Դեկտեմբեր 04, 2024
exclusive
1017 դիտում

Կարեն Գիլոյան. Քանի դեռ ենթակառուցվածքներ չունենք, մեծ սպորտի մասին խոսելն ավելորդ է

Կարեն Գիլոյանը
Կարեն Գիլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամռանը Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի արդյունքների, Հայաստանում սպորտի խնդիրների եւ ձեռքբերումների մասին Mediamax Sport-ը զրուցել է ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ:

- Պարոն Գիլոյան, Օլիմպիական խաղերին ընդամենը 15 մարզիկ մասնակցեց, որոնցից 3-ն ուղեգիր չէր նվաճել: Որպես ԿԳՄՍ-ի սպորտային բաժնի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի ելույթը:

- Իհարկե, քանակական առումով մասնակցությունը լավ չէր եւ 15 մարզիկը քիչ է, առավելս եւս` 3-ն էլ թույլտվությամբ են ելույթ ունեցել: Բնականաբար, նրանցից ակնկալիքներ չունեինք, իսկ մյուս 12-ը հանդես եկան բավարար: Նրանք Օլիմպիական խաղերում զբաղեցրին առաջին 9 տեղերը, ինչը վատ արդյունք չէ, բայց նաեւ խնդիրներ տեսանք: Չեմպիոնների հույս ունեինք, դա են վկայում 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալները: Կառավարությունը խաղերից առաջ ամեն ինչ արել էր ու որեւէ բաց տեղ չէինք թողել, մարզիչներն ու մարզիկներն էլ են դա վկայում: Բայց նաեւ հասկացանք, որ մեր կողմից իրականացվող ծրագիրը չի կարող 3 տարում ցանկալի արդյունք տալ, առնվազն 6-8 տարի է պետք դրա համար: Այն ավելի շատ 2028-ի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ակնկալիքով է արվում, որտեղ մեր առջեւ լրիվ այլ խնդիր ենք դնելու եւ ամեն ինչ անելու, որ ոչ թե միայն կանխագուշակենք եւ հավատանք ոսկե մեդալներին, այլ նաեւ դրանք նվաճենք ու ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Թերություններ տեսանք մի քանի մարզչական շտաբներում եւ նոյեմբերից բոլոր ֆեդերացիաների հետ կսկսենք քննարկումներ իրականացնել, կգնահատենք նրանց ու մարզիչների աշխատանքը: Որոշ ֆեդերացիաների կառաջարկվի վերանայել մարզիչների մնալու հարցը, որովհետեւ խնդիր ենք տեսնում: Կարեւորն արդյունքն է, եթե օբյեկտիվորեն չեն կարողացել այն ապահովել, պիտի պարզաբանեն, իսկ եթե կարող էին ու չեն արել, պիտի պատասխանեն, թե ինչու: Նման դեպքերում փոփոխության անհրաժեշտություն կա, երկրորդ կարծիք լինել չի կարող:    

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բայց խնդիրը միայն նրա՞նք են, որովհետեւ գլխավոր մարզիչներն էլ դժգոհում են, որ անձնական մարզիչներն են թերանում ու լավ սաներ չեն պատրաստում:

- Անպայման դրան էլ ենք անդրադառնալու, բայց եթե հավաքականն արդեն ձեւավորված է ու մարզիչը հայտնում է, որ այն ներուժ ունի, իսկ արդյունք չի տալիս, արդեն անձնական մարզիչների բացթողումը չէ: Եվ գլխավոր մարզիչներն էլ թող բարի լինեն բացատրել, թե ինչու են մեկ մարզիկով եւ առանց մեդալ նվաճելու հույսով մեկնել Օլիմպիական խաղեր:

- Հասկանալի է, որ բռնցքամարտի հավաքականը նկատի ունեք: Խաղերը չհաշված՝  վերջին 1 տարվա կտրվածքով ո՞ր հավաքականներն են իրենց հնարավորություններից ցածր հանդես եկել:

- Եկեք համբերենք մինչեւ նոյեմբեր, ուզում եմ ամեն ինչ պրոֆեսիոնալ ձեւով ընթանա,  միայն իմ անձնական տեսակետի ու կարծիքի վրա չհիմնվեմ: Բոլոր մասնագետներն իրար հարցեր կտան ու պատասխաններ կստանանք: Գուցե, այն մարզիչը, ումից ակնկալիքներ ունեինք, այնպիսի հիմնավորումներ բերի ու խնդիրներ բարձրացնի, որոնք ունակ չէր միայնակ լուծել: Թեպետ, էլի եմ ասում, որոշ դեպքերում ամեն ինչ հստակ է:

- Դուք նշեցիք, որ երկարաժամկետ ծրագիր ունեք ու շարժվում եք դեպի Լոս Անջելեսի խաղերը, այդ դեպքում ինչո՞ւ այդքան մեծ վստահություն ունեիք, որ Հայաստանի հավաքականը Փարիզում գերազանցելու է նույնիսկ 1992-ի Բարսելոնայի արդյունքը:

- Ցանկացած կանխատեսում պետք է հիմք ունենա: Նախորդ 2 տարվա ցուցանիշներին նայելիս հանգում էի այն եզրակացությանը, որ այս հավաքականն ուժեղ է եւ կարող է մեդալներ նվաճել: Այդպես էր Արթուր Ալեքսանյանի, Արթուր Դավթյանի եւ Վարազդատ Լալայանի պարագայում։ Մեծագույն հարգանքներս Լաշա Տալախաձեին, բայց մասնագետները միաբերան պնդում էին, որ նրա պոկման ու հրման 2-րդ մոտեցումները պետք է չհաշվեին: Բայց անգամ այդ իրավիճակում Վարազդատն իր մոտեցումը կատարելու դեպքում չեմպիոն կդառնար, ոսկին չնվաճելու համար արդեն ինքն է մեղավոր: Ուրիշ մեդալներ էլ կորցրինք, այդպես եղավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանի պարագայում, նա պարտավոր էր եզրափակիչ անցնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Այդ դեպքում ո՞րն էր նրա սխալը, եթե պարտավոր էր, բայց եզրափակչում այդպես էլ չհայտնվեց:

- Ուրեմն, այդքան էլ պատրաստ չէր: Ձախողվեցին նաեւ ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը, որոնք պարտավոր էին մեդալի գնալ: Վազգենը 5:1 հաշվով հաղթում էր ու իրավունք չուներ այդքան փորձառու լինելով՝ պարտվել:

- Բայց ակնհայտ կերպով երեւում էր, որ եթե Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկներն ուժեղ են, Արսեն Հարությունյանն էլ այդ թվում, եւ կարող են մի քանի գոտեմարտով ու լավ վիճակահանությամբ չեմպիոն հռչակվել, բայց աշխարհում այդքան էլ մրցունակ չեն նույնիսկ ծանրորդները:

- Պիտի հաշվի առնենք, որ Հարությունյանն իր 4 ոսկե մեդալներից 3-ը ոչ Օլիմպիական քաշային կարգում է նվաճել, բայց նաեւ նշենք, որ աշխարհում մի քանի անգամ անընդմեջ 3-րդ տեղն է գրավել, Վազգենն էլ Աշխարհի գավաթի, Մ-23 տարեկանների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել: Այդքանից հետո բա չակնկալե՞նք, որ Օլիմպիական խաղերում էլ լավ հանդես կգան:

- Իհարկե, պիտի ակնկալենք, բայց երբ ԱԱ-ի մակարդակով ենք դիտարկում մեր մարզիկների արդյունքները, մեդալներ բերեցին նրանք, ովքեր կայուն ու հաջող էին հանդես եկել:

- Այո, հիմքը պիտի Աշխարհի առաջնությունները վերցնենք: Եվ եթե Գարիկ Կարապետյանն իր արդյունքն աներ, Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր կդառնար: Ախր, 402 կգ բարձրացրել էր չէ՞, նրանից 5 կգ ավել արդյունք չէինք ակնկալում: Եթե նույնքան նաեւ Փարիզում ցույց տար, մեդալակիր կդառնար:

- Բա ինչո՞ւ չստացվեց ոչ միայն Գարիկի, այլ նաեւ մյուսների պարագայում:

- Բայց չէ՞ որ սա սպորտ է, կարող է եւ չստացվել, աստեղային պահ, մրցման օրը լավ զգալ-չզգալ, բախտը բերել-չբերել գոյություն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մեր մարզիկները քիչ են եւ փոխարինողներ չունենք։ Ազատ ոճում Տոկիոյի եւ Փարիզի խաղերում նույն ըմբիշները մասնակցեցին, ծանրամարտում կրկին մեկ մեդալ եղավ։ Մտահոգիչ է, որ մարզաձեւերն էական առաջընթաց չեն գրանցում:  

- Մենք ծրագիր ենք իրականացնում երիտասարդական հավաքականների ուժեղացման ու դրսից հայազգի եւ արտասահմանցի մարզիկների ներգրավման ուղղությամբ: Լոս Անջելեսի խաղերում թենիսի մրցումներում Էլինա Ավանեսյանը կմասնակցի, Դանիիլ Սարգսյանին կբերենք, գոլֆիստ Ժան Բեքիրյան ունենք, որը Գրան Պրիում 3-րդ տեղն է գրավել: Ջրացատկորդներ ու թեքվանդիստներ ենք բերել, որոնց մասին շուտով կհայտարարենք: Կշարունակենք տարբեր ձեւերից մարզիկներ ներգրավել, ովքեր կուժեղացնեն Հայաստանի հավաքականը: Այս առումով կառավարությունը հստակ քաղաքականություն է վարում, ամբողջ աշխարհի փորձն ենք վերցնելու, համարյա թե չկա երկիր, որ այն չկիրառի:

- Նրանք կարճ ժամկետում կուժեղացնեն մեր թիմը, բայց մի՞թե հիմնական խնդիրները լուծելու փոխարեն շրջանցիկ ճանապարհ չեք բռնում, չեք զարգացնում սեփական կադրերն ու երկրի ներսում սերնդափոխություն չեք իրականացնում:

- Սպորտում մասսայականությունն ու արդյունքը կապակցված են իրար հետ: Լավ արդյունքը մասսայականություն է բերում, վերջինս էլ՝ բարձր արդյունք: Երբ կունենանք թեկուզ այլազգի Օլիմպիական չեմպիոն, անմիջապես այդ մարզաձեւով զբաղվող հազար հոգի ավել կլինի, եւ այդ քանակից ծաղկաքաղ կանենք ու կստանանք այն մեկը, որն արդեն Հայաստանից չեմպիոն կդառնա:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երբ 2016 թվականին Արթուր Ալեքսանյանը Ռիոյում Օլիմպիական չեմպիոն դարձավ, մի պահ զբաղվողների քանակն ավելացավ, բայց միեւնույն է արդյունք չունեցանք: Այդ չեմպիոնությունից 8 տարի անց էլ Հայաստանի առաջնությունների մասնակիցների քանակը ոչ միայն չավելացավ, այն նաեւ պակասեց, ինչը նշանակում է, որ շարունակում ենք ինչ-որ տեղ թերանալ:  

- Չենք թերանում, ուղղակի աշխարհում մարզաձեւերի քաղաքականության վերադասավորություն է տեղի ունեցել, եւ մենք այդ ամենից լավ հետ ենք մնացել: Աշխարհը խաղում է, իսկ մենք շարունակում ենք մենապայքարել: Դրա համար էլ մյուս տարի կիրականացվի Junior NBA ծրագիրը, որը կներգրավի ու դեպի բասկետբոլ կբերի մոտավորապես մի քանի հազար դպրոցահասակ երեխայի: Այսoր արդեն բասկետբոլում վերելք է ու մարզվելու համար մարդիկ ծանոթ են փորձում գտնել:

- Բասկետբոլի հետ կապված այդ ակտիվության մասին արդեն մի քանի տարի է նշվում է, բայց ինչո՞ւ առաջնությունը զգալիորեն չի ակտիվանում եւ հավաքականն առաջընթաց չի գրանցում:  

- Երբեւէ պաշտոնական հանդիպումների ժամանակ Հայաստանի հավաքականի կազմում հայաստանցի 6 մարզիկ չի եղել: Իսկ վերջերս հիմնական կազմում հայտավորվել էին 2-ը, իսկ հանդիպման ժամանակ դաշտ դուրս եկել 6-ը, ինչը լուրջ արդյունք է: Հայաստանի առաջնությունը մի քանի տարի առաջ պատանեկան ու երիտասարդական էր, եւ մինչեւ 2016 թվականը մեծահասակների բասկետբոլ չունեինք: Բայց սկսեցինք զարգացնել ու մեր ծրագիրը կամաց-կամաց կյանքի կոչել: Քանի դեռ սպորտային ենթակառուցվածքներ չունենք, որ մրցումներ անցկացնենք, մեծ սպորտի մասին խոսելն ավելորդ է: Հիմա մեծ քանակությամբ շինարարություն ենք անում, որ 2 տարի հետո ամբողջ Հայաստանով մեկ դահլիճներ ունենանք: Բայց երբ մտնում ես, կներեք բառի համար, գոմի նման մարզադահլիճ, որտեղի՞ց արդյունքներ լինեն: Գիտենք, որ Արմեն Նազարյանն ու Արթուր Ալեքսանյանը վատ պայմաններում ու բորբոսնած պատերի մեջ մարզվելով են չեմպիոն դարձել, բայց այդ տարիներն արդեն ավարտվել են: Ներկայիս սերունդն ուզում է լավ պայմաններում մարզվել եւ տաք լոգանք ընդունել: Դրա համար էլ պիտի ենթակառուցվածքները բարելավենք: Երբ արագ հավաքվող կառույցներն էլ կսկսենք տեղադրել, այդ ժամանակ միանգամայն այլ արդյունք կունենանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Փաստորեն մի քանի ուղղությամբ եք առաջ գնում՝ մարզաձեւերի աշխարհագրությունն եք ընդլայնում ու ենթակառուցվածքներն ավելացնում:

- Անպայման ենք ավելացնելու, խաղային ձեւերը (բասկետոլ, 3x3 բասկետբոլ), թենիսն ու ջրային ձեւերը: Դպրոցահասակ երեխաների համար լողի ծրագիր ենք իրականացնում: Ֆիթնեսի ու լողավազանային ակումբների հետ հուշագիր ենք ստորագրել, ամբողջ Հայաստանով մեկ շահագրգռելու ենք սեփական կառավարմամբ ֆիթնես ակումբներ կառուցել: Մարդկանց պիտի տանենք դահլիճ, սկսեն սպորտով զբաղվել, որ հետո մտածենք արդյունքների մասին: Հիմա մեր երկրում միայն 4 սպորտաձեւով են զբաղվում, մյուսներից ինչպե՞ս արդյունք ունենանք: Այդ չորսի շրջանակից դուրս ենք գալու:

- Պարոն Գիլոյան, եթե հաշվի առնենք վերջին 3 Օլիմպիական խաղերի արդյունքները, զուտ մեդալային առումով աճ չի եղել:

- Քանակի առումով չի եղել, բայց ամենայն անկեղծությամբ՝ այս խաղերի արդյունքներին շատ էի հավատում, թեեւ գիտեի, որ լուրջ փոփոխություններ եւս չեն լինելու, որովհետեւ ռեսուրսների խնդիր ունենք: Բայց վստահաբար ասում եմ, որ 2026 թվականից այս ծրագրով միանգամից այլ քաղաքականությամբ ենք շարժվելու դեպի Լոս Անջելեսի խաղեր: Եթե այնտեղ ոսկե մեդալ չնվաճենք, հրաժարական եմ տալու:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եվ ի՞նչն է Ձեզ տալիս այդ հույսն ու վստահությունը, որ անպայման ոսկի է լինելու:

- Այն ծրագրերը, որ հիմա իրականացնում ենք երկարաժամկետ ու շարունակական են: Սպորտում միանգամից հնարավոր չէ արդյունքի հասնել, առնվազն 6-7 տարի է պետք, որ պատանիներն ու երիտասարդները կարողանան հանդես գալ Օլիմպիական խաղերում եւ մեդալներ նվաճել: Այսօր տեսնում եմ այնպիսի մարզիկների, ովքեր կհամալրեն մեր Օլիմպիական հավաքականն ու արդյունքի կհասնեն:

- Սերնդափոխությունը հուսալի՞ եք համարում, քանի որ Փարիզում ելույթ ունեցած շատ մարզիկներ Լոս Անջելեսում էլ չեն լինի:  

- Սերնդափոխությունը բնական պրոցես է եւ ուզում եմ, որ այն ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն լինի, այսինքն՝ դատարկ տեղ չմնա, հետո լցվի: Ծանրամարտում սերնդափոխությունը հստակ երեւում է, աղջիկներն էլ են առաջընթաց գրանցում, Գոռ Սահակյանն է զգալիորեն ավելացրել, շատ լավ վիճակում է գտնվում ու մարզումների ժամանակ լուրջ քաշեր է բարձրացնում: Այս տարվա մեծահասակների Աշխարհի առաջնությունում նրան կտեսնենք հարթակում, հետագայում Լոս Անջելեսի խաղերի համար էլ լուրջ հավակնորդ կլինի: Դեռ 21 տարեկան է եւ նոր քաշային կարգերը հայտարարելուց հետո առնվազն 2 տարի կունենա, որ հարմարվի: Մեր ծանրամարտի հավաքականը հենց ապագայի թիմ է, Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանն էլ Օլիմպիական թիմում կլինեն, նրանց կավելանան նաեւ աղջիկները: Էլի երիտասարդներ ունենք, ովքեր խաղերի ժամանակ 25-30 տարեկանի միջակայքում կլինեն, իսկ դա ծանրամարտում լավ տարիք է:

- Ծանրամարտից բացի, մյուս մարզաձեւերում ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Մյուս տարի մեր հոկեյի հավաքականը կմասնակցի D դիվիզիոնի Աշխարհի առաջնությանը, որի կազմի 30 տոկոսը Հայաստանի քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները կլինեն, ինչը բավական լուրջ թիվ է: Ուզբեկստանը լավ հավաքական ունի, բայց բոլոր խաղացողները ռուս են, Քուվեյթում էլ կանադացիներ են հանդես գալիս: Բասկետբոլում զգալի աշխատանքներ են իրականացրել ու մեկ նատուրալիզացված Քրիս Ջոնսով լավ թիմ ստացել: Եթե կարողանանք նոյեմբերին Ավստրիային հաղթել, ամենայն հավանականությամբ Ալբանիային էլ կգերազանցենք ու կանցնենք հաջորդ փուլ, ինչը Հայաստանի խաղային ձեւերի համար աննախադեպ արդյունք կլինի: Մյուս մարզաձեւերի հետ կապված եւս ծրագրեր ունենք, բայց դրանց մասին կխոսենք մեկ տարի հետո, երբ այն երկրների ֆեդերացիաները, որտեղից բերում ենք այդ մարզիկներին, իրենց համաձայնությունը կտան:

Լուսանկարը` Photolure


- Խոսենք խաղային մյուս ձեւից՝ ֆուտբոլից: Օրեր առաջ մեր հավաքականը հերթական պարտությունը կրեց, իսկ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց: Ինքներդ ներկա էիք հանդիպմանը, ի՞նչ կասեք հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

- Այդ հանդիպումը նախորդած 2 խաղերի տրամաբանական շարունակությունն էր, որոնց ժամանակ կոպիտ մարզչական սխալներ եղան: Եթե 0:0-ից հետո թիմը պարտվում է, մեղավորը ֆուտբոլիստը չէ, մարզչի անգրագիտության ու սխալ հաշվարկների արդյունքն է: Նրան հեռացնելը շատ ճիշտ եմ համարում եւ պետք չէր սպասել խմբային փուլի ավարտին, արդեն իսկ պարզ է, որ այն ձախողված է: Բազմիցս եմ բարձրաձայնել, որ չեմ հասկանում, թե ինչպես կարող է այդքան լավ մարզավիճակում գտնվող ու իր ակումբում արդյունավետ խաղացող Տիգրան Բարսեղյանը չլինել Հայաստանի  հավաքականում: Մարտունակ ու բնավորությամբ ֆուտբոլիստ է, բայց մարզիչը նրան չի տեսնում թիմում ու հայտարարում է, որ ընդհանուր մթնոլորտի վրա ազդում է: Պարտվող թիմի լավ մթնոլորտը ո՞րն է: Բայրամյանն ու Ադամյանն էլ լավ ֆուտբոլ են խաղում իրենց թիմերում: Այստեղ արդեն անձնական հավակնություններ եմ տեսնում, ինչի պատճառով էլ այդ պարտությունները եղան: Այս պարագայում մեղավորը միայն մարզիչն է:

- Բայց մի՞թե նրան թույլ չէին տվել անել այն, ինչ ինքը կցանկանա:

- Մարզչին խանգարել չի կարելի, նա պիտի որոշումներ կայացենելու հնարավորություն ունենա, ոչ թե նայի ֆեդերացիայի նախագահի դեմքին ու դրանից ելնելով խաղ կազմակերպի:

- Վերջին շրջանում Պետրակովն ասուլիսներին անդադար շեշտում էր, որ ֆուտբոլիստները թույլ առաջնություններում են հանդես գալիս ու իրենց ակումբներում քիչ են խաղում։ Որքան էլ դա ճշմարտություն է, չէր կարող չազդել նրանց ինքնագնահատականի վրա:

- Ախր, չեմ ուզում անուններ տալ, բայց չեմ հասկանում Բարսեղյանը խաղաժամանակ չունի, Ռանո՞սն ունի: Հավակնություններն այդ մասնագետին խեղդել էին ու, իմ կարծիքով, նա ընդհանրապես չկարողացավ տեղափոխվել մեծերի ֆուտբոլ եւ մնաց երիտասարդական թիմ մարզողի շրջանակներում: Իհարկե, Ուկրաինայի երիտասարդական ընտրանու հետ Մ-21 տարեկանների Աշխարհի հաղթող է դարձել, բայց երիտասարդի ու մեծի հետ աշխատելը լրիվ ուրիշ է: Երիտասարդի վրա կարող ես բղավել ու բնավորություն ցույց տալ, բայց երբ մարդն արդեն կայացած է, նրա հետ նույն կերպ վարվել չես կարող: Այս հավաքականում բարձրակարգ ֆուտբոլ ցույց տվող առնվազն 5-6 խաղացող ունենք: Բայց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Տիկնիզյանին ընդհանրապես չտեսանք, առջեւի գծում էլ հարձակվող էր գործում, որը ակնհայտ պահը չօգտագործեց ու 3 մետրից չկարողացավ գրավել դարպասը:  

Լուսանկարը` Photolure


- Որքան էլ ամեն ինչի մեջ Պետրակովի սխալները փորձեք գտնել, բայց ամեն դեպքում, երբ ֆուտբոլիստը նման պահերը չի կարողանում օգտագործել, նրա վարպետության մասին է խոսում:

- Դրանում Պետրակովի մեղքը չկա: Օրինակ՝ Սպերցյանը լուրջ վնասվածքով էր խաղում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, ուղղակի բնավորություն ցույց տվեց ու մտավ դաշտ: Նրան մի քանի լավ դրվագում տեսա, սիրուն խաղարկում արեցի, եթե ստացվեր, ֆանտաստիկ գոլ կլիներ: Բայց այդպես էլ է լինում, եթե ամեն պահն օգտագործեն, հանդիպումները 30:40 հաշվով կավարտվեն: Պահերով Սելարայանն էլ էր հաջող գործում, չեմ հասկանում Սեւիկյանին 10 րոպեով օգտագործելը, երբ մտնելուն պես ակտիվություն է առաջացնում: Հաստատ մեկնարկային կազմում հայտնված մի քանի խաղացողներից ավելի բարձրակարգ է ու իր թիմում էլ խաղաժամանակ է ստանում:  

- Եկեք անդրադառնանք նաեւ մեր շախմատի հավաքականին, որը վերջերս ՖԻԴԵ-ի վարկածով 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվեց: Խաղացողների հետ շարք ենք անում ու նրանք չթաքցրին, որ իրենց հաջողությունը նախարարությունում որեւէ արձագանք չի գտել:

- Սխալ են ասում, չգիտեմ, երբ եք արել զրույցը, բայց իրենց ընդունելու ենք, շնորհավորելու եւ շնորհակալություն ենք հայտնելու: Արդեն դիմել ենք շախմատի ֆեդերացիային: Ուղղակի նախարարը երկրում չէր, նախորդ շաբաթ էլ ես աշխատանքային ուղեւորություն ունեի: Ոչ թե արձագանք չի ստացել, պարզապես մի քիչ հետ է ընկել, անպայման ենք շախմատիստներին մեծարելու: Նրանց հանդեպ մեր վերաբերմունքը շատ լավն է, իրենք եւս դա գիտեն, Սմբատ Լպուտյանի հետ էլ նորմալ աշխատում ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ի՞նչ կասեք այդ նվաճման կարեւորության ու նշանակության մասին:

- Ֆանտաստիկ արդյունք է եւ օբյեկտիվ գնահատականն այն ամենի, ինչ տեղի է ունեցել մեր շախմատում: Այսօր ուժեղագույններից մեկն ենք աշխարհում, ինչը մեր խաղացողներն ապացուցեցին նաեւ այս Օլիմպիադայի ժամանակ: Ընդամենը հավելյալ գործակիցների պատճառով մրցանակային տեղ չգրավեցին: Զորեղ եւ ունակ են, եթե անհատական մակարդակով առկայծումները հազվադեպ են, ապա թիմային պայքարում միշտ ուժեղների մեջ ենք: Փառք եւ պատիվ մեր շախմատիստներին:

- Նախորդ հարյուրամյակում ունեցանք Տիգրան Պետրոսյան, Լեւոն Արոնյան ու էլի վառ անուններ, աննախադեպ թիմային հաջողություններ, իսկ հաջորդ դարի համար ի՞նչ կարող ենք ակնկալել:

- Մինչեւ 2030 թվականն ընդունած ռազմավարություն ունենք եւ պետք է ամեն ինչ անենք, որ Աշխարհի չեմպիոն պատրաստենք: Դրա համար որեւէ միջոց չի խնայվում եւ հնարավորն ու անհնարինն է արվում: Օլիմպիադա գնալուց առաջ պետականորեն վերաբաշխմամբ չկար, բայց անձնական մակարդակում գումար հայթայթեցի, որ կարողանան շարունակել Chessify-ից օգտվել:

- Քանի որ գումարից խոսեցիք, զրույցի ժամանակ անդրադարձ եղավ, որ նախկինում Հայաստանի առաջին համար Լեւոն Արոնյանը ֆինանսապես ավելի ապահովված էր, քան ներկայիս առաջին համար Հայկ Մարտիրոսյանը:

- Այդ խոսքերը հիմք չունեն: Ընդամենը Լեւոն Արոնյանն ու եւս 2-3 շախմատիստ էր ապահովված: Բայց դա բացարձակ պետական մակարդակով չի եղել, բացեք թղթաբանությունն ու նայեք, ֆեդերացիայի նախագահը դիմել է տարբեր մարդկանց ու նրանք չեն մերժել գումար տրամադրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ՀԱՕԿ-ի հետ համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում:

- Օլիմպիական խաղերի ժամանակ ենք համագործակցել ու միասին ներկա եղել Փարիզում: Իրենք իրենց ծրագրերն են իրականացնում, մենք՝ մեր, իհարկե, կուզեի միասին ավելի շատ համագործակցենք, տեսնենք ինչպես կստացվի:  

- 2028-ի խաղերի համար ունե՞ք հստակ անելիքներ ու նախանշած քայլեր:

- Սպասում ենք այս տարվա մյուս առաջնություններն ավարտվեն ու բոլոր ֆեդերացիաներին կհրավիրենք մեզ մոտ քննարկումների, հավանաբար, ՀԱՕԿ-ից էլ ներկայացուցիչներ կլինեն: Ուզում եմ դրանք բաց լինեն ու լրագրողներ էլ մասնակցեն: Որոշ մարզաձեւերում արդյունքները բացարձակ չեն բավարարում եւ նպատակահարմար չեմ գտնում գլխավոր մարզիչների հետագա աշխատանքը:  Ֆեդերացիաներին առաջարկներ ու խորհուրդներ ենք անելու, բայց անմիջապես չենք խառնվելու նրանց աշխատանքին: Իսկ եթե մարզիչների աշխատելու վերաբերյալ որոշում չկայացնեն, կդիմենք մեր ունեցած լծակներին, որպեսզի ամեն ինչ ինքնակամության չվերածվի:

- Պարոն Գիլոյան, միշտ խոսում ենք մարզիկների սակավ թվի մասին, բայց ունենք նաեւ որակյալ մարզիչների պակաս: Արդյո՞ք այդ փոփոխությունների համար համապատասխան բարձրակարգ մասնագետներ կան:

- Դա նրանից է, որ մեծամտությունը սարսափելի ու սահմռկեցուցիչ է դարձել, արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ միջազգային ծրագրեր ենք իրականացնում, բայց մեր մարզիչներն այդ հանդիպմանը չեն գալիս: Համարում են, որ իրենք ամեն ինչ գիտեն ու սովորելու կարիք չկա: Խայտառակ երեւույթ է ու դրա դեմն առնել է պետք: Լավ մարզիչներ հենց սեմինարների ու կրթական ծրագրերի միջոցով պետք է գտնենք: Անփոխարինելիներ չկան ու հաստատ ասպարեզում կլինեն մասնագետներ, որոնք կրթվելու, նոր մոտեցումներ յուրացնելու եւ միջազգային փորձն ուսումնասիրելու շնորհիվ կարող են այդ գործն անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամփոփենք Օլիմպիական մարզաձեւերը, որտե՞ղ Ձեր կարծիքով առաջընթաց ունենք եւ ո՞ր առումով են անելիքները դեռ շատ:

- Բոլոր առումներով էլ շատ անելիքներ կան եւ չունենք որեւէ տեղ, որ կարող ենք ապահով լինել: Հսկայական անելիք ու աշխատանք կա, երբ ենթակառուցվածքներն ավելացնենք, բնականաբար, մեր պահանջներն էլ այլ կլինեն:  

- Արդյոք կհասցնե՞ք 2027 թվականի մարմնամարզության ԵԱ-ն ընդունելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ունենալ:


- Անպայման հասցնելու ենք, նախագծային աշխատանքներն իրականացվում են:

- Չենք կարող սպորտային բժշկությունից չհարցնել, քանի որ ժամանակակից սպորտում առանց դրա արդյունքների հասնել հնարավոր չէ:

- Մի քանի օր առաջ ենք քննարկում ունեցել ոլորտի բոլոր շահառուների ու շահագրգիռ անձանց հետ: Ռազմավարության մեջ կետ ունենք, որի պահանջը Եվրախորհուրդն է դրել մեր առաջ՝ պիտի գոնե մեկ ազգային վերականգնողական կենտրոն ունենանք: Ասպարեզում արդեն մարդիկ ունեմ, ովքեր պատրաստ են այդ կենտրոնը կառուցել, այս պահին քննարկման փուլում ենք: Հավատում եմ, որ մարտի կեսերից աշխատանքները կսկսենք ու մեկ տարվա ընթացքում կունենանք բարձր կարգի վերականգնողական կենտրոն: Ընդ որում՝ այն կլինի ուսումնամարզական հավաքների բազա խաղային եւ մենապայքարային ձեւերի համար:

- Ամիսներ առաջ սպորտային լրագրողներով Ձեզ հետ քննարկում ունեցանք ու որոշեցինք Լավագույն մարզիկների ընտրության նոր կարգը: Ե՞րբ է այն սկսելու գործել:

- Մրցանակաբաշխությունը կլինի ոչ թե տարեվերջին, այլ 2025-ի սկզբին: Որքան էլ որոշ մարզաձեւերի ներկայացուցիչներ դժգոհ են լավագույնների ընտրության նոր կարգից, բայց այն կանենք այլ չափորոշիչներով: Կունենանք նոր անվանակարգեր ու կորոշենք տարվա լավագույն մարզիկին, կին մարզիկին, թիմին, մարզչին, հաշմանդամություն ունեցող մարզիկին ու մյուսներին:

Կարեն Գիլոյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանը եւ Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին