Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արտագնա հանդիպումներից, ցավոք, վերադառնում է առնաց միավորների։ Ծանրագույն խաղեր միմյանցից շատ տարբեր ու բարդ մրցակիցների հետ։ Իհարկե, դեռ վաղ է անգամ երազել որեւէ մեծ առաջնության որակավորման փուլը հաղթահարելու մասին, բայց այս 2 խաղերը ցույց տվեցին, որ մեր հավաքականն ունի ներուժ եւ կարող է ավելի անվանի մրցակիցների հետ արժանի պայքար մղել։ Եղիշե Մելիքյանը դեռ նոր է սկսել իր աշխատանքը հավաքականում, բայց միայն գլխավոր մարզչով երկար ճանապարհ չես գնա։ Կարճատեւ եւ դիպվածային հաջողություններ Հայաստանի ընտրանին ունեցել է միշտ, բայց եթե ուզում ենք կայուն աճ, ինչն իր հետ կբերի նաեւ արդյունքներ, ապա պետք են համակարգային փոփոխություններ։ Իսկ քանի դեռ դրանք չկան, ստիպված ենք բավարարվել «բարոյական հաղթանակ», «արժանապատիվ խաղ» սփոփիչ որակավորումներով։
Հունգարիա-Հայաստան

Լուսանկարը` Իռլանդիայի հավաքականի ֆեյսբուքյան էջ
Առաջին հանդիպումը կայացավ «Պուշկաշ Արենա»-ում Հունգարիայի ընտրանու հետ։ Վերջիններս հանդիսանում են F խմբում 2-րդ հորիզոնականի գլխավոր թեկնածուն եւ տնային խաղում պետք է հաստատեին դա։ Առաջին րոպեներից սկսած Հունգարիայի ընտրանին տիրեց խաղային նախաձեռնությանը։ Նրանք փորձում էին անընդհատ գրոհել՝ օգտագործելով հիմնականում հարձակման եզրերը։ Մեր ընտրանու մրցակիցը համառորեն փորձում էր գտնել պաշտպանության խոցելի կողմը եւ, ի վերջո, դա նրանց հաջողվեց։ Ի պատիվ Հայաստանի ընտրանու պետք է նշել, որ առաջին խաղակեսում մեր հավաքականը շատ կոմպակտ էր պաշտպանվում՝ զրկելով մրցակցին ազատ գոտիներից։ Մելիքյանը կարողացել է այս կարճ ժամանակահատվածում բարելավել թիմային պաշտպանությունը, որտեղ յուրաքանչյուր խաղացող ունի իր հստակ գործառույթը։ Աչք էր շոյում, թե ինչպես են նահանջում եւ թիմին օգնում Վահան Բիչախչյանն ու Լուկաս Սելարայանը։
Հայաստանի հավաքականը նախընտրում էր գրոհները սկսել դարպասապահից մեկնարկող կարճ խաղարկումներով եւ դրա համար հաճախ նահանջում էր Էդուրադ Սպերցյանը, ով խորքից դիրքավորվելով փորձում էր կառավարել թիմի խաղը։ Սակայն հենց նման խաղարկումների ժամանակ մեր ընտրանու ֆուտբոլիստները թույլ էին տալիս գնդակի կորուստներ՝ տեղի տալով մրցակցի բարձր պրեսինգին։ Առաջին խաղակեսում անգամ եղավ մի փոքր ժամանակահատված, որ Հայաստանի հավաքականը տիրեց խաղային նախաձեռնությանը՝ ցույց տալով, որ կարող է նաեւ վտանգավոր հակագրոհել:
Երկրորդ խաղակեսը Հունգարիան խաղադաշտ դուրս եկավ գերմոտիվացված։ Մրցակիցը շոշափեց, որ Հայաստանի պաշտպանությունում ավելի խոցելի է աջ եզրը, որտեղ գործում էին Կամո Հովհաննիսյաննն ու Գեորգի Հարությունյանը։ Վերջինս հաճախ էր զիջում մրցակցին մենապայքարներում եւ գնդակ էր կորցնում սեփական տուգանայինի մոտակայքում (առաջին գոլի դրվագում հենց նրա սխալից հունգարացիները տիրեցին գնդակին)։ Իսկ Հովհաննիսյանն արդեն տարիքի բերումով չի կարողանում նույն տեմպով անցկացնել ամբողջ 90 րոպե՝ խաղավարտին մոտ սխալներ թույլ տալով պաշտպանվելիս։
Մելիքյանը փորձեց փոփոխություններով ազդել խաղի վրա եւ աշխուժացնել հարձակման գիծը։ Խաղավարտին մոտ անգամ փոխվեց թիմի դասավորությունը եւ մեր ընտրանին սկսեց գործել 4 պաշտպանով, իսկ 3-րդ կենտրոնական պաշտպանը փոխարինվեց հարձակվողով, բայց ապարդյուն։ Առհասարակ կարելի է որակել, որ այդ խաղում հարձակման գծում շատ բան չէր ստացվում, թերեւս թիմն ավելի էր կենտրոնացել պաշտպանության վրա։ Իսկ խաղավարտին մոտ եղավ արդեն երկրորդ բաց թողնված գոլը, որն էլ հանեց հաղթողի մասին բոլոր հարցերը։
Իռլանդիա – Հայաստան

Լուսանկարը` Իռլանդիայի հավաքականի ֆեյսբուքյան էջ
Հաջորդ ուղեւորությունը կայացավ դեպի մեզ այդքան ծանոթ Դուբլին։ Իռլանդիայի հավաքականի հետ բոլոր արտագնա հանդիպումները ունեն միեւնույն սցենարը․ կարմիր քարտ մեր առաջատարներից որեւիցե մեկին եւ ցավալի պարտություն։ Այս անգամը եւս բացառություն չեղավ։
Երկու թիմերն էլ այս խաղին մոտեցել էին ուժասպառ վիճակում։ Հայաստանը էներգատար խաղ էր ունեցել Հունգարիայի հետ, իսկ Իռլանդիան համառ պայքարում նվազագույն հաշվով զիջել էր Պորտուգալիային։ Թիմը կարողանում է շատ ամուր պաշտպանվել, բայց գրոհում է միայն երկար ուղղահայաց փոխանցումներով առանց տակտիկական բարդ խաղարկումների եւ լուծումների։ Իռլանդացիները կարծես գիտեն միայն բարձրից փոխանցումներ կատարել դեպի մրցակցի տուգանային դեպի Էվան Ֆերգյուսոնը։ Այս մրցավեճը եւս բացառություն չէր, թեեւ Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում ավելի քիչ էր տիրում գնդակին, բայց կարողանում էր իմաստալից գրոհներ կառուցել։ Մելիքյանն անգամ կազմում կատարել էր մի շարք փոփոխություններ եւ առաջին րոպեներից խաղալու հնարավորություն էին ստացել Ժիրայր Շաղոյանը, Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Երկրորդ խաղակեսում եւս մեր ընտրանին գնդակով ավելի վստահ տեսք ուներ։
Իռլանդիան շատ էր տիրում գնդակին, ավելի շատ ժամանակ էր անցկացնում մեր տուգանայինի մատույցներում, բայց այդ ամենն ապարդյուն էր մինչեւ չեղավ չարաբաստիկ կարմիր քարտը։ Արտագնա այս մրցավեճերն անհաջող էին Տիգրան Բարսեղյանի համար՝ չիրացված գոլային պահ Հունգարիայի հետ խաղում եւ ոչ պարտադիր կարմիր քարտ այստեղ։ Չի կարելի շատ քննադատել ֆուտբոլիստին եւ գովելի է, որ խաղի ավարտից հետո Մելիքյանն իր աջակցությունը հայտնեց նրան։ Մրցակցի ֆուտբոլիստներն անընդհատ սադրում էին հավաքականի ավագին, ով խախտման դրվագում լեզվակռվից անցավ կոնկրետ գործողությունների ու պատժվեց կարմիր քարտով։
Դրանից հետո Իռլանդիան իր սիրելի մարտավարությամբ սկսեց ծանրաբեռնել մեր ընտրանու տուգանային հրապարակը բարձից փոխանցումներով։ Պետք է նշել, որ այդ օրը հրաշալի հանդիպում անցկացրեց Հենրի Ավագյանը՝ կատարելով մի շարք անհավանական սեյվեր։ Բայց անգամ նա չկարողացավ փրկել պարտությունից։ Մելիքյանը կրկին փորձեց փոփոխություններով ազդել խաղի ելքի վրա՝ հարձակվող դուրս բերելով, մի քանի անգամ փոխելով դասավորությունը, բայց ապարդյուն։ 10 հոգով մնացած մեր ընտրանին կարծես ուժասպառ էր եւ չէր կարողանում գնալ եզրափակիչ պաշարման, իսկ Իռլանդացիներն անցել էին խորը պաշտպանության՝ ժամանակ առ ժամանակ դուրս գալով հակագրոհների։ Ցավալի է, բայց նման սխալի պատճառով մենք զրկվեցինք այդքան ցանկալի դրական արդյունքից մեզ համար իսկական մղձավանջ դարձած Դուբլինում։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: