Հոկտեմբեր 31, 2025
exclusive
1572 դիտում

Գասպար եւ Սամվել Տերտերյաններ․ Ըմբիշ եղբայրները, ովքեր ձգտում են մեծ տիտղոսների


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի 72 եւ 77 կգ քաշային կարգերում եղբայրներ են՝ 20-ամյա Գասպար եւ 18-ամյա Սամվել Տերտերյանները։ Նրանք Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղից են ու մարզվում են Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում։ Այս տարի Գասպարը Մ-20 տ․ Աշխարհի առաջնությունում դարձել է հաղթող, իսկ Եվրոպայում գրավել 2-րդ տեղը։ Սամվելը նույն տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է։

Mediamax Sport-ը Վաղարշապատի մարզադպրոցում մեկ օր է անցկացրել եղբայրների հետ ու բացահայտել, որ Գասպարն ավելի նախաձեռնող ու շփվող է, իսկ Սամվելը չի սիրում շատ խոսել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ 5 տարեկանից մոտ 2-3 տարի զբաղվել եմ մարմնամարզությամբ, մրցաշարերի մասնակցել։ Բայց մարզիչս ասաց, որ ըմբշամարտին ավելի շատ եմ համապատասխանում ու ճիշտ աշխատելու դեպքում կարող եմ լավ ըմբիշ դառնալ։ Ես սիրում էի մարմնամարզությունը, բայց փոքր էի ու լսեցի մեծերի խորհուրդը, ինչի համար չեմ փոշմանել։ Հայրս բերեց Էջմիածին ու այդ օրվանից սկսած մարզվում եմ Սիմոն Կարապետյանի մոտ։ Հայրիկս զբաղվել է հունահռոմեական, իսկ պապիկս՝ ազատ ոճի ըմբշամարտով։ 

Մեր հայրը շատ է սիրում այս մարզաձեւը, մեզ հետ հավասար եկել է դահլիճ, իր հետեւողականությամբ, խորհուրդներով միշտ մեր կողքին է։ Փոքր ժամանակ ծնողների ուշադրությունն ամենակարեւորն է, որովհետեւ երեխային պետք է ճիշտ ուղու վրա դնել։ 

Սամվել. Արդեն 12 տարի է, որ զբաղվում եմ ըմբշամարտով: Սկսել եմ մարզվել  Ակնաշենում, իսկ 1,5 տարի անց Գասպարի հետ տեղափոխվել ենք Էջմիածին: Արդեն 10 տարի է ընկեր Սիմոնի հետ ենք աշխատում: 

Քանի որ մեր ընտանիքը սպորտային է, ես ու եղբայրս էլ հետեւել ենք ավագ սերնդի օրինակին: Հիմա հայրս մեր շնորհիվ է շարունակում կապված լինել ըմբշամարտին ու հաճախ է իր խորհուրդներով օգնում: Անհաջողության դեպքում ճիշտ բառեր է գտնում, որ չկոտրվենք, աշխատենք սխալների վրա ու մյուս անգամ դրանք չկրկնենք:

Գասպար․ Սամվելի հետ միասին ենք սկսել զբաղվել ըմբշամարտով, ուղղակի ես մեծն եմ ու ավելի շուտ սկսեցի հաղթանակներ տանել։ Հետո հերթն իրեն էլ հասավ։ 

Սամվել. Առաջին անգամ մարզային մրցաշարի եմ մասնակցել ու գրավել 2-րդ տեղը, դրանից հետո ինձ ավելի վստահ զգացի ու ավելացրի նվաճումներս: Քանի որ  եղբայրս ավելի փորձառու է, միշտ մարզումների ժամանակ լսում եմ նրան, ինչն ինձ շատ է օգնում: Նաեւ միասին աշխատում ենք այն հնարքների վրա, որոնք ինձ մոտ չեն ստացվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ Այնպես է ստացվել, որ մեր մեջ միշտ մի քանի կիլոգրամի տարբերություն է եղել, չնայած ես մեծ եմ երկու տարով։ Մարզումները միասին ենք անում, երբեմն իրար զույգ ենք կանգնում։ Սամվելն ուժեղ ըմբիշ է ու միմյանց դեմ գոտեմարտելով՝ իրար ուժեղացնում ենք։ Ես ավելի շատ եմ խորհուրդներ տալիս, բայց միշտ էլ լսում եմ նաեւ եղբորս ասածները։ Չիմանալն ամոթ չէ ու ինձնից փոքրին հարցնելուց չեմ ամաչեմ։ Ես սիրում եմ նոր բաներ սովորել, կապ չունի դիմացինի տարիքը։

Սամվել. Երբ Գասպարի հետ առաջին անգամ Հայաստանի պատանեկան առաջնությանը մասնակցեցինք, երկուսս էլ նույն քաշային կարգում էինք մրցում: Նա առաջին տեղը զբաղեցրեց, իսկ ես բրոնզե մեդալ նվաճեցի, այդ անգամ գորգում չհանդիպեցինք: Բայց հետագայում մրցել ենք, ամեն մեկս մեկական հաղթանակ է տարել: Գորգում ընդհանրապես կապ չունի, որ մրցակիցդ եղբայրդ է, ուզում ես հաղթել: Դրանից դուրս եղբայրներ ենք, իսկ պայքարելիս՝ հակառակորդներ: Ապա Գասպարն արդեն երիտասարդների մրցումներին էր մասնակցում, իսկ ես՝ դեռ պատանիների: Հիմա երկուսս էլ երիտասարդական հավաքականում ենք:   

Գասպար․ Մարզումների ժամանակ չենք կարող եղբայրներ լինել, շատ ենք տանջում իրար։ Գորգի վրա տաքանում ես ու չես նայում ընկեր է, եղբայր, որովհետեւ բոլորն էլ պարապում են չեմպիոն դառնալու համար։ Իսկ արդեն դահլիճից դուրս կրկին վերադառնում ենք մեր ջերմ հարաբերություններին, մենք եղբայրներ ենք ու ամեն ինչով օգնում ու աջակցում ենք իրար։

Այս տարի Սամվելի հետ երեք մրցման ենք մասնակցել եւ օգնում էինք իրար։ Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնության առաջին օրը նա էր ելույթ ունենում ու իր կողքին էի, փորձում էի ոգեւորել։ Ապա իմ հերթն էր, արդեն ինքն էր իմ կողքին։ Ես ինձ շատ լավ եմ զգում ու ոգեւորվում եմ, որ եղբայրս աջակցում է ինձ։ 


Սամվել. Եղբայրներով տարբեր բնավորություն ունենք, Գասպարն ավելի ակտիվ է, սիրում է շփվել, իսկ ես հանգիստ ու քչախոս եմ: Նման չենք նաեւ գորգում, ամեն մեկս մեր ոճն ունի: Շատ հաշտ եղբայրներ ենք, լսում ենք իրար ու հետեւում միմյանց խորհուրդներին: Շատ ուրախ եմ, որ Գասպարի նման եղբայր ունեմ, ամեն հարցում իմ կողքին է: Կյանքում էլ ինձ շատ է օգնում ու վստահություն փոխանցում:

Գասպար․ Ինչպես բոլորը, մենք էլ տարաձայնություններ ունենում ենք։ Ես մեծն եմ ու միշտ ուզում եմ հոգ տանել Սամվելի մասին, ուշադիր լինել, պատասխանատվության զգացում ունեմ իր նկատմամբ, ամեն ինչ ուզում եմ անել, որ ինքն ինձնից լավ ելույթներ ունենա։ Իրականում շատ եմ լարվում, երբ գորգի վրա է լինում։ Չգիտեմ ինչու, բայց մի տեսակ մարմինս թուլանում է, սիրտս արագ աշխատում։ Երբ ինքս եմ պայքարի դուրս գալիս, նման բան չկա։ 

Սամվել. Ի տարբերություն իմ գոտեմարտերի՝ իր ելույթներին հետեւելիս ավելի շատ եմ լարվում, մի կերպ եմ դիմանում: Ընթացքում երկուսս էլ միմյանց ոգեւորում եւ հուշումներ ենք տալիս:  

Գասպար․ Ասում են, որ արտաքինով նման ենք իրար, բայց բնավորությամբ շատ տարբեր ենք։ Ես ակտիվ եմ, շփվող, սիրում եմ մարդկանց հետ խոսել, նոր բաներ իմանալ։ Սամվելը չխոսկան է, հանգիստ, ավելի փակ, սիրում է գյուղատնտեսական հարցերով զբաղվել։ 

Սամվել. Թեեւ ազատ ժամանակ քիչ է լինում, բայց եթե հավաքների չեմ, ծնողներիս եմ օգնում մեր այգում, որտեղ տարատեսակ ծառեր ենք աճեցնում՝ ծիրանի, բալի, դեղձի: Հայրիկիս հետ դրանց խնամքով ենք զբաղվում: Նաեւ հորեղբորս հետ նրա բանջարեղենի դաշտում ենք աշխատում, սիրում եմ այդ աշխատանքը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ Եղբայրս լավ շնչառություն ունի եւ գոտեմարտի ժամանակ հոգնելու հավանականությունը քիչ է լինում։ Մեր մարզաձեւում ֆունկցիոնալ պատրաստականությունը կարեւոր է, ինչը Սամվելի մոտ շատ ուժեղ է ու կարողանում է 6 րոպե կայուն գոտեմարտել։ Սա նրա այն հատկությունն է, որը կուզենայի ես էլ ունենալ։

Սամվել. Գասպարը ֆիզիկապես ուժեղ ըմբիշ է, կռվող է ու համբերատար: Հատկապես հավանում եմ չորեքթաթ դիրքում նրա աշխատանքը, կուզեի ինքս էլ այդպես սովորել: Նա կարողանում է բարձրից գործելու դեպքում միավոր վաստակել, իսկ պաշտպանվելիս՝ թույլ չտալ մրցակցին առավելություն ստանալ:

Ես պայքարող եմ, գորգում հանգստություն եմ պահպանում ու համբերատար սպասում, կարեւորը, որ մինչեւ վերջ չեմ հանձնվում:

Գասպար․ Սպորտի դժվարություններին սովորում ու համակերպվում ես, որովհետեւ տեսնում ես, որ չարչարանքից հետո արդյունք է գալիս։ Այդ ժամանակ զգում ես, որ պետք է շարունակել ու առաջ գնալ։ Կարեւորը սիրես գործդ, նվիրված լինես, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ 

Իհարկե, այս ամենը փոքր ժամանակ չես գիտակցում։ Տանջանքներին դիմանալու համար ես որպես օրինակ նայում էի մեր տիտղոսակիր ըմբիշներին ու պատկերացնում, թե մի օր ես էլ եմ չեմպիոն դառնալու։ Երազում էի դրա մասին, բայց չգիտեի, թե ինչքան դժվար է։ Մեծանալով հասկացա, որ մեդալակիր դառնալու համար պետք է ջանք ու եռանդ չխնայել, պարապել օր ու գիշեր, կտրվել ամեն ինչից։ Իսկ հետո, երբ հանկարծ մի բան չէր ստացվում, շատ էի նեղվում։ Այդ ժամանակ սկսվում է հոգեբանական պայքարը, փորձում ես չկոտրվել ու սպասել արդյունքին։ Ես իմ ավագ ընկերներին շատ հարցեր եմ տալիս, փորձում հասկանալ բազմաթիվ հնարքներ, տեսնել, թե ինչպես են նրանք պատրաստվում կարեւոր գոտեմարտերին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել. Համարյա ազատ ժամանակ չենք ունենում: Առավոտյան ժամը 11-ին սկսվում է մարզումն ու 3 ժամ տեւում, դրանից հետո մի քանի ժամ հանգստանում ենք, իսկ 5-ին նորից գալիս դահլիճ: Համարյա ամեն օր 6 ժամ պարապում ենք, իհարկե, շատ ենք հոգնում, բայց քանի որ ըմբշամարտը սիրում ենք ու ձգտում հասնել նվաճումների, շարունակում ենք զբաղվել: 

Ամեն պարապմունքից հետո պետք է 2-3 ժամ անպայման հանգստանաս։ Ես հիմնականում քնում եմ եւ վերականգնում ուժերս, նաեւ ռեժիմին եմ հետեւում եւ երեկոյան 11-ին արդեն անկողնում լինում: Ամեն օր մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում, կարեւոր է ճիշտ հանգստանալ, ուժերը տեղը բերել ու նորից պայքարել: 

Մրցումներից առաջ էլ քաշին հետեւելն է բարդ, մանավանդ, երբ պետք է մի քանի կիլոգրամ կորցնես: Իմ բախտը բերել է, որ շատ չեմ քաշ գցում՝ առավելագույնը 2-3 կգ: 

Գասպար․ Սպորտում հաջողություններս սկսվեցին, երբ դարձա 15 տարեկանների Հայաստանի չեմպիոն։ Արդեն 17 տարեկանում նվաճեցի միջազգային առաջին մեդալս, երբ Եվրոպայում գրավեցի 3-րդ տեղը։ Աստիճանաբար աճում էի, հաղթանակներ գրանցում ու անցում արեցի երիտասարդների պայքարին։ Դժվարն առաջին մեդալն է։ Երբ դա լինում է, անհամբերությամբ սպասում ես հաջորդ մրցաշարին։  

Սամվել. Առաջին անգամ Հայաստանի պատանեկան հավաքականում հայտնվել եմ երկրի չեմպիոն դառնալուց հետո: Իհարկե, ուրախացա, որ մարզիչներն ինձ նկատեցին ու հնարավորություն տվեցին դրսեւորվել: Գասպարն ինձնից շուտ էր ընդգրկվել հավաքականում եւ պատմել էր այնտեղ տիրող մթնոլորտի մասին:

Հենց առաջին մրցաշարս թիմի կազմում Եվրոպայի առաջնությունում էր, որտեղ բրոնզե մեդալակիր դարձա: Միջազգային մրցաշարերում լարվածությունը շատ մեծ է, Հայաստանում տարեկան 3-4 մրցաշարի ենք մասնակցում, իսկ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունները միայն մեկ անգամ են անցկացվում, դրա համար էլ շատ ես լարվում: Ինձ համար էլ ԵԱ-ում մեկնարկը հեշտ չէր, բայց հենց դուրս եկա գորգ, լարվածությունս անցավ ու տրամադրվեցի պայքարին: Մարզիչներն էլ կարողացան ճիշտ խոսքեր գտնել ու այնպես տրամադրել, կարծես մարզման եմ ու կապ չունի, թե մրցակիցս որքան ուժեղ է:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ Մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը շատ լավ էի պատրաստվել, միայն ոսկե մեդալի համար էի մեկնել մրցավայր։ Ցավոք, եզրափակչում անփույթ բան արեցի ու մեդալս նվիրեցի մրցակցիս։ Շատ էի կոտրվել, մտածում էի, որ այդքան մարզումներս իզուր անցան։ Երբ տեսնում ես, որ թույլ ես, մրցակիցդ ավելի լավն է, հեշտ ես տանում պարտությունը։ Բայց երբ պատրաստ ես, զգում ես, որ հաղթելու ժամը եկել է ու սխալ ես թույլ տալիս, անսահման դժվար է կուլ տալը։ Վերադարձել էի Հայաստան ու 10-15 օր ոչինչ չէի անում, չէի կարողանում դուրս գալ ծանր վիճակից ու համակերպվել։ Բայց մարզիչներիս, ծնողներիս շնորհիվ կարողացա առաջ նայել։

Սամվելի բրոնզե մեդալի համար շատ էի ուրախացել։ Նա առաջին անգամն էր մասնակցում երիտասարդների պայքարին, իսկ 77 կգ քաշային կարգում մրցակցությունը շատ դժվար է։ Նա կիսաեզրափակչում պարտվեց փորձի պակասի պատճառով, իսկ 3-րդ տեղի համար շատ լավ հանդիպում անցկացրեց ու հաղթեց։ 

Սամվել. Գասպարն իր փոքրիկ սխալի պատճառով արծաթե մեդալ նվաճեց: Շատ չէինք տխրել, քանի որ գիտեինք նա ուժեղ է: Գասպարին հաղթելու շատ մեծ ցանկությունը խանգարեց տիրանալ ոսկուն:

Թեեւ ԵԱ-ում բրոնզե մեդալակիր դարձա, բայց իմ արդյունքից այդքան էլ գոհ չէի, կարող էի ավելի լավ հանդես գալ, փոքրիկ վրիպում թույլ տվեցի ու մրցակցին միավոր տվեցի, ինչն է որոշեց հետագա ընթացքը: Հետագայում չկարողացա իրավիճակն ուղղել ու ոսկու համար պայքարել: Նույն մրցակցին, որ Եվրոպայում զիջել էի, ԱԱ-ի առաջին գոտեմարտում հաղթեցի, վստահության առումով դա շատ կարեւոր էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճելուց հետո ինձ ասում էին, որ Աշխարհի առաջնությունում կուղղեմ ամեն բան, բայց ես հավատը կորցրել էի ու չէի կարծում, թե չեմպիոն կդառնամ։ Գիտեի, որ ուժեղ եմ, բայց կոտրված էի։

ԱԱ-ում ինձ շատ ուժեղ վիճակահանություն բաժին ընկավ՝ Աշխարհի, Եվրոպայի եւ Ասիայի չեմպիոններ ու մեդալակիրներ։ Տրամադրվել էի դժվար պայքարի, որ եթե անգամ չստացվեր, կրկին ծանր ապրումներ չունենայի։ Բայց առաջին գոտեմարտում հաղթելուց հետո մարզիչներս ասացին, որ լավ տեսք ունեմ, նման հանգստությամբ հարկավոր է շարունակել։ Այդպես հասա եզրափակիչ ու հաղթեցի Ասիայի չեմպիոնին։ Գորգի վրա ինձ շատ լավ էի զգում, ամեն գոտեմարտ սահուն եւ առանց թերության ստացվում էր։ Աշխարհի չեմպիոնությունը շատ բան փոխեց իմ մեջ, մոռացա Եվրոպայի անհաջողությունն ու սկսեցի առաջ նայել։

Սամվել. Պարտությունները շատ ծանր եմ տանում, ուշքի գալու համար 2-3 օր է պետք լինում, որ ամեն ինչ անցյալում թողնեմ ու տրամադրվեմ պայքարին: Որքան էլ գիտեմ, որ ամեն պարտություն փորձ է ու պետք է դրանց շնորհիվ սխալներս տեսնեմ, դեռ ցավոտ եմ ընդունում: 

Եթե Գասպարին հաջողվում է նույն մրցաշարում մեդալ նվաճել, ուրախանում եմ նրա համար, բայց եւ իմ անհաջողությունը չեմ մոռանում: Պարզապես այնպես եմ փորձում անել, որ եղբայրս իմ պատճառով շատ չնեղվի ու կենտրոնանա իր անելիքի վրա:  

Գասպար․ Այս տարի առաջին անգամ էի մասնակցում մինչեւ 23 տարեկանների առաջնությանը։ Ես ավելի ոգեւորված ու հանգիստ էի, մարզավիճակս էլ վատ չէր։ Պարզապես պարտվեցի ավելի փորձառու ու կոփված մրցակցին։ Մարզիչների հետ քննարկել ենք սխալներս, վերլուծել ու արդեն սկսել եմ ուղղել դրանք։ 

Սամվել. Դա մեզ համար այս տարվա վերջին մրցաշարն էր, երկուսս էլ առանց մեդալ մնացինք: Մ-23 տ. ԱԱ-ում մրցակցությունը շատ ավելի լուրջ է, հանդես են գալիս նաեւ մեծահասակների պայքարում մեդալ նվաճած ըմբիշները: Ես դեռ 18 տարեկան եմ ու այդքան էլ շատ չեմ հասցրել փորձ հավաքել: Բայց նման մրցումները պետք են, որ վստահություն ձեռք բերես ու հետագայում աճես: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Գասպար․ Ես ընդունվել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, բայց բանակ զորակոչվելուց հետո տարկետում վերցրի։ Անցած տարի մասնակցեցի Բանակայինների Աշխարհի առաջնությանն ու չեմպիոն դարձա։ Հիմա ծառայության մեջ եմ, որն ավարտելու եմ հունվարի վերջին։ Դրանից հետո կվերսկսեմ դասերս։

Առաջնային նպատակս Հայաստանի մեծահասակների չեմպիոն դառնալն է։ Չեմ սիրում առաջ ընկնել, պետք է ամեն բան հերթականությամբ լինի։ Երբ դառնամ Հայաստանի չեմպիոն եւ իրավունք ունենամ ընդգրկվել ազգային հավաքականում, նոր այդ ժամանակ կմտածեմ Եվրոպայի առաջնության մասին։

Այս տարվա հաջողություններից հետո համոզվեցի, որ սպորտը պատանիների ու երիտասարդների պայքարով չի վերջանում։ Իմ նպատակը մեծահասակների թիմն է, այդ տարիքային խմբում մեդալակիր դառնալը։ Այս ճանապարհի ընթացքում հասկացել եմ, որ չեմ զիջում մեծահասակներին ու տարիներ անց կարող եմ հաջողություններ գրանցել նաեւ Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, ինչու ոչ՝ Օլիմպիական խաղերում։

Սամվել. Դպրոցն այս տարի եմ ավարտել, մյուս տարի մտադիր եմ ընդունվել Ֆիզկուլտինստիտուտ:

Կարիերայում էլ նախ ուզում եմ մեծահասակների Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն հռչակվել, հետո էլ Օլիմպիական ոսկի ունենալ: Դրանց հասնելու համար պետք է լսեմ մարզիչներիս ու քրտնաջան պարապեմ: 

Ինձ ու Գասպարին ամենակարեւորն առողջություն եմ մաղթում, որպեսզի վնասվածքներ չունենանք: Նա արդեն երիտասարդների Աշխարհի չեմպիոն է դարձել, պետք է ես էլ կարողանամ նրա հաջողությունը կրկնել: Հետագայում կձգտենք աստիճանաբար աճել, հաստատվել մեծահասակների սպորտում եւ հերթով տիրանալ բոլոր մեդալներին:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին