Դեկտեմբեր 22, 2024
exclusive
729 դիտում

Արշակ Պետրոսյան․ Հաջողության գրավականը հստակ նպատակն էր ու դրան հասնելու մեծ ցանկությունը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաջողությունների ճնշող մեծամասնությունը եղել է Արշակ Պետրոսյանի գլխավոր մարզիչ եղած տարիներին։ Նա թիմը ղեկավարել է 26 տարի ու դարձել Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ոսկե, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր։

Պատահական չէ, որ այսպիսի նվաճումներ ունեցող հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվեց հարյուրամյակի լավագույն թիմ։

Mediamax Sport-ը զրուցել է Արշակ Պետրոսյանի հետ ու փորձել հասկանալ, թե ինչպես է նա կարողացել նման թիմ ունենալ։
 


- Պարոն Պետրոսյան, Հայաստանի անկախացումից ի վեր Դուք Հայաստանի հավաքականի հետ եք եղել։ 1992-ին նրա կազմում մասնակցեցիք համաշխարհային Օլիմպիադային ու դարձաք բրոնզե մեդալակիր։ Կհիշե՞ք հավաքականի հաջողության մեկնարկային այդ տարին։

- Շախմատը ԽՍՀՄ-ում շատ բարձր մակարդակի վրա էր, իսկ երբ այն մասնատվեց, միանգամից մոտ 10 ուժեղ հավաքական առաջ եկավ։ 1992-ին առաջին անգամ ելույթ ունենալով Օլիմպիադայում՝ մեծ ուրախություն ապրեցինք ու գրավեցինք 3-րդ տեղը։
Հռչակավոր Ռաֆայել Վահանյանը թիմի առաջատարն էր, որը հաջող հանդիպումներ անցկացրեց ու իրեն լավ դրսեւորեց դժվարին առաջին խաղատախտակի վրա։ Սմբատ Լպուտյանը փայլուն հանդես եկավ ու 14 հնարավորից վաստակեց 11 միավոր։ Նա հետագայում եւս ելույթ ունեցավ հավաքականում ու 2006-ին դարձավ Օլիմպիադայի հաղթող։ Վլադիմիր Հակոբյանը եւ Արտաշես Մինասյանը շատ լավ դրսեւորեցին իրենց, ովքեր ավելի ուշ եւս Օլիմպիադայի չեմպիոններ դարձան։ Բնականաբար, առանձնացնեմ նաեւ Աշոտ Անաստասյանին, որը, ցավոք, այլեւս մեզ հետ չէ։ Նա 1999-ին էլ թիմի հետ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ես միայն 3 պարտիա եմ խաղացել ու հիմնականում թիմին օգնում էի պատրաստվել հանդիպումներին։

Մեդալն օրինակ էր բոլորիս համար, որ կարող ենք հասնել ավելիին։ Կարծում եմ, որ հենց այդ ժամանակ էլ ձեւավորվեց թիմը, որը հետագայում փոփոխությունների ենթարկվելով՝ աստիճանաբար դարձավ ավելի բարձր կարգի մեդալներ նվաճող հավաքական։

Լուսանկարը` FIDE


- Դրանից ընդամենը 4 տարի անց, երբ Օլիմպիադան ընդունում էր Երեւանը, Դուք արդեն հավաքականի գլխավոր մարզիչն էիք։ Հե՞շտ կայացրիք այդ որոշումը

- Միշտ սիրել եմ վերլուծություններ անելը, նորություններ գտնելը, սկզբնախաղի հարցեր քննարկելը, դիրքերի մեջ խորանալը։ Բնականաբար, մարզիչ լինելը բոլորովին այլ աշխատանք է ու այլ մոտեցումներ է պահանջում, բայց ես այդ դերում նորեկ չէի։ Մինչ այդ աշխատում էի տարբեր շախմատիստների հետ, օգնել եմ նաեւ Ռաֆայել Վահանյանին՝ պատրաստվել հավակնորդների ու միջփնջային մրցաշարերին։ Դրա համար հավաքականը գլխավորելուց հետո ոչ մի անհարմարություն չեմ զգացել։ 1996-ին մենք գրավեցինք 5-րդ տեղը, ինչը լավ արդյունք էր, իսկ դրանից 3 տարի անց առաջին անգամ դարձանք Եվրոպայի չեմպիոն։ Պատկերացրեք, մեր հավաքականը վարկանիշով ընդամենը 14-րդն էր, բայց բոլորից առաջ անցավ,  նման բան շատ քիչ է պատահում։ Եվրոպայի այդ առաջնությունն առաջինն էր 16-ամյա Լեւոն Արոնյանի համար, որը հետագայում դարձավ թիմի առաջատարը։

- Մեր հավաքականի նվաճած բոլոր մեդալները Ձեր գլխավորությամբ են եղել, բացառությամբ 1992-ի եւ 2022-ի։ Մինչ ոսկե մեդալներին անդրադառնալը, կխնդրեի խոսել ոչ պակաս կարեւոր բրոնզե ու արծաթե պարգեւներից, որոնք տարբեր տարիներին մեր շախմատիստները նվաճել են ԵԱ-ում, ԱԱ-ում կամ էլ Օլիմպիադայում։

- Ես ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում կարողացել եմ համագործակցել շախմատիստների հետ, ովքեր հանդես են եկել հավաքականում։ Մենք մրցակիցներին իմանում ենք ուշ երեկոյան ու նախապատրաստվելու քիչ ժամանակ է մնում։ Գիշերներն աշխատում էի եւ առավոտները տղաների հետ կիսվում իմ մտքերով։ Իհարկե, այսօր շատերը մեծ մասամբ խոսում են ոսկե մեդալներից, բայց մինչ դրանց հասնելը մենք այլ մեդալներ էլ ենք նվաճել, իսկ դրանք եւս չափազանց կարեւոր ու թանկ են։ Ես զգում էի, որ աստիճանաբար ավելի հաջող ենք գործում ու մի օր 2-րդ եւ 3-րդ տեղերը դառնալու են 1-ին։

- Եւ ահա 2006-ին Թուրինում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։

- Շատ լավ հիշում եմ, որ մեկնարկից առաջ կայացած ժողովում տղաներին ասացի, որ մենք խաղալու ենք չեմպիոն դառնալու համար։ Այդ ժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը շատ բարձրակարգ թիմեր ունեին, բայց մեծ նպատակին հասնելու համար պետք է մեծ խնդիրներ դնեք ձեր առջեւ, այլ ճանապարհ լինել չի կարող։ Իհարկե, շատ կարեւոր է թիմային ոգին, սակայն էլ ավելի կարեւոր է հաղթողի հոգեբանությունը։ Ես միշտ այդպես եմ տրամադրել իմ թիմին, իսկ երբ անհաջողություն էր լինում, կարողանում էինք համախմբվել ու մտածել հաջորդ պարտիայում միայն հաղթանակ գրանցելու մասին։ Երբ դուք գիտեք, որ կարող եք, վստահ եք ձեր ուժերին, մնացածը ստացվում է։ Մեր թիմում Արոնյանից բացի ՖԻԴԵ-ի աղյուսակի լավագույն տասնյակում այլ շախմատիստ չկար, բայց բոլորն էլ հավատում էին ու հիանալի դրսեւորում իրենց։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպե՞ս եք կարողացել համախմբել շախմատիստներին եւ այնպես անել, որ միշտ բարձր մակարդակով են հանդես եկել, կարեւորել են թիմային, այլ ոչ թե անհատական պարտիան։

- Ինձ համար երկու սկզբունք կա՝ նախ թիմը պետք է ընտանիք լինի, երկրորդ՝ գործի բոլորը մեկի ու մեկը բոլորի համար սկզբունքով։ Երբեք հարցեր չպիտի առաջանան, թե ով շատ խաղաց, ով կազմում չընդգրկվեց։ Եղել է դեպք, երբ Վլադիմիր Հակոբյանը 4-5 պարտիա շարունակ սեւերով է խաղացել, բայց երբեք չի դժգոհել։

Կարեւոր է նաեւ համերաշխությունը եւ լավ մթնոլորտը։ Երբ մեզ մոտ մի բան չէր ստացվում, մեղավորներ չէինք փնտրում, այլ ասում էինք՝ եկեք հասկանանք, թե ինչ պետք է անել, ինչպես օգնենք իրար, որ հաջորդին անպայման հաղթենք։ Միշտ ժողովներ էինք անում, իմ կարծիքն էի ասում ու սկսում էինք աշխատել։ Բաժանվում էինք խմբերի կամ հաճախ բոլորս միասին նստում էինք ու սկսում լավ լուծումներ փնտրել։ Մեր հաջողության գրավականն էր նաեւ հստակ դրված նպատակն ու դրան հասնելու անսահման մեծ ցանկությունը։

- Գրեթե 30 տարի եղել եք թիմի գլխավոր մարզիչը։ Ինչպե՞ս եք կարողացել լեզու գտնել բոլորի հետ։

- Բոլորին էլ ճանաչել եմ, խաղացել եմ իմ սերնդակիցների հետ, հետո արդեն Լեւոնենց սերունդը եկավ, ապա համալրեցին Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը։ Բոլորն էլ ներդրում են ունեցել թիմի գրանցած արդյունքներում։ Իմ բոլոր շախմատիստների հետ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել, ինչը տվել է իր արդյունքները։

- Պարոն Պետրոսյան, եթե դեմ չեք խոսենք շախմատիստներից, ովքեր իրենց հանդիպումների արդյունքներով կերտեցին Հայաստանի հավաքականի հաղթանակները։

- Անդրադառնամ թիմի կորիզին, որը երկար տարիների ընթացքում չէր փոփոխվում։ Սկսեմ Լեւոն Արոնյանից։ Նա աշխարհահռչակ ու բարձր մակարդակ ունեցող շախմատիստ է։ Միշտ ցույց է տվել, թե ինչպես է պետք պատրաստվել խաղերին եւ մեծ գործ է արել Հայաստանի շախմատի համար։ Կարեւորն այն է, որ Լեւոնը միշտ կիսվում էր գիտելիքներով, վերլուծություններ էր անում, իսկ դա նաեւ նրա մարդկային որակների մասին է խոսում։ Օրինակ բերեմ՝ Ստամբուլում Օլիմպիադայի վերջին տուրում խաղալու էինք Հունգարիայի դեմ։ Լեւոնը Սերգեյ Մովսիսյանին հետաքրքիր դիրք ցույց տվեց ու երբ Սերգեյը պարտիայի ժամանակ դա կիրառեց, նրա մրցակիցը հանկարծակիի եկավ ու այդպես էլ չգտավ հակախաղ։ Արդյունքում՝ Սերգեյը հաղթանակ տոնեց։ Լեւոնը մեր առաջատարն էր, իսկ երբ առաջին խաղատախտակի վրա նման հուսալի շախմատիստ ես ունենում, ողջ թիմի մոտ վստահությունն անհամեմատ մեծանում է։

Լուսանկարը` FIDE


Վլադիմիր Հակոբյանը հոյակապ շախմատիստ է, թիմային մրցաշարերում հսկայական տիտղոսներ ունի։ Նա հավաքականի հետ բոլոր մրցաշարերում էլ բարձր արդյունքներ է գրանցել, պատկերացնո՞ւմ եք նա թիմային ոչ մի մրցաշարում, որտեղ Հայաստանի հավաքականը չեմպիոն է դարձել, պարտություն չի կրել։ Վլադիմիրը միշտ վստահ էր խաղում ու թիմի կայուն անդամներից էր։


Գաբրիել Սարգսյանը թիմի ոգին էր, բարձր մակարդակի թիմային խաղացող։ Երբ պարտիան մեկնարկում էր, արդեն ամբողջովին դրա մեջ էր մտնում։ 4-5 ժամ նա նստած էր 100 տոկոսանոց կենտրոնացվածությամբ՝ ինքն էր ու իր դրությունը, ոչինչ, բացարձակ ոչինչ չէր կարող խանգարել նրան։ Գաբրիելը զգում է ամեն ինչ՝ կես միավորի համար արժե պայքարել, թե՞ ռիսկի գնալ։ Մի հայացքով հասկանում է ամեն բան։ Ուրախ եմ, որ շարունակում է մնալ թիմի կազմում եւ հսկայական փորձը կիսում երիտասարդների հետ

Սերգեյ Մովսիսյանը եւս ընկերասեր էր ու միանգամից համախմբվեց թիմի հետ։ Նա լավ արդյունք գրանցեց 2011-ի Աշխարհի առաջնության ընթացքում, իսկ այդ ժամանակ շատ ուժեղ մրցակիցներ էին հավաքվել։ Հայաստանը ոչ մի պարտություն չկրեց։ Սերգեյն այդ ժամանակ, իսկապես, լավ մրցաշար անցկացրեց։ Իսկ 2012-ի Օլիմպիադայում նա ավելի համեստ մասնակցեց, բայց հաղթեց կարեւորագույն պարտիաներում՝ Հունգարիայի ու Ռուսաստանի դեմ։ Դրանք անչափ կարեւոր հաղթանակներ են եղել թիմի համար։  


Կարեն Ասրյանի մահը շատ ծանր եմ տարել։ Նա տաղանդավոր տղա էր, դիրքային նուրբ հասկացողություն ուներ։ Ես Կարենին ասում էի, որ կարող է շատ լավ մարզիչ դառնալ, որովհետեւ հիանալի վերլուծություններ էր անում։ Ցավոք, երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ։

Տիգրան Պետրոսյանն արագ մերվեց թիմին։ Նրա մեկնարկը եղավ Դրեզդենի Օլիմպիադայում, որը հաջող ստացվեց։ Ես մտավախություն ունեի, չգիտեի նրա խաղը կայուն կլինի, թե՞ ոչ։ Ասեմ, որ թիմային մրցաշարերում կայունությունն անչափ կարեւոր է, հենց դրա շնորհիվ ենք մենք տարիներ շարունակ եղել բարձրության վրա։ Ի պատիվ Տիգրանի, նրա մոտ ստացվեց, օգնեց թիմին ու ոսկե մեդալներ նվաճեցինք։   


- Շատ հետաքրքիր բացահայտումներ եք անում, որոնց մասին շատերս հաստատ չենք իմացել։ Միանշանակ Ձեր բոլոր սաներին էլ լավ եք ճանաչել։

- Այո, այսպես բոլորի մասին էլ կարող եմ խոսել, բոլորն էլ մեծ ներդրում են ունեցել Հայաստանի տարբեր տարիների հավաքականների համար։ Ուրախ եմ, որ նրանց հետ աշխատելը հեշտ է ստացվել։ Ես միշտ մինչեւ վերջին պարտիայի ավարտը մնացել եմ դահլիճում։ Երբեմն գործընկերներս ասում էին, ինչո՞ւ ես մնում, երբ տեսնում ես, որ շախմատիստդ շահած դիրք ունի։ Բայց ես հանգիստ շունչ էի քաշում միայն այն ժամանակ, երբ մրցակիցը սեղմում էր իմ շախմատիստի ձեռքն ու շնորհավորում նրան։

- Այսքան հաղթանակներ ունեք Հայաստանի հավաքականի հետ, բայց կա՞ մեկը, որն առանձնանում է Ձեզ համար։

- Բոլորն էլ անմոռանալի են, որովհետեւ գիտեմ, թե ինչպես ենք հասել դրանց։ Բայց զգացողությունների առումով առանձնանում է 2012-ին Ստամբուլում կայացած Օլիմպիադայի չեմպիոն դառնալը։ Ամեն ինչ այլ էր, չեք պատկերացնի ողջ թիմի հպարտությունը, երբ այնտեղ հնչեց մեր օրհներգը։

- Պարոն Պետրոսյան, 2022-ին որոշեցիք հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչո՞ւ նման որոշում կայացրիք։

- Թիմից գնացի, որովհետեւ արդեն առաջվա էներգիան չունեի։ Քիչ չէ, 26 տարի հավաքականի գլխավոր մարզիչ էի ու հեռանալու ժամանակն էր։ Ուրախ եմ, որ հիմա թիմը ղեկավարում է Արման Փաշիկյանը, նա շարունակում է մեր արածը եւ ասեմ, որ իր մոտ լավ է ստացվում։ 2022-ին առաջին փորձից հետո հավասար միավորով Օլիմպիադայում նրա թիմը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ այս տարի կրկին հավասար միավորներով կիսեց 2-6-րդ տեղը։ Այսօրվա շախմատում սա շատ բարձր արդյունք է։ Մաղթում եմ, որ հետագա հաջողություններ ունենան, թիմում լինեն Լեւոնի, Վլադիմիրի ու Գաբրիելի պես բարձրակարգ շախմատիստներ։

Լուսանկարը` FIDE


- Չնայած ասացիք, որ լավ արդյունքներ է գրանցում այսօրվա հավաքականը, բայց ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը նրա մասին։

- Հիմա թիմում երիտասարդ շախմատիստներ ունենք։ Հայկ Մարտիրոսյանն առաջատարն է, որը մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Նրան ճանաչում եմ 2018-ից, երբ ընդգրկվեց հավաքականի կազմում։ Շատ նուրբ է տեսնում ու կարդում պարտիան, չեմ կարող մոռանալ այդ տարվա Օլիմպիադայում հնդիկ Կրիշնան Սաշիկիրանի դեմ հանդիպումը, որտեղ Հայկը շատ գեղեցիկ հաղթանակ տարավ։

Նրա պես տաղանդավոր ու հեռանկարային տղա է նաեւ Շանթ Սարգսյանը։ Հետեւելով նրա պարտիաներին՝ կարող եմ ասել, որ նույնպես լավ պոտենցիալ ունի։ Հիմա Հայաստանի հավաքականի համար չափազանց դժվար է լինելու, որովհետեւ Հնդկաստանն անհավանական ուժեղ կազմ ունի։ Բայց երբ քո մեջից հանում ես «անհնարին»-ը, հանկարծ տեսնում ես, որ ամեն ինչ էլ կարելի է անել, քո դեմ պատնեշներ չեն կարող լինել։ Ես այդպես եմ աշխատել ու արել եմ ամեն բան, որ իմ թիմի ոգին հաղթող լինի։

- Մեր զրույցի առիթը ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի թիմ ճանաչվելն էր։ Չնայած անմիջապես դրանից չխոսեցինք, բայց եթե ոչ Դուք, էլ ո՞վ կարող էր նման հանգամանալից բացատրել Հայաստանի տարբեր տարիների գրանցած արդյունքները։ Ի՞նչ է այս մրցանակը բազմաթիվ մեդալներ նվաճած գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի համար։

- Այս մրցանակը շատ կարեւոր նվաճում է նախ երկրի համար։ 1,5 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանը միայն այս տարի կարողացավ տալ չորս շախմատիստ, որպեսզի դառնա Օլիմպիադայի չեմպիոն։ Իսկ գրեթե 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է այդ շախմատիստներին, ովքեր հաղթանակներ են տոնել։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք համախմբվել, պայքարել ու հաղթել՝ այդպիսով մտնելով պատմության մեջ։

Արշակ Պետրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին