«Ռեալի»-ի եւ Ուելսի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը բրիտանական GQ-ին հարցազրույց է տվել ու պատմել ֆուտբոլին հրաժեշտ տալու եւ ընտանիքի մասին։ Առանձնացրել ենք առավել հետաքրքիր մտքերը, որոնց հետ արժե ծանոթանալ։
«Երբ երիտասարդ տարիքում ես հեռանում ֆուտբոլից, հստակ չես իմանում անելիքներդ։ Ես միշտ ինքս ինձ ասում էի, որ ուզում եմ մի քանի բան փորձել, եթե կստացվի, ուրախ կլինեմ, ոչ՝ գոնե կարող եմ ասել, որ փորձել եմ։ Որոշ ժամանակ ֆուտբոլից հեռու լինելը հնարավորություն տվեց վերադարձնել իմ սերը խաղի հանդեպ։ Ես զգում եմ, որ հիմա կարող եմ իրերը տեսնել այլ լույսի ներքո։
Ակնհայտ է, որ շատ ֆուտբոլիստներ «Ռեալ» են գնում գալակտիկոս դառնալու համար, բայց ես այնտեղ գնացի ֆուտբոլ խաղալու։ Որպես ուելսցի արտասահմանում գրանցած իմ ձեռքբերումներն իրականում անհավանական էին։ Ես հաղթում էի այնտեղ, բայց իրականում երբեք այդքան շատ գոլֆ չեմ խաղացել, ինչպես գրում էին լրատվամիջոցները։ Բայց այնպես է ստացվել, որ մարդիկ հավատում են այն ամենին, ինչ կարդում են։ Ես, հավանաբար, մեղավոր էի, որ չէի պաշտպանվում, միգուցե միամիտ էի, որովհետեւ չգիտեի «Ռեալ»-ում լինելու կարեւորությունը։ Չեմ կարծում, որ իսպանական լրատվամիջոցները գիտեն, թե ով եմ ես։ Գուցե դա իմ պատճառով է, որ երբեք նրանց ու ոչ մեկին չեմ թողել իմանալ՝ ինչ կա իմ ներսում։ Իմ ֆուտբոլային ու անձնական կյանքը տարբեր բաներ են։
Լուսանկարը` GQ
Գիտեի, որ խաղում եմ այնպես, ինչպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, բայց ինձ պետք չէին ուրիշները, ովքեր կգնահատեին ինձ։ Ես գիտեի ինչ եմ անում։ Անհատական մրցանակները երբեք չեն հետաքրքրել, երբեք չեմ մտածել «Ոսկե գնդակ»-ը նվաճելու մասին։ Երբեք՝ ոչ մի վայրկյան։
Կառլո Անչելոտին հիանալի մարզիչ է։ Ինձ համար նրա հանճարը մարդկանց ճիշտ կառավարելու մեջ է, նրա շնորհիվ քեզ երջանիկ ես զգում։ Դու մարզիչներից շատ բան ես սովորում որպես ֆուտբոլիստ ու որպես մարդ, Անչելոտին նրանց լավագույն օրինակն է։
Ես իրականում իմ նախկին թիմակիցների հետ այդքան էլ չեմ շփվում։ Ուելսի հավաքականից մի քանի տղաների հետ եմ կապի մեջ, չնայած միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել։ Ես երբեք լուրջ վեճեր չեմ ունեցել։ Երբեմն լրատվամիջոցները կարող են ասել իմ եւ Ռոնալդուի մասին, բայց մենք ոչ մի անգամ չենք վիճել կամ կռվել։
Լուսանկարը` GQ
Որպես ֆուտբոլիստ ես կուզենայի ունենալ նաեւ այլ հաղթանակներ, բայց ամեն ինչ կատարյալ լինել չի կարող։ Ուելսի հաղթանակն Աշխարհի գավաթում երազանք կլիներ։ Ես սիրում եմ հիշել այն ժամանակները, երբ երեխա էի ու երազում էի ֆուտբոլի մասին։ Եթե 13 տարեկան Գարեթին ասեիք, թե ֆուտբոլում ինչերի է հասնելու, երբեք չէր հավատա։ Ես այնքան շատ բանի եմ հասել իմ կարիերայում եւ հավաքականի հետ Աշխարհի գավաթում խաղալը վերջին ցանկությունս էր։ 2022-ին 64 տարվա դադարից հետո Ուելսն առաջին անգամ մասնակցեց առաջնությանը։ Դրանից հետո ես չէի զգում, որ ինձ համար ֆուտբոլում անկատար բան է մնացել։ Ճիշտ էր ֆուտբոլից հեռանալը, հետ նայելով կարող եմ ասել, այո՛, դա ճիշտ որոշում էր։
Հայրս շատ ուժեղ է։ Նա ու մայրս ինձ ճիշտ են դաստիարակել։ Նրանք շատ բան զոհաբերեցին, երբ ես մեծանում էի։ Սա մի բան է, որը միայն հիմա եմ հասկանում, երբ ծնող եմ դարձել։ Որդիս ընդամենը յոթ տարեկան է ու ես նրան տալիս եմ հորս խորհուրդը, որ մարդ չպետք է հանձնվի։ Հիմա ես ընտանիքը դնում եմ առաջին տեղում։ Հավանաբար, գոլֆը երկրորդն է, հետո գալիս է առողջությունը։
Լուսանկարը` GQ
Երբ ֆուտբոլ էի խաղում, սովորաբար արթնանում էի, երեխաներին տանում դպրոց, ապա ուղիղ գնում մարզումների։ Մտածում էի, որ շատ բան եմ անում։ Միայն այն թողնելուց հետո հասկացա, որ պետք է մեկ ժամ շուտ արթնանամ, հագցնեմ նրանց, մաքրեմ ատամները, շիլա մատուցեմ եւ հաղթահարեմ այդ ընթացքում տեղի ունեցող ողջ դրաման։ Այնպես որ, իսկապես, գնահատում եմ այն, ինչ Էմման (Բեյլի կինը, խմբ․) արել է այդ ամենը տարիների ընթացքում։ Հիմա ասում եմ. «Օ՜, լավ, հիմա հասկացա»։
Հիմա զգում եմ, որ ես եմ կառավարում իմ կյանքը։ Ամեն ինչ իմ պայմաններով է, այնպես որ, եթե ես ինչ-որ բան ունեմ ընտանիքիս հետ, դա առաջնային է, իսկ աշխատանքը՝ երկրորդական։ Ես զգում եմ, որ շատ եմ կարոտել իմ երեխաների մեծանալը, նույնիսկ Սուրբ Ծննդի տոնակատարության գնալը։ Հիմա ամեն րոպեն նրանց հետ եմ ու ներկա եմ լինում որդուս ֆուտբոլի խաղերին։ Դրանք դիտելն իմ սիրելի զբաղմունքներից է։ Դա ինձ տանում է դեպի անցյալ, երբ հայրս էր իմ փոխարեն ու ես էի ֆուտբոլ խաղում։ Աղջիկս էլ ձիավարության է գնում ու ես սիրով նայում եմ նաեւ նրան։ Ես վայելում եմ նրանց հետ անցկացրած ամեն պահը»։
Գոհար Նալբանդյան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: