Դեկտեմբեր 02, 2025
68 դիտում

Մեկ կադրում․ «Վեմբիի վրայով» դեպի Օլիմպիական չեմպիոնություն


Լուսանկարը` Getty Images


Getty Images-ի լուսանկարիչ Էզրա Շոուն Փարիզի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց եզրափակչում ունեցավ ամենահաջողված լուսանկարներից մեկը։

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների միջեւ կայացած հանդիպումն ամենադիտարժանն ու լարվածն էր։ Չնայած գործող չեմպիոններն ունեին առավելություն, բայց տանտերերը նրանց մշտական լարվածության մեջ էին պահում։ Խաղում շատ բան որոշեցին Սթեֆեն Քարիի դիպուկ նետումները, վերջին րոպեներին նրա կատարած երեք միավորանոցն էլ վերջնական թաղեց ֆրանսիացիների հույսերը։ ԱՄՆ-ը հաղթեց 98։87 հաշվով ու 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Օլիմպիական ոսկին։

Էզրա Շոուի լուսանկարը կատարելապես արտացոլում է Օլիմպիական խաղերի եզրափակչի դրամատիկ պահը, որտեղ 1,88 մ հասակ ունեցող Սթեֆեն Քարին եւ 2,24 մ հասակով Վիկտոր Վեմբանյաման պայքարում են միմյանց դեմ։ Ամերիկացին գնդակը նետում է բարձր թռիչք կատարած Վեմբանյամայի մեկնած ձեռքի վրայով։ Դա չորրորդ քառորդում կարեւորագույն երեք միավորանոցն էր, որն օգնեց ԱՄՆ-ի հավաքականին ապահովել չեմպիոնությունը։

Այս գլուխգործոց նկարը ստացավ «Վեմբիի վրայով» անվանումը։  Այն ակնթարթորեն տարածվել է ողջ աշխարհում, հրապարակվել աշխարհի լավագույն լրատվամիջոցներում։ Bleacher Report-ն այն անվանել է «դասական պատմական լուսանկար» եւ Օլիմպիական խաղերի լավագույն կադրերից մեկը։ Այն դարձավ Քարիի հմտության եւ ամենահզոր պաշտպանների դեմ դիպուկ նետում կատարելու ունակության խորհրդանիշ։ 

«Վեմբիի վրայով»-ը Համաշխարհային սպորտային լուսանկարչության մրցանակաբաշխության «Բասկետբոլի անվանակարգ»-ում գրավել է 3-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին