Դեկտեմբեր 22, 2024
exclusive
727 դիտում

Սմբատ Լպուտյան.Եթե միասնական լինենք, աշխարհի հզորագույն երկրներից մեկը կդառնանք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Phohtolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ի վարկածով 100-ամյակի լավագույն թիմ դարձած Հայաստանի շախմատի հավաքականում երկար տարիներ հանդես է եկել նաեւ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահն ու շախմատի Ակադեմիայի տնօրենը Mediamax Sport-ի հետ զրույցում խոստովանել է, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականները համախմբվածությունն ու թիմային ոգին են եղել:

-Պարոն Լպուտյան, սպասո՞ւմ էիք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի վարկածով լավագույնի կոչմանը կարժանանա:  

-Երբ 1992 թվականից սկսեցինք մեր երկիրը ներկայացնել եւ Օլիմպիադայում բրոնզե մեդալակիր դարձանք, այդ ժամանակներից ինչ-որ չափով մրցանակները հաշվում էինք: Ուժեղ հավաքականներից էին ԱՄՆ-ը, Չինաստանը, Ուկրաինան, իսկ մեր հիմնական մրցակիցը Ռուսաստանն էր: Բայց 100-ամյակի կտրվածքով մեր արդյունքները չէի վերլուծել, քանի որ այդ ընթացքում որպես առանձին թիմ ելույթ չէինք ունեցել: Անգամ պատկերացնելն է դժվար, որ լավագույնը կլինեինք, ուր մնաց բառերով հնարավոր լինի նկարագրել զգացածը: Մեծ հպարտություն եւ ուրախություն եմ ապրել, կերազեի, որ այդ հաջողությունը կարողանանք կրկնել մեկ այլ ոլորտում: Մինչեւ հիմա չեմ կարողանում պատկերացնել մեր նվաճումը, քանի որ ամբողջ աշխարհն իր հզորությամբ եւ հնարավորություններով անսահման է: Շնորհավորում եմ մեր հասարակությանն ու շախմատասեր հանրությանը, սա մեր պատմության լավագույն ձեռքբերումներից ու հիշողություններից մեկը կդառնա:      

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս եք իրար շնորհավորել եւ արդյո՞ք հասցրել եք միասին նշել:

-Այս 32 տարիների հաղթանակների մեջ մեծ ներդրում ունեն 1992 թվականից ի վեր հավաքականում հանդես եկած բոլոր շախմատիստները: Ցավոք, նրանից երկուսը՝ Կարեն Ասրյանը եւ Աշոտ Անաստասյանը մեզ հետ չեն: Մտածել եմ, արդյոք հնարավո՞ր կլինի այդ մեծ հաղթանակներին մասնակից դարձած բոլոր խաղացողներին ազգովի մեծարել ու շնորհավորել:

-Շախմատի ֆեդերացիան նման միջոցառում անցկացնելու մտադրություն չունի՞:

-Անկեղծ կլինեմ՝ դա ֆեդերացիայի աշխատանքը չպիտի լինի, այլ ամբողջ հայ ժողովրդի ցանկությունը: Ֆեդերացիան արդեն իսկ իր աշխատանքն արել է ու Հայաստանին այդպիսի մեծ պարգեւ հանձնել: Այս պարագայում արդեն մեր հասարակությունն ու պետությունը պետք է գործեն: Երբեք հնարավոր չէ վատ աշխատանքի արդյունքում նման հաղթանակի հասնել, դրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահներ Վանիկ Զաքարյանին ու Սերժ Սարգսյանին, շախմատի ոլորտում ընդգրկված բոլոր աշխատակիցներին ու մարզիչներին, նրանց շնորհիվ են ի հայտ եկել այդ հզոր գրոսմայստերները, որոնք հաղթանակներ են բերել մեր ժողովրդին:

-Իսկ հաշվե՞լ եք, թե որքան շախմատիստներ են այդ 32 տարիների ընթացքում հանդես եկել հավաքականում ու գրանցել այդ մեծ հաջողությունը:

-Այդքան էլ շատ չեն, որովհետեւ շախմատիստը մոտ 20-30 տարի խաղում է: Բարձրակարգ գրոսմայստերները շատ չեն լինում ու երկար տարիներ են հանդես գալիս: Տարիների ընթացում միլիոնավոր երեխաներ են շախմատով զբաղվում ու նվաճումների ձգտում, բայց միայն մի քանիսն են մեծ արդյունքների հասնում:

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա


-Բազմիցս նշել եք, որ թիմային մրցաշարերում մեր շախմատիստները կերպարանափոխվում են եւ անբացատրելի ոգի ձեռք բերում, ինչի՞ շնորհիվ է դա լինում:

-Անկեղծ, դրա մասին ինքս էլ մի փոքր մտածել եմ, բայց վստահ չեմ, որ ասածս լիակատար ճշմարտություն է: Երբ մենք առանձին ենք ներկայանում, այդքան էլ հզոր չենք, հուզական ենք ու շատ հեշտ ենք ջարդվում: Այլ երկրների շախմատիստները շատ ավելի դյուրին են պարտություններն ընկալում եւ դժվարությունները հաղթահարում: Հայերը փոքր տարիքից շրջապատված են լինում բարեկամներով ու ընկերներով եւ, որեւէ դժվարության հանդիպելիս, բոլորը համախմբվում են ու օգնության հասնում: Սովորում ենք, որ դժվար պահերին միայնակ չենք ու մեր կողքին միշտ մարդիկ կլինեն: Այդ ամենի արդյունքում չի կոփվում խնդիրները միայնակ հաղթահարելու ունակությունը, բայց փոխարենը միասնական գործելու արդյունքում լրիվ  այլ կարգավիճակ ենք ձեռք բերում:

Նույնն էլ շախմատում է, երբ մրցաշարերում հաղթում էինք կամ էլ մրցանակային տեղեր զբաղեցնում, տեսնում էի, որ համախմբվածության շնորհիվ մեր թիմը որքան հզոր է դառնում: Հավաքականի անդամ դառնալիս վերափոխվում էինք եւ մեր ուժն ու պոտենցիալն այլ կերպ օգտագործում: Երիտասարդ տարիներին մրցաշարերի մասնակցելիս հետս մոտ ընկերներիս էի տանու եւ հանդիպման ժամանակ աչքերով իրենց հայացքների օգնությունն էի փնտրում, ինչն ինձ ուժ էր տալիս: Վաղուց եմ հասկացել, որ մեր հզորությունը միասնականության մեջ է, ու նույնիսկ ինքներս չենք կարող պատկերացնել, թե նման իրավիճակներում ինչերի ենք ունակ: Աշխարհի ամենահզոր թիմերն են դա նկատում ու հասկանում, որ մեզ հետ դժվար է պայքարել: Հենց այնպես չէ, որ մեր թիմը 100-ամյակի կտրվածքով լավագույնն է դարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Բայց ինչի՞ շնորհիվ է ստացվում այդքան թիմային ու համախմբված լինել, ինչը բնավ էլ հեշտ չէ:

-Շատ կուզեի, որ երբեք չասեինք թիմով այդքան էլ լավը չենք, հակառակը՝ թիմով կարող ենք նույնիսկ ավելի լավը լինել, քան անհատապես, որովհետեւ մեր մշակույթն է այդպիսին՝ սովոր ենք մեկս մյուսին օգտակար լինել ու իրար ավելի վստահ դարձնել: Իսկ երբ հավաքականում պառակտվում էինք, որքան էլ ուժեղ լինեինք, միշտ անհաջողության էինք մատնվում: Պառակտումը մեր բնության մեջ չկա ու մերը չէ: Մեր առաջին գործը իշխանության, հասարակության ու ամբողջ հայ ժողովրդի միասնականությանը ձգտելն է, եթե դա մեզ հաջողվի, աշխարհի հզորագույն երկրներից մեկը կդառնանք եւ կապ չունի, թե որքան փոքր ենք: Երջանիկ կլինեմ, որ մեկս մյուսիս հանդեպ հոգատար ու ջերմ լինենք: Նման պարագայում հնարավոր է բոլոր ոլորտներում էլ ներկայանալ որպես ցանկալի տեսակ:

-Դուք Հայաստանի անկախացումից սկսած հավաքականում եք եղել, հետագայում նաեւ Թուրինի Օլիմպիադայում հաղթել: Այդ տարիների ընթացքում մեր թիմն ինչպե՞ս է փոխվել:

-Հավաքականում սկսել եմ խաղալ 1975 թվականին ու ելույթներս շարունակել մինչեւ 2007-ը: ԽՍՀՄ-ի տարիներին մեր թիմը հիմնականում պայքարում էր 11-15-րդ տեղերի համար, 3-րդ լիգայում էինք հանդես գալիս, որն ամենավերջինն էր: Հետո կարողացանք հայտնվել 2-րդում, իսկ երբ մեր թիմը երիտասարդացավ իմ, Ռաֆայել Վահանյանի, Արշակ Պետրոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Վանիկ Զաքարյանի շնորհիվ 1983-ի Սպարտակիադայում 6-րդ տեղը գրավեցինք, դա արդեն առաջընթաց էր: Հետո 2-րդը դարձանք, ինչը խոսում էր մեր թիմի լավ որակների մասին: Դրա համար էլ 1992-ի Օլիմպիադայի բրոնզե արդյունքը պատահական չէր, նույնիսկ կարող էինք 2-րդ տեղը գրավել: 1999-ին առաջինն էինք Եվրոպայի առաջնությունում, ինչը լուրջ հայտ էր: Դրանից հետո էլի ենք հավաքականով մրցանակային տեղեր զբաղեցրել ու պայքարել ուժեղ ընտրանիների դեմ: 2004-ին ֆեդերացիայում որոշ փոփոխություններ եղան ու սկսեցինք պատմություն կերտել: Երբեք չես կարող վստահ լինել, որ Օլիմպիադաներում առաջին տեղը կգրավես, որովհետեւ այնքան հզոր թիմեր կան, բայց 2006-ին Թուրինում հաջողվեց հաղթել: 2008-ին Դրեզդենում նորից առաջինն էինք, աշխարհը համոզվեց, որ նախորդ հաջողությունը պատահական չէր եղել: Ապա մեր շախմատիստները Չինաստանի Աշխարհի առաջնությունում լավագույնը դարձան, իսկ 2012-ին Ստամբուլում եւս մեկ մեծ հաղթանակ գրանցեցին: 2022-ին Չեննայում էլ կարող էինք չեմպիոն լինել, բայց արծաթ նվաճեցինք, իսկ այս տարի 2-6-րդ տեղերը կիսեցինք, ինչը նույնպես մեծ հաղթանակ եմ համարում:  

Լուսանկարը` Phohtolure


-Երբ հավաքականի հետ Թուրինում Օլիմպիադայում ոսկի նվաճեցիք, ի՞նչ զգացողություններ ունեի՞ք:

-Թուրինում այդքան էլ շատ չխաղացի, ընդամենը 3 պարտիայի մասնակցեցի, բայց հետեւում էի պայքարին ու վերջին 2-3 խաղից առաջ զգում, որ մենք ենք չեմպիոն դառնալու, որովհետեւ թիմը շատ լավ վիճակում էր ու միասնական էր գործում: Բոլորն էլ հասկանում էին, որ Հայաստանն է առաջինը լինելու: Քանի որ մինչ այդ արդեն Եվրոպայի չեմպիոն էինք եղել, ինչպես նաեւ տարբեր մեդալներ նվաճել խոշոր մրցումներում, հաղթական ապրումներ ունեցել էինք: Բայց ոսկին, այն էլ՝ Օլիմպիադայինը, լրիվ ուրիշ է։ Իհարկե, մեծ ուրախություն եւ ցնծություն զգացինք, Հայաստանում էլ ժողովուրդը մեզ շատ ջերմ ընդունեց: Այդ հաղթանակները կերտողների համար դրանք կյանքի ամենավառ օրերն ու հիշողություններն են:  

-Պարոն Լպուտյան, մյուս ֆեդերացիաներից ու շախմատային աշխարհից ի՞նչ արձագանքներ եւ շնորհավորանքներ եք ստացել:  

-Աշխարհը երկար տարիներ է գիտի մեր հաղթանակների մասին ու այս հաջողությանն արձագանքեց որպես օրինաչափություն: Երբ 3 անգամ Օլիմպիադայի չեմպիոն ես հռչակվում, հաղթում Աշխարհում ու բազում այլ մեդալներ նվաճում, նշանակում է՝ միշտ էլ ունակ ես հասնել ավելիին: Շատ հզոր երկրներ, այդ թվում՝ շախմատային առումով, մեծ մրցումներից նույնիսկ մեկ բրոնզ չունեն, իսկ մենք 3 բրոնզ, 2 արծաթ ու 3 ոսկի ենք նվաճել միայն Օլիմպիադաներում: Դա շատ մեծ թիվ է մեր պես փոքրիկ երկրի համար:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այս հաջողությունն ինչպիսի՞ ազդակ ու խթան կհանդիսանա նոր սերնդի եւ մեր երկրում շախմատի զարգացման համար:

-Պետք է ամեն ինչ անենք այս բարձունքը պահելու համար, բնական է, որ շատ բարդ է լինելու, քանի որ նաեւ ներդրումների կարիք ունենք: Մեր մի քանի միլիոն ժողովրդով մտածում ենք ինչպես պայքարել Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի պես բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող երկրների դեմ: Այդքան էլ հեշտ չէ ունեցած դիրքերը պահպանել, նույնիսկ դժվարանում եմ հասկանալ, թե ինչպես է մեզ հաջողվելու: Եթե հոգատարություն եւ ներդրումներ չլինեն, շատ դժվար կլինի: Պիտի մեր լավագույնների նկատմամբ ուշադիր լինենք, որ զարգացում ապահովեն, աջակցենք մրցաշարերի մասնակցելուն, ինքներս էլ կազմակերպենք, օգնենք իրենց հնարավորությունները եւ պոտենցիալը բարձրացնել: Խնդիրները շատ-շատ են, բայց առաջին հերթին ֆինանսական, կազմակեպչական ու բարիդրացիական մթնոլորտի կարիք ունենք: Ոչ մի աշխատանք էլ չի երեւում, մինչեւ որ արդյունքներ չեն լինում, բայց դրանք տքնաջան ու հետեւողական ջանքերի շնորհիվ են:

-Հիմա այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում, պետությունն ու նախարարությունն ի՞նչ մասնակցություն ունեն դրանում: Վերջերս մեզ հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ նախատեսում են մինչեւ 2030 թ. Աշխարհի չեմպիոն ունենալ:

-Շատ ուրախալի բաներ եք ասում, բայց լավ կլինի այդ ծրագրի քայլերի հաջորդականությունն իմանալ, որովհետեւ մեզ հետ դեռ չեն քննարկել: Կուզեի այն ամենն, ինչի մասին խոսում ենք, իրական լինի:


-Շատերն են նշում, որ շախմատը բավական փոխվել է ու պայքարելն էլ առավել բարդ է դարձել, գերհզոր համակարգիչներ եւ ծրագրեր են պետք:

-Հնդկաստանում բավականին լուրջ մակարդակով շախմատով զբաղվող մոտ 5 մլն խաղացող կա, որոնցից էլ ընտրում են հավաքականի մի քանի անդամին: Մեզ մոտ զբաղվողների թիվը 1000-1500 է, պատկերացրեք՝ տարբերությունը որքան մեծ է, բայց միեւնույն է կարողանում ենք նրանց դեմ պայքարել: Չեննայում մերոնք Հնդկաստանի 2-րդ թիմին հաղթեցին ու ոչ-ոքի գրանցեցին առաջինի հետ: Միակ երկիրն ենք, որ Հնդկաստանին հաղթեց, անկեղծորեն՝ նրանք շատ մեծ հարգանքով են վերաբերվում մեր շախմատիստներին: Իմ կարծիքով՝ այս տարի Հնդկաստանի թիմը շատ ուժեղ էր եւ հաստատուն էր խաղում, բայց միեւնույն է կարող էինք հետներն ոչ-ոքի գրանցել:

-Խոսենք վերջին Օլիմպիադաներում տղամարդկանց կայուն ելույթներից ու նաեւ կանանց թիմից, որն աննախադեպ արդյունք գրանցեց:

-Չէի ասի աննախադեպ, որովհետեւ 2018-ին Բաթումիում մեր կանայք կարող էին չեմպիոն դառնալ, ուղղակի Աննա Սարգսյանը նախավերջին տուրում հաղթած դիրքում անսպասելի վրիպեց: Մյուս տուրում չէինք զիջի ու կարող էինք ոսկի նվաճել: Թեեւ միշտ էլ տասնյակում ընդգրկվելը լավ արդյունք ենք համարում, որովհետեւ կանանց պայքարում այնքան հզոր թիմեր կան: Մեր ընտրանին ֆանտաստիկ խաղաց, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալակիրներ դարձան, Լիլիթ Մկրտչյանը առաջին տախտակի վրա հիանալի հանդես եկավ, Մարիամ Մկրտչյանն էլ 2-րդ տախտակին միանգամից հարմարվեց ու վատ չխաղաց: Մեր կանանց ծափահարել եւ շնորհավորել է պետք: Վերջին տարիներին մեր հավաքականներն անընդհատ պայքարի մեջ են եղել ու մեզ ուրախացրել, ինչի համար գովասանքի են արժանի:

Լուսանկարը` FIDE


-Երբ 3 տարի առաջ Լեւոն Արոնյանը սկսեց ներկայացնել ԱՄՆ-ը, մտավախություն ունեինք, որ դա մեծ հետեւանքներ կունենա մեր հավաքականի վրա, բայց առանց առաջատարի էլ մեր թիմն իրեն վատ չի դրսեւորում:  

-Էլի պետք է ընդգծեմ միասնական լինելու հանգամանքը, քանի որ ինքներս էլ չենք պատկերացնում, թե ինչերի ենք ընդունակ: Դրա շնորհիվ է, որ ոչ այդքան հզոր ու վարկանիշով 16-17-րդ տեղերը զբաղեցնող թիմը կարող է արծաթե մեդալակիր դառնալ, իսկ աշխարհում ոչ այդքան մեծ ճանաչում ունեցող շախմատիստն Օլիմպիադայում շատ վստահ հանդես գալ: Գիտենք, որ Լեւոնը մեծ շախմատիստ է ու նրա հեռանալը լուրջ կորուստ է, բայց նրան փոխարինողների ուժերին վստահ էինք:  

-Անդրադառնանք նաեւ Հայաստանի հավաքականում Լեւոնի գործոնին: Լինելով շատ ուժեղ շախմատիստ, նաեւ թիմային խաղացող էր, կարողանում էր իր շուրջը համախմբել երիտասարդներին ու մեծապես ազդել մեր երկրում շախմատի զարգացման վրա: Թեեւ հիմա ԱՄՆ-ի հավաքականի անդամ է, բայց այս մրցանակը նաեւ իրենն է:

-Անխոս, Լեւոնն անչափ մեծ դերակատարում ունի, եւ թիմի առաջնորդները միշտ էլ իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը: Լեւոնի հեռանալուց հետո Գաբրիելը ստանձնեց այդ դերը, նրանցից առաջ էլ մեկ ուրիշն էր նման կարգավիճակում եղել: Թիմի անդամներն իրենց մտածելակերպով ու տեսակով պիտի գիտակցեն համախմբվածության կարեւորությունը, քանի որ մեկ անձը միայնակ ոչինչ չի կարող անել: Հնարավոր է՝ Լեւոնն ավելի ճանաչված է, բայց մյուսներն էլ շատ հզոր ու կարեւոր շախմատիստներ են: Բայց առաջնորդը պետք է կարողանա նրանց համախմբել, այդ դեպքում առաջնային է դառնում թիմային ոգին, միասնականության զգացումը, երկրին ու միմյանց ծառայելու մեծ ցանկությունը: Միայն այդ դեպքում են լինում մեծ նվաճումներ: Թիմային ոգու հիմքերը դրվել են դեռ 1990-ականներից, երբ նվաճեցինք մեր առաջին մեդալն ու շարունակում ենք լավագույնը լինել մինչ օրս:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Խոսենք Արշակ Պետրոսյանի դերակատարման ու նշանակության մասին, որի հետ հավաքականն Աշխարհում լավագույններից մեկն է դարձել:

-Մարզչի դերը շատ կարեւոր է բոլոր ոլորտներում, նա պետք է լինի խոհեմ, իմաստնություն ունենա, խաղացողներին շատ լավ ճանաչի ու շախմատային գիտելիքներով հարուստ լինի, որպեսզի տեսնի հակառակորդների ուժեղ եւ թույլ կողմերը: Դրանից է կախված ճիշտ խորհուրդներ տալու, սկզբնախաղեր եւ կազմ ընտրելու ունակությունը: Եվ Արշակի դերը բավական մեծ է եղել, նախ նա կարողացել է համախմբել մեր թիմին: Խաղացողներն էլ պետք է հարգեն մարզչին ու չդժգոհեն նրա որոշումներից, որոնք ոչ բոլորի համար են լավը լինում: Շնորհակալություն Արշակ Պետրոսյանին, հիմա թիմի ղեկը ստանձնած Արման Փաշիկյանին ու մյուս բոլոր մարզիչներին: Շատ կարեւոր է, թե շախմատիստներն ինչ միջավայրում են դաստիարակվում ու ինչ արժեքներ յուրացնում: Ընդհանուր շահին ծառայելու ու միասնական լինելու գաղափարը պետք է սովորեցնել փոքր տարիքից: Բոլոր մարզիչների դերն էլ մեծ է, նրանք պետք է իրենց վրա աշխատեն ոչ միայն շախմատային գիտելիքների, այլ նաեւ՝ մարդկային որակների առումով, որպեսզի երեխաները սովորեն լավ ու պայքարող քաղաքացի լինել:

-Մեր զրույցը շախմատի ակադեմիայում է ընթանում, որտեղ նրանք սկսում են իրենց քայլերն անել դեպի մեծ շախմատ, ինչպիսի՞ն է երեխաների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը:

- Ոչ միայն այստեղից, այլ դպրոցներից էլ են մուտք գործում շախմատ:  Մասսայականության առումով այդքան էլ վատ ցուցանիշ չունենք, ցավում եմ, որ ֆինանսական խնդիրների պատճառով մեր 53 մասնաճյուղերը կրճատել ենք ու դարձրել 30-ը: Մի քիչ մտահոգ եմ մեր երեխաների տեսակով, որով նախկինում ուրախանում էինք, հիմա ուրիշ երկրների փոքրիկների օրինակն ենք մատնացույց անում: Ցավով նկատել եմ, որ մերոնք սկսել են զիջել, ինչի մեջ մեծ վտանգ եմ տեսնում: Դրա պատճառը նաեւ մեր երկրում առկա անառողջ միջավայրն է: Մարդ տեսակի համար արժեքները շատ կարեւոր են, որպեսզի կարողանա պայքարել, ուժ, աշխատասիրություն, մարդասիրություն, հոգատարություն եւ նպատակասլացություն ցույց տալ: Դրա համար պետք է նաեւ ֆիզիկական կուլտուրան ու մյուս կարեւոր ոլորտներն էլ զարգացած լինեն: Մեր երեխաներն արտասահմանցի հասակակիցներին սկսում են զիջել իրենց մտածելակերպի, հետեւողականության ու պայքարի առումով: Դա լուրջ ազդակ է, որպեսզի մտածենք ու փորձենք քայլեր ձեռնարկել կորցրածը վերականգնելու ուղղությամբ: Լավագույններից ենք եղել ու բարձր արժեքներով ներկայացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ի՞նչ է հնարավոր անել այդ ամենը շտկելու ուղղությամբ:

-Պետք է անպայման սկսել մանկապարտեզից, ապա շարունակել դպրոցում եւ համալսարաններում, ԶԼՄ-ով ու առհասարակ ամենուր լավագույնի մասին խոսել, հենց դրա արդյունքում է ձեւավորվում մարդու տեսակը: Իջնելը հեշտ է, իսկ բարձրանալը՝ շատ դժվար: Շախմատում հիմա բարձունքում ենք, ինչը պահպանելը հերոսություն կլինի:

-Պետք է ոգեշնչվենք շախմատի օրինակով ու մյուս բնագավառներում էլ ձգտենք առավելագույնին:

-Մյուս ոլորտները պետք է ուրախ լինեն նման օրինակ ունենալու համար, որը թույլ է տալիս հավատալ անհնարինին: Բայց նաեւ պետք է իմանալ, որ նման արդյունքի 1-2 տարում չենք հասել, այլ 20-30 տարի հետեւողական աշխատանքի շնորհիվ: Երբեք էլ ուշ չէ սկսել, կարեւորը դա անելու ցանկությունն է: Դրա համար շատ ուրախ եմ ու շնորհակալություն եմ ասում շախմատային աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, որոնք օգնել են բարձրացնել մեր երկրի որակն ու պատիվը:










Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին