Դեկտեմբեր 22, 2024
exclusive
641 դիտում

Տիգրան Պետրոսյան․ Հայաստանի հավաքականում անձնականը զոհաբերել ենք հանուն թիմայինի


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում Տիգրան Պետրոսյանը երկու անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն։

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականին Դրեզդենում, ապա 2012-ին՝ Ստամբուլում։

Mediamax Sport-ը շարունակում է զրուցել ՖԻԴԵ-ի կողմից հարյուրամյակի լավագույն հավաքական ճանաչված Հայաստանի ընտրանու տարբեր տարիների անդամների հետ։ Այս անգամ իր հուշերը ներկայացրել է Տիգրան Պետրոսյանը։


«Մինչ լուրն իմանալն էլ գիտեի, որ ԽՍՀՄ-ի թիմից հետո այսօրվա հավաքականներից լավագույն արդյունքը ցույց ենք տվել մենք։ Բայց, երբ կարդացի նորության մասին, անկեղծ ասած շատ ուրախացա, հաճելի զգացողություններ ունեցա, այնքան շատ հիշողություններ արթնացան ու մի ակնթարթում անցկացրած օրերս վերապրեցի։

Մի ամբողջ կյանք եմ ապրել Հայաստանի հավաքականի հետ, դրանք երիտասարդությանս վառ տարիներն էին։ Թիմային առաջին հաջողությունից հետո սկսեցի բազում մրցաշարերում անհատական հաղթանակներ տանել։

7-8 տարի ես թիմի հետ էի ու միայն հիանալի հիշողություններ ունեմ։ Միշտ սպասել եմ, թե երբ պիտի հավաք անցկացնենք՝ հոգեբանական, ֆիզիկական, շախմատային մարզումներ ունենանք, մի կողմ էինք դնում անհատական մրցակցությունն ու կիսվում շախմատային գաղտնիքներով, ունեցած տեղեկատվությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իհարկե, ուժեղագույնը Լեւոն Արոնյանն էր, նա ավելի շատ բաներ էր բացահայտում մեզ համար, բայց մյուսներս էլ շատ գիտելիքներ ունեինք եւ այդ ամենը միավորելով՝ ընդհանուր գործի համար օգտակար աշխատանք էինք կատարում։

Նրբություն կար մեր թիմում՝ ամեն մեկս նաեւ մյուսի արդյունքի համար էր խաղում։ Եթե զգում էինք, որ խաղընկերոջ դիրքը մոտ է պարտության է, իսկ քոնը՝ ոչ-ոքիի, պարտավորվում էինք ռիսկի դիմել ու գնալ հաղթանակի հետեւից։ Իհարկե, լինում էր նաեւ, որ կորցնում էինք այդ կես միավորը, բայց մենք անձնական պարտիան միշտ էլ զոհաբերել ենք թիմայինի համար, ինչը շատ դեպքերում պսակվել է հաջողությամբ։


Ամեն մի մրցաշար մեզ համար մեծ պատասխանատվություն է եղել, միգուցե նրանով է պայմանավորված,  որ փոքր երկիր ենք։ Հայաստանի հավաքականի համար խաղալու պարագայում պարտավորությունն ահռելի էր լինում։ Պարտությունը վատ էի տանում, չէի շփվում ընտանիքիս, ընկերներիս հետ, ամաչում էի տեսնել մարդկանց։

Երկու անգամ դարձել եմ Օլիմպիադայի հաղթող եւ տարբեր զգացողություններ ունեցել։ Դրեզդենում առաջին անգամ էի նման հաջողության հասնում, դրա համար քաղցրությունն ուրիշ էր։

Լուսանկարը` Photolure


Թիմում նորեկ էի, իսկ տղաները Թուրինում արդեն չեմպիոն էին դարձել ու փորձառու էին։ Ես հետեւել էի նրանց ելույթներին ու մտածել, որ միգուցե մի օր էլ ես հանդես կգամ հավաքականում ու կդառնամ չեմպիոն։ Եւ ահա 24 տարեկանում երազանքս կատարվեց։ Զգացողություններս խառնվել էին իրար, գիշերը չէի կարողանում քնել։ Հայաստան վերադարձանք ու տեսանք, թե ինչպիսի հիանալի մթնոլորտ էր, ողջ ազգը հավաքվել էր, փողոցներում մոտենում ու շնորհավորում էին, շնորհակալություն հայտնում։

Իսկ Ստամբուլի Օլիմպիադան ներքուստ շատ պարտավորեցնող էր։ Լավ հանդիպումներ ունեցանք ու ամենակարեւորն այն է, որ չեմպիոն դարձանք։ Բոլորս անսահման ուրախ էինք այդ հաջողության համար, ամեն ինչ անբացատրելի էր։

Հիմա կարոտով եմ հիշում այդ ամենը։ Արդեն ակտիվ խաղացող չեմ, քիչ մրցաշարերի եմ մասնակցում ու գիտեմ, որ շախմատում այլեւս նման պահեր չեմ ունենա։


Հայաստանի այսօրվա հավաքականում լավ սերունդ է հավաքվել, բայց թիմը պետք է ամբողջական դառնա։ Երկու խաղացող ունենք, ովքեր իրենց շատ լավ են դրսեւորում, բայց մյուս խաղատախտակների վրա եւս պետք է կայուն շախմատիստներ լինեն։ Դրա համար նրանք պետք է աշխատեն իրենց վրա եւ աճեն, այդ պարագայում կկարողանանք հավասար պայքար մղել։

Այսօր Հնդկաստանը, Ուզբեկստանը, Չինաստանը շատ ուժեղ հավաքականներ ունեն, բայց մեր տղաներն էլ մեր օրինակով պետք է շարժվեն, հավատան, որ ամեն ինչ էլ հնարավոր է՝ ճիշտ պայքարելով հաղթանակներն անպայման կլինեն»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին