Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խամրած ու հաղթանակներից զուրկ խաղերը շուրջ երկու տարի ուղեկցեցին բոլորիս: ԵՎՐՈ-2016-ում կրած անհաջողությունը փորձում են մոռանալ ու պատրաստվել արդեն հաջորդ մրցաշարին: Սակայն այդպես մտածել այդքան էլ հնարավոր չէ, քանի որ ոչ հեռու ապագան եւս պայծառ ու հուսադրող չի երեւում:
Mediamax Sport-ի Հայաստանի հավաքականին նվիրված հոդվածների վերջին՝ երրորդ մասում անդրադառնում է երիտասարդական ընտրանիներին:
Գաղտնիք չէ, որ այսօրվա պատանիներն ու երիտասարդներն արդեն վաղը համալրելու են ազգային հավաքականի հիմնական կազմը: Հենց մինչեւ 17, 19 ու 21 տարեկանների թիմերից ընտրվելու են այն արժանավորները, ովքեր կերտելու են հայկական ֆուտբոլի լավ կամ վատ ապագան:
Սակայն միայն մեկ հայացք գցելն էլ բավական է, որ տեսնենք, թե մոտավորապես ինչպիսին կլինի մեր ազգային հավաքականը սրանից մի քանի տարի անց:

Լուսանկարը` ffa.am
Սկսենք Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականից, որը Պորտուգալիայում մասնակցեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական 9-րդ խմբի որակավորման մրցաշարին:
Տիգրան Պետրոսյանցի սաներն անցկացրին երեք հանդիպում՝ կրելով երկու պարտություն ու մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի: Արժե նշել, որ երեք խաղում մերոնք սեփական դարպասն ընդունել են 13 գնդակ (Պորտուգալիայից՝ 7, Անգլիայից՝ 5, Սան-Մարինոյից՝ 1): Միակ գոլը հայերը խփել են Սան-Մարինոյի դարպասը: Բնական է, որ այսպիսի արդյունքով Հայաստանի թիմը հաջորդ փուլ դուրս գալու մասին մտածել անգամ չէր կարող:
Մինչեւ 19 տարեկանները եւս ոչնչով աչքի չընկան ու, ի տարբերություն 17 տարեկանների, նույնիսկ մեկ միավոր չկարողացան վաստակել:
Էստոնիայում կայացած Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարում Մարկ Լելեւվրի ղեկավարած թիմը երեք խաղում կրեց երեք պարտություն ու առանց միավորի արժանիորեն զբաղեցրեց վերջին տեղը: Մերոնք 0:4 հաշվով զիջեցին Չեխիային, նույն հաշվով՝ Սերբիային ու 0:2 հաշվով Էստոնիային: Երեք խաղում 10 ընդունած գոլ…

Լուսանկարը` Photolure
Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ելույթները դեռ չի ավարտել: Այս տարի Արտակ Օսեյանի թիմը դեռ հյուրընկալվելու է Ուելսին ու Դանիային:
Այս մրցաշարում էլ մեր մյուս երիտասարդական թիմն է շարունակում նախորդների «ավանդույթը»: Չորս խաղ ու ընդամենը մեկ ոչ-ոքի, այն էլ՝ Լյուքսեմբուրգից եւ այն դեպքում, երբ դեռ առաջին խաղակեսում մրցակիցը մնացել էր 10 հոգով, իսկ հայերը առաջ էին հաշվի մեջ: Ամեն դեպքում, այս խաղն ավարտվեց 1:1 հաշվով, ու մեր թիմը վաստակեց միակ միավորը:
Մինչ այս խաղը հայերը դրսում ու տանը զիջել են Ռումինիային՝ 0:3 ու 2:3 հաշիվներով, ապա երկու անպատասխան գնդակ ընդունել Բուլղարիայից: Այստեղ ընդունած ու խփած գնդակները եւս մեր օգտին չեն՝ 3-ն ընդդեմ 9-ի, ու խմբում կրկին վերջին տեղն է բաժին ընկել:
Հայաստանի ազգային հավաքականը չցանկացավ հետ մնալ երիտասարդներից ու կրկին չկարողացավ որեւէ լուրջ խոսք ասել Եվրոպական մրցասպարեզում: ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում մերոնք կրկին վերջին տեղում էին:

Լուսանկարը` Photolure
Պարզապես նշենք, որ թիմն իր հաշվին գրանցեց 8 պարտություն ու 2 ոչ-ոքի, սեփական դարպասն ընդունեց 21 գնդակ, խփեց միայն 4-ը:
Արժե նշել, որ այդ գոլերի հեղինակներից եւ ոչ մեկը հարձակվող չէ՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան ու Մարկոս Պիզելի, պաշտպաններ Ռոբերտ Արզումանյան ու Հրայր Մկոյան:
Ստացվում է, որ մեր 4 հավաքականները միասին ընդունել են 53 գոլ, խփել՝ 8-ը:

Լուսանկարը` Photolure
Այս թվերը ընդհանրապես, նաեւ թիմերի ցուցադրած ոչ տպավորիչ ու միապաղաղ խաղերը լուրջ մտածելու առիթ են տալիս: Մեզ հարկավոր են բարձր կարգ ունեցող մասնագետներ, ովքեր կկարողանան ճիշտ ու տեղին աշխատանքներ տանել ֆուտբոլիստների հետ:
Մերոնք ֆուտբոլային «դպրոց» չեն անցնում, չեն մասնակցում ուժեղ առաջնությունների, չեն լինում մրցակցության մեջ, երբեմն թվում է նաեւ, որ չեն ցանկանում հաղթել: Սա է նաեւ պատճառը, որ չեն կարողանում որեւէ լուրջ խոսք ասել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անշուշտ, պետք է անի համապատասխան վերլուծություն ու եթե ցանկանում է հայկական ֆուտբոլը դուրս բերել այս վիճակից, կատարի հսկայածավալ ու ճիշտ աշխատանք:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: