Նոյեմբեր 11, 2025
92 դիտում

Մեկ կադրում․ 2024-ի սպորտային լավագույն նկարը՝ «Ոսկե պահը»


Լուսանկարը` Jerome Brouillet/AFP


Փարիզի Օլիմպիական խաղերը սպորտի սիրահարներին պարգեւեց ոչ միայն հիանալի մրցակցություն, այլ նաեւ անմոռանալի լուսանկարներ՝ տեղ գտնելով համաշխարհային լուսանկարչության շարքերում։

«Մեկ կադրում» ծանոթանանք լուսանկարիչ Ժերոմ Բրույեի ֆանտաստիկ «Ոսկե պահը» անվանումն ստացած լուսանկարին, որն արագորեն դարձել էր մարդկանց ուշադրության առարկան ամբողջ աշխարհում։

 

Լուսանկարում բրազիլացի սերֆեր Գաբրիել Մեդինան է, որը դարձել է  Օլիմպիական բրոնզե մեդալակիր։

 

AFP-ի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց ողջ աշխարհը խոսում էր այդ կադրից։ Բրույեն այդ ժամանակ դեռ մեդիա-նավակի վրա էր՝ շարունակելով նկարահանել մրցումները։ Նա անտեղյակ էր իր աշխատանքի ստեղծած իրարանցումից ու իմացավ, երբ վերադարձավ ափ եւ հեռախոսում հայտնաբերեց հարյուրավոր հաղորդագրություններ։

 

Բրույեն 10 տարի առաջ Մարսելից տեղափոխվել է Թաիթի եւ այդ ժամանակից ի վեր լուսանկարում է սերֆինգի մրցումներ։ AFP-ում մի քանի տարվա աշխատանքային փորձն ու սերֆինգի գիտելիքները նրա առջեւ դուռ բացեցին, որպեսզի Օլիմպիական խաղերում տեղ գտնի մեդիային տրամադրված երկու նավակներից մեկում։

 

«Սերֆինգի լուսանկարիչները սովորաբար 10-12 ժամ են անցկացնում աշխատանքի վայրում՝ սկսելով նկարահանումներն առավոտյան ժամը 6-ին՝ անծածկ նավակի վրա։ Մենք արեւից այրվում ենք, թրջվում անձրեւից ու փորձում մաքուր պահել օբյեկտիվներն աղի ջրի շիթերից։ Նավի դիրքը եւս մեծ ազդեցություն ունի կադրերի որակի վրա»,- Olympics.org-ին ասել է լուսանկարիչը։

 

Բրույեն խոստովանել է, որ ծանոթ էր Գաբրիել Մեդինային ու գիտեր, թե ինչպես է նա նշում հաջող ելույթը։ Դրա համար պատրաստ սպասում էր այդ պահին ու միանգամից նկարեց  չորս կադր՝ հուսալով, որ դրանցից գոնե մեկը հաջողված կլինի․ 

 

«Նա ցատկեց ալիքի վրայով, ես նկարեցի։ Ես պատրաստ էի դրան, բայց կարող էի բաց թողնել կադրը, եթե նայեի ուրիշ կողմ։ Արագ ընտրեցի իմ հավանած կադրը եւ ուղարկեցի խմբագրություն։ Մնացածն արդեն գիտեն բոլորը»։

 

Միայն AFP-ի Ինստագրամի հարթակում լուսանկարին հավանումներ դրել են 2 միլիոնավոր մարդիկ, իսկ World Surf League-ի սոցիալական ցանցերում գերազանցել է 3 մլն-ը։

 

«Ոսկե պահը» Համաշխարհային սպորտային լուսանկարչության մրցանակաբաշխության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ, ընդգրկվել մի քանի տարեվերջյան ալբոմներում, աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներում, Time ամսագրում գլխավորել 2024 թվականի լավագույն 100 լուսանկարների ցանկը։

 

«Ես ասացի. վա՜յ, ես Time-ի լավագույնների շարքում եմ՝ պատերազմական եւ աղետալի լուսանկարների կողքին։ Երբեմն մտածում եմ, որ այն իմ տեղը չէ, որովհետեւ մյուս բոլոր լուսանկարները փաստագրում են աշխարհը շատ վատ իրավիճակներում, իսկ իմը պարզապես ասում է՝ «Հե՜յ, Թաիթիում զով է, արեւոտ եւ կա սերֆինգ»։ Շատ պարտավորեցնող է լինել լուսանկարիչների հետ մի շարքում, ովքեր վտանգում են իրենց կյանքը»,-նշել է Բրույեն։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին