Դեկտեմբեր 22, 2024
exclusive
50928 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Արման Միքայելյան


Արման Միքայելյանը
Արման Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Միքայելյանը
Արման Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատանի ու երիտասարդ մարզիկների հաջողություններով ուրախանում ենք բոլորս: Բացառություն չէր նաեւ Արման Միքայելյանը, որը մի քանի օր առաջ շախմատի Հայաստանի առաջնությունում ցույց տվեց հիանալի արդյունք, շատ մոտ էր չեմպիոն դառնալուն, սակայն միայն վերջին տուրում պարտություն կրեց ու գրավեց երկրորդ տեղը:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» նախագծի այս հատվածում հյուրընկալել ենք Արման Միքայելյանին:

Մարզաձեւը՝ շախմատ

Տարիքը՝ 18

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում

Բնակավում է՝ Երեւանում

Տիտղոսները՝ Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն, պատանեկան Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, նույն մրցաշարում անհատական ցուցանիշով գրավել է 3-րդ տեղը, միջազգային վարպետի նորմաներ լրացրել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարում ու մինչեւ 18 տարեկանների ԵԱ-ում, մինչեւ 14 տարեկանների ԵԱ-ի մրցանակակիր

Շախմատային կերպարը՝ Մագնուս Կարլսեն

Նպատակը՝ դառնալ գրոսմայստեր, ապա նաեւ տեղ գտնել ուժեղագույնների շարքում

18-ամյա արծաթե մեդալակիրը. Մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը մի քանի ամիս պարապեցի, ապա որոշ ժամանակ հանգստացա ու հիմնականում դասերով էի զբաղվում: Շատ մոտ էի չեմպիոն դառնալուն, սակայն վերջին տուրում պարտվեցի ու գրավեցի 2-րդ տեղը: Միգուցե, հայտնություն էի, բայց հատուկ պատրաստություն չէի տեսել ու նման արդյունքի չէի սպասում: Արդեն 4-5-րդ խաղից հետո զգացի, որ կարող եմ մրցանակային տեղ գրավել: Իհարկե, դրանից հետո ցանկությունս մեծացավ, բայց  ես ավելի հանգիստ ու կենտրոնացած էի խաղում՝ չփորձելով ամեն գնով չեմպիոն դառնալ: Միգուցե սա էլ լավ խաղի պատճառ հանդիսացավ:

Գրոսմայստերի նորմա. Ասում են, որ այս արծաթե մեդալից հետո շախմատասերները սկսել են խոսել իմ մասին: Չեմ կարծում, որ սա ինչ-որ բան է փոխել իմ մեջ: Ես պարզապես իմ գործն եմ արել:  Արդեն փետրվարին Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցելու: Այստեղ առաջին 20-յակում հայտնվելու դեպքում հնարավորություն կունենամ հանդես գալ Աշխարհի գավաթի խաղարկությունում:  Կպատրաստվեմ առաջնությանը, կփորձեմ որքան հնարավոր է լավ հանդես գալ ու կարողանալ լրացնել գրոսմայստերի նորման:

Արման Միքայելյանը Արման Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդություն- փորձ. Շախմատն այն ձեւերից է, որտեղ պատանին կարող է խաղալ մեծահասակի դեմ: Երիտասարդների ճիշտ ու լավ պարապելու դեպքում շախմատային հաշվարկի ժամանակ նրանք կարող են լավ արդյունք գրանցել: Բացի այդ էլ, երիտասարդներն ավելի էներգիայով են մոտենում խաղին, դե, իսկ փորձառու լինելն էլ իր առավելություններն ունի: Այնպես որ, կարծում եմ երիտասարդությունը կարող է հաթել փորձին:

Նպատակ, պայքար, հաղթանակ. Ես միշտ հստակ նպատակ եմ դնում իմ առջեւ ու խաղում եմ մեծ ցանկությամբ: Հաղթանակին հասնելու ճանապարհին գումարվում է նաեւ մինչեւ վերջ պայքարելու ունակությունը:  Իհարկե, լավ կլինի, որ գեղեցիկ խաղն ու հաղթանակը միաժամանակ լինեն: Ես սիրում եմ գեղեցիկ խաղալ, սակայն դա ոչ միշտ է ստացվում:

Շախմատից մինչեւ կինո. Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է տատիկս, առաջին քայլերս արել եմ նրա շնորհիվ:  Ծնողներս էլ նկատել են, որ ստացվում է ինձ մոտ ու որոշել են տանել շախմատի: Այդպես էլ սկսեցի պարապել ու աստիճանաբար առաջ շարժվել: Շախմատից բացի ես սիրում եմ երաժշտություն լսել, գրքեր կարդալ ու ֆիլմեր նայել: Սիրում եմ իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը, վերջերս իր փիլիսոփայությամբ մեծ տպավորություն է թողել «Խաղաղասեր ռազմիկը» կինոնկարը:

Համատեղում ուսման հետ. Հիմա սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի առաջին կուրսում: Դասերն ու շախմատը համատեղելը մի փոքր դժվար է, բայց կարողանում եմ ճիշտ կազմակերպել օրս: Սովորել շատ եմ սիրում ու մրցաշարերի պատճառով բացակայելու դեպքում հետո գալիս եմ ու փորձում վերականգնել կորցրածը:

Թույլ կողմերի շտկում. Ասում են շախմատիստները տարբերվում են մյուս մարդկանցից՝ վեր են լուծում ամեն ինչ, ծանր ու թեթեւ անում: Ես այդքան էլ համաձայն չեմ այդ տեսակետին: Դա մարդուց է գալիս ու կապ չունի շախմատիստ լինելու հետ: Իմ նպատակն է լինել ուժեղագույն շախմատիստների ցանկում: Դրա համար պետք է բնավորությանս վրա աշխատեմ, թույլ կողմերս վերացնեմ, գիտելիքներ հավաքեմ ու պայքարեմ մինչեւ վերջ:

Շախմատն ու հայերը. Կարծում եմ մեր երկրում շատ է զարգացած շախմատը, քանի որ հայերը ստեղծագործող ազգ են: Շախմատում ամենակարեւորներից է անընդհատ պայքարի մեջ մնալը: Լավ արդյունքի հասնելու համար պետք է աշխատասիրություն ու հստակ դրված նպատակ: Անչափ կարեւոր է սերը, եթե չսիրես շախմատը, ապա ոչինչ չի ստացվի:

Արման Միքայելյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին