Այսօր Եվրոպայի 7-ակի, Աշխարհի 4-ակի, Օլիմպիական ոսկե, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը տոնում է 34-ամյակը:
Տասնամյակից ավելի նրան հաջողվում էր կայուն ելույթներ ունենալ ու ամեն անգամ խոշոր մրցումներից հայրենիք վերադառնալ ոսկե մեդալներով: Անկասկած, Ալեքսանյանը մեր օրերի մեծագույն հայ մարզիկներից է ու վերջին շրջանում նրա ունեցած պարտությունները բնավ էլ ցուցիչ չեն:
Այո, նա անպարտելի չի եղել, բայց այդպիսինները սպորտում համարյա չեն էլ լինում, բոլորն էլ միս ու արյունից են ու իրենց թուլությունների դրսեւորումը նրանց ավելի մարդկային է դարձնում:
Կարիերան ավարտած բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկը Ռոջեր Ֆեդերերը նման իրավիճակների մասին ուշագրավ խոսքեր ունի: Նա էլ ժամանակին համարյա պարտություններ չէր ճաշակում ու ասես ռոբոտ թենիսիստ լիներ, որից բոլորը միայն հաղթանակներ էին ակնկալում:
Բայց բավական էր մեկ անգամ զիջի ու դա լրիվ փոխեց խաղի եւ իր մասին Ֆեդերերի պատկերացումները:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ 2005 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում պարտվեցի Մարատ Սաֆինին, մտածեցի. «Ես հրեշ եմ ստեղծել», քանի որ անգամ մեկ սեթ զիջելու դեպքում մարդիկ ասում էին. «Աստված իմ, Ռոջերը զիջեց» եւ շոկի ենթարկվում: Նույն կերպ արձագանքեցին 2008-ին Ուիմբլդոնում Ռաֆային պարտությանը: Բայց մեկ ամիս անց մեկնեցի ԱՄՆ, ու մարդիկ դեռ շարունակում էին խոսել այդ մասին.
«Ամեն ինչ իսկապես արտակարգ էր: Թեեւ Դուք զիջեցիք, բայց Աստված իմ, տեսա ձեր մարդկային կողմը: Ձեզ պարտվողի դերում տեսնելն իսկապես անսովոր ու հատուկ էր»: Օրեր շարունակ նման բաներ էի լսում, մինչեւ որ իսկապես չգիտակցեցի, թե այդ օրը որքան բանի էի հասել: Դա էլ կյանքի մի մասն է, առանց պարտությունների անհնար է: Մտածում եմ՝ ինձ հատկապես այդ շրջանում սկսեցին ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերել, որովհետեւ բոլորն էլ իրենց կյանքում պարտություններ են ունենում: Այդ ժամանակ էլ մարդիկ ինձ սկսեցին ավելի լավ ճանաչել ու նաեւ երկրպագուների կողմից սկսեցի այդքան մեծ աջակցություն ստանալ»:

Լուսանկարը` UWW
Գուցե, Ալեքսանյանը դեռ այդ գիտակցմանը չի եկել ու ամեն պարտություն շատ անձնական ու չափից շատ ցավալի է ընդունում: Վերջին մրցաշարերն էլ են ցույց տալիս, որ նա պարտվել չգիտի, նախկինում էլ դրանում բազմիցս ենք համոզվել, մի քանի անգամ նույնիսկ հրաժարվել է ներկայանալ բրոնզե մեդալների համար պայքարին վնասվածքի կամ այլ պատճառներով, Տոկիոյի Օլիմպիական պատվոհարթակին միանգամից հանել է արծաթե մեդալն ու այդպես էլ չի ընդունել իր պարտությունը: Փարիզում էլ չէր կարողանում համակերպվել, որ Մոհամմադհադի Սարավին հաղթել է իրեն, երբ նախկինում ինքն է իրանցուն այդքան տպավորիչ գերազանցել:
Երբ շարունակ դու ես գորգը լքում հաղթանակած ու քո ձեռքն է մրցավարը բարձրացնում, երեւի թե այնքան էլ չես մտածում պարտվող կողմի մասին: Բայց նաեւ այդ դերում լինելն է պետք առաջին հերթին ինքդ քեզ, քո սպորտային զայրույթն ու հնարավորությունները հասկանալու համար: Ի վերջո ամենավատ պարտությունը կարող ես դարձնել քո ամենամեծ հաղթանակը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե Ալեքսանյանն էլ այդ ամենը սովորի ու իրենը դարձնի, դեռ շատ հաղթանակներ կկարողանա տոնել:
Իսկ նրա արդեն իսկ գրանցած հաղթանակները հավերժ մնայուն կլինեն: Նրա շնորհիվ մենք 21-րդ դարում ճաշակեցինք Օլիմպիական ոսկին ու այլ մեծ նվաճումներ: Հիմա է այդ ամենը շատ սովորական ու հասարակ թվում, բայց այդ ամենին հասնելու համար երկար տարիներ ու բազմաթիվ ջանքեր են պետք եղել, ու ոչ միայն Ալեքսանյանինը:
Ցանկացածը, թեկուզ ամենատաղանդավորները, ինչպիսիք են համաշխարհային սպորտում Մայքլ Ֆելփսը, Լեո Մեսսին կամ Լաշա Տալախաձեն երբեք միայնակ բարձունքին չէին հասնի, եթե նրանց կողքին չլինեին պահանջկոտ ու խիստ մարզիչներ: Նրանց ջանքերը գումարվելով մարզիկների բնատուր շնորհիվ, աշխատասիրությանն ու ձեռք բերածով չհագենալու ձգտմանը մի օր վերածվեցին Օլիմպիական ոսկու, Ոսկե գնդակի եւ ռեկորդների:
Ամեն մեկն իր ուղին յուրովի է անցում, սակայն բոլորին էլ վիճակված է հաղթահարել նույնանման երկարատեւ եւ հոգնեցնող մարզումները, ճնշումն ու լարվածությանը:
Անգամ սովորական քննությանը մենք հուզվում ու կարկամում ենք, իսկ ինչ կարող է տեղի ունենալ, երբ մեր ուսերին դնենք երկիր ներկայացնելու թեեւ հաճելի, բայց շատ ծանր պատասխանատվությունը:

Լուսանկարը` UWW
Չեմպիոն երբեք էլ չեն ծնվում, միմիայն դառնում են, այդ մասին են վկայում Քրիշտիանու Ռոնալդուն, Հենրիխ Մխիթարյանը, Ուսեյն Բոլտը, Մուհամմեդ Ալին, Քոբի Բրայանտն ու Մայքլ Ջորդանը: Պետք է վերջինիս նման 9000 անգամ վրիպես, 300 անգամ պարտություն կրես, ընկնես նորից ու նորից, եւ ամեն անգամ հավատաս քեզ ու ոտքի կանգնես:
Ինձ թվում է, մենք սպորտը հենց դրա համար էլ սիրում ենք, չնայած նրանում եղած պարտություններին՝ այն մեծ հաշվով անպարտելի է: Միշտ կհայտնվեն նոր երիտասարդներ ու տաղանդներ, որոնք ցույց կտան՝ սահմաններ գոյություն չունեն, միմիայն դու ես դրանք որոշում:
Արթուր Ալեքսանյանն էլ սահմաններ չճանաչող մարզիկ է, նա մեծացրել է ինքն իրեն ու իր երկիրը, դարձել հազարներից մեկը, ով գիտի, ինչ է նշանակում հաղթել:

Լուսանկարը` Getty Images
Այս բոլոր մարզիկների հիշատակումը բնավ էլ պատահական չէր, նրանք էլ Ալեքսանյանի պես ամեն մեկն իր մարզաձեւում պատմություն է կերտել ու օրինակ դարձել: Նրանք այն մարդիկ են, որոնք օգնել են մեզ սպորտին այլ աչքերով նայել ու տեսնել հաղթանակներից ու պարտություններից անդին:
Նրանք ամեն հարմար առիթի մեզ հուշել են, որ «անհնարինն ընդամենը աղմկոտ բառ է, որի հետեւում թաքնվում են փոքր մարդիկ», նրանցից ենք սովորել, որ ցանկացած «անհնարին հնարավոր է»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: