2026-ի Աշխարհի առաջնության մեկնարկին քիչ ժամանակ է մնացել։ Այն ընդունելու են ԱՄՆ-ը, Մեքսիկան ու Կանադան։ Այսօր կայանալիք վիճակահանությանը մասնակցելու են այդ երկրների առաջին դեմքերը։
The Washington Post-ի սյունակագիր Իշան Թարուրն անդրադարձել է առաջնությունների քաղաքական ենթատեքստին։ Նրա հոդվածի կարեւոր մասերը թարգմանաբար կիսվում ենք մեր ընթերցողների համար։
Լուսանկարը` Financial Times
«Սպորտային լրագրող Ջոնաթան Ուիլսոնն իր նոր գրքում ասում է, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը դեր է խաղացել 20-րդ դարի սկզբի պետականաշինության գործում, եւ այն մինչ օրս քաղաքական է։
Ֆուտբոլային այս միջոցառումը պարզապես խաղ չէ։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ն «խաղաղության մրցանակ» է շնորհելու Դոնալդ Թրամփին, ով ամիսներ շարունակ պայքարում է Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Ակնկալվում է, որ նա կստանա այս նոր հորինված զարդը։ Սպասվում է, որ Թրամփը ողջ մրցաշարի ընթացքում կլինի գլխավոր գործող անձանցից, ինչպես 2022-ին Կատարի էմիրն էր։ Թրամփը հուլիսին կկատարի չեմպիոն դարձած հավաքականի պարգեւատրման արարողությունը։
Այդ ընթացքում նա կվայելի այն հեղինակությունը, որը լիովին ստվերելու է մրցաշարի շուրջ առկա այլ մտահոգությունները, այդ թվում՝ տոմսերի ապշեցուցիչ գները եւ այն խոչընդոտները, որոնք ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ստեղծել ԱԱ-ին ներկա գտնվել ցանկացող օտարերկրյա երկրպագուների համար։
Ինչպես նշում է հայտնի ֆուտբոլային գրող Ուիլսոնն իր «Ուժը եւ փառքը. Աշխարհի առաջնության պատմությունը» գրքում, Աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է ազգային եւ համաշխարհային քաղաքականության մասնիկ:
Մրցաշարը ժամանակին նպաստել է ինչպես ավտորիտար կառավարությունների ամրապնդմանը, այնպես էլ թուլացմանը եւ միշտ արտացոլում է գլոբալացվող աշխարհի փոփոխվող քաղաքականությունն ու մշակույթը։
Լուսանկարը` Reuters
Ի՞նչով է տարբերվում Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերից, որը նույնպես գրավում է միլիոնավորների ուշադրությունը։ Օլիմպիական խաղերում ընդգրկված են բազմաթիվ մարզաձեւեր, եւ տարբեր երկրներ դրանց վերաբերվում են տարբեր լրջությամբ։ Աշխարհի առաջնությունը միակ համաշխարհային միջոցառումն է, որտեղ բոլորի ուշադրությունը նույն բանի վրա։ Բոլորը կենտրոնացած են միակ մարզաձեւի վրա, որը խաղում եւ որի մասին հոգ է տանում գրեթե ամբողջ աշխարհը։
Երբ աշխարհի աչքերն ուղղված են մեկ բանի վրա, քաղաքական գործիչները փորձում են օգտվել դրանից։ Եվ մարդիկ երբեմն դա չեն էլ հասկանում։ Իսկ քաղաքական գործիչներն օգտագործում են իրենց նպատակները կատարելու համար, ինչպես իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին 1934 թվականին, արգենտինական խունտան՝ 1978-ին կամ բրազիլական ռազմական բռնապետությունը՝1970 թվականին։
Բայց կան նաեւ ֆուտբոլն օգտագործող ավելի լավ դեպքեր։ Ուրուգվայը 1930 թվականին ինչո՞ւ էր ցանկանում հյուրընկալել Աշխարհի առաջնությունը։ Նրանք ցանկանում էին ցուցադրել իրենց ունակություններն ու աշխարհին ասել. «Տեսե՛ք, մենք ֆուտբոլում շատ լավն ենք։ «Այս մարզաձեւից աշխարհում մենք լավագույնն ենք, մենք խաղում ենք «Սենտենարիո» մարզադաշտում»՝ իրենց առաջին Սահմանադրությունն ընդունելուց 100 տարի անց։ Ուրուգվայն ասում էր. «Մենք պարզապես Արգենտինայի հյուսիսային նահանգը չենք։ Մենք կարեւոր ենք մեր սեփական իրավունքով»։
Ուրուգվայից հետո հերթը ֆաշիստական Իտալիայինն էր։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր նշանակում 1934 թվականի Աշխարհի առաջնությունը Մուսոլինիի համար։
Լուսանկարը` These Football Times
Մուսոլինին, ինչպես շատ բռնապետեր, չէր սիրում ֆուտբոլը։ Նա այն չափազանց անկանխատեսելի էր համարում։ Նա սիրում էր ավտոսպորտ, հեծանվավազք, նախընտրում էր անհատական մարզաձեւեր․ հեշտ է կանխատեսել, թե ով է հաղթելու։ Բայց նա գիտակցում էր ֆուտբոլի հսկայական ուժը եւ օգտագործեց իր քաղաքական հաջողություններն ու իշխանությունն ամրապնդելու համար։ Իտալիան իրավունք ստացավ կազմակերպել Աշխարհի առաջնություն։ Մուսոլինին այն դարձրեց հիանալի շոու։
Նա ցանկանում էր Իտալիան ցուցադրել որպես լավագույն երկիր։ Նա տոմսերը պարտադրեց տպել շատ լավ որակի թղթի վրա, որպեսզի բոլորը որպես հուշանվեր պահեին։ Իսկ դրանց վրա դրոշմված էր ֆաշիստական խորհրդանիշը։
Ժյուլ Ռիմեի աշխարհի գավաթը բավականին փոքր էր, ուստի Մուսոլինին հորինում է դրանից 6 անգամ մեծ ոչ պաշտոնական Կոպա դել Դուչե-ն։ Նա ցանկանում էր լինել եզրափակիչ խաղում եւ այդ փառահեղ գավաթը նվիրել Իտալիայի հավաքականի ավագին։ Իսկապես, նա ներկա է լինում Իտալիայի ամեն խաղի եւ այնպես անում, որ իր մտերիմ դաշնակիցներն ու առաջատար քաղաքական գործիչները նույնպես այնտեղ լինեն։ Ի վերջո, Իտալիան էլ դարձավ Աշխարհի չեմպիոն։
Գալով դեպի մեր ժամանակներ՝ տեսնում ենք այլ ստատուս քվո։ Այստեղ սպորտը լի է փողով եւ հարուստ արաբական թագավորությունների ազդեցությամբ։ Նրանք վերահսկում են ամեն ինչ՝ սկսած շահութաբեր հեռուստատեսային պայմանագրերից մինչեւ խոշոր եվրոպական ակումբների կառավարում: Որքա՞ն գումար արժե սպորտի «գրավումը» Պարսից ծոցի կողմից։ Հսկայական թիվ։ Թե ինչպես են իրադարձությունները դասավորել այնպես, որ 2034-ին Սաուդյան Արաբիան ընդունի Աշխարհի առաջնությունը, կամ ինչպես 2022-ին Կատարին թույլատրեցին կազմակերպել ԱԱ-ն, շատ բաներ չեն բարձրաձայնվում։ Բայց կարծես ակնհայտ է, որ ՖԻՖԱ-ն կախված է Մերձավոր Արեւելքի փողերից:
Լուսանկարը` Amir Diwan
Աշխարհի առաջնություն հյուրընկալող յուրաքանչյուր երկիր արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության։ Խախտումներ արել է Ռուսաստանը 2018-ին, Բրազիլիան՝ 2014-ին, Հարավային Աֆրիկան՝ 2010-ին։ Այս բոլոր երկրներում խախտվել են մարդկանց իրավունքները, բռնի վտարել են իրենց տներից ու կառուցել մարզադաշտեր, անօրինական ու քիչ վճարով աշխատացրել են շինարարության մեջ։
ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան նույնպես արժանի են մանրակրկիտ ուսումնասիրության։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ի տեսանկյունից ակնհայտ մտահոգությունն այն է, թե ինչպես է այն տարբերվում, կարծում եմ, նախորդ բոլոր Աշխարհի առաջնություններից։ ԱԱ հյուրընկալող երկրները, ըստ էության, երկրագնդի մեծ մասին ասել են. «Խնդրում ենք, եկեք մեր երկիր»։ Մինչդեռ ԱՄՆ-ը, կարծես, ակտիվորեն թշնամաբար է տրամադրված օտարերկրացիների նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ շատ մարդիկ բավականին անհարմար են զգում ԱՄՆ գնալու գաղափարից։
Լուսանկարը` AP
1980-90-ականների իմ մանկության Աշխարհի առաջնություններն ավելի հզոր եւ իմաստալից են թվում ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ դա աշխարհի բոլոր լավագույն խաղացողներին հեռուստացույցով դիտելու հիմնական միջոցներից մեկն էր։ Հիմա ֆուտբոլն ամենուրեք է եւ խաղացողների շուրջ ավելի քիչ առեղծված կա։
Եթե ինձ ցույց տաք 2006-ի կամ 2010-ի առաջնության ցանկացած լուսանկար եւ մշուշոտեք այն, ես միանգամից կճանաչեմ խաղացողին ու մարզադաշտը։ Կարծում եմ, որ շատ երկրպագուներ կարող են նույնն անել։ Այն ժամանակ ամեն ինչ յուրահատուկ էր, մինչդեռ հիմա ամեն ինչ միատարր է ու ձեռք է բերել առեւտրային նշանակություն։ Արդյո՞ք դա Աշխարհի առաջնությունը պակաս կարեւոր իրադարձություն է դարձնում։ Չեմ կարող ասել, բայց դիտողների թիվը դեռեւս հսկայական է եւ պետությունների քաղաքական ղեկավարները շարունակում են այն օգտագործել իրենց նպատակների համար։ 2026-ը եւս բացառություն չի լինի»։
Թարգմանեց Գոհար Նալբանդյանը




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: