Դեկտեմբեր 30, 2024
exclusive
59705 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Հարություն Մելքոնյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում լավ դարպասապահների պակաս միշտ կա: Ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականում հուսալի ձեռքեր են պետք:

Mediamax Sport-ի «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այսօր պատմելու ենք այդ անչափ կարեւոր դիրքում հանդես եկող Հարություն Մելքոնյանի մասին: Նա պաշտպանում է Մ-19 տարեկանների հավաքականի դարպասն ու ամռանը մասնակցել է ԵԱ-ի եզրափակիչ փուլին:

Մարզաձեւը՝ ֆուտբոլ

Դիրքը՝  դարպասապահ

Տարիքը` 18 տարեկան

Ծառայում է՝ սպորտային վաշտում

Բնակվում է` Արարատի մարզի Մասիս քաղաքում

Ակումբը՝ ԲԿՄԱ, մինչ այդ հանդես է եկել «Փյունիկում»

Նվաճումները՝ Իրենից մեկ տարի մեծերի հետ ԵԱ-ի մասնակցությունը 

Մարզական կերպարը՝ Իկեր Կասիլիաս ու Ռոման Բերեզովսկի

Սիրած զբաղմունքը՝ երաժշտություն լսել, ընտանիքի անդամների ու ընկերների հետ ժամանակ անցկացվել

Նպատակը՝ դառնալ հուսալի դարպասապահ ու խաղալ ազգային հավաքականում

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարձակվողից դարպասապահ. Փոքր տարիքից ֆուտբոլը շատ եմ հավանել ու նայել եմ հեռուստացույցով: Առաջին քայլերս 5 տարեկանում Մասիսում եմ արել, մոտ 6 ամիս հարձակվողի դիրքում եմ խաղացել, քանի որ բարձրահասակ էի, դարպասապահ դարձա: Հայրիկս էլ դարպասապահ է եղել, բայց պրոֆեսիոնալ մակարդակով չի խաղացել: Հենց նա էլ օգնեց կատարել ընտրությունս, աստիճանաբար սիրեցի այդ գործը:

Սկզբում մեր քաղաքի սիրողական թիմում էի հանդես գալիս, հետո տեղափոխվեցի «Փյունիկ»: Ահա թե դա ինչպես պատահեց՝ ես 2 տարով մեծերի թիմում էի հանդես գալիս ու հանդիպում ունեցանք «Փյունիկի» հետ: Այդ ժամանակ, երեւի, 7 տարեկան էի:

Լավ հանդիպում անցկացրի ու առաջարկություն ստացա երեւանյան ակումբում հանդես գալ, համաձայնվեցի, քանի որ այդ տեղափոխությունը մեծ շանս էր ինձ համար: Սկզբում հորեղբայրս էր ինձ տանում մարզումների, մինչեւ որ մի քիչ մեծացա ու արդեն ինքնուրույն էլ կարող էի հասնել Երեւան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դարպասապահի դժվար դիրքը. Սկզբում ինձ դուր էր գալիս գոլեր խփել, բայց բոլորովին այլ է դարպասում կանգնելը: Այդ դիրքը շատ դժվար է, դարպասապահը պետք է գիտակցի, որ վերջին մարդն է, ով կարող է փրկել իր թիմին: Նա պետք է իր սխալները նվազագույնի հասցնի, քանի որ նրանից հետո էլ շտկողներ չկան: Ամեն ընդունած գոլի համար հենց դարպասապահին են մեղադրում, շատ դաժան գործ է, բայց եւ հաճելի, երբ այն կարողանում ես լավ անել:

Դարպասապահն, ըստ էության, միայնակ է խաղադաշտում: Նա հեռվից է հետեւում հանդիպմանը, բայց միաժամանակ անընդհատ խաղի մեջ է, իրավունք չունի անջատվելու, քանի որ ամեն պահ էլ կարող է գրոհ լինել: 

Երեւի ամենադժվար ու չգնահատված դիրքը հենց դարպասապահինն  է, կարող ես  ամբողջ խաղի ընթացքում թիմին փրկել, բայց մեկ սխալի պատճառով գոլ բաց թողնել ու մեղավոր դառնալ: Միշտ հիշում եմ ընդունած գոլերը, բայց ոչ փրկածները:

Կուռքերը. Փոքրուց սովորել եմ  Իկեր Կասիլիասից ու Ռոման Բերեզովսկուց: Կասիլիասն այդքան էլ բարձրահասակ չէ,  բայց լավ ռեակցիա ու տեխնիկա ուներ: Նա լավագույն դարպասապահներից մեկն է եղել, Կասիլիասի թռիչքներն ինձ միշտ շատ են դուրս եկել: Իսկ Ռոման Բերզովսկին ավելի բարձրահասակ է, բայց նա էլ ճկուն է եղել, շատ 11-մետրանոցներ է հետ մղել ու Հայաստանի հավաքականին օգնել: Նրանց սիրել եմ նաեւ մարդկային որակների համար, բարձրակարգ խաղացողներ լինելուց բացի նաեւ լավ մարդիկ են, ինչի շնորհիվ էլ այդքան հարգված են  երկրպագուների կողմից:

Լուսանկարը` Մեդիամաքս


1-ին կարեւոր հանդիպումը. Առաջին նշանակալի խաղս Մ-15 տարեկանների թիմի կազմում Մակեդոնիայի հետ էր: Հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվում էինք, վերջին 15 րոպեների ընթացքում 2 գոլ խփեցինք ու 11-մետրանոցներով հաղթեցինք: Այդ հանդիպումն անմոռանալի է ինձ համար:

Խաղերից առաջ սովորաբար հանգիստ քնում եմ, բայց առաջին միջազգային խաղի մասին շատ էի մտածում, խաղադաշտում ամեն ինչ մոռացա ու մտա պայքարի մեջ, մի քանի վստահ գործողություններից հետո ինձ էլ ավելի լավ զգացի: 

Ուժեղ կողմերն ու 11-մետրանոցները. Իմ ռեակցիան է ուժեղ, արագ կողմնորոշվող եմ, դարպասից դուրս գալն է լավ ստացվում: Եթե վստահ չլինես, ունակությունները ճիշտ օգտագործել չի ստացվի: Այնպես եմ անում, որ թույլ կողմեր չունենամ, դրանց վրա շատ եմ աշխատում, ուժեղներն էլ ավելի եմ ուժեղացնում:

Կարեւոր խաղերում նշանակված 11-մետրանոցների մեծ մասը հետ եմ մղել: Անցած տարի նոյեմբերին Հոլանդիայի հետ խաղում եմ փրկել թիմին, բայց ամենակարեւորը նախորդ  տարվա սեպտեմբերին Ռուսաստանում Ղրղզստանի հետ խաղում էր: 2:1 հաշվով հաղթում էինք, ու վերջին րոպեին 11-մետրանոց նշանակվեց, այն հետ մղեցի ու հանդիպումն ավարտվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախապես երբեք չես իմանում, կկարողանաս 11-մետրանոցը պահել, թե ոչ: Այդ պահին միայն մտածում ես ամեն գնով թիմին օգնելու մասին: 11-մետրանոցը վիճակախաղ է, չգիտես երբ կնշանակվեն, պարզապես պատրաստվում ես դրանց դիմակայել:

Գոլերը միայնակ նշելը. Ֆուտբոլում շատ կարեւոր է թիմակիցների հետ համագործակցությունը, նոր թիմում կամ հավաքականում հարմարվելու համար ժամանակ է պետք: Կարեւոր է փոխադարձ հարգանքը, այդ դեպքում համագործակցելը հեշտ է դառնում: Նորեկներին միշտ օգնում են արագ ինտեգրվել: Խաղի ընթացքում էլ իրար մոտենում ենք ու ոգեւորիչ խոսքեր ասում: Դա շատ է օգնում հանդիպման ընթացքում:

Դարպասապահները հիմնականում գոլերը միայնակ են տոնում, մի դեպք է եղել, որ հավաքականի նախավարժանք անող ֆուտբոլիստի հետ ենք նշել: Դա ԵՎՐՈ-2019-ի ընտրական մրցաշարում Իսպանիայի դարպասն ուղարկած գոլից հետո էր:

Շատ կարեւոր ԵՎՐՈ-ն. Եվրոպայի առաջնությունը մեզ շատ մեծ փորձ ու վստահություն տվեց, խաղացինք աշխարհում լավագույնը համարվող թիմերի դեմ: Երբ իմացա, որ ընդգրկվել եմ հավաքականում ու խաղալու եմ ինձնից մեծերի հետ, շատ ուրախացա, իսկ երբ հանգստացա, հասկացա պատասխանատվության աստիճանը: Բայց տրամադրվեցի, աշխատանքը եռապատկվեց, ու բոլորով փորձեցինք այնպես անել, որ լավ հանդես գանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմի տրամադրվածությունը շատ մեծ էր, բայց ավելի հավաքված էր պետք լինել: Առաջին հերթին  ֆիզիկապես զիջեցինք մրցակիցներին, մինչեւ 60-65-րդ րոպեն կարողանում էինք խաղալ, դրանից հետո էին գոլերի մեծ մասը լինում: Ֆիզիկական վիճակն է պետք բարելավել, ավելի ռացիոնալ աշխատել, շատացնել մարզումների քանակը: Մրցակիցներից ամենաուժեղն Իսպանիան էր, թեեւ ֆավորիտ ես համարում էի Ֆրանսիային: 

Հաղթանակների կարեւորությունը. Երկրում ֆուտբոլային ոգեւորություն առաջացնելու համար պետք է մեծահասակների թիմում հաջողություն լինի, ուժեղանան մանկապատանեկան դպրոցներն ու լավ կադրեր պատրաստեն: Բայց, միանշանակ, հաղթանակներն են երեխաների մոտ մարզվելու ու ֆուտբոլն ընտրելու ցանկություն առաջացնում:

Սպորտում առանց պարտությունների չի լինում, դրանք հաղթահարելը դժվար է, բայց եթե մարզիկի կարիերա ես ընտրում, խուսափել պարտությունից չի ստացվի: Պետք է պարզապես դասեր քաղել ու առաջ շարժվել: Փորձում եմ նման խաղերն արագ մոռանալ, բայց ոչ սխալներս, որ հաջորդ անգամ էլ չկրկնեմ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակները. Ամեն տարիքային հավաքականում էլ խաղալու պատասխանատվությունը մեծ է, քանի որ ազգն ենք ներկայացնում: Հասկանում ենք, որ մեր աշխատանքից է կախված հետագայում ազգային հավաքականում ընդգրկվելը: Ամեն ինչ փորձում եմ անել, որ լինեմ:

Իմ առաջնային նպատակը հավաքականը համալրելն է, աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ  է դրան հնարավոր հասնել, տաղանդն իմ կարծիքով այդքան էլ մեծ դեր չի խաղում:

Հիմա Մ-19 տ. ընտրանու առջեւ դրված խնդիրը ԵԱ-ի եզրափակիչ փուլ անցնելն է, այն իրականանալի առաջադրանք է: Դեռ դրան եմ ուզում հասնել, մեծ բաների մասին չեմ մտածում:

Հավաքականի ոգեշնչող հանդիպումները. Ամենաշատը հավանել եմ ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում հանդես եկած մեր ազգային հավաքականը: Սլովակիայի, Մակեդոնիայի, Դանիայի, Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակներն ու Իտալիայի հետ ոչ-ոքին իմ ամենասիրելի հանդիպումներն են: Ամիսը գոնե 2 անգամ նայում եմ այդ հանդիպումները:

Ոգեւորություն է գալիս, հավատում եմ, որ կարող ենք ավելիին հասնել: Բայց ամենաշատը տպավորված եմ Մ-21 տարեկանների Հայաստան-Թուրքիա խաղով, երբ մեզ հաջողվեց Երեւանում հաղթել 2:1 հաշվով: Կուզեմ հավաքականին օգնել լուրջ նվաճումների հասնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի առաջնությունը. Երկրի առաջնությունում հիմա զգալի որակական փոփոխություն է զգացվում, առաջին հերթին թիմերի շատ լինելն է դրան նպաստում: Նաեւ ակումբների խաղերում գաղափարական փոփոխություններ են նկատվում, բայց մեկ խնդիր կա՝ լեգեոներների թիվը 1-ին ու Բարձրագույն խմբում շատ է: Գոնե առաջին Լիգայում հայ ֆուտբոլիստները պետք է շատ խաղան:

Միայն մարզվելը քիչ է, պետք է խաղալու հնարավորություն ունենալ, որ վստահություն էլ գա, պատասխանատվություն էլ զգաս:

Ընտանիքի աջակցությունը. Ամենամեծ երկրպագուս հորեղբայրս է, նախ նա ինձ ֆուտբոլի է տարել, ապա իմ բոլոր հանդիպումներին ներկա եղել: Նաեւ տատիկս է մեծ երկրպագուս, խորհուրդներ է տալիս,  բայց ավելի շատ փնովում է: Հեռուստացույցով ԵՎՐՈ-ի բոլոր խաղերը նայել է: Հիմնականում հաշվին է ուշադրություն դարձնում ու դրանից է շատ բողոքում: Դժգոհում է, երբ պարտվում ենք, բայց միշտ կողքիս է:

Երբ տրիբունաներում հարազատ մարդիկ են խաղիս հետեւում, ավելի մեծ պատասխանատվություն եմ ունենում, բայց նաեւ վստահությունս է ավելանում: Եթե հանկարծ հորեղբայրս մի քիչ ուշանում է, անհանգստանում եմ, շատ եմ ուզում, որ նա ստադիոնում լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտիվացվիան ու նոր մասնագիտությունը. Ինձ մոտիվացնում է նպատակիս հասնելու ցանկությունը, որ բոլորին ապացուցեմ՝ կարող եմ: Շատ չհավատացողներ կան, իսկ երբ հաջողության հասնեմ, ինձ անպայման կհիշեն: Չարախոսներին հիմնականում փորձում եմ ուշադրություն չդարձնել, գիտեմ՝ ինչի եմ ուզում հասնել, աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հիմա ծառայում եմ զինվորական վաշտում ու խաղում ԲԿՄԱ-ում: Ցանկանում եմ ծառայությունից հետո սովորել: Այս 2 տարին անցնելուց հետո կկողմնորշվեմ, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ձեռք բերել: Հայոց պատմություն եմ շատ սիրում, երեւի այն էլ կընտրեմ: Ամենաշատը Տիգրան Մեծի ժամանակաշրջանն եմ հավանում, որովհետեւ նման մեծ տերություն կառավարելն այդքան էլ հեշտ չէր, շատ հմտություններ էին պետք: Չեմ հավատում, որ այդքան կհզորանանք, բայց հաստատ մեր երկիրը կկարողանա ուժեղանալ:

Հարություն Մելքոնյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին