Դեկտեմբեր 21, 2024
exclusive
65703 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Լիանա Գյուրջյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական ծանրամարտը միշտ էլ հայտնի ու տիտղոսակիր մարզիկների պակաս չի զգացել:

Այսօր եւս մեր հավաքականները համալրվում են երիտասարդներով, ովքեր հավակնում են շարունակել նախորդների աշխատանքը: Նրանցից է նաեւ Լիանա Գյուրջյանը, որին այս անգամ սիրով անդրադարձել ենք մեր «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում:

Մարզաձեւը՝ ծանրամարտ

Քաշային կարգը՝ 76 կգ

Անձնական մարզիչը՝ Աշոտ Դանիելյան

Տարիքը՝ 16

Բնակավայրը՝ Արարատի մարզի գյուղ Գետազատ

Սովորում է՝ Նորայր Մանասերյանի անվան դպրոցի 12-րդ դասարանում

Սիրած առարկա՝ ֆիզիկա

Մարզական կերպարը՝ Տատյանա Կաշիրինա

Սիրելի զբաղմունքը՝ երաժշտություն լսել, գիրք կարդալ ու գիշերը նայել աստղազարդ երկնքին

Սիրած երգչուհին՝ Ռիհաննա

Նվաճումները՝ 2017-ի պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, 2019-ի պատանեկան Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2019-ին մեծահասակների ԵԱ-ում գրավել է 4-րդն տեղն ու հրում վարժությունում արծաթ նվաճել, 2018-ին մասնակցել է պատանեկան Օլիմպիական խաղերին:

Նպատակը՝ մասնակցել Օլիմպիական խաղերին ու մեդալ նվաճել 

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի ծանրամարտ. Փոքր տարիքից հետաքրքրվել եմ սպորտով: Մեր գյուղում մոտ 8 ամիս ըմբշամարտով զբաղվեցի, բայց, ճիշտն ասած, այդքան էլ շատ չսիրեցի այն: Մարզիչը պապիկիս, ով ինձ տարել էր մարզասրահ, խորհուրդ տվեց տեղափոխվել ծանրամարտ: Նրան լսեցինք ու հիմա հասկանում եմ, թե ինչքան ճիշտ որոշում կայացրինք:

9 տարեկան էի, երբ եկա Երեւանի «Սպարտակ» մարզադահլիճ: Իմ երջանկահիշատակ մարզիչ Խորիկ Դանիելյանը չէր ուզում ընդունել, քանի որ փոքր էի, բայց իր որդին ու ներկայիս մարզիչս՝ Աշոտ Դանիելյանն, ասաց, որ թույլ տա հաճախեմ մարզումներին: Նա նշեց, որ սկզբից տեխնիկայի վրա կաշխատենք, հետո արդեն քաշեր կբարձրացեմ: Այդպես ես մուտք գործեցի ծանրամարտ:

Ուժեղանալու ձգտումն ու ծնողների տված ազատությունը. Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա դահլիճ ու տեսա պարապող տղաների, ովքեր շատ ծանր քաշեր էին բարձրացնում, որոշեցի, որ ես էլ եմ ուզում ուժեղանալ: Ամեն մարզման ժամանակ փորձում էի ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, որ մի օր դառնամ հաղթող, հասնեմ նպատակներիս ու կատարեմ ծնողներիս երազանքը:

Ծնողներս դեմ չեն եղել իմ ընտրությանը, նրանք միշտ էլ մեզ ազատություն են տվել ու ասել, որ մենք պետք է որոշենք մեր մասնագիտությունը: Փոխարենը նրանք շատ են օգնում ինձ, դրա համար էլ շատ եմ աշխատում, որ նրանց սպասելիքներն արդարացնեմ: Հայրս կարատեով է զբաղվել, բայց պրոֆեսիոնալ մարզիկ չի եղել, քույրիկներս ուսանողներ են, իսկ մեր տան մարզիկները ես ու եղբայրս ենք՝ նա էլ Ավանի ակադեմիայում ֆուտբոլ է պարապում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անսահման սերը. Չգիտեմ, թե ինչն է այստեղ ինձ այդքան շատ գրավում, ծանրամարտը մի աշխարհ է, որտեղ ես ապրում եմ: Այս մարզաձեւը սիրել եմ միանգամից, իսկ հիմա արդեն այդ սերն անհամեմատ աճել է ու չեմ պատկերացնում ինձ առանց ծանրամարտի: Սիրում եմ ամեն ինչը՝ դժվարությունները, մրցումներն ու դրանցից հետո եղած յուրահատուկ պահերը:

Դժվարություն ամեն տեղ էլ կա, կարծում եմ, որ դրանք հաղթահարելն արդեն իսկ հաղթանակ է մարզիկի համար, պետք է պարզապես չկոտրվել ու առաջ շարժվել:

Առաջին անգամ հավաքական հրավիրվելը. Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ առաջին անգամ հրավիրվեցի հավաքական: Վանաձորում մրցումների էինք, իսկ ես անհաջող ելույթ ունեցա: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ իմ բարձրացրած քաշերը չեն բավարարում հավաքականում ընդգրկվելու համար, բայց իրենք ինձ կվերցնեն, որպեսզի աշխատեն թերություններիս վրա:

Անչափ ուրախացել էի, օրերն էի հաշվում, թե երբ եմ գնալու հավաքին: Այդ ժամանակ 13 տարեկան էի, մտա դահլիճ, մեր բոլոր ուժեղ աղջիկները մարզվում էին: Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը շատ խորհուրդներ են տվել, ասել, թե ինչպես է հարկավոր ճիշտ աշխատել: Այնքան հաճելի էր նրանց հետ մարզվելը, երբ տեսնում ես, որ ուժեղ մարզուհիները հետեւում են քեզ, ուշադրություն են դարձնում ու դիտում  մոտեցումներդ: Այդ ժամանակից էլ հասկացա, որ պետք է վստահ գնամ երազանքներիս հետեւից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լարվածությունը հաղթահարելը. Առաջին անգամ մասնակցել եմ պատանիների Եվրոպայի առաջնությանը ու գրավել 4-րդ տեղը: Ավելի մեծ արդյունքի էի սպասում, բայց երեւի լարվածությունը մեծ էր ու չկարողացա այն հաղթահարել:

Ցանկացած ծանրորդի համար շատ կարեւոր է առաջին մոտեցումը, եթե հաջողվում է բարձրացնել, անհամեմատ հեշտ է լինում, իսկ երբ չի ստացվում, զրո ստանալու հավանականությունը մեծանում է: Դրա համար աշխատում ենք առաջին մոտեցումն անպայման հանել:

Մինչ մրցումներն արդեն զգում ես, թե ինչքանով ես պատրաստ, ինչքանով ես զգում ծանրաձողը: Չնայած սրան, հարթակ դուրս գալուց առաջ լարվածություն լինում է, պարզապես պետք է այն հաղթահարել ու ցույց տալ, թե ինչի ես ընդունակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթել ինքդ քեզ. Հաղթելու համար մարզիկը պետք է հավատա ինքն իրեն, հետո մարզիչներին: Մարզիչն օգնում է, ճանապարհ է ցույց տալիս, բայց այն պետք է հաղթահարի մարզիկը եւ չխուսափի դժվարություններից: 

Մեդալ նվաճելը ցույց է տալիս իմ ու մարզիչներիս աշխատանքը, ոգեւորում է, որ հետագայում ավելիին հասնեմ: Երբ սկսել եմ մարզվել, մտածել եմ հաղթելու մասին, հաղթել միայն առաջին տեղը գրավելն ի նկատի չունեմ, հաղթել ինքս ինձ, հետո նոր մրցակցին ու ծանրաձողին: Մեդալները ցույց են տալիս իմ անցած ճանապարհը, իմ պատմությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մտովի պատրաստ լինելն ու միշտ կատարելագործվելը. Պատանեկան Օլիմպիական խաղերում հասկացա, որ կարեւոր մրցման ժամանակ պետք է նախ ուղեղդ պատրաստ լինի, հետո նոր ֆիզիկականդ: Դեռ մարզումների ժամանակ է ուղեղդ ընկալում, որ դու կարող ես: Բացի այդ էլ, մարզիչը երբեք չի ուղարկում այնպիսի քաշի, որը չես կարող չբարձրացնել: Մարզիչների ասածներն ամենաթանկ բաներն են, պարզապես հարկավոր է վստահ մոտենալ:

Ինչպես պարտությունն, այնպես էլ հաղթանակը պարտավորեցնում են: Պարտություններից հետեւություններ ես անում, դրանք քեզ ուժ են տալիս: Իսկ մեկ հաղթանակով կամ մեդալով անընդհատ հպարտանալ պետք չէ: Ինչպես Փաշիկ Ալավերդյանն է ասում, եթե մենք մեզնից գոհ լինենք, էլ չենք կարող աշխատել: Սպորտում պետք է անընդհատ ինքդ քեզնից նոր բանի սպասես, պայքարես, ասես, որ ուժեղ եմ ու շարժվես առաջ:

Հաջող մեկնարկած տարին. Այս տարի արդեն երկու մրցման եմ մասնակցել: Նախ՝ պատանիների ԱԱ-ում արծաթե մեդալակիր դարձա, իհարկե, ուրախ եմ, որ երկրորդ տեղն եմ գրավել, բայց կիլոգրամների առումով սպասելիքներս ավելի շատ էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապա առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Ես տրամադրվել էի, որ եթե ինչ-որ բան իմ ծրագրածով չեղավ, այդքան էլ չեմ ափսոսա, քանի դեռ փոքր եմ ու կարող եմ հասնել այն աստիճանին, որ մի քանի տարի անց մեդալ նվաճեմ: Դրա համար էլ Բաթումիում այդքան լարված չէի: Մարզումների ժամանակ գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանն ասել էր, որ 220 կգ արդյունքով երկամարտում կարող եմ մեդալ նվաճել: Սակայն ԵԱ-ում երրորդ մոտեցումը ձախողեցի ու գրավեցի 4-րդ տեղը: Հրում վարժությունում նվաճեցի փոքր արծաթե մեդալ, ինչն ուրախացնում է: Կարեւորն այն էր, որ մարզիչները գոհ մնացին իմ ելույթից:

Ներողամիտ, աշխատասեր ու տաղանդավոր. Ժամանակս չեմ սիրում անիմաստ բաների վրա ծախսել, միշտ փորձում եմ ճիշտ օգտագործել այն: Չեմ վիրավորում մարդկանց, եթե ինչ-որ մեկի հետ էլ տարաձայնություն ենք ունենում, հաշտվելու համար առաջին քայլն եմ անում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտով զբաղվելու համար ամենակարեւորն ինքդ քեզ հավատալն է, եթե կամք չունեցար ոչ մի խոչընդոտ էլ չես կարող հաղթահարել: Իհարկե, աշխատասիրությունը շատ է պետք, բայց ես գիտեմ աղջիկների, ովքեր անընդհատ մարզվում են, բայց չեն հասնում հաջողության: Կարծում եմ, որ տաղանդի ու աշխատասիրության միասնության շնորհիվ է հնարավոր լավ մարզիկ դառնալ:

Լիանա Գյուրջյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին