2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մոտ կես տարի է մնացել, արդեն կայացել է վիճակահանությունն ու թիմերն իմացել են մրցակիցներին: Սակայն ֆուտբոլային աշխարհում իսկական իրարանցում առաջացրեց օրեր առաջ ԱԱ-ի տոմսերի գների հրապարակումը:
Առաջնության տոմսերի գները, որոնք նախատեսված էին երկրպագուների պաշտոնական խմբերի համար, վրդովմունք են առաջացրել ամբողջ Եվրոպայում: Նշում են, որ ՖԻՖԱ-ի ագահությունը սահմաններ չունի, ինչի պատճառով հազարավոր երկրպագուներ կզրկվեն իրենց սիրելի հավաքականին հետեւելու հնարավորությունից:
Sofoot.com կայքը նշել է մի քանի հանդիպումների տոմսերի գներն (Անգլիա-Պանամա՝ 180-520, Գերմանիա-Կյուրասաո՝ 155-430, Շոտլանդիա-Հաիթի՝ 150-430, Ֆրանսիա-Բոլիվիա՝ 191-518 եվրո) ու ընդգծել, որ սովորական երկրպագուների համար դրանք բավական թանկ են:
Տոմսերի վերջնական գներն ընդհանրապես չեն համապատասխանում նախկինում ՖԻՖԱ-ի տրված հայտարարություններին: Կառույցում խոստացել էին վաճառել 51 եվրո արժողությամբ տոմսեր: Բացի այդ, համատեղ հայտնի ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հավատացրել էին, որ վաճառքում կլինեն 21 դոլար արժողությամբ հազարավոր տոմսեր: Սակայն դրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը:
The Athletic-ը գրում է, որ գները դիտավորյալ են ուռճացվել, որպեսզի մրցաշարի կազմակերպիչներին ցույց տան ԱԱ-ի անցկացման առավելությունները: Վերջնական գները միշտ սահմանում է ՖԻՖԱ-ն, իսկ կազմակերպիչ երկրները այդ գործընթացի վրա գործնականում ազդեցություն չունեն:
Լուսանկարը` The New York Times
Ֆուտբոլային երկրպագուների Եվրոպական ասոցիացիան շոկի մեջ է ՖԻՖԱ-ի պարտադրած գներից ու խիստ քննադատել է կառույցի վարած քաղաքականությունը:
«Ամենանվիրված երկրպագուների համար իրենց երկրների ազգային ասոցիացիաների կողմից տրամադրվող ամենացածր գնային շեմի տոմսերը հասանելի չեն լինելու: ՖԻՖԱ-ն որոշել է 4-րդ կարգի սահմանափակ քանակությամբ տոմսերը պահել ընդհանուր վաճառքի համար։ Սա անհարգալից վերաբերմունք է Աշխարհի առաջնության ավանդույթներին, որն անտեսում է ֆուտբոլային ներկայացման մեջ երկրպագուների ներդրումը»։
2013 թվականից «Անդիմադրելի ֆրանսիացիներ» խմբի անդամ ու խոսնակ Գիլյոմ Օպրետրը եւս շատ բուռն կերպով է արտահայտել իր վրդովմունքը: «Եզրափակչի տոմսերի գները հասնում են մինչեւ 3600 եվրո, անգամ եթե երկրպագուներն այդքան գումար են կուտակել, արդյոք կցանկանա՞ն այն ծախսել ֆուտբոլի վրա: Սա իսկական դավաճանություն է երկրպագուների եւ ֆուտբոլի հանդեպ»,- ասել է նա:
Նա հաշվել է, որ միայն եզրափակչին ներկա լինելու համար 6000 եվրո պետք կգա, ու դա դեռ ամենաէժան տոմսերի դեպքում. «Եթե բոլոր ծախսերը գումարենք՝ ներառյալ ինքնաթիռի տոմսերը, հյուրանոցն ու սնունդը, մեկ անձի համար 10 հազ. եվրո կպահանջվի: Նախկինում երբեք Աշխարհի առաջնություններում մեր հավաքականին աջակցելու համար այդքան գումար չենք ծախսել: Ռուսաստանում ու Կատարում ողջ գումարը մոտ 4000-5000 եվրո է կազմել»:
Լուսանկարը` FIFA
Նա նշել է, որ WhatsApp-ի իրենց խմբում հարցում են արել, մոտ 100 մարդ հետաքրքրված է առաջին շրջանի խաղով, իսկ ահա եզրափակչի դեպքում այդ թիվը 3 անգամ պակաս է: Եվս 90 երկրպագու էլ անկախ խաղից էր ցանկանում ներկա լինել Մունդիալին, բայց արդեն հրաժարվել է: Կան նաեւ այնպիսինները, որոնք արդեն գնել են ԱՄՆ-ի տոմսեր, սակայն երկիր կայցելի որպես զբոսաշրջիկներ, իսկ խաղերին ներկա չեն լինի թանկ տոմսերի պատճառով:
Անգլիայում եւս կիսում են ֆրանսիացների մտահոգությունը: Անգլիայի երկրպագուների ճանապարհորդական ակումբի (ESTC) երկարամյա անդամ Ռասելն իր երկրի հավաքականի ելույթներին հետեւել է 9 խոշոր մրցաշարերում, այդ թվում՝ 2002-ին Ճապոնիայում ու 2010-ին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնություններում: Նա նախընտրել է ամռանը չհատել Ատլանտյան օվկիանոսն ու կենտրոնանալ Ազգերի Լիգայում եւ Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի ելույթների վրա:
«2002 թվականին Անգլիա-Դանիա 1/8 եզրափակիչ խաղի տոմսի համար 150 դոլար եմ վճարել: Այս ԱԱ-ում տոմսերը 600 դոլարից ավել արժեն: Կվճարե՞մ այդքան գումար: Անշուշտ՝ ոչ: Արդեն 40-ն անց եմ, Հյուսիսային Լոնդոնում աշխատում եմ շինարարությունում, հիփոթեքի համար եմ վճարում եւ ընտանիք պահում: Դրանք ինձ համար ավելի կարեւոր են, քան մեկ անգամ ֆուտբոլային խաղի ներկա լինելը: Մի ասացվածք կա, որն ամենադիպուկն է բնորոշում իրավիճակը. «Ստեղծել են աղքատները, գողացել՝ հարուստները»: Գները զայրացնող են,- եզրափակել է նա:
Լուսանկարը` theatlantic.com
Բազմաթիվ երկրպագուական խմբերից մեկը՝ շոտլանդական ATAC-ը, ափսոսանքով նշել է. «ՖԻՖԱ-ն սպանել է մեր երիտասարդ երկրպագուների երազանքը, ովքեր հուսահատորեն ցանկանում էին մասնակցել Աշխարհի առաջնությանը»: Շոտլանդիայի հավաքականը 1998-ից հետո առաջին անգամ է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:
20-ամյա Թիմոտին առաջին անգամ Ֆրանսիայի հավաքականին աջակցել է ԵՎՐՈ-2024-ին ու պլանավորում էր ամռանը մեկնել Մունդիալին: «Քանի որ հունվարին փոխանակման ծրագրով Մեքսիկայում եմ լինելու, մտադիր էի երկրպագել մեր հավաքականին, բայց տոմսերի գները տեսա ու հասկացա, որ ուսանողի համար դրանք մատչելի չեն: Գուցե, մեկ խաղի հաջողվի ներկա լինել, բայց իմ պլանավորածի պես չեմ կարողանա ողջ առաջնությանը հետեւել: Մեխիկոյի բարերից որեւէ մեկից կնայեմ խաղերը, բայց եթե մենք չհակազդենք այս ամենին, պատմությունը հետագայում էլ կրկնվի»,- իր մտահոգություններով կիսվել է երիտասարդ երկրպագուն:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն կառույցի գլխավոր ժողովի ժամանակ անդրադարձել է այս խնդրին. «Ֆուտբոլը շատ մասսայական մարզաձեւ է: Մենք սովոր ենք բոլոր ստադիոններում ողջունել մեր երկրպագուներին եւ երաշխավորել, որ գումարը խաղերին ներկա լինելու խոչընդոտ չպետք է հանդիսանա: Դրա համար մեր երկրպագուների մտահոգությունը փոխանցել եմ ՖԻՖԱ»,- ասել է նա:
Այդ լուրն ուրախացրել է Գիյոմ Օպրետրին ու նա մտահոգություն է հայտնել նաեւ անվասայլակներով խաղին ներկա գտնվող երկրպագուների համար: Սովորաբար նրանց ուղեկցողներն օգտվում են տոմսերի այլ սակագնից: Մինչդեռ 2026-ի առաջնության ժամանակ նրանք էլ, ինչպես բոլոր երկրպագուները, վճարելու են նույն գինը, ինչին ՖԻՖԱ-ն ոչ մի բացատրություն չի տվել: «Մենք գիտենք, որ հաղթելու հավանականությունը քիչ է, բայց պետք է մեր ձայնը լսելի դարձնենք: Սա կարեւոր պայքար է, որպեսզի ֆուտբոլը հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնենք»:
Լուսանկարը` theatlantic.com
ՖԻՖԱ-ն մտադիր չի շեղվել իր նպատակներից: Նախ ավելացրեց մասնակից հավաքականների քանակը՝ հասցնելով 48-ի, ապա մեծ գումարներ է ակնկալում տոմսերից ու հեռարձակողներից:
ՖԻՖԱ-ում հասկանում են, որ ամենանվիրված երկրպագուներից ոչ բոլորն իրենց կարող են նման ճոխություն թույլ տալ, սակայն աշխարհով մեկ կգտնվեն մարդիկ, որոնք ունակ են այդքան շատ գումար ծախսել տոմսերի համար: Դրա լավագույն ապացույցն էլ 24 ժամվա ընթացքում տոմսերի համար 200 երկրից 5 մլն-ից ավելի հայտերն են: Այս պահին ամենապահանջվածը Կոլումբիա-Պորտուգալիա հանդիպումն է:
Լուսանկարը` Getty Images
Տոմսերի գների վերաբերյալ քննադատություններին ՖԻՖԱ-ն այսպես է պատասխանել. «Ընդունված գնագոյացման մոդելը լայնորեն արտացոլում է այն երկրների առկա եւ զարգացող շուկայական գործելակերպը, որտեղ մենք համատեղ անցկացնում ենք խոշոր միջոցառումներ: ՖԻՖԱ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է եւ Աշխարհի առաջնությունից ստացված եկամուտը ներդրում է իր բոլոր անդամ 211 երկրներում ֆուտբոլը զարգացնելու համար: ՖԻՖԱ-ն նախատեսում է 2023-2026 թվականներին իր եկամուտների 90%-ը ներդնել համաշխարհային ֆուտբոլը զգալիորեն խթանելու համար: Առանց մեր ֆինանսական աջակցության, ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ավելի քան 50 %-ը չէր կարողանա գործել»։
Հասմիկ Բաբայան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: