Հունիս 30, 2025
249 դիտում

Մայք Թայսոնը 59 տարեկան է. «Եթե մարդը կանգնում է, դա ֆիզիկա չէ, այլ բնավորություն»


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` ABC News

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` ABC News

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` ABC News

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` The Guardian

Լուսանկարը` USA Today


Այսօր բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից Մայք Թայսոնը նշում է ծննդյան 59-ամյակը: Այդ առիթով հավաքել ենք նրա ոգեշնչող, հետաքրքիր ու ազդեցիկ մտքերը: 

«Մարզիչս՝ Դ'Ամատո Քասը, միշտ ասում էր, որ մենամարտը կյանքի նման է։ Կարեւոր չէ՝ պարտվե՞լ ես, թե՞ ոչ, կարեւորն այն է, թե ինչ ես անում պարտվելուց հետո։ Շարունակում ես պառկած մնալ, թե վեր ես կենում ու նորից փորձում: 
Գալիս է մի տարիք, երբ Աստծուն պարզապես շնորհակալ ես նրա համար, որ եւս մեկ օր էլ ապրեցիր: Նա այդ օրը մեզ պարտք չէ: Ու պետք է ամեն օրդ այնպես ապրել, ասես այն վերջինն է լինելու: Պետք է ամեն ինչի համար պատասխանատվություն կրել։ 

Չես կարող ոչնչի համար մեղադրել հասարակությանը: Եթե ուզում ես ավելի լավ մարդ լինել, պետք է նայես ինքդ քեզ ու հաղթահարես թերություններդ։ Քո ամենավատ թշնամին հենց դու ես։ Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է սպանել ինձ, դա հենց ես եմ։ Եթե ինչ-որ մեկը ինձ հետ վարվեր այնպես, ինչպես ես եմ անում, վաղուց նրա գանգը ցրիվ տված կլինեի: 

Լուսանկարը` ABC News


Միայն ու միայն մարդու արարքն է խոսում նրա իրական մտադրությունների մասին:

Երբ բոլորի ընկերն ես, սեփական թշնամիդ ես դառնում։

Ես իմ կյանքում այնքան շատ մարդկանց եմ դավաճանել, որ այլեւս ոչ մեկին չեմ վստահում։ Երբ քեզ ստիպում են հասկանալ, որ երբեք չեն սիրելու, այդ զգացումը քեզ հետ մնում է հավերժ ու էլ երբեք չի անհետանում: Եվ երբ զգում ես, որ երբեք չես սիրվելու, ուզում ես ուրիշներին ցավ պատճառել ու վատ բաներ անել։

Զանգ ստացա ու խոսափողի մյուս ծայրում ասացին, որ ընդգրկվել եմ Փառքի Սրահում: Անջատեցի հեռախոսն ու սկսեցի արտասվել: Ամբողջ կյանքում տարված եմ եղել միայն բռնցքամարտով: Գնում էի քնելու ու նրբորեն գրկում ձեռնոցներս: Միայն ու միայն բռնցքամարտիկ էի ուզում դառնալ:
 
Բռնցքամարտում գրավում է դիմացինին ցավ պատճառելու ունակությունն ու մարզիկի պատրաստակամությունը: Հենց այդ որակներն են հատուկ բոլոր մեծագույն բռնցքամարտիկներին ու սուպեր աստղերին: Ռինգում միշտ ինձ գազանի դերում էի պատկերացնում: Պետք է վանդակում գտնվող արջի պես զվարճացնեի հանդիսատեսին: Ու որքան շատ էի ցավ պատճառում, այնքան ավելի շատ գովասանքներ էի ստանում, հենց դա էլ իմ ապրուստի միջոցն էր: 

Լուսանկարը` ESPN

 
Երբ քո կյանքում ոչինչ չես ունեցել, հնարավորություն ընձեռվելու դեպքում, սկսում ես ամեն ինչից կուտակել: Բայց երբ մեծանում ես, հասկանում ես, որ կյանքը ոչ թե ավելանալու, այլ պակասելու մասին է: Ու տարիքի հետ կորուստների փորձդ մեծանում է: Մենք կորցնում ենք մազեր, ատամներ, կորցնում ենք մեր հարազատներին: Ուզում եմ հավատալ, որ այդ կորուստները մեզ կոփում են ու կարողանում ենք մեր փորձը փոխանցել նրանց, ում սիրում ենք: 

Իմ մեծամտությունն ու ինքնասիրությունը բավական չափով ինձ հյուծել են, դրա համար պարզապես ստիպված էի հրաժարվել այդ ամենից: 

Գիտեմ, որ իմ ներսում որոշ դատարկություն կա, որը երկար տարիներ փորձում էի խլացնել թմրանյութերով, ալկոհոլով ու կանանցով: Կարծում եմ՝ ամեն ինչի պատճառն այն է, որ բոլորս մահկանացու ենք: Գիտենք, որ այս ամենը ժամանակավոր է: Կծերանամ ու կմահանամ վաղը, կամ էլ 10 տարի անց, կամ գուցե բախտս կբերի ու դա տեղի կունենա 40 տարի հետո: Բայց երբ ընտանիքիդ հետ ես լինում, այնպիսի տպավորություն ունես, որ հավերժ կապրես:

Երբեք չեմ մտածել, որ նման բան կասեմ, բայց ես անչափ երջանիկ եմ, որ ամուսնացել եմ կնոջս հետ: Նա լավագույնն է, որ իմ կյանքում պատահել է:

Լուսանկարը` Getty Images


Իրականում ի՞նչ գիտենք սիրո մասին: Սերն է մեզ տնօրինում, ոչ թե՝ մենք նրան: Ու երբ նա գալիս է, քեզ մնում է արձագանքել այդ կանչին: Ոչ մեկն ի վիճակի չէ մերժել սիրուն, անգամ եթե նրա բնությունը դաժան է:

Ոչ գավաթները, ոչ էլ չեմպիոնական գոտիներն անհամեմատելի են մարդկանց հետ, որոնց սիրում ես: 

Բռնցքամարտը քո ողջ կյանքը չէ: Դա այն է, ինչով զբաղվում ես, որ ապրես: Պարտություններն ու հաղթանակները չպետք է սրտիդ մոտ ընդունես: Ամեն անգամ պարտությունները հենց նրա հաշվին էլ հաղթահարում էի, որ դրանք իմ կյանքի մի մասը չէի դարձրել: Դա իմ ստացած կարեւոր դասերից է:

Պարզապես զարմանալի է, թե որքան հիմար ու եսասեր կարող ես լինել, երբ երիտասարդ ես ու փող ունես:

Չեմպիոնական 2 գոտի նվաճելուց հետո միլիոնավոր դոլարներ էի վաստակել, թվում է՝ պետք է երջանիկ լինեի ու գոհ ինձնից: Բայց արդեն ուրիշ էի, մշտապես դեպրեսիայի մեջ էի ու ինձ երջանիկ չէի զգում:

Լուսանկարը` ESPN


Երբեք էլ չեմ գնահատել չեմպիոնական տիտղոսը, այն ինձ շատ հեշտ է տրվել: Թեեւ բավական ջանքեր եմ գործադրել նրան հասնելու համար, բայց տիրանալուց հետո այն սովորական եմ ընդունել:

Բռնցքամարտն աշխարհում ամենամիայնակ մարզաձեւն է:

Անել այն, ինչ ոչ թե սիրում, այլ պաշտում ես, մեծության հասնելու ուղիներից է:

Այնքան ժամանակ, քանի դեռ համառ ենք ու համբերատար, կարող ենք ստանալ այն ամենն, ինչ ուզում ենք:

Երբ ընկածդ տեղից վեր ես կենում, ընկերներդ իմանում են, թե ով ես դու: Երբ ընկնում ես, դու ես իմանում, թե ովքեր են ընկերներդ:

Եթե մարդը կանգնում է, դա ֆիզիկա չէ, այլ բնավորություն:

Վախը քո ամենալավ ընկերն է ու ոխերիմ թշնամին: Այն ասես կրակ լինի: Դու վերահսկում ես կրակը ու կարող ես նրա վրա կերակուր պատրաստել: Կորցնում ես վերահսկողությունը, եւ այն շուրջդ ամեն ինչ կվառի ու քեզ էլ կոչնչացնի:

Լուսանկարը` ABC News


Երբ ինչ-որ մեկի հետ կռվում եմ, ուզում եմ նրա կամքն ինձ ենթարկել, ուզում եմ նրա քաջությունը վերցնել, ուզում եմ նրա սիրտը պոկել ու ցույց տալ նրան, թե այն ինչ տեսք ունի:

Այնպես էի վախեցնում մրցակիցներիս, որ նրանցից շատերն ինձանից վախենում էին դեռ ռինգ չմտած: 

Ես երազող եմ, ուզում եմ հասնել աստղերին: Բայց եթե անգամ աստղին չեմ դիպչում, միեւնույն է մի բուռ աստղ եմ որսում:

Ոչ ոք էլ չի ցանկանում առավոտյան 4-ին արթնանալ ու գնալ վազելու, երբ դրսում դեռ մութ է, բայց դա անհրաժեշտ է: Միակ պատճառը, որ այդքան վաղ գնում եմ վազելու՝ հավատն է, որ ուրիշ ոչ մեկ չի անում: Հենց դա էլ ինձ փոքրիկ առավելություն է տալիս:

Երբ տեսնում եմ կայծ ունեցող մարդու, նրա մեջ կրակ եմ վառում:

Շատ եմ աղոթում, թեեւ գիտեմ, որ դժոխք եմ ընկնելու, քանի որ շատ վատ բաներ եմ արել, բայց դա ինձ չի խանգարում այստեղ ու հիմա վայելել կյանքը:

Այսօր ես Մայք Թայսոնն եմ: Միշտ էլ պատրաստվում եմ մնալ Մայք Թայսոնը»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին