Հոկտեմբեր 16, 2025
exclusive
181 դիտում

Լալայան. Աշխարհի առաջնությունում պայքարը սպասվածից ավելի հեշտ ստացվեց


Լուսանկարը` forde2025.no

Լուսանկարը` forde2025.no

Լուսանկարը` forde2025.no

Լուսանկարը` forde2025.no

Լուսանկարը` forde2025.no

Լուսանկարը` forde2025.no


Օրեր առաջ Վարազդատ Լալայանը Ֆյորդեում հռչակվեց Աշխարհի կրկնակի չեմպիոն՝ նվաճելով Հայաստանի հավաքականի միակ մեդալը:

Mediamax Sport-ի հետ զրույցում Լալայանը պատմել է իր հաղթանակի, թույլ մրցակցության ու Հայաստանի ընտրանու անհաջող մրցելույթների մասին:

«Աշխարհի առաջնությունում պայքարը սպասվածից ավելի հեշտ տրվեց, որովհետեւ Գոռ Մինասյանն իրեն լավ չէր զգում ու անհաջող մասնակցեց։ Չհասկացանք իրանցի մարզիկներից մեկի հետ ինչ կատարվեց ու նա 0 ստացավ, իսկ մյուսը վնասվածքի պատճառով չմասնակցեց: Դրա համար էլ մրցակցությունն ավելի հեշտ ստացվեց, բայց դժվար էր կիլոգրամները բարձրացնելու առումով:

Լուսանկարը` forde2025.no


Թեժ պայքարի բացակայութունը ոչինչ էլ չփոխեց ինձ մոտ, հանդես եկա իմ պատրաստվածության ու հնարավորությունների սանդղակում: Իմ ներսի պայքարում էլ ամեն ինչ նույնն էր:

Պոկում վարժության 2-րդ մոտեցումս չստացվեց ու չկարողացա ավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հրմանն իմ պլանավորածը եղավ, միայն ափսոս, որ Աշխարհի ռեկորդը չկարողացա սահմանել:

Ավելիին էի պատրաստ, կարող էի 255 կամ մի քիչ ավել բարձրացնել, բայց այդ քաշը գրանցել իմաստ չուներ, դրա համար էլ փորձեցի ռեկորդային մոտեցում անել:

Առհասարակ կապ չունի, թե առաջնություններն ինչպես են անցնում, ամեն մեդալի համար էլ տանջվում եմ ու մեծ աշխատանք տանում, դրա համար էլ չեմպիոն հռչակվելուց հետո զգացողությունների առումով ոչ մի տարբերություն չի լինում: 

Լուսանկարը` forde2025.no


Աշխարհի առաջնությունները համեմատության ոչ մի եզր չունեն Եվրոպայի հետ, դրանցում թույլ մարզիկներ չեն լինում: Մեր ծանրորդներն էլ ուժեղ ու պատրաստված էին, ուղղակի զուտ բախտը չժպտաց նրանց: 

Թիմում մեծ թիվ են կազմում երիտասարդ մարզիկները, բացի այդ էլ նոր քաշային կարգեր են հաստատվել ու հարմարվելու համար ժամանակ է պետք: Ֆյորդեում ոչ միայն մեր, շատ երկրների մարզիկներ զրոներով ավարտեցին ելույթները հենց նոր քաշային կարգերի պատճառով, որոնցում առաջին անգամ էին ելույթ ունենում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին