Դեկտեմբեր 23, 2024
exclusive
67037 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Վիգեն Խաչատրյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզությունը տարիներ շարունակ համարվել է հայկական սպորտի ամենակարեւոր ձեւերից մեկը: Այսօր եւս քիչ չեն երիտասարդները, ովքեր մարզվում են ու հաջողություններ գրանցում միջազգային ասպարեզում:

Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» նախագծի այս անգամվա հյուրը մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանն է:

Մարզաձեւը՝ սպորտային մարմնամարզություն

Տարիքը՝ 18

Զինվորական ծառայության մեջ է

Բնակավայրը՝ Երեւան

Նվաճումները՝ Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի առաջնության 5-րդ ու 6-րդ տեղ, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

Սիրում է կատակերգական ժանրի ֆիլմեր

Մարզական կերպարը՝ Ալեքսեյ Նեմով

Նպատակը՝ մասնակցել Օլիմպիական խաղերին

Մուտք մարզադահլիճ. Ես 4 տարեկան էի, երբ առաջին անգամ եկա Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց: Մեծ եղբայրս պարապում էր ու մի օր էլ ինձ բերեց այստեղ: Հետագայում ինքը չշարունակեց պրոֆեսիոնալ կարիերան, իսկ ես դարձա մարմնամարզիկ:

Առաջին միջազգային մրցաշարս եղավ 2010 թվականին: Ռուսաստանի Պեմզա քաղաքում կայացած պատանիների մրցաշարում տարբեր գործիքների վրա ոսկե մեդալներ շահեցի, գրավեցի նաեւ բացարձակ առաջին տեղը:

Այդ ժամանակ էլ հասկացա, որ կարող եմ առաջ գնալ: Խոստովանեմ, որ հաջողությունը նպաստեց, որպեսզի մարմնամարզությունն իմը դառնա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցաշարեր ու առաջխաղացում. Աճելու, զարգանալու համար մարզիկը պետք է միջազգային մրցաշարերի մասնակցի, զգա մրցակցությունը: Միայն բարձրակարգ մարզիկների հետ շփվելով ես կարողանում ավելի ուժեղ դառնալ ու առաջ գնալ:

Արդեն 2011-ին հանդես եկա ԱՊՀ-ի մրցումներում, որտեղ հենացատկում գրավեցի 3-րդ տեղը: 2013-ին Հոլանդիայում կայացած Օլիմպիական փառատոնում մտա եզրափակիչ ու գրավեցի 8-րդ տեղը: Իսկ արդեն մեկ տարի անց սկսվեցին հաջողություններս:

Հուզմունք, որը միշտ լինում է. Եվրոպայի երիտասարդական առաջնությունն առաջին լուրջ մրցաշարն էր ինձ համար: Պետք է ասեմ, որ միշտ էլ մեկնարկից առաջ հուզմունք լինում է, նույնիսկ մեր դահլիճում ընթացող առաջնությունների ժամանակ:

Սակայն պետք է կարողանալ տիրապետել քեզ, կենտրոնանալ միայն վարժությանդ վրա ու այն, ինչ արել ես մարզումների ժամանակ, ցույց տալ այդտեղ:

ԵԱ-ում գրավեցի 6-րդ ու 5-րդ տեղերը, բնականաբար, գոհ չեմ, քանի որ կարող էի ավելի լավ դրսեւորել ինձ: Պարզապես այդ անգամ չկարողացա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուրախ էի, որ պատանեկան Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք էի վաստակել: Մեկնեցի Նանջինգ ու 3 գործիքների արդյունքներով մտա եզրափակիչ, մեդալ բերելու շանսեր ունեի, սակայն, կարծում եմ, սպորտում կարեւոր է նաեւ բախտի գործոնը:

Ցավալի Օլիմպիադա. Մինչեւ Օլիմպիադա մեկնելը ես մեջքի վնասվածք ունեի, ինչը զգացնել տվեց նաեւ այնտեղ: Ինձ արգելեցին երկու գործիքների վրա ելույթ ունենալ ու չկարողացա եզրափակչում դուրս գալ պայքարի: Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, ամեն անգամ հիշելիս վատ եմ զգում, բայց շարժվում եմ առաջ:


Օլիմպիական խաղերն իսկական տոն են, այնտեղ տարբեր սպորտաձեւերից են մասնակիցները, շփվում ես, հետեւում նրանց ելույթներին:  Բացմանը չեմ մասնակցել, քանի որ հաջորդ օրն իմ ելույթն էր, բայց փակումը շատ հրաշալի մթնոլորտում անցավ:

Մարզաձեւի բարդությունն ու ճիշտ ելույթները. Մարմնամարզության բարդությունն այն է, որ 6 գործիքի պետք է տիրապետես ու ավելի քան 100 մարդու հետ մրցակցես: Ես ինձ ավելի լավ եմ զգում հենացատկի ու ազատ վարժության ժամանակ:

Ելույթի պահին մի վայրկյան անգամ չպետք է ուրիշ բանի մասին մտածել: Քո միակ խնդիրը յուրաքանչյուր էլեմենտ ճիշտ կատարելն է:

Եթե մրցման ժամանակ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դու լավ պատրաստ չես: Կամ պետք է այնքան պարապել, մինչեւ այդ էլեմենտը քոնը դառնա, կամ էլ այն պարզապեսը քոնը չի, չպետք է այն կատարել: Երկրորդ տարբերակ էլ կա՝ փոքրիկ սխալը կամ անուշադրությունը կարող են պատճառ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայոց բանակի զինվորի նպատակները. Ես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եմ սովորում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ, շուտով կլրանա 6 ամիսը, ինչ ծառայում եմ: Ես սպորտային վաշտում եմ, որտեղից մարզումների ու մրցաշարերի մասնակցելու համար ազատ ենք արձակվոում որոշակի ժամանակով:

Հիմա գլխավոր նպատակս մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: Ուզում եմ լավ արդյունք ցույց տալ, ընդգրկվել մեծահասակների հավաքականում ու մեկնել ԵԱ: Ճիշտ է, դժվար է լինելու, բայց պետք է փորձեմ:

Իսկ ամենամեծ նպատակս՝ Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Մեր բոլորի ցանկությունն այն է, որ մարմնամարզությունը զարգանա մեր երկրում, ցույց տանք, որ այն վերականգնում է իր երբեմնի բարձր դիրքը:

Լավ մարդ լինելու մասին. Մարմնամարզությունը շատ վտանգավոր, բայց շատ լավ մարզաձեւ է, մյուս սպորտաձեւերի հիմքը: Ճկուն, ճարպիկ, առողջ. ահա այն հատկությունները, որոնք տալիս է մարմնամարզությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզությունը, ընդհանրապես սպորտը, լրիվ ուրիշ կյանք է: Մտնում ես դահլիճ ու ամեն ինչ փոխվում է, այստեղ ես անցկացնում ողջ օրդ: Շատ տղաներ պատի տակ կանգնում են ամբողջ օրը, ծխում, խմում, իսկ սպորտում այդ ամենը չկա, այն ճիշտ է դաստիարակում մարդուն:

Իմ մարզիչ Արսեն Ավետյանը կարծես երկրորդ ծնողս լինի: Նա միշտ ասում է, որ առաջինը պետք է լավ մարդ լինել: Մենք առաջին հերթին դաստիարակվում ենք որպես մարդ, հետո նոր որպես մարզիկ:

Վիգեն Խաչատրյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին