Նոյեմբեր 15, 2024
exclusive
1402 դիտում

Վլադիմիր Հակոբյան. Մարզիչն այնպիսի դիպուկ խոսքեր էր օգտագործում, որ չհաղթելն անհնար էր


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Chess.com

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` chess.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հավաքականում ելույթները սկսել է Հայաստանի անկախացումից անմիջապես հետո ու մասնակցել է 1992-ի Օլիմպիադային: Առաջին իսկ մրցաշարում հայ շախմատիստներին հաջողվել է բրոնզե մեդալակիր դառնալ:

Հակոբյանն ամենատիտղոսակիր հայ շախմատիստներից մեկն է, հատկապես տպավորիչ են Օլիմպիադայի եռակի եւ Աշխարհի թիմային չեմպիոնի կոչումները:
Հիմա նա բնակվում է ԱՄՆ-ում եւ ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի հավաքականը 100-ամյակի լավագույն թիմ ճանաչելու կապակցությամբ զրուցել է Mediamax Sport-ի հետ:


-Վլադիմիր, ինչպիսի՞ն էր Հայաստանի հավաքականի առաջին միջազգային ելույթն ու կհիշե՞ք նաեւ Ձեր թիմակիցներին։

-Առաջին անգամ 1992 թվականին հանդես եմ եկել Մանիլայի Օլիմպիադայում: Այդ պահին թիմում ամենաբարձր վարկանիշն իմն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր նախկին հանրապետություններն այդ Օլիմպիադայում ներկայացել էին որպես առանձին երկրներ: Թիմի կազմն ըստ տախտակների հետեւյալն էր՝ Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, իսկ պահեստայիններն Աշոտ Անաստասյանն ու Արշակ Պետրոսյանն էին: Մեզ հաջողվեց 3-րդ տեղը զբաղեցնել, ինչը մեծ հաջողություն էր:

Լուսանկարը` Chess.com


- Դուք հավաքականի կազմում բոլոր հաղթանակների մասնակիցն եք եղել, ինչպիսի՞ պայքարում ու ինչի՞ շնորհիվ կարողացաք առաջին անգամ դառնալ Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող։

-Առաջին անգամ չեմպիոն դարձանք 2006 թ․ Թուրինի Օլիմպիադայում՝ հաղթելով մեծ առավելությամբ: Այդ ժամանակ վերջին անգամ կիրառվեց հին համակարգը՝ ընդհանուր հավաքած միավորների գումարումը, այլ ոչ թե թիմային, երբ հաղթանակի համար 2 միավոր է տրվում, իսկ ոչ-ոքիի՝ 1: Վերջին տուրից առաջ 2,5 միավորով առաջ էինք մեզ հետապնդող Հունգարիայի եւ Չինաստանի թիմերից: Վերջին մրցափուլում պայմանավորված ոչ-ոքի գրանցեցինք հունգարացիների հետ եւ բոլորից 2 միավորով առաջ անցանք՝ դառնալով Օլիմպիադայի հաղթող: Թիմը փայլուն հանդես եկավ եւ 52 խաղից միայն 2-ում պարտություն կրեց: Դրեզդենում եւ 2011-ին Նինբոյի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն իր լավագույն ելույթներն է գրանցել:

- Հետագայում եւս երկու անգամ հաղթեցիք Օլիմպիադայում ու Աշխարհի առաջնությունում։ Ինչպե՞ս մեր հավաքականին հաջողվեց այդքան երկար ժամանակ լավագույնը լինել աշխարհում։

-Այդ ժամանակ մեր թիմը օբյեկտիվորեն աշխարհի ուժեղագույններից մեկն էր: Թեեւ կային ավելի հզոր երկրներ, մեր թիմային ոգին շատ ավելի բարձր էր եւ ցանկանում էինք հաղթել: Անձամբ ինձ մոտ լավագույն մարզավիճակը ինչ-ինչ պատճառներով միշտ համընկնում էր այս մրցումների հետ ու հաջողվում էր ցույց տալ ֆենոմենալ արդյունք: Միշտ ասում եմ, որ հպարտ եմ այս փաստով՝ թիմային 4 չեմպիոնական մրցումներում ինձ հաջողվել է 42 խաղերում ոչ մի պարտություն չկրել եւ հաղթել 19-ում: Բոլոր մրցաշարերում 2-րդ ու 3-րդ խաղատախտակների վրա նաեւ անհատական մեդալներ եմ նվաճել, իսկ Դրեզդենում առաջինն էի:

Իհարկե, նման թիմային մրցումներում միայնակ հաղթել հնարավոր չէ, ինձ հետ հավասար Թուրինում եւ Դրեզդենում թիմի հարվածային ուժերն էին Գաբրիել Սարգսյանը, Նինբոյում՝ Սերգեյ Մովսեսյանը, Ստամբուլում՝ Լեւոն Արոնյանը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը ներկայացրել եմ 11 Օլիմպիադայում, աշխարհի 8 եւ Եվրոպայի 7 առաջնություններում:

Լուսանկարը` FIDE


- Ինչպիսի՞ն էր թիմային ոգին ու ինքներդ ի՞նչն եք միշտ սիրով հիշում, գուցե, նաեւ կարոտում այդ տարիներից։

-Թիմակիցների հարաբերությունները բավականին ջերմ էին։ Դա նաեւ մեր մարզիչ Արշակ Պետրոսյանի մեծ վաստակն է։ Մեծ հաճույքով եմ հիշում երեկոյան թիմային ժողովները՝ հերթական մրցամարտի նախօրեին, երբ արդեն հայտնի էր դառնում հակառակորդը: Պետրոսյանն օգտագործում էր այնպիսի դիպուկ ոչ ցենզուր արտահայտություններ, որ հաջորդ խաղում չհաղթելը պարզապես անհնար էր:

-Քանի որ հավաքականի անդամներից ցավոք ոչ բոլորն են կենդանի, կուզեմ հիշենք նաեւ Կարեն Ասրյանին։ Նրա մասին որպես մարդ ու շախմատիստ ի՞նչ կասեք։

-Կարենն իմ ամենամոտ ընկերն էր: Մենք գրեթե ամբողջ ժամանակը միասին էինք անցկացնում եւ մրցաշարերին նախապատրաստվելիս, եւ մրցումների ընթացքում: Կարենը բացառապես ուժեղ եւ բազմակողմանի շախմատիստ էր: Ունենալով սկզբնախաղի խորը գիտելիքներ, դիրքային բարձր հասկացողություն, տարբերակների ակնթարթային հաշվարկ, ինչպես նաեւ վերջնախաղի հղկված տեխնիկա՝ վտանգավոր էր ցանկացած մրցակցի համար: Ի դեպ, մեր թիմի վերջին հաղթական միավորը Թուրինի Օլիմպիադայում հենց Կարենը վաստակեց: Շախմատում ավելի մեծ բարձունքների հասնել Կարենին խանգարում էր ագրեսիվության պակասը եւ չափազանց խաղաղասիրությունը: Բնականից մեղմ լինելով՝ Կարենին այդքան էլ հեշտ չէր խաղալ ամբողջ ուժով եւ մրցակցի հետ տրամադրվել անխնա պայքարի:

Լուսանկարը` chess.com


Չնայած երիտասարդ տարիքին՝ ելույթների հետ մեկտեղ Կարենը շատ ժամանակ էր հատկացնում նաեւ մարզչական գործունեությանը, օգնում էր թե գրոսմայստերներին ու թե պատանի տաղանդներին: Կարենը գերազանց վերլուծող էր: Շատ շախմատիստների հետ եմ առնչվել եմ, բայց քչերն էին իր պես տախտակի վրա արագ ըմբռնում դիրքը: Այդպիսի շախմատիստի կորուստն ահռելի հարված էր թիմի համար։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ իր հետ կհաղթեինք նաեւ 2010 թ․ Խանտի-Մանսիյսկի Օլիմպիադայում, որը սկսեցինք 5 անընդմեջ հաղթանակով՝ ավելի լավ, քան մեր հաղթած օլիմպիադաներում, բայց արգելակեցինք երկրորդ կեսում: Կարենը շատ լուսավոր, կենսուրախ եւ բարի մարդ էր: Այդպիսինները միայն իրենց ներկայությամբ ուրախություն են պարգեւում դիմացինին։ Զարմանալի չէ, որ նա մեծ քանակությամբ ընկերներ ուներ: Շատ էր սիրում երեխաներին եւ մտածում էր ամուսնանալու մասին: 28-ամյա Կարենի մահը շոկի ենթարկեց նրա բոլոր ծանոթներին: Որպես Օլիմպիադայի եւ Հայաստանի գործող չեմպիոն կյանքից վաղաժամ հեռանալով՝ միեւնույն է իր անունը ոսկե տառերով հավերժ գրանցեց հայկական շախմատի պատմության մեջ:

- Ինչպիսի՞ն էր Արշակ Պետրոսյանի ներդրումն ու դերակատարումը ձեր հաղթանակներում։

-Մարզչի դերը շատ կարեւոր է թե զուտ շախմատային առումով, թե թիմում անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու հարցում: Ինչպես հավաքների ժամանակ, այնպես էլ մրցումների ընթացքում նույնիսկ դժվար պահերին մթնոլորտն աշխատանքային էր եւ ուրախ: Արշակը երիտասարդ տարիներին մեծ հույսեր էր ներշնչում, հետագայում դարձավ շատ արժանի գրոսմայստեր: Թիմային մրցումներում մեծ հաջողությունների հասնելու համար նրան չհերիքեցին բնավորության որոշ գծեր, բայց նրա արտառոց դիրքային ըմբռնումը եւ վերլուծելու ունակությունը լավագույն կերպով պիտանի դարձան մարզչական աշխատանքում: Բերեմ մեկ օրինակ՝ Դրեզդենի Օլիմպիադայում ուշ գիշերով Արշակի մոտ ծագեց խաղաքարի զոհաբերությամբ մի հրաշալի գաղափար, որը ես հաջորդ օրը կիրառեցի հայտնի ֆրանսիացի շախմատիստի դեմ: Մտահաղացումն աշխատեց, Ֆրանսիայի հետ հանդիպումը ավարտվեց մեր հաղթանակով, իսկ իմ խաղը ճանաչվեց լավագույնը «Շախմատային ինֆորմատոր» հայտնի հրատարակության 104-րդ հատորում: Չորս անգամ նույնիսկ շատ ուժեղ հավաքականին ոսկե մեդալներին բերելը բնավ հեշտ գործ չէ: Այդ ներդրումների դիմաց 2008 եւ 2011 թթ․ Արշակ Պետրոսյանը ճանաչվեց Աշխարհի լավագույն մարզիչ եւ 2 անգամ պարգեւատրվեց Բոտվիննիկի մեդալով: Քսան տարի շարունակ՝ սկսած 1996 թ․ Արշակը եղել է Հայաստանի հավաքականի մարզիչը եւ, անշուշտ, նրա ներդրումը թիմի ձեռքբերումների մեջ անգնահատելի է:

Լուսանկարը` Getty Images


-Մեծ նվաճումների հասած շախմատիստներից մի քանիսը, այդ թվում Դուք, Հայաստանում չեք։ Պահո՞ւմ եք կապն ու շփումն իրար հետ։

-Մեծ հաճույքով ենք շփվում մրցաշարերի ընթացքում, բայց վերջին շրջանում հանդիպումները եւ շփումներն ավելի ու ավելի հազվադեպ են դարձել, քանի որ ես համարյա հեռացել եմ ակտիվ շախմատից:

- Ե՞րբ եք Դուք մեկնել Հայաստանից եւ արդյո՞ք ԱՄՆ-ում շախմատի հետ կապված գործունեություն եք ծավալում։

-Ընտանիքիս հետ 2020 թվականի սկզբին եմ հեռացել Հայաստանից: ԱՄՆ-ում օնլայն դասեր եմ տալիս ինչպես մասնավոր, այնպես էլ՝ ակադեմիաներում, մասնակցում եմ ՖԻԴԵ-ի օնլայն սեմինարներին, աշխատում Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատային ֆեդերացիայի հետ: Բացի այդ գիրք եմ գրում իմ հիշարժան խաղերի, դրվագների, խնդիրների եւ էտյուդների մասին: Հուսով եմ՝ հաջորդ տարի այն լույս կտեսնի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս իմացաք, որ Հայաստանի հավաքականը 100-ամյակի լավագույն թիմ է ճանաչվել ու ի՞նչ ապրումներ ունեցաք։

-Կարդացի համացանցում: Իհարկե, հաճելի է եւ պատվավոր, բայց կյանքն առաջ է գնում, դու մեծանում ես, շատ իրադարձություններ են տեղի ունենում եւ այդ ամբողջը կարծես թե կատարվել է նախորդ կյանքում:

- Հետեւո՞ւմ եք ներկայիս հավաքականի ելույթներին ու ի՞նչ կասեք նոր սերնդի մասին։

-Հետեւում եմ, իսկ վերջին Օլիմպիադային անձամբ եմ ներկա եղել, քանի որ հանդիսանում էի ԱՄԷ-ի թիմի ավագը: Հայաստանում տաղանդավոր երիտասարդներ կան՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, որոնց հետ երկու տարի շարունակ մինչ իմ մեկնելը պարապել եմ: Նրանց հետ կարելի է հույսեր կապել:

- Կհաջողվի՞ արդյոք կրկնել Ձեր ունեցած նվաճումներն ու ի՞նչ է նրանց պետք առաջին հերթին, քանի որ հիմա շախմատը մի քիչ փոխվել է։

-Շախմատն, անշուշտ, փոխվել է: Եթե նկատի ունեք 1-ին տեղը զբաղեցնել, կարծում եմ՝ ոչ, բայց մրցանակային տեղերի համար պայքարելը լիովին հնարավոր է:

Հասմիկ Բաբայան


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին