Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկվել է F խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Հունգարիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ։
Բարդագույն մրցակիցներ, որոնք թե՛ իրենց փորձով, թե՛ կազմով գերազանցում են Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանին ակնհայտորեն հանդիսանում է այս խմբի հետնապահը, բայց դա դատավճիռ չէ եւ կարող է խաղալ անգամ մեր օգտին։ Առաջիկա երկու հանդիպումները տնային Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ։ Իհարկե, շատ լավատեսական է որեւէ միավորի ակնկալիք ունենալն այս մրցավեճերում, բայց մենք բոլորս բազմիցս համոզվել ենք, որ ֆուտբոլը չի ճանաչում հեղինակություններ եւ շատ հաճախ ակնհայտ ուժեղ թիմերը ձախողվում են, իսկ թույլերը՝ հասնում հաջողության։
Հայաստան - Պորտուգալիա

Լուսանկարը` Պորտուգալիայի հավաքականի ֆեյսբուքյան էջ
Հենց առաջին խաղում հանդիպում ենք խմբի ֆավորիտի հետ։ Սա նշանակում է, որ Պորտուգալիայի ընտրանին լինելու է գերկենտրոնացած եւ մոտիվացված՝ չի կարելի սայթաքել որակավորման փուլի հենց առաջին խաղում։ Ռոբերտո Մարտինեսը հաճախակի կիրառում է 4-3-3 դասավորությունը, որը գրոհելիս սահուն վերածվում է 3-2-5-ի։ Բելգիացի մասնագետի մարտավարության մեջ կարեւոր նշանակություն ունեն եզրային պաշտպանները։ Նրանցից մեկը (հիմնականում Ժոաու Կանսելուն) միանում է հենակետային կիսապաշտպանին, իսկ մյուսը (հիմնականում Նունու Մենդեշը)՝ հարձակման գծի ֆուտբոլիստներին։ Բացի այդ Պորտուգալիայի հավաքականը հրաշալի օգտագործում է կիսապաշտպանական գծի ֆուտբոլիստներին՝ ովքեր շատ հաճախ միանում են հարձակմանը՝ ստեղծելով իսկական խառնաշփոթ մրցակցի տուգանայինում։
Հաճախակի կենտրոնական հարձակվողի դիրքում Կրիստիանու Ռոնալդուի կողքին կարող է հայտնվել Բերնարդու Սիլվան կամ Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալիայի ընտրանին սիրում է տիրել գնդակին եւ կառուցել բազմաքայլ գրոհներ։ Եթե մրցակիցը կարողանում է խոչընդոտներ ստեղծել Վիտինյայի համար խաղադաշտի կենտրոնում, ապա պորտուգալացիները հաճախ դիմում են իրենց սիրած քայլերից մեկին՝ ծանրաբեռնում են եզրերից մեկը ստեղծելով թվային գերակշռում ու սկսում գրոհների տարափ։ Մարտինեսի ժամանելուց հետո Պորտուգալիայի հավաքականը ցուցադրում է ժամանակակից բարձր տեմպով ֆուտբոլ։ Վերջիններիս խաղը դարձել է ավելի թիմային՝ քիչ կապվելով Ռոնալդուի հետ։ Գերմանիայի եւ Իսպանիայի հետ անցկացրած խաղերը ցույց տվեցին նաեւ, որ պորտուգալացիներն ունեն անհրաժեշտ սառնասրտություն խուճապի չմատնվելու եւ ցանկալի արդյունքի հասնելու անգամ հաշվի մեջ զիջելու պարագայում։

Հենց այսպիսի անվանի մրցակից է սպասում Եղիշե Մելիքյանին իր նորամուտի խաղում։ Անշուշտ խնդիրը բարդագույն է, բայց ոչ անլուծելի։ Վերջինիս գլխավոր որակն այն է, որ նա կարողանում է եղած ֆուտբոլիստներից քամել առավելագույնը՝ բացահայտելով ու օգտագործելով նրանց ուժեղ կողմերը։ Ակումբային կարիերայի ընթացքում Մելիքյանը բազմիցս է հանդիպել ավելի ուժեղ մրցակիցների եւ, վերլուծելով նրանց խաղը, կարողացել է գտնել արժանի մարտավարություն։ Նման մրցակցի հետ ուղղակի անիմաստ կլինի առաջարկել բաց ու հարձակվողական ֆուտբոլ։ Հնարավոր չի նաեւ երկար ժամանակ վերահսկել գնդակը եւ ակնհայտ է, որ Պորտուգալիան է խաղալու առաջին համարով։ Պետք է կառուցել ամուր պաշտպանություն սեփական կիսադաշտում՝ խուսափելով բարձր պրեսինգ կիրառելուց։ Գլխավոր խնդիրն է զրկել մրցակցին ազատ տարածություններից սեփական տուգանայինի մատույցներում։ Ամենայն հավանականությամբ Մելիքյանը կընտրի երեք կենտրոնական պաշտպաններով 5-4-1 մարտավարությունը։ Կարեւոր կլինի հագեցնել խաղադաշտի կենտրոնը հենակետայիններով, ովքեր կօգնեն թե՛եզրային խաղացողներին, թե՛ կզրկեն ազատությունից մրցակցի կենտրոնական կիսապաշտպաններին։ Նման պարագայում հրաշալի ընտրություն կլինի Ուգուչուկվու Իվու եւ Նարեկ Աղասարյան/Դանիել Աղբալյան զույգը, ովքեր կպայքարեն յուրաքանչյուր գնդակի համար։ Ամուր պաշտպանության հետ մեկտեղ պետք չէ մոռանալ նաեւ հակագրոհների մասին։ Պորտուգալիայի հավաքականը խոցելի է դառնում, երբ եզրային պաշտպանները սկսում են ակտիվորեն միանալ գրոհներին՝ թողնելով հսկայական տարածություններ իրենց թիկունքում։ Մեր ընտրանու կազմում կան շատ արագավազ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են արձագանքել երկար փոխանցումներին եւ սպառնալ մրցակցի դարպասին՝ Տիգրան Բարսեղյան, Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան։ Ունենք նաեւ հրաշալի փոխանցումների տիրապետող ֆուտբոլիստներ՝ Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան։ Հայաստանի հավաքականի համար կարեւոր է գոլ բաց չթողնել խաղի մեկնարկում, ինչը հավելյալ վստահություն կհաղորդի մեր տղաներին։ Մեկը մեկի հետ համառ եւ անզիջում պայքար մեր կիսադաշտում եւ արագ հակագրոհներ, սա է թերեւս այն բանաձեւը, որին կարելի է ապավինել առաջիկա խաղում։
Հայաստան - Իռլանդիա

Լուսանկարը` BBC
Հաջորդ տնային խաղն Իռլանդիայի ընտրանու հետ է։ Ի տարբերություն Պորտուգալիայի, Իռլանդիայի հավաքականը դավանում է շատ ավելի պարզ խաղաոճ։ Վերջիններս խուսափում են բազմաքայլ գրոհներից եւ գնդակի երկար տիրապետումից՝ նախընտրելով արագ ուղղահայաց ֆուտբոլ։ Գրոհները կազմակերպվում են դեպի առաջ ուղղված երկար փոխանցումներով։ Հատկապես հենվում են ֆիզիկական ամուր պատրաստվածության, մենապայքարների եւ երկրորդ հարկում առավելության վրա։ Իռլանդիայի ընտրանին հիմնականում կիրառում է 4-4-2 մարտավարությունը, որը կարող է փոխվել ավելի պաշտպանական 5-3-2 ի կամ ավելի ագրեսիվ 3-2-4-1 -ի։ Վերջիններս չունեն գերաստղային խաղացողներ իրենց կազմում, բայց գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական տարբեր լիգաներ ներկայացնող թիմերում, իսկ դա բարձր որակի չափանիշ է։
Իռլանդիայի հետ խաղը մեծապես տարբերվելու է Պորտուգալիայի հետ կայացած մրցավեճից։ Իռլանդացիները խուսափելու են երկար խաղարկումներից՝ հանձնելով գնդակը մեր ընտրանուն։ Մեր մրցակիցը կարող է խաղալ հակագրոհների մարտավարությամբ։ Սպասելի են բազմաթիվ բարձրից փոխանցումներ մեր տուգանայինի ուղղությամբ, որտեղ դրանց արձագանքելու է ֆիզիկապես շատ ամուր Էվան Ֆերգյուսոնը։ Այս խաղում պետք է հատկապես ուշադիր լինել մենապայքարներին եւ թույլ չտալ մրցակցին տիրել հետ եկած գնդակներին մեր տուգանայինի մատույցներում։ Տրամաբանորեն Հայաստանի հավաքականը ավելի շատ ժամանակ է անցկացնելու գնդակով, ուստի կազմում պետք են ավելի կրեատիվ ֆուտբոլիստներ։ Սպերցյանին այս հարցում կարող է օգնել թե՛ Կարեն Նալբանդյանը, թե՛ Հովհաննես Հարությունյանը՝ փորձելով առավելություն ստանալ կենտրոնում։ Եթե նրանց հետ մեկտեղ խաղադաշտում լինի նաեւ Սելարայանը, ապա մեր հավաքականի ստեղծարար պոտենցիալը ամբողջովին կօգտագործվի։

Այս խաղում ավելի տրամաբանական կլինի կիրառել 4-3-3 մարտավարությունը, որն ավելի հավասարակշռված է։ Պետք է փորձել կառավարել խաղը՝ ավելի շատ տիրելով գնդակին եւ պահելով այն մրցակցի կիսադաշտում։ Շատ կարեւոր է կազմը հագեցնել տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներով, ովքեր կարող են ապահովել երկար խաղարկումներ եւ դիրքային գրոհներ՝ դիմանալով մրցակցի կատաղի պրեսինգին։ Իրականում այս խաղում կազմի ընտրությունը մեծամասամբ կախված է, թե Պորտուգալիայի հետ մրցավեճում ֆուտբոլիստներն ինչպիսի խաղ կցուցադրեն։
Գալիք երկու խաղերում էլ Հայաստանը մրցելու է իրենից մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակիցների հետ եւ դա պետք է գիտակցել մեր որեւէ սպասումներ ձեւավորելիս։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: