Հայաստանի ֆուտբոլի հավաքականների ելույթները կրկին ուրախանալու ոչ մի առիթ չտվեցին երկրպագուներին: Mediamax Sport-ը երեք մասից բաղկացած հոդվածաշարում փորձել է հասկանալ անհաջողությունների պատճառները:
Առաջին մասում ներկայացնելու ենք ազգային հավաքականի ելույթները:
Վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասին չեն խոսում միայն այլմոլորակայինները: Ամենաթեժ ու բուռն քննարկումները, անհաջողության ու ձախողման սեփական տարբերակներն ունեն բոլորը: Դա պարզից էլ պարզ է. չէ՞ որ մենք ունենք 1+3 մլն մարզիչներ, որոնցից ամեն մեկն ավելի լավ գիտի, ինչպես հաղթել ու միավորներ չտալ մրցակիցներին: Բայց գտնել այն եզակիին, ով իսկապես հասկանում է ֆուտբոլից, դեռեւս չի հաջողվում:
Մի քանի օրում հազիվ մարսեցինք Ալբանիայից կրած պարտությունը, սերբ լրագրողների թեթեւ ձեռքով սկսեցին շրջանառվել այդ խաղի պայմանավորված լինելու մասին լուրերը: Հիանալի հասկանում ենք, թե այդ պարագայում ում ջրաղացին են ջուր լցնում. սերբերն ու ալբանացիները չպարզած հարցեր ունեն, ազգային թշնամանքը հանգիստ չի տալիս երկու կողմերին, իսկ հայերին մեղադրելը նրանց համար ոչինչ չարժե:

Լուսանկարը` PAN Photo
Բայց մեր առաջնային ու կարեւոր նպատակն այդ հանդիպման հետքերով գնալը չէ, քանի որ մեր դժբախտություններն ու անհաջողությունները սկսվել էին շատ ավելի շուտ: Ալբանիայի դեմ խաղից հետո որոշ ժամանակով դադար էր պետք վերցնել՝ տեղի ունեցածը մարսելու ու սառը գլխով դատողություններ անելու համար:
Որոշեցինք վերադառնալ սկզբնակետին, որտեղ ամեն ինչ սկսվեց… 2014 թվականի մայիսին ու հունիսին կայացած երեք ընկերական հանդիպումներում արդեն երեւում էր, որ հայկական ընտրանին մի տեսակ տարրալուծվել է՝ խաղադաշտում ամեն մեկն իր համար էր մտածում ու գործում, թիմայինն ասես մղվել էր երկրորդ պլան:
1,5 տարվա մեջ ընդամենը մեկ հաղթանակ, այն էլ ԱՄԷ-ի նկատմամբ 4:3 հաշվով: Այսպիսի «շռայլություն» ամեն հավաքական չէ, որ կարող էր իրեն թույլ տալ, բայց հակառեկորդ սահմանելում մեզ երեւի հավասարը չկա: Զիջել բոլորին անխտիր՝ անկախ կարգից ու մրցաշարային աղյուսակում դիրքից… Ընտրական մրցաշարը ՖԻՖԱ-ի աղյուսակում սկսել 36-րդ տեղում ու ավարտել 91-ում` սա մեր ուժերի սահմաններում է:

Լուսանկարը` PAN Photo
ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցափուլում հավաքականի հետ սկսեց աշխատել շվեյցարացի Բեռնար Շալանդը, որը մեծ հավակնություններ ուներ ու հասցրել էր հույսով լցնել նաեւ հայերի սրտերը. «Նույնիսկ ուտոպիստական գաղափարը՝ երկու տարի անց Ֆրանսիայում նստել Հայաստան գրությամբ նստարաններին, գրավիչ է: Մենք ոչինչ չունենք կորցնելու: Հայաստանի թիմը խմբում չի դիտվում որպես հզոր ֆավորիտ: Այն կխաղա հերոսաբար`գործի դնելով իր բոլոր հնարավորությունները, առանց վախի եւ բարդույթների»,- խոստովանել էր շվեյցարացին:
Շալանդից փիլիսոփայական մտքեր շատ լսեցինք, սակայն վերը խոստացած նրա համարձակությունն ավելի էր քչանում ամեն հաջորդ խաղում:
Թե ինչպես մեկնարկեցինք ընտրական մրցաշարում ու ինչ արդյունքներ գրանցեցինք, կասկած չունենք, որ ֆուտբոլով հետաքրքրվողները հաստատ տեղյակ են, ու եւս մեկ անգամ չենք ցանկանում աղ լցնել նրանց վերքերին:
Մղձավանջային երազ էր ամբողջ ընտրական մրցաշարը, թվում էր՝ բավական է զարթնել, ու ամեն ինչ իր տեղը կընկնի, սակայն ամենավատը դեռ առջեւում էր: 8 հանդիպում, ընդամենը 2 ոչ- ոքի, 5 խփած ու 14 բաց թողած գնդակ, չհաշված Ֆրանսիայի հետ 2 ընկերական խաղերում սեփական դարպասն ընդունած 7 գոլերը:

Լուսանկարը` PAN Photo
ԵՎՐՈ-2012-ի՝ Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենալուսավոր ու վառ ընտրական մրցաշարն անընդհատ հիշում ենք, քանի որ ավելի լավը դեռ չենք ունեցել: Այն ժամանակ մենք հպարտությամբ ասում էինք, որ հայ ֆուտբոլիստները բոլորիս հույս տվեցին ու երազանք նվիրեցին՝ չափազանց մոտ լինելով առաջին անգամ ԵԱ-ի եզրափակիչ դուրս գալուն:
Այն, ինչ մենք տեսնում էինք խաղադաշտում, գոհացնում էր բոլորիս. կար նվիրում ու պայքար, երեւում էր թիմային ոգի ու բնավորություն, կամաց-կամաց նշմարվում էր նաեւ հայկական հավաքականի ձեռագիրը:
Սակայն շատ կարճ ժամանակում կորավ եւ թիմի փիլիսոփայությունը, եւ այն, ինչի համար նրանք ամեն անգամ դուրս էին գալիս խաղադաշտ: Ամենալավ սցենարն ու հսկայական բյուջեն ոչինչ են, եթե չկան լավ նկարահանող խումբ ու դերասանական հիանալի կազմ:
Թեեւ նկարահանումների ամենաթեժ ու բեկումնային պահին ժամանակավոր ռեժիսորի վստահվեց ավարտին հասցնել գործը, բայց նա էլ նախորդից լավը չէր: Բացի այդ էլ, տիտրերում արդեն երկուսի անուններն էլ գրվել են, ու նրանցից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Նրանցից յուրաքանչյուրն ընդամենը 1 միավոր կարողացավ գրանցել իր հաշին:

Լուսանկարը` Photolure
Մեր «դերասանական կազմը» նախորդ ընտրականներից հետո գրեթե 80 տոկոսով նույնն է մնացել, ավելի շատ փորձ է ձեռք բերել ու աճել, սակայն խաղադաշտում դա, ցավոք, այդպես էլ չերեւաց:
«Պետք չէ հրաշք սպասել Հայաստանի հավաքականից: Մենք չունենք 50 միլիոն բնակչություն, որից կլինի շատ լավ ազգային հավաքական: Հայաստանում երեւի 2,5 միլիոն հայ կա, իսկ ամբողջ աշխարհում՝ 8 միլիոն, եւ 10 միլիոնից ինչ-որ բան սպասելը բարդ է»,- Դանիայի հավաքականի դեմ Երեւանում կայացած ընտրական խաղից հետո ասել էր Հենրիխ Մխիթարյանը:
Սակայն հաղթանակները միլիոնները չէ, որ կերտում են, այլ հենց նրանց համար են ձեռք բերվում այդ նվաճումները: 3 մլն բնակչություն ունեցող Ալբանիան էլ հենց դա ապացուցեց: Հենց այդ հրաշքի համար են ստադիոն գնում մարզասերներն ու դրա համար պետք է խաղադաշտ դուրս գան հենց իրենք՝ ֆուտբոլիստները: Իսկ Հենրիխ Մխիթարյանի տրամադրվածությամբ ու մտքերով հեռուն գնալ միանշանակ հնարավոր չէ, ու այդպես էլ եղավ:
Բազմիցս ենք լսել նաեւ «մեր դեմ մրցակիցներն այլ կերպ են խաղում» արտահայտությունը: Այսինքն` ստացվում է, որ եթե մրցակիցը Իսպանիան կամ էլ Ռումինիան լինեին, Դանիան, Պորտուգալիան ու Սերբիան խաղին մատերի արանքո՞վ էին նայելու, ավելի թույլ կա՞զմ էին ընտրելու, կամ էլ արդեն գրպաններում 3 միավորո՞վ էին դուրս գալու խաղադաշտ: Ժամանակն է սթափվելու, երկնքից ցած իջնելու ու իրականությունը ճիշտ ընկալելու:
Երբ վերջին 9 խաղերում հաղթանակ չունեցող թիմի մարզիչն ասում է, որ «Ալբանիայի դեմ խաղը պատվի համար չէ, սա սպորտ է, եւ եթե մարզիկը պարտվում է, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը նրա պատվի հետ է խաղում»,- անհանգստանալու լուրջ պատճառ է ստեղծվում:
Իրավիճակը ճիշտ գնահատեց ու համապատասխան մեկնաբանություն տվեց միայն Մարկոս Պիզելին: Բրազիլացի ֆուտբոլիստը վաղուց հայ է դարձել ու հայավարի էլ արտահայտվեց ընտրական մրցաշարի վերջում. «Ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է: 2-3 տարի առաջ մենք լավ ֆուտբոլ էինք խաղում, որովհետեւ մեծ ցանկություն կար, ամեն ինչ կար: Երկրպագուները ճիշտ են սուլում»:

Լուսանկարը` PAN Photo
Ալբանիայի դեմ խաղը հայ ֆուտբոլիստներն անցկացրին «ամոթ է» վանկարկումների ներքո: Երկրպագուների համբերության բաժակը պռնկեպռունկ լցվել էր, ու վերջին խաղում սեփական հարկի տակ այն թափելու ժամանակն էր:
Վաղուց ի վեր ազգային ընտրանու հանդիպումներն անցնում են կիսադատարկ ստադիոնում, երկրպագուների մեծ մասը հիասթափվել է ոչինչ չտվող հանդիպումներից, մյուսների համար էլ չափազանց թանկ են խաղի տոմսերը:
Որքան էլ բողոքենք ու փորձենք ձախողման նորանոր պատճառներ գտնել, hերթական ընտրականը` մեր անցկացրածներից ամենավատն, արդեն թողել ենք անցյալում: Միշտ էլ այսպես է, որքան մեծ են լինում սպասելիքները, այնքան հիասթափության հետ հաշտվելն ավելի դժվար է: Ախր սա նոր ձեւաչափով անցկացվող ԵԱ-ի ընտրական մրցաշար էր, որտեղ գրեթե յուրաքանչյուր խմբի 3-ական թիմեր ուղեգրեր ձեռք բերելու շանս ունեին: Բայց անգամ դա մեր ուժերից վեր էր:
Մենք միջինից էլ թույլ հավաքական ենք, ու եթե մինչեւ անգամ եվրոպական թոփ-ակումբում հանդես եկող ֆուտբոլիստ ունենք, դա մեզ ավելի ուժեղ չի դարձնում: Մենք պետք է անցյալում թողնենք ամեն ինչ ու 0-ից սկսենք արդեն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարը, որպեսզի կրկին մեկնարկում սին խոստումներ չլսենք, վերջում էլ նույն կոտրված տաշտակի մոտ հայտնվենք:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: