուղեգրի համար, երբ Ալբերտինա Կասոման ծնկի վնասվածք ստացավ:

Անգոլայի հավաքականի ավագը փորձեց կանգնել ու պահեստային նստարանին հասնել, բայց չկարողացավ տեղից շարժվել՝ չնայած Անգոլայի թիմի բժշկի ու Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Գաբրիելա Մորեսկիի օգնությանը։

Խաղադաշտ մտավ բրազիլացի Թամիրես Արաուխո Ֆրոսարդը, որի հետ Կասոման լավ ծանոթ է։ Նրանք հանդես են գալիս Ռումինիայի առաջնությունում, բրազիլացին խաղում է «Գլորիա Բիստրիցա»-ի կազմում, իսկ Կասոման՝ «Ռապիդ Բուխարեստ»-ի: Նրանց ակումբները պայքարել էին Ռումինիայի առաջնությունում եւ դարձել արծաթե ու բրոնզե մեդալակիրներ: Այնպես որ, Կասոման ու Ֆրոսարդը լավ գիտեին, թե ինչ բան է մրցակցությունը:

Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում Ֆրոսարդն ամենամոտն էր գտնվում Կասոմային ու այն քչերից մեկն էր, ով կարողացավ օգնել Փարիզի հանդբոլի մրցումներում հանդես եկող ամենաբարձրահասակ խաղացողներից մեկին: Անգոլացու հասակը 1.85 մետր է:

«Վնասվածքը հենց իմ աչքի առաջ տեղի ունեցավ: Սկզբում շարունակեցի խաղալ, քանի որ չէի կարծում այն լուրջ կլինի: Բայց երբ տեսա նրան մարզադահլիճի հատակին անշարժ պառկած, մտածեցի՝ չի կարողանա վեր կենալ»,- պատմել է Ֆրոսարդը:

Ինքը լինելով 1,83 մ՝ կարողացավ Կասոմային գրկել ու 5800 հանդիսականների ծափահարությունների ներքո դուրս տանել հրապարակից: Դա Օլիմպիական խաղերի ամենահիշարժան ու հուզիչ պահերից մեկն է, որի մասին տուժողն այսպես է հիշել: 

«Շատ շնորհակալ եմ ընկերս, ինձ օգնելու համար: Միայն դու կարող էիր ինձ բարձրացնել: Իսկապես, շատ վատ էի զգում ինձ»:

Ֆրոսարդն էլ ավելացրել է. «Լավ ընկերներ ենք, ովքեր սուրճ են խմում ու զրուցում: Այդքան էլ շատ ժամանակ չունենք, որպեսզի երեկոյան զբոսնենք, բայց ողջ կյանքի համար է մեր ընկերությունը»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին