Դեկտեմբեր 22, 2024
exclusive
869 դիտում

Սերգեյ Մովսիսյան․ Հայաստանի հավաքականի հաղթանակները թիմային ոգու արդյունք են


Լուսանկարը` Fide

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ։

Mediamax Sport-ն այդ կապակցությամբ շարունակում է ներկայացնել հավաքականում տարբեր տարիների հանդես եկած ու մեդալներ նվաճած շախմատիստների զրույցները։

Այս անգամ իր հուշերով կիսվել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը։ Նա հավաքականի կազմում 2011 թվականին դարձել է Աշխարհի, իսկ 2012-ին՝ Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն։ Մովսիսյանն այժմ Սլովակիայի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է։


«Սլովակիայի հավաքականի հետ մասնակցում էի Օլիմպիադային, բայց ՖԻԴԵ-ի մրցանակաբաշխությանը ներկա չեմ եղել։ Շատ արագ իմացա, որ Հայաստանի հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ։ Բոլորը շնորհավորում էին ինձ, որովհետեւ ես էլ ժամանակին եղել եմ թիմի մի մասը, դա այնքան հաճելի էր։

Շատ տարբեր հիշողություններ արթնացան այդ պահին ինձ մոտ, մեր տղաների հետ հիանալի օրեր եմ անցկացրել, դարձել Աշխարհի եւ Օլիմպիադայի չեմպիոն։ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւս Բուդապեշտում էին, ճիշտ է, հիմա ամեն մեկս տարբեր թիմերում ենք, մի մասն արդեն գործող շախմատիստ չէ, բայց կարեւորը կրկին հավաքվել էինք ու դա այնքան հաճելի էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, որ ՖԻԴԵ-ի ընտրությունն օբյեկտիվ էր, ինչի համար հպարտ եմ։ Հայաստանի հավաքականը հասել է այնպիսի արդյունքների, որոնք ոչ մի այլ թիմի չի հաջողվել։

Թիմային մրցումները շատ են տարբերվում․ այստեղ այլ օրենքներ են գործում, շախմատիստների միասնությունն ու համագործակցությունը պետք է շատ լավը լինի։ Թիմեր կային, որոնք կազմով մեզնից ուժեղ էին, փոխարենը Հայաստանի հավաքականում ֆանտաստիկ մթնոլորտ էր տիրում, ինչն օգնում էր։ Իհարկե, Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա մեծ գործ էր անում ու մյուսներիս օգնում, բայց, ընդհանուր առմամբ, դրանք թիմային ոգու հաղթանակներ էին։ Եղել են դեպքեր, երբ կարեւոր հանդիպման ընթացքում անհատապես լավ չենք խաղացել, բայց լրացրել ենք իրար թիմով։  

Թուրինի եւ Դրեզդենի օլիմպիադաների ժամանակ ես հավաքականում չէի։ Չնայած այնտեղ եւս մեր տղաները ֆավորիտ չեն եղել, բայց կրկին հաղթել են։ Ընդհանրապես, ես որ հետ եմ նայում, տեսնում եմ, որ Հայաստանի բոլոր թվականների հավաքականներում էլ մթնոլորտը շատ լավն է եղել։

Լուսանկարը` Photolure


Հիմա եւս մենք շփվում ենք իրար հետ, հիշում ենք անցկացրած օրերը, լավ կամ անհաջող մրցաշարերը։ Նաեւ սա է այլ թիմերի հետ եղած տարբերությունը, որ մենք միայն մրցումների ժամանակ չէ, որ շփվում ենք իրար հետ։ Միշտ էլ տարբեր առիթների հանդիպում ենք, ընկերություն անում եւ կապը երբեք չի կտրվում։

Հեշտ մրցում չի լինում, քանի որ պայքարը միշտ կա։ Դրա համար Օլիմպիադան եւ Աշխարհի առաջնությունը համեմատել չեմ կարող։

Թիմի կազմում 2011-ի ԱԱ-ն ինձ համար առաջինն էր, դրա համար զգացողություններս լրիվ այլ էին։ Առաջին անգամ հանդես եկա հավաքականում ու չեմպիոն դարձա։ Մենք շատ լավ էինք աշխատում, ես էլ կարողացա օգտակար լինել։ Իսկ ահա Օլիմպիադան 2012-ին ընդունել էր Ստամբուլը, այնտեղ միայն շախմատային պայքար չէր։ Կարիք չկա բացատրել, թե ինչ էր նշանակում մեզ համար հաղթել հենց այդտեղ։

Մենք հաջող էինք խաղում, բայց հետո պարտվեցինք շատ ուժեղ Չինաստանին ու վերջին խաղում մրցեցինք ոչ պակաս լավ թիմ ունեցող Հունգարիայի դեմ։ Այդ դիամակայությունում հաղթանակ տարանք ու, քանի որ Ռուսաստանի հետ ունեինք հավասար միավորներ, չգիտեինք՝ 1-ին տեղը կգրավենք, թե՞ 2-րդ։ Անկեղծ ասած շատ լարված էինք։ Երբ ավարտվեցին հաշվարկները, մենք լրացուցիչ ցուցանիշներով  առաջ անցանք ու դարձանք չեմպիոն։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ աստիճանի երջանիկ էինք բոլորս։


Այսօրվա Հայաստանի հավաքականում կան շատ լավ շախմատիստներ։ Եթե նայենք ժամանակակից շախմատին, կտեսնենք, որ ողջ աշխարհում թիմերի կազմերը երիտասարդանում են, մենք եւս լավ երիտասարդներ ունենք։

Ճիշտ է, դժվար է պայքարել այնպիսի հզոր հավաքականի դեմ, ինչպիսին Հնդկաստանն է։ Բայց մեր ժամանակ էլ Ռուսաստանում էին բարձրակարգ գրոսմայստերներ հավաքվել, իսկ մենք կարողանում էինք նրանցից առաջ անցնել ու ոսկե մեդալներ նվաճել։ Այնպես որ, մեր երիտասարդները եւս ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող են շրջանցել իրենցից կարգով ավելի բարձր թիմերի։

Ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանի հավաքականի նոր անդամները հաջող ելույթներ ունենան ու գերազանցեն այն արդյունքները, որոնք ցույց ենք տվել մենք»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին