Ոսկե գնդակը հաղթելուց հետո Ուսման Դեմբելեն հարցազրույց է տվել ֆրանսիական L’Equipe-ին, որտեղ արտահայտած մտքերից մի քանիսը ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին։
«Հաղթելուց հետո առաջին հաղորդագրությունը ստացել եմ Մեսսիից։ Ապա Չավին, Լուիս Սուարեսն ու «Բարսելոնա»-ի այլ խաղընկերներ գրեցին, բոլորն ուրախ էին ինձ համար։ ՊՍԺ-ի ընկերներիս հետ եւս խոսեցի, Հաքիմիի, Կամպուշի, մարզիչ Էնրիկեի ու մյուսների։
Երբ փոքր էի, իհարկե, երազում էի այս մրցանակի մասին, բայց ժամանակի ընթացքում անցավ, այդ միտքը գլուխս չէի մտցնում։ Դա գերնպատակ չի եղել։
Երբ բեմի վրա էի անցյալի դժվարությունների մասին չեմ մտածել։ «Բարսելոնա»-ում շատ վնասվածքներ էի ստանում, քիչ էի խաղում, բայց չէի կասկածում ու վստահ էի, որ վերադառնալու եմ ու ամեն բան լավ է լինելու։ Դժվար էր, բայց շատ բան սովորեցի։

Լուսանկարը` Zegna
Հիմա լավ եմ ճանաչում իմ մարմինը, գիտեմ ինձ ներսից։ Ժամանակի ընթացքում ես հասունացա, դարձա ավելի պրոֆեսիոնալ, լսեցի ինձ շրջապատողներին։ Հիմա ամեն ինչ լավ է»։
Հարցին, թե ի՞նչ կզգար փոքրիկ Դեմբելեն, եթե հայտնվեր այն հիասքանչ հյուրանոցում, որտեղ զրուցում են, պատասխանել է․ «Ես կհարցնեի․ «ուտելու բան չկա՞»։ Եթե փոքրիկ Ուսմանն այստեղ հայտնվեր, ապա կուզենար նկարվել ու հետո բոլորին ցույց տար։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ շուրջն այսքան աղմուկ կլինի։ Պարզապես ուզում էի դառնալ հիանալի ֆուտբոլիստ, խաղալ ՉԼ-ում։ Եթե դու այնտեղ ես, ուրեմն հանդես ես գալիս թոփ-ակումբում, աստղ ես։ Հիմա ես նրանցից մեկն եմ։
Ինձ համար մեկ է աստղային կարգավիճակ ունենալը։ Ես ուզում եմ լինել առաջվանը։ Երբեմն թաքցնում եմ ինձ, որպեսզի նկատելի չլինեմ փողոցում, պաշտպանում եմ ինձ ու իմ անձնական կյանքը։

Լուսանկարը` Zegna
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ սա շատ բարձրագոչ է հնչում։ Բայց ինձ համար դա նշանակություն չունի։ Ամեն շաբաթ այդ տիտղոսը կրողի անունը կարող է փոխվել։ Մի խաղում դու լավ ես գործում, մյուսում՝ ոչ։ Այս մրցանակը պարզապես ցույց է տալիս, որ ես կոնկրետ մրցաշրջանում եմ լավը եղել, այսպես ավելի լավ է հնչում»։
Լրագրողը հիշել է 2022-ին Քարիմ Բենզեմայի ասած խոսքերը «Ես դարձա այն ֆուտբոլիստը, որի մասին երազում էի»։ Կարո՞ղ է նման բան իր մասին ասել Դեմբելեն։
«Այո, կարող եմ։ Անցած մրցաշրջանում դարձա այն, ինչ ուզում էի, որովհետեւ զգացի, որ կարող եմ ամեն ինչ։ Դարձա ավելի բազմակողմանի։ Կարող եմ խաղալ կենտրոնում, ձախից, աջից, փոխել ոճս, փոխանցում անել, գոլ խփել։ Սա տրանսֆորմացիա է, թե՞ մուտացիա։ Կարծում եմ՝ երկրորդը։ Ես մուտանտ եմ։ Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս ես ինձ ասում եմ՝ երեք գոլ եմ խփելու։ Արդյունքում երբեմն 0 է լինում, երբեմն էլ՝ 1 կամ 2։

Լուսանկարը` Zegna
Ստացված մրցաշրջաններ միշտ են լինելու։ Եթե դու մեկ, երկու կամ հինգ մրցաշրջան լավ ես անցկացնում, ամեն ինչ մոռացվում է, երբ հանկարծ մեկում ձախողվում ես։ Ամեն մի նոր մեկնարկ սկսում ես զրոյից։
Մենք ցանկանում ենք նորից հաղթել։ Երբ դրա համը զգում ես, ցանկանում ես շարունակել այն։ Ես դեռ քաղցած եմ։ ՊՍԺ-ում ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակով, հաղթել ամեն խաղում ու նվաճել բազմաթիվ տիտղոսներ»։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: