46 տարի անց ԱՄՆ հոկեյի հավաքականը հաղթեց Օլիմպիական խաղերում: Այդքան սպասված 1-ին տեղն ամերիկացիներին բերեց 24-ամյա Ջեք Հյուզը, ով Կանադայի դեմ եզրափակչում դարձավ «ոսկե» գոլի հեղինակ:
Բայց Mediamax Sport-ի «Մեկ կադրում» պատմելու ենք ոչ միայն այդ դրվագի, այլ խաղացողի ջարդված ատամի մասին: Սուլիչից հետո հաղթանակը նշելիս Հյուզը թիմի հետ ցնծալիս բոլոր լուսանկարներում առանց ատամի է, որը կորցրել է հանդիպման ընթացքում:
3-րդ մրցափուլի վերջնամասում տափօղակի համար պայքարելիս նա պատահաբար մականով հարվածեց կանադացի մրցակցի դեմքին: Դրանից հետո խուճապի մատնված սահեց դեպի տուգանային հրապարակ՝ հասկանալով, որ իրեն ու թիմակիցներին շատ վատ վիճակում է թողնում: Կանադան թվային առավելություն ստացավ ու կարող էր 1:1 հաշվի ժամանակ խփել որոշիչ տափօղակը:
«Ինձ արդեն այն տղայի դերում էի պատկերացնում, որին ողջ Ամերիկան ատում է, քանի որ Կանադան, օգտվելով թիմային առավելությունից, առաջ է անցնում հաշվի մեջ: Մտածեցի. «Օ՜, Աստված իմ, ահա եւ վերջ»»,- պատմել է Հյուզը։
Լուսանկարը` TEAM USA
Իսկապես, հայտնվեց ամերիկյան բոլոր լրատվամիջոցներում, բայց ի ուրախություն իրեն, խփած գոլի շնորհիվ: «Հրաշք սառույցի վրա՝ 46 տարի անց» խորագրերի համար ԱՄՆ-ում հենց Հյուզին են պարտական: Նա տույժը կրելուց հետո վերադարձավ սառույցի վրա ու ԱՄՆ-ի համար պատմություն արարեց:
Բայց նույն 3-րդ մրցափուլում էլ կանադացի Սեմ Բեննեթն այնքան ուժեղ հարվածեց Հյուզի դեմքին, որ նրան զրկեց դիմացի 2 ատամից: Բնականաբար, մրցավարը նրան 4 րոպեով հեռացրեց սառույցից:
«Նայեցի սառույցին, տեսա ատամներս ու մտածեցի. «Կրկին նույն պատկերը»։ Վերջին անգամ, երբ նման իրավիճակում էի հայտնվել, բնավ ուրախ չէի, բայց ամեն դեպքում թիմը թվային առավելություն ստացավ այդ պահին:
Իհարկե, ձեզ համար որպես խելագարություն է հնչում, քանի որ սա բոլորովին այլ մասնագիտություն է, բայց հոկեյում ատամները կորցնելու դեպքում չխաղալու մասին չեք էլ մտածում, ամեն ինչ ենթագիտակցաբար է լինում: Պարզապես այդ պահին շոշափեցի բերանս ու ատամներս կորցնելու պատճառով շատ տխրեցի: Տուն վերադառնալուն պես կվերադարձնեմ իմ գեղեցիկ ժպիտը:
Շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ։ Սիրում եմ իմ երկիրն ու թիմակիցներիս։ Հենց սա է ամերիկյան հոկեյը: Կանադացիները հիանալի թիմ ունեն, եւ այս հաղթանակը շատ բան է նշանակում մեզ համար։ Մենք իսկական թիմ ենք։ Չեմ կարողանում հավատալ նվաճմանը, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել»,- խաղից հետո ասել է Հյուզը:
























